Զարգացնելով ՀՀ ՊՆ հետ ամառային դաշտային ճամբարի մեր փորձը[1]՝ նախատեսում ենք 12-օրյա 2015թ. դաշտային-վրանային հունիսյան ճամբարը։ Նախագիծը երեք հանգրվան կունենա, յուրաքանչյուրը՝ իր դաշտային-վրանային ճամբարով.
- Եղեգիս-Արատես-Հերհերի հարթակ՝ 4 օր,
- Մադինա-Արգիճի-Արմաղանի հարթակ՝ 4 օր,
- Սևանա լճի հայելի՝ 4 օր։
Այս ճանապարհը ես տեսել եմ 1989-1990-ին. ու խոստացել եմ Ձեզ, չեմ կարող իմ 60-ամյակի տարում չկատարել իմ խոստումը։ Ճամբարը կաշխատի ողջ ամառ և հայրենագիտական- էկոլոգիական, ուսումնա-հետազոտական աշխատանքի հնարավորություն կտա բազմաթիվ սովորողների և ուսուցիչների։
Ճամբարը կմիավորի կրթահամալիրի 2014-2015 ուստարվա բաց ստուգատեսների հաղթողներին՝ Հանրակրթական Դիջիթեքի, Հանրակրթական բնագիտական-տեխնիկական ստեղծագործության, մարզական, տեխնոլոգիական, «Ընթերցում ենք…», «Տիգրան Հայրապետյան», թարգմանական, երաժշտական, թատերական, կինո-ֆոտոյի, և Սևանի ավազանի, Մարտունու շրջանի, Եղեգիսի կիրճի, Վայոց ձորի կիրճի սովորողներին։ Նախագծի երեք հարթակներից յուրաքանչյուրը կունենա իր աշխատակարգն ու ծրագիրը, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների ցանկն ու երթուղիները։
Հրապարակում եմ նաև ճամբարի, ստուգատեսների միավորող խորագիրը.
Սա իմ հայրենի հողն է, ապրում եմ, սովորում եմ, գործում եմ, որ այն ծաղկեցնեմ։
[1] «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 2014թ. օգոստոսի 1-ից 25-ը ՀՀ պաշտպանության նախարարության, Ստեփանավանի զորամասի աջակցությամբ Լոռու մարզի Կուրթան գյուղի տարածքում կազմակերպել է «Հնեվանք» դաշտային ճամբարը՝ 4 հերթափոխով։
Լուսանկարը՝ Սոնա Փափազյանի
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան