«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսել եմ աշխատել 2017-2018 ուսումնական տարվանից՝ որպես դասվարի օգնական: Առաջին անգամ էի մտնում խումբ՝ նոր միջավայր, երեխաներ, սպասող հայացքներ: Եվ այսպես սկսվեց իմ մուտքը մեր կրթահամալիր:
Լսել էի, որ կրթահամալիրը մեծ ջերմոց- լաբորատորիա ունի: Ես միշտ մեծ ցանկություն եմ ունեցել բույսեր աճեցնել, բայց, չգիտես ինչու, չի հաջողվել: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ընձեռեց այդ հնարավորությունը՝ տալով և՛ անհրաժեշտ միջավայր, և՛ անհրաժեշտ միջոցներ։ Երբ առաջին անգամ այցելեցի ջերմոց-լաբորատորիա, ինձ հիացրեց տիկին Շողիկի վերաբերմունքը բույսերի նկատմամբ: Այնքա՜ն քնքշություն ու սեր կար, որ ես էլ ակամա սիրեցի այդ ամենը ու որոշեցի ստեղծել մեր Դասարանական ջերմոցը:
Ու սկսեցի հետաքրքրվել: Իմացա, որ բույսերը հանդիսանում են բուսաբանական ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ։ Կենդանի էակների, այդ թվում և մարդու գոյությունն անհնարին կլիներ առանց բույսերի, որով և որոշվում է նրանց առանձնահատուկ դերը երկրագնդի վրա կյանքի համար։ Հենց բույսերի գործունեության շնորհիվ է առաջացել մթնոլորտը, որը պարունակում է թթվածին և նրանց գոյության շնորհիվ այն պահպանվում է շնչառության համար բարենպաստ վիճակում։ Սենյակային բույսերը պատկանում են տարբեր ընտանիքների: Կան գեղեցիկ ծաղիկներով, բազմերանգ և տարբեր ձևերի տերևներով սենյակային բույսեր։ Ու սկսեցինք…
Նախագիծը սկսեցինք իրականացնել 5 տարեկան սովորողների հետ: Այս նախագիծը սկսելուց առաջ շատ կարևոր է հաշվի առնել սովորողի տարիքային սահմանը և ֆիզիկական ունակությունները: Բույսերի հանդեպ խնամքը ՝ երեխաների հոգում բարության ու հոգատարության սերմերից մեկն է, որ պետք է դրվի մանկության տարիքում:
Քանի որ Ջերմոց-լաբորատորիան գտնվում էր Քոլեջում, այն մեզ հնարավորություն էր տալիս շատ հաճախ այցելել: Եվ այսպես սկսվեց մեր համագործակցությունը տիկին Շողիկի հետ: Սկզբում սովորողների հետ դդմացան արեցինք: Խոշորացույցի օգնությամբ դդմի կորիզներն ուսումնասիրեցինք՝ ի՞նչ գույնի, ձևի, չափի են: Ո՞ր երկրաչափական պատկերին են նման: Ի՞նչ օգտակար հատկություն ունեն թե՛ դդումը, թե՛ դդմի կորիզները: Ինչպես ցանկացած աշխատանքում, այստեղ նույնպես, առաջին հերթին, անհրաժեշտ է սիրով և հոգատարությամբ աշխատել: Սահմանեցինք հերթապահություն, և սովորողներն ամեն օր ջրում և խոշորացույցով հետևում էին: Եվ վերջապես՝ սպասված լավ լուրը: Դդումները սկսեցին ծլել:
Նախագծի իրականացումը շարունակական աշխատանք է, բազմափուլ պրոցես է, և յուրաքանչյուր փուլ ուղեցկվել, ուղեկցվում է որոշակի աշխատանքով: Յուրաքանչյուր սովորող ունի իր թաղարը:
Նախապատրաստական փուլ:
- Ըստ նախագծի սովորողները դասարանում առանձնացրել են մի անկյուն՝ փորձելով բույսերի աճեցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել։
- Պատրաստել են անհրաժեշտ որակի հող, թաղարներ, պլաստմասե ծաղկամաններ, հող փորելու գործիքներ և ցնցուղ՝ ջրելու համար:
- Սովորողները նախապես ուսումնասիրել են այդ բույսերը, նրանց անվանումները:
Աշխատանքային փուլ:
Յուրաքանչյուր սովորող հերթով մոտենում, թաղարի մեջ անհրաժեշտ քանակությամբ հող է լցնում, այնուհետև իր նախընտրած բույսը տնկում, վրան էլ ամրացնում է իր անունը: Պատրաստի թաղարը տեղափոխում է դասարանական Ջերմոց -լաբորատորիա, ամեն օր խնամում և ջրում:
Նախագծի ընթացքում հանդիպած դժվարությունները:
- Դժվարություն է ներկայացնում բույսերը փոշուց մաքրելը, բույսերը տեղափոխում ենք մեր բակ,մաքրում ենք ցնցուղով՝ զգուշորեն լվանալով բույսերի թերթիկները:
- Փորձել ենք աճեցնել Ալոե, սակայն դեռ չի հաջողվել:
Նախագծի արդյունքում արձանագրած ձեռքբերումները:
- Սովորողներից Մարկ Խաչատրյանը , տանը նույնպես փորձեց ստեղծել իր թաղարը:
- Սովորողների մոտ ավելանում է պատասխանատվության զգացումը, քանի որ իրենց աշխատանքից են կախված իրենց տնկած բույսերի աճն ու զարգացումը:
- Սովորողները ստանում են ծաղիկների խնամքի վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ։
Մայրիկատոնին ընդառաջ սովորողներն անակնկալ պատրաստեցին մայրիկներին: Համագործակցելով տիկին Շողիկի հետ՝ նախապես ծաղիկների կտրոններ վերցրեցինք և բաժակների մեջ տնկեցինք: Գեղեցիկ ձևավորեցինք և մեր մայրիկներին նվիրեցինք:
Բացի նրանից, որ կարողանում ենք բույսերը ճիշտ խնամել, մենք գիտենք մեր Ջերմոցի բոլոր բույսերի անվանումները, նրանց տեսակները, օգտակար լինելը: Սովորողները հատկապես հավանում են կալանխոեն: Սենյակային պայմաններում նույնիսկ կարողացել ենք աճեցնել Սիրիական վարդ, որը հետո տեղափոխեցինք մեր Քոլեջի տնկարան: Բացի բույսերից ստեղծեցինք նաև բանջարանոց: Դեռ մի քանի օր է, բայց մեծ սիրով ենք խնամում: Ի դեպ, մերբանջարանոցումմենք ունենք լոլիկ, լոբի,դդում, վարունգ, պղպեղ:
Հպարտ եմ, որ սեբաստացի եմ…
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան