Ամեն անգամ, երբ որևէ նոր նախագիծ եմ մտածում, փորձում եմ այն իրականացնել նոր շնչով, նոր ոճով և ընդհանրապես նորարարական որևէ մոտեցմամբ: Միշտ չէ, որ նախագիծը համարում եմ հաջողված, քանի որ սկսում եմ հոռետեսորեն վերաբերվել արդյունքին, և հենց դա էլ խանգարում է, որ այն դառնա ամբողջական ու հետաքրքիր:
Սովորաբար հաջողված եմ համարում այն նախագծերը, որոնք մտածում և իրականացնում եմ հենց սովորողների հետ: Փորձում եմ ավելի շատ ուղղորդել սովորողներին և թողնում եմ, որ երևակայությունն ու մտքի թռիչքը օգնեն իրենց իրագործել մեր համատեղ ծրագիրը: Երրորդ դասարանի սովորողների հետ նման նախագծերը հեշտ են ստացվում, քանի որ նրանք ավելի ինքնուրույն են և պատկերացնում են նախագծի կառուցվածքը՝ սկիզբը, ընթացքը և ավարտը: Գիտեն, որ պետք է նախագիծն ամփոփեն ամբողջական փաթեթով: Պատմեմ այդպիսի մի նախագծի մասին.
Երրորդ դասարանի սովորողներիս հետ փորձում էինք քննարկել «Ելք» ստուգատեսը: Մտածում էինք ստեղծել այնպիսի նախագիծ, որով կկարողանանք ցույց տալ և ընդգծել սեբաստացիական կարողություններն ու առանձնահատկությունները: Քննարկման արդյունքում շատ հետաքրքիր առաջարկներ եղան, և որոշեցինք կազմել «Հակաբացիլ Կոմիտասով-Հազարան հավքի թևերով՝ ելք ստուգատես» նախագիծը:
Նախագծի ողջ ընթացքն իրականացնում էին սովորողները: Ես պարզապես աննկատ կերպով կատարում էի ուղղորդողի և տեսանկարահանողի գործառույթը: Միասին քննարկումներ էին անում, բանավիճում և ի վերջո հետաքրքիր լուծումներ էին առաջարկում: Քանի որ նախագծի արդյունքը պետք է լիներ ձայնասկավառակի թողարկումը, այն ներկայացրինք Սեդա Թևանյանին: Խոսեցինք ընթացքի մասին, հստակեցրինք նախագծի արդյունքների ներկայացման ժամկետը և որոշեցինք ձայնագրման օրը:
Սովորողներն էին որոշում , թե ինչ երգեր պետք է ընդգրկվեն ձայնասկավառակում, ինչպիսի հերթականությամբ, ով ինչ երգ պիտի կատարի և ինչպիսի ձևավորում պետք է ունենա ձայնասկավառակը:
Երգերի ընտրության տեսանյութը տե՛ս այստեղ:
Տեսանյութերը վերնագրվել են «Անակնկալից առաջ», քանի որ սա նաև հաշվետու անակնկալ էր ծնողներին: Նախագծի ողջ ընթացքը գաղտնի էր պահվել ծնողներից, որպեսզի ամփոփիչ համերգով մատուցվի:
Հաջորդ քայլը երգերի ճիշտ մատուցումն էր: Այս հարցում օգնեց ընկեր Սեդան: Սովորողներն առանց տրտնջալու աշխատում էին ցանկալի արդյունքին հասնելու համար: Աշխատանքի ընթացքն այնքան հետաքրքիր էր դարձել, մասնակիցներն այնքան մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ էին մոտենում նախագծին, որ ֆիլմերով դժվար է այդ ամենը ներկայացնել…
Երգերի մշակման փուլը տե՛ս այստեղ:
Ամենահետաքրքիր փուլը ձայնագրման ստուդիայում ձայնագրվելն էր: Այդ օրը շատ աշխատեցինք: Ճիշտ երգելը, ձայնագրման ընթացքում լռություն պահպանելը, ձայնագրությունն ընդհատող սխալներն, այդ ամենից առաջացած հոգնածությունը խառնվել էին իրար: Անկեղծ ասած շատ դժվար էր այս ամենը միաժամանակ վերահսկելը և արդյունքում որակյալ ձայնագրություն ստանալը, սակայն աշխատասիրության, համառության և սեբասատացիական ոգու շնորհիվ մեզ դա հաջողվեց: Երկար աշխատեցինք, հոգնեցինք, բայց սպասվող արդյունքն այնքան ոգևորող էր, որ ոչ ոք չտրտնջաց…
Ձայնագրման փուլի ֆիլմը տե՛ս այստեղ:
«Հակաբացիլ Կոմիտասով, Հազարան հավքի թևերով՝ ելք ստուգատես»-ի ձայնասկավառակն արդեն պատրաստ էր և մնում էր նույն թեմայով ընտրել նաև սկավառակի ձևավորումը: Այս հարցում օգնեց մեր տեխնոլոգ Անուշ Դավթյանը: Վերնագրին համապատասխան նկար ընտրեցինք և տեխնոլոգիական հետաքրքիր հնարքով ձևավորեցինք:
Նախքան աշխատաքնի բուն գործընթացին անցնելը, սկսեցինք համացանցում և մեր շուրջը համապատասխան էսքիզներ փնտրել: Այս փնտրտուքի ընթացքում էլ սովորողներից մեկի առաջարկով՝ որպես խորհրդանիշ, ընտրեցինք կաքավիկ թռչունը:
Մտածեցինք, որ կաքավիկը հենց այն թռչունն է, որին կուզեինք պատկերել մեր ձայնասկավառակի վրա: Հասկանում էինք, որ այդքան էլ հեշտ աշխատանք չենք նախաձեռնել, քանի որ բոլոր սկավառակների վրա կաքավիկի նկարը պետք է լիներ շատ համաչափ և գեղեցիկ: Անուշ Դավթյանի առաջարկով որոշեցինք պատրաստել պենոպլաստե կնիք, որի միջոցով էլ կարող էինք ստանալ կաքավիկի համաչափ ու գեղեցիկ նկարը: Վերցրինք պենոպլաստե ափսեն և ետևի հատվածում փորագրեցինք կաքավիկի պատկերը: Այնուհետև տարբեր գունաներկեր ընտրեցինք և սկսեցինք ներկել մեր փորագրած կնիքը: Գույների ընտրությունը նույնպես պատահական չէր, ընտրված էր ազգային մոտիվներին համահունչ ՝ դեղին, կարմիր և կանաչ գույները: Աշխատանքը շատ հետաքրքիր էր, ողջ ընթացքում կոմիտասյան երգեր էինք երգում, խոսում ձայնագրման ընթացքի մասին և, չնայած շատ էինք հոգնել, միևնույն է ուզում էինք էլի ու էլի երգեր ձայնագրել: Քննարկում էինք նաև, թե ինչպիսին կլինի ծնողների արձագանքը: Սկավառակի ձևավորման աշխատանքը կատարում էինք մեծ զգուշությամբ և միևնույն ժամանակ շատ կոկիկ: Պետք է այնպես անեինք, որ գույները չխառնվեին և չծորային: Ձևավորման ընթացքն այնքան հետաքրքիր ու ոգևորիչ էր, որ մոռացել էինք տեսանկարահանելու մասին: Միայն վերջում լուսանկարեցինք ստացված արդյունքը:
Սովորողների հետ քննարկում էինք նախագծի ամփոփումը: Ցանկանում էինք, որ այն լինի տոն, ֆլեշմոբ, քանի որ պետք է ներկա լինեին ծնողները և մասնակիցը դառնային մեր պատրաստած անակնկալին: Որոշեցինք, որ ամփոփումը պետք է սեբաստացիական լինի՝ հետաքրքիր, ուրախ և կոմիտասյան պարերգերով զարդարված: Հրավերը նույնպես ներկայացրինք տեսանյութի տարբերակով:
Հրավերի տեսանյութը տե՛ս այստեղ:
Ամփոփիչ համերգը սկսեցինք անակնկալով: Էկրանին ցուցադրեցինք այն բոլոր քայլերը(ֆիլմերի տեսքով), որոնք իրականացնելով ստացանք այս արդյունքը: Ֆիլմերի դիտումից հետո սովորողները ծնողներին նվիրեցին թողարկած անդրանիկ ձայնասկավառակները: Իսկապես գեղեցիկ անակնկալ էր ծնողների համար, քանի որ բոլորը հուզված և ոգևորված էին: Ծնողները զարմացած էին, թե ինչպես էին սովորողները կարողացել մեկ ամիս շարունակ թաքցնել այս տեսակ բազմաբովանդակ և աշխատատար նախագծի ընթացքը: Այնուհետև ծնողներին հրավիրեցինք մասնակիցը դառնալու մեր կոմիտասյան պարերգերին: (Ամփոփիչ ֆլեշմոբը փորձել եմ ներկայացնել փոքրիկ ֆիլմի տեսքով: Ափսոսում եմ, որ ամբողջական ներկայացված չէ):
Հաշվետու համերգ-շնորհանդեսը՝ «Հակաբացիլ Կոմիտասով, Հազարան հավք թևով՝ Ելք ստուգատես-համերգ ֆլեշմոբ» :
Նախագիծը համարում եմ ստացված, քանի որ այն իրականացնելու համար երկար, բայց արդյունավետ ճանապարհ ենք անցել: Ափսոսում եմ միայն, որ տեսանյութերն ամբողջ զգացածն ու ապրածը չեն փոխանցում:
Նախագիծը նաև հաջողված էր նրանով, որ սովորողների կողքին էին սեբաստացի ուսուցիչները, ավագ ընկեր-օգնականները՝ Սեդա Թևանյանը, որ ողջ ընթացքում սովորողներին թև էր տալիս, Անուշ Դավթյանը, որ հետաքրքիր առաջարկներ արեց ձևավորման համար, Տաթև Մանվելյանը, որ շվիով ձայնակցեց սովորողների երգեցողությանը, Էմիլը, որ համբերատար ձայնագրեց և մոնտաժային աշխատանքներն իրականացրեց:
Դե իսկ ես էլ միշտ սովորողներիս կողքին՝ նրանց հետ ուրախացա, ոգևորվեցի, և հաջողեցինք ևս մի սիրուն, հավես սեբաստացիական նախագիծ…
Ձայնագրությունները կարող եք ունկնդրել Սեդա Թևանյանի յութուբյան էջում.
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան