Ոչ մի նպատակ այնքան կարևոր չէ, որ արդարացնի դրան հասնելու միջոցը։ Աստվածատուր այդ միջոցը կյանքն է, մարդավարի ապրելը։ Հենց այս գիտակցումն է, որ նշանավոր է դարձնում մեր՝ ցանկացած տարիքի սեբաստացու կյանքը՝ սովորողի ու սանի, ծնողի ու աշխատողի, անհատի ու հավաքանու, 2013-ին էլ, 2014-ին էլ։ Այս հավատամքը թույլ է տալիս մեր հեղինակած կրթության միջոցով ու դրա արդյունքում փոխել մեր կյանքը՝ որպես մեր կողմից ձևակերպվող և լուծվող խնդիրների՝ ուսումնական նախագծերի ամբողջություն, որպես յուրաքանչյուր անհատի կրթական պատվերի բավարարմանն ուղղված ստեղծողի մոբիլ կրթություն։ Սրանով մենք հաղթահարում ենք բոլոր տեսակի անջրպետները՝ կրթահամալիրի ներսում, կրթահամալիրից դուրս, ներանձնային, միջանձնային, ֆիզիկական, կրթության և կյանքի միջև։ Սրանով սկսում ենք հաստատել ու նորոգել կամուրջներ՝ կրթության և կյանքի միջև, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և աշխարհի միջև՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս։
Մեծ երևակայություն է հարկավոր պատկերացնելու, որ հաղթահարելի է հայաստանցուն խոցած անհուսությունը, և խիզախում է պետք, որ սկսի այլ դարձնել իր ու մերձավորի, անծանոթի կյանքը՝ այդ աշխատանքը դարձնելով իր կյանքը։ Ահա այս ստեղծագործ երևակայությունը պարգևող Ձմեռ պապիկ պիտի լինի մեզանից ամենաընդունակը, ամենահաջողակը, ամենա…. Այս որոշումը կայացնողներով 2014-ին Հայաստանում ամբողջությամբ կօգտագործենք փոխադարձ վստահության, միջանձնային հարաբերությունների, համերաշխության, գործընկերության ողջ պաշարը, հաղթահարելով ներհասարակական մեկուսացվածությունը, հատվածականությունը, հանդես գալով որպես նույն հավատամքով կազմակերպված հավաքանի՝ հանդես գանք նախաձեռնություններով, ապրենք ու գործենք լիարժեք աջակցության ռեժիմում։ Միայն այսպես ու սրանով կարող ենք տեսանելի տեղաշարժ կատարել Հայաստանում։ Ահա այսպես Նոր կլինի տարին։ Ի՞նչն է այստեղ դժվարը։
Ասում են, աջ ու ձախ լսվում է՝ հոգնել եմ…։ Իհարկե, այսպիսի կյանքից՝ չապրելուց, վաղուց կարելի էր հոգնել։ Արձանագրենք, որ հասարակությունը հոգնել է սրանից։ Վերջապես։ Իսկ սրա հաղթահարման միակ ձևը, կներեք՝ յուրաքանչյուրիս պարտականությունը, առանց պայմանների ապրել սկսելն է, ստեղծելը, որպես Ձմեռ պապ՝ նվիրելը, կարիքավորի կողքին լինելը, անհատական ու հասարակական բարօրություն հաստատելը, ազատ, ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, սոցիալական Հայաստանի ու հայաստանյան բաց հասարակության կառուցումը։
Ահա ինչու՝ ինձ համար Նոր տարվա շնորհավորական նվեր ընտրելը դժվար չեղավ. կրթահամալիրի 2014-ի ուսումնական տոնացույցով առաջին նախագիծը, որ ուզում եմ որպես ամանորի նվեր մատուցել, միասին ստեղծական գործելու հնարավորությունն է։
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան