Դասապրոցեսում արդյունավետությունը կախված է դասավանդողի և սովորողների համագործակցված աշխատանքից: Համագործակցային աշխատանքի մեթոդի մասին շատ է գրվել ու խոսվել: Ուստի այս հոդվածի մեջ խնդիր չի դրվում այդ մեթոդը նկարագրել: Խնդիրն այլ է՝ մեթոդի կիրառման նկարագիրը:
Երբ Հիմնական և Գեղարվեստի կրտսեր դպրոցների երրորդից վեցերորդ դասարանների սովորողների հետ Մեդիաուրբաթին պետք է ներկայացնեի մանկական «Պսակ-պսակ» ծիսական բեմականացված ներկայացումը, շատ հստակ գիտեի նախապատրաստական շրջանի իմ անելիքը: Նախ՝ երկու դպրոցների նշված բոլոր դասարանների սովորողներին ուսումնական պարապմունքների ընթացքում (շաբաթական մեկ դասաժամ) ուսուցանեցի ծեսին համապատասխան ընտրած երգերն ու պարերը: Ինձ օգնում էին այդ դասարանների դասվարները՝ իրենց հատկացված երաժշտության դասաժամերին կրկնելով ուսուցանվածը: Սովորողների հետ աշխատանքի արդյունքում ձևավորվեց նաև ընդհանուր ծիսական ներկայացման պատկերը: Թվաց, թե հիմա ոչ մի խնդիր չկա, ամեն բան «յուղի պես» պիտի գնա: Ռուսը կասեր՝ не тут то было. նյութի թվացյալ իմացումն ամեն անգամ հօդս էր ցնդում, երբ որոշում էինք կատարել բեմականացմամբ: Եվ չնայած ուսուցումն ընթացել էր հնարավորինս բեմականացմամբ՝ միևնույնն է, նորից սկսվում էր երգի բառերի, պարային շարժման փնտրտուքը: Երկար տարիների փորձը ցույց է տվել, որ նյութի յուրացումը պահանջում է ժամանակ, որի ընթացքում այն, առանց հիշողությունը լարելու, կատարվում է: Երբեմն ինձ թվում էր, որ ոչինչ չի ստացվի, չենք հասցնի: Գործի խանգարող հանգամանքներից մեկը՝ տարբեր դպրոցներ, տարբեր դասարաններ: Յուրաքանչյուր դպրոցում ընդհանուր փորձը կարծես արդյունավետ էր:
Դերաբաշխում՝ բայց ո՞ր դպրոցի սովորողների հետ կատարենք: Եթե յուրաքանչյուր դպրոցից ընտրեի համապատասխան դերակատարին, միացյալ փորձը չէր ստացվի՝ ե՞րբ, որտե՞ղ: Որոշեցի տեքստային մասը խաղալ Գեղարվեստի կրտսեր դպրոցի երրորդ դասարանի սովորողների հետ: Հիմնական դպրոցի սովորողներից էլ ընտրեցի միայն խաղային դերակատարման համար: «Հարս» և «փեսա» տիկնիկների պատրաստման խնդիրը լուծվեց միանգամից: Հիմնական դպրոցից՝ Բալջյան Գոհարը շատ հետաքրքիր ու յուրահատուկ մարդկային տեսակ է: Քանի որ ծեսը նախատեսել էի խաղալ մեծով ու փոքրով, որոշեցի, որ տիկնիկների պատրաստմանն էլ պետք է մեծերը մասնակցեն: Գոհարը շատ վարպետորեն ու սիրով սովորողների հետ կատարեց բավական կարևոր աշխատանք, որի արդյունքում ստեղծվեցին երկու շատ օրիգինալ տիկնիկներ: Գոհարն անհանգստացած տեղեկացրեց, որ տիկնիկներն առանց աչքունքի են, բայց, իր կարծիքով, այդպես ավելի ճիշտ կերպարային վիճակում են: Ես էլ էի վստահ, որ հաստատ լավ կերպարներ կլինեն: Եվ չսխալվեցի:
Միացյալ փորձի ժամանակ պարզվեց, որ նույնիսկ ժլատ տեքստային կառույցի դեպքում լսելի լինելու խնդիր ունենք: Միկրոֆոնը ձեռքից ձեռք անցնելու անհարմարություն կար՝ այդ ընթացքում ավելորդ աղմուկ էր լսվում: Ունեի փորձ՝ ձայնագրել տեքստը, ժամանակին միացնել: Բայց ես խնդրի լուծման այլ ձև գտա: Իսկ ինչո՞ւ մենք կյանքում փոքրերի հետ հավեսով խաղում ենք, թավալվում, իսկ այս դեպքերում թողնում ենք մենակ՝ որոշելով, թե դա միայն իրենցն է, թող ինքնուրույն լինեն և այլն: Իսկ մենք, ինչ է, միայն կուլիսներո՞ւմ ենք նրանց պետք: Որոշեցի համագործակցել մեր դասավանդողներից Վահրամ Թոքմաջյանի, Սոֆյա Գրիգորյանի, Մերի Առաքելյանի և Արհեստագործական դպրոցի իմ սովորողներից՝ Սվետլանա Սիրադեղյանի հետ: Տեքստը ավելի պարզեցրի՝ յուրաքանչյուրին տալով իր վերաբերմունքն արտահայտող հանդիսատեսի դեր: Կարծում եմ՝ լավ ստացվեց: Ինձ հատկապես դուր եկավ Վահրամի խիստ կերպարանքով հոգևոր այրի դերակատարումը և նրա արած եզրահանգումը:
Երբ սկսվեց մեդիաուրբաթը, հանկարծ հիշեցի, որ մոռացել եմ շրխկանները բաժանել իմ կրակի կտորներին: Առաջինն իրենց ելույթն է, հայտարարված է մուտքը: Ես վազեվազ բերում եմ շրխկաններն ու արագ բաժանում, և այդ պահին մեր Կարեն Խաչատրյանն արագ կողմնորոշվում է և օգնում բաժանել, որի համար հետո մոռանում եմ շնորհակալություն հայտնել (լավ է՝ ուշ, քան՝ երբեք):
Ծիսական ներկայացման ընթացքում մեր դասավանդողների ու սովորողների մեծ մասը սիրով մասնակցեց և օգնեց այն իսկական տոն դարձնելու իրենց և բոլորի համար:
Ինչ խոսք, երաժշտական ծավալուն գործ ներկայացնելը բավական դժվար, ժամանակատար աշխատանք է: Յուրաքանչյուր նյութի ընտրությունը պատասխանատու, բարդ, երբեմն ամենակարևոր գործն է դառնում: Ես ամեն անգամ մտածում եմ՝ այն իսկապե՞ս ծրագրային է, իսկ իմ սովորողների համար որքանո՞վ է հետաքրքիր, ի՞նչ է տալու, ի՞նչ խնդիր է լուծելու, կոգևորի՞, կկարողանա՞մ ներկայացնել նյութը ստեղծող մարդու ասելիքին համապատասխան գույներով: Երբ դա ինձ հաջողվում է, կարծես չեմ վախենում քննադատող հայացքներից: Եթե դուք էլ տեսնեք այն կրակը, որով վառվում են նրանց աչքերը, եթե տեսնեք նրանց դեմքի իսկապես մանկական պայծառ արտահայտությունը՝ իմ «Ապրե՛ք, մեռնեմ ձեզ»-ը լսելիս, կհասկանաք, թե ինչու եմ դառնում անվախ:
Հեշտ է, երբ նստում ենք և որպես հանդիսատես դատում՝ այս համարը, այս հատվածը լավն էր, այստեղ չստացվեց, հոգնեցինք…
Կատարված աշխատանքի ի՞նչն եմ կարևորում: Ամենից շատ մանկական խաղային միջավայրը, որում կարողացանք տեղավորել ծիսականը, ազգային երգը, պարը, բանահյուսությունը, սովորողների համագործակցությունը և միասնականության ցուցադրությունը, տարբեր ոլորտների դասավանդողների միավորումը մեկ դաշտում՝ տվյալ դեպքում համերգի:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան