Վերջին տարիներին ուսումնական գործունեության ընթացքում հետևողականորեն կարևորում եմ երկարաժամկետ նախագծերը։ Փորձեմ հիմնավորել՝ ինչու հատկապես հենց այդ նախագծերը։

  • Երկարաժամկետ նախագծերը տնային աշխատանքին փոխարինող արդյունավետ այլընտրանք են։
  • Կարևոր խթան են  կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման շաբաթների, նախագծային ուսուցման ստուգատեսների, ուսումնական ճամբարների ընթացքում՝ ապահովելով ուսումնական գործունեության շարունակականությունը։
  • Ինքնակրթության կարևոր գործառույթ ունեն․ նախագծերի մեկնարկը, ընթացքը և ավարտը պայմանավորված են  սովորողի նախասիրություններով և հետաքրքրությամբ։
  • Զարգացնում են սեփական գործն ավարտին հասցնելու և ընկերների հետ համագործակցելու համապատասխան հմտություններ և կարողություններ։
  • Ավելի տեսանելի-շոշափելի են դարձնում  հեղինակային կրթական ծրագրի ձեռքբերումները և հաջողությունները։

Նախ՝ մի քանի խոսք երկարաժակետ նախագծերի մասին։ Դրանք, որպես կանոն, ձևավորվում են ըստ սովորողների նախասիրությունների և հետաքրքրությունների։ Նման նախագծերը կարող են լինել անհատական և խմբային։ Երկարաժամկետ նախագիծ իրականացնելու ցանկություն ունեցող սովորողներին նախապես ներկայացվում են հետևյալ պահանջները․

  • բլոգում (կամ բլոգի համապատասխան բաժնում) թողարկվող նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի (յուրաքանչյուր սովորողի հետ առանձին պայմանավորվածություն է ձեռք բերվում)
  • նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով
  • տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական նշաններից և ինտերնետային այլևայլ սիմվոլներից
  • տեսանելի է համացանցային մշակույթի առկայություն. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները
  • յուրաքանչյուր ամսվա վերջին ներկայացվում է կատարված աշխատանքը, շտկվում են նկատված թերությունները։

Անցնող տարիների փորձը ցույց է տալիս, որ առավել կենսունակ են խմբային նախագծերը։ Դրանք, սովորաբար, կարող են ձգվել մեկ կիսամյակից մինչև մեկ ուսումնական տարի, երբեմն էլ, դիմանալով փորձությանը, անցնել տարիների միջով։ Նմանօրինակ նախագծերի հաջողված օրինակներ են՝ Առականին, Լապտերը, Կանթեղը։ Իսկ հաջողված եմ համարում, որովհետև արդեն որերորդ տարին է՝  նույն գաղափարի շուրջն են  հավաքում սովորողների նորանոր խմբերի։ Սա, թերևս, նոր հնարավորություններ  և նոր հետաքրքրությունների դաշտ է բացում` շարունակականություն, թարմություն և նոր շնչառություն հաղորդելով երկարաժամկետ նախագծերին։

Ստորև ներկայացնում եմ առաջին շրջանի ուսումնական գործունեության ամփոփ-հաշվետվությունը։

Երկարաժամկետ նախագծեր 2021

Ստեղծագործական նախագծեր

Ձայնադարաններ

Թարգմանական նախագծեր

Վերլուծական նախագծեր

Ինչ խոսք, ի տարբերություն կարճաժամկետ նախագերի, երկարաժամկետ նախագծերով ուղեկցվող ուսումնական գործընթացը  բավականին բարդ է և դժվար․ սովորողից և ուսուցչից լրացուցիչ ջանքեր, ցանկություն, հետևողականություն և համբերություն է պահանջում։ Սակայն մյուս կողմից՝  միանգամայն արդարացված են այդ ջանքերը, որովհետև, կարծում եմ, շատ ավելի ամբողջական, տեսանելի և շոշափելի է դարձնում սովորողների և ուսուցչի կատարած աշխատանքը։

Տարիների փորձն ունենալով՝ կարելի է ասել, որ սովորողների նախասիրությամբ երկարաժամկետ նախագծերը նոր որակ և զարգացում կարող են հաղորդել հեղինակային կրթական ծրագրին:

Եվ վերջում՝ երկարաժամկետ նախագծերով ուսուցման ամենամեծ առավելությունը, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ․

  • ինքնակրթության կազմակերպումն ու խրախուսումը
  • դիտարկելի գործունեությունն ու ինքնակազմակերպվածությունը
  • ինքնագնահատումն ու սեփական արդյունքների վերանայումը

Կարծում ենք՝ հենց այս որակներն են ապահովում Ավագ դպրոցի այսօրվա սովորողի, վաղվա քաղաքացու, ընդհանրապես՝ մարդու կատարելագործումն ու զարգացումը:

Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով