«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկար ժամանակ է, որ կազմակերպվում են վերապատրաստումներ, բայց 2018 թվականի հունվարից այդ վերապատրաստումների օրացույցը համակարգվեց, և դրանք դարձան ամենամսյա՝ հստակ ժամանակացույցով:
Յուրաքանչյուր վերապատրաստում՝ կրթական ոլորտում, թե դրանից դուրս, միտված է մասնագիտական որակավորման բարձրացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը: Կրթական ոլորտում վերապատրաստումների նպատակը ժամանակակից մեթոդների, հնարների ուսուցումն ու տարածումն է: 21-րդ դարում օրվա խնդիր է դարձել նաև ուսուցչի ՏՀՏ հմտությունների իմացությունը: Չնսեմացնելով այս կարգի վերապատրաստումների անհրաժեշտությունը՝ այնուամենայնիվ պետք է նշել, որ շատ հաճախ այդ մեթոդներն ու հնարներն ուսուցիչների մոտ մնում են թղթի վրա, և որքան էլ որ նրանք հավանում կամ ոգևորվում են դրանցով, իրական կյանքում դրանց կիրառությունը շատ հաճախ անիրական ու անհնար է թվում: Ի տարբերություն վերապատրաստումների այս ավանդական մոտեցմանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերապատրաստումներն անցկացնում են գործող ուսուցիչներ՝ իրենց խոսքը հիմնավորելով սովորողների իրական միջավայրում: Այսինքն վերապատրաստվողը տեսնում է, որ այն, ինչ ներկայացվում է, հնարավոր է իրականացնել, և արդյունք ստանալ: Այսպիսի մի օրինակ՝ վերապատրաստումներից մեկի ժամանակ ուսուցիչներից մեկը խոստովանեց, որ վաղուց էր լսել կրթահամալիրում անցկացվող առավոտյան ընդհանուր պարապմունքների մասին ու միշտ մտածել էր, որ դա ուսուցման հետաքրքիր մեթոդ է, բայց վստահ էր եղել, որ դրա իրագործումն անհնար է սովորողների մեծ խմբի հետ: Մասնակցելով կրթահամալիրի ընդհանուր պարապմունքներին՝ նա ոգևորությամբ փաստեց, որ հիացած է սովորողների կազմակերպվածությամբ և վստահեցրեց, որ կառաջարկի իրենց տնօրենին այս մեթոդն օգտագործել նաև իրենց դպրոցում: Ավանդական վերապատրաստումներից կրթահամալիրի վերապատարստումներն առանձնանում են նաև նրանով, որ այստեղ չկա սովորեցնող և սովորող, որովհետև վերապատրաստման ընթացքում երկու կողմն էլ սովորող է և սովորեցնող: Այսինքն՝ վերապատրաստումը երկկողմանի գործընթաց է, որը միաժամանակ օգտակար է թե վերապատրաստվողին և թե վերապատրաստողին:
Կրթահամալիրում վերապատրաստումների տարատեսակությունըպայմանավորված է ոչ միայն մասնակիցների մասնագիտական առանձնահատկություններով, այլ վերապատրաստման նպատակներով. այսպես՝ կրթահամալիրում կազմակերպվում են 2 տիպի վերապատրաստումներ.
- գործող ուսուցիչների մասնագիտական հմտությունները բարձրացնող, փորձի փոխանակությանը միտված վերապատրաստումներ՝ դասվարների, տեխնոլոգիայի, երաժշտության, դաստիարակների…
- կրթահամալիրում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ ապահովող վերապատրաստումներ, որոնց մասնակիցները տվյալ պահին աշխատանք չունեն կամ ցանկանում են կրթահամալիրում ձեռք բերել երկրորդ աշխատանք:
Գործող ուսուցիչների մասնագիտական հմտությունները բարձրացնող վերապատրաստումները, ինչպես վերը նշեցի, կրթահամալիրում իրականացվում են դասավանդողների միջոցով: Վերապատրաստումների ծավալի մեծացմամբ վերապատրաստման մեջ ընդգրկվեցի կրթահամալիրի դասավանդողներն մի մեծ խումբ: Սա հեղինակային կրթական ծրագիր իրականացնող հաստատության համար դյուրին խնդիր էր, որովհետև կրթահամալիրում աշխատող յուրաքանչյուր մարդ՝ դասավանդող, թե դաստիարակ, ինքն է իր ծրագրի հեղինակը, հետևաբար՝ կարող է հեշտությամբ այն ներկայացնել և տարածել: Ելնելով սրանից՝ այլ հաստատություններում աշխատողների վերապատրաստումները նպատակային համարվեց, որ անցնեն աշխատանքային, ուսումնական միջավայրում, և կրթահամալիրում վերապատրաստվողները կցվեցին մի դեպքում դաստիարակներին, մյուս դեպքում՝ դասվարներին, մեկ այլ դեպքում էլ՝ դասավանդողներին:
Մի կողմ թողնելով այն, թե ինչ են տալիս այս կարգի վերապատրաստումներն այլ դպրոցներից եկած ուսուցիչներին (սա առանձին հոդվածի թեմա է), անդրադառնանք նրան, թե ինչ է շահում մեր ուսուցիչը վերապատրաստման ընթացքում:
Նախ սկասենք ամենակարևորից.
Հեղինակային կրթություն իրականացնող յուրաքանչյուր ուսուցչի համար սկզբունքորեն կարևոր պետք է լինի այլոց կողմից իր ծրագրի ընդունումը և տարածումը, որովհետև յուրաքանչյուր հեղինակ, ով համոզվել է իր աշխատանքի արդյունավետության մեջ, պետք է ցանկանա, որ մյուսները ևս այս կամ այն չափով օգտվեն դրանից: Ահա այս գործում է, որ ուսուցչին մեծապես կարող են օգնել վերապատրաստումները, որոնց ընթացքում նա հնարավորություն է ստանում շփվելու այլ դպրոցներում աշխատող գործընկերների հետ: Այդ շփման ընթացքում էլ ներկայացնում է իր աշխատանքը, ցույց տալիս դրա արդյունավետությունը և հնարավորություն ստանում գործընկեր և ծրագիրը տարածողներ գտնել:
Հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս երկրորդ առավելությունը, որը մեր ուսուցչին ինքնադրսևորվելու, ինքնահաստատվելու հնարավորություն է տալիս: Հայտնի է, որ այլ բան է աշխատել սովորողների հետ, բոլորովին այլ է ներկայանալ հասուն, նույն մասնագիտության տեր մարդու առաջ և այնպես ներկայանալ, որ ոչ միայն ամոթ չլինի, այլև խոսքը լինի հիմնավոր, տպավորիչ: Վերապատրաստման ընթացքում յուրաքանչյուր վերապատրաստող վերապատրաստվողնին ներկայացնում է իր ծրագիրը, բլոգը, բացատրում կրթահամալիրում իրականավցող մանկավարժության հիմնական ուղղությունները և մոտեցումները: Սա առաջին հարթակն էր, որտեղ մեր ուսուցիչները, դաստիարակներն ու դասվարները հնարավորություն են ստանում ներկայանալ և ներկայացնել:
Հաջորդ ոչ պակաս կարևոր առավելությունը սեփական գործին քննադատաբար մատենալն է: Պարզ է, որ վերապատրաստվողների համար կեղծ, ոչ սովորական, արտառոց ոչինչ չի արվում, այլ անցկացվում են ամենօրյա ուսումնական պարապմունքներ, բայց նախապատրաստվելիս յուրաքանչյուր մարդ անդրադառնում է իր աշխատանքին, նորից ուշադիր ու կողմնակի աչքով փորձում նայել նրան, ինչ արվում է ամեն օր, ու շատ հաճախ դրա շնորհիվ աշխատանքում խմբագրումներ կատարելու, շտկումներ մտցնելու առիթներ են ստեղծվում: Այսինքն՝ վերապատրաստվողին սպասելիս յուրաքանչյուր ուսուցիչ սկսում է աշխատել իր վրա:
Հաջորդ քայլը ծրագրի ներկայացումներն են, որոնք արվում են ոչ միայն դասարանում, այլև ուսումնական պարապմունքից հետո կազմակերպվող կլոր-սեղան քննարկումներին: Սրանց ընթացքում կարևորվում է ոչ միայն ուսուցչի ծրագրին տիրապետելը, այլև այն լսարանի առջև գրագետ ու մատչելի ներկայացնելը: Այս ցուցադրությունները ևս կարևոր փորձություններ են, որոնք նպաստում են կրթահամալիրի տարբեր աշխատակիցների բանավոր խոսքի զարգացմանը, ավելացնում են նրանց ինքնավստահությունը և դարձնում ավելի ներկայանալի:
Վերապատրաստումներին հաջորդող կարևոր փուլը հետագա համագործակցության հաստատումն է, որի ստեղծման համար անհրաժետ է փոխադարձ համակրանք, նորից իրար տեսնելու, միասին աշխատելու ցանկություն: Ահա այստեղ է, որ կրկին մեծ աշխատանք ունեն անելու մեր ուսուցիչներն ու դաստիարակները, որովհետև նրանք պետք է կարողանան այդ համագործակցությանը ճիշտ ուղղություն տալ, հրավիրող կողմին ուղղորդել, որպեսզի այցելությունը լինի ոչ թե ժամանցային, այլ ուսումնական, փոխշահավետ և օգտակար:
Վերապատրաստումներից անմասն չեն մնում նաև սովորողները, ոքեր ևս կարևոր դերակատարում ունեն այդ աշխատանքում, որովհետև նրանք անմիջական մասնակիցներն են այն ուսումնական գործընթացի, որին հետևելն ու մասնակցելը հենց վերապատրաստվողի խնդիրն է: Դասարանում, խմբում կողմնակի մարդու առկայությունը, հայտնի է, որ այս կամ այն չափով շեղում է սաներին կամ սովորողներին, բայց կրթահամալիրում դա դարձել է սովորական երևույթ, և սովորողներին ու սաներին ոչ միայն վերապատրաստվողները չեն խանգարում, այլ նպաստում են նրան, որ լայնանա նրանց աշխարհայացքը, շփումների մեջ լինեն ավելի ազատ, անկեղծ ու վստահ: Բազմաթիվ են օրինակները, թե ինչպես են սաներն ու սովորողները մոտենում անծանոթ վերապատրաստվողներին, օգնության այս կամ այն խնդրանքով դիմում կամ ընդհակառակը. առաջարկում իրենց օգնությունը: Վերապատրաստվողների աշխատանքը, որ մշտապես լուսաբանվում է, իրականացվում է սովորողների միջոցով, և այս ընթացքում դա դրական է անդրադարձել բոլոր դպրոցների լրագրության խմբերի սովորողների վրա, որովհետև դպրոցում միշտ չէ, որ կողմնակի մարդիկ են լինում, իսկ լրագրողների խմբերին միշտ չէ, որ հաջողվում է ուսումնական պարապմունքները դպրոցից դուրս կազմակերպել: Հետևաբար՝ վերապատրաստվողների գրեթե մշտական ներկայությունը դպրոցում սովորողների համար հրաշալի հնարավորություն է, որպեսզի նրանք կարողանան շփվել անծանոթ մարդկանց հետ և այդ ճանապարհին հաղթահարեն մի շարք բարդույթներ, որոնց բացակայությունը միանշանակ օգելու է նրանց հետագա կայանքում:
Ինչպես վերը նշեցի, կրթահամալիրում կազմակերպվում են նաև կրթահամալիր մուտքի վերապատրաստումներ, որոնց նպատակն է աշխատանքի համար հայտ ներկայացրած մարդուն պատրաստել կրթահամալիրում աշխատանքի: Այս վերապատրաստումները ևս անցկացնում են ոչ թե հատուկ ընտրված մարդիկ, այլ կրթահամալիրում աշխատող սովորական դասավանդողներ, որոնցից յուրաքանյուրի համար սա կարևոր հաղթանակ է, որովհետև նրանց առջև դրվում է խնդրի. աշխատել 4-9 հոգանոց, հասուն ու կայացած մարդկանց խմբի հետ, հիմնավոր ներկայացնել կրթահամալիրի ծրագրերը, աշխատանքային մեթոդները, փոխանցել ՏՀՏ անհրաժեշտ գիտելիքներ և ապահովել այն նվազագույնը, որը թույլ կտա տվյալ մարդուն կրթահամալիրում աշխատանք ստանալու դեպքում կողմնորոշվել և սկսել իր գործունեությունը: Այս բոլոր աշխատանքները լուսաբանվում են և հանրայնացվում, այսինքն՝ յուրաքանչյուր ոք կարող է հետևել վերապատրաստողի աշխատանքին ու բացթողումները գրանցել: Սա մեծացնում է պատասխանատվությունը և գործի լրջությունը:
Կարծում եմ՝ ոչ ոք չի վիճարկի այն փաստը, որ իմացածդ ամրապնդելու, հիմնավորելու, յուրացնելու լավագույն ճանապարհը որևէ մեկին դա սովորեցնելն է: Ահա այս առումով է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող վերապատրաստումներն օգտակար են կրթահամալիրի աշխատակիցների համար և դրանց ծավալի մեծացումն ու ավելի շատ մարդկանց ընդգրկումը միայն օգուտ կարող են բերել բոլորին և մեզնից յուրաքանչյուրին:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան