Մինչ համառոտ անդրադարձը էմպաթիային և նրա կրթական կարողականությանը տողերիս հեղինակը հարկ է համարում հրապարակել մի քանի հիմնադրույթներ, որոնք հավանաբար կհանդիպեն տեսական հակադարձման:
Եվ այսպես: Homo sapiensi-ի մեգաքաղաքակրթության պարույրաձև զարգացումը թևակոխել է իր երրորդ՝ երեք իրականությունների (բնություն, երկրորդ բնություն՝ մարդածին ֆիզիկական, վիրտուալ) հակադրամիասնության փուլը: Գիտելիքի գերակայությունը պատմական, մշակութաբանական և կրթական անախրոնիզմ է: Այլընտրանքը կա´մ անընդհատ բազմացող և բարձագույն աստիճանի հմտության հասնող կարողություններով էթնոսոցիալական էակն է, կա´մ լուսանցքային արարածը:
Ի՞նչ է էմպաթիան:
Հույն իմաստասեր, դիալեկտիկայի հայր Սոկրատես. «Հասկանալ, որ ուրիշը դու ես»:
Ավստրիացի նշանավոր հոգեբա Ալֆրեդ Ադլեր. «Էմպաթիան առաջանում է մարդկային մի էակի՝ մյուսի հետ խոսակցության ժամանակ: Անհնար է հասկանալ զրուցակցին՝ առանց նրա հետ նույնանալու: Երբ մենք փորձում ենք պարզել, թե որտեղից է առաջանում բոլորովին այլ մարդու նման գործելու և զգալու ունակությունը, հայտնաբերում ենք, որ նման հատկությունը բացատրվում է ընդհանրության բնածին զգացմունքի առկայությամբ: Հասկանալի է, որ դա տիեզերական զգացողություն է, մեր կապի արտացոլումը ողջ աշխարհակառուցվածքի հետ, դա մարդկային ցեղի պատկանելության անքակտելիությունն է»:
Հուզական ինտելեկտի տեսության հիմնադիր Դենիել Գոուլման. «Մարդկան հետ շփվելիս հաջողության հասնելու համար Ձեր էմպաթիայի օգտակար գործողության գործակիցը՝ EQ-ն, պակաս կարևոր չէ, քան Ձեր ինտելեկտի օգտակար գործողության գործակիցը՝ IQ-ն»:
Ընդ որում կարևոր է էմպաթիան տարբերել կարեկցանքից և բարյացակամությունից: Ես համոզված եմ, որ էմպաթիան ապրումակցում է ոչ միայն անհատի հետ հարաբերություններում, այլև իրականության բոլոր գործող բաղադրիչների՝ սոցիալական խմբի, էթնիկական միավորի, մարդկության, այլ արարածների հետ առկա և հեռակա առնչակցություններում:
Հետևաբար էմպաթիայի մեթոդի (բնականաբար՝ էմպաթիան նաև կարողություն է) կիրառումը նպաստում է սովորողի մի խումբ կարողությունների՝
- իրականության երեք ժամանակային փուլերը՝ անցյալ, ներկա, ապագա, և նրանց ոչ վեկտորալ կապը հասկանալու,
- հաղորդակցվելու և համագործակցելու, այդ թվում՝ միջքաղաքակրթական և միջմշակութային ոլորտներում,
- երևակայությամբ իրականության մութ ծալքերը լուսավորելու, իրականության իր անկյունը փոխելու, ձևավորմանը և հմտացմանը:
Հասկանալի է, որ էմպաթիան որպես դասավանդման մեթոդ առաջին հերթին կարող է կիրառվել հասարակագիտական առարկաների և գրականության ուսումնական պարապմունքների ժամանակ:
Այսպես օրինակ, էմպաթիան կարևորագույն բաղադրիչն է պատմական վերակառուցման՝ այս կամ այն պատմական փուլում որևէ տարածաշրջանի նյութական և հոգևոր մշակույթի, ինչպես նաև գործընթացների, իրադարձությունների, տեխնոլոգիաների վերաստեղծման գրավոր, հնագիտական, ազգագրական և այլ աղբյուրների օգտագործմամբ:
Իսկ ի՞նչ կապ ունի նասխնադարյան դպրոցը: Անմիջական: Վեցերորդ դասարանում սովորողների սցենարով և բեմադրմամբ իրականացված մանրապատումը նրանց համար հասկանալի դարձրեց հեռավոր ժամանակների իր հասակակցին ու նրան շրջապատող իրականությունը: Իսկ առանց էմպաթիայի այդ հաջողությունն անհնար կլիներ:
Լուսանկարը` Սեբաստացի TV-ի
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան