Հայաստանյան իրականություն կամ իրավիճակի նկարագրություն

Գնահատման մասին ներկայացված է Հանրակրթության պետական չափորոշչի «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժնում: Ըստ այդ սկզբունքների` հանրակրթական ուսումնական հաստատություններում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով: Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: Քանակական գնահատումը սկսվում է 1 միավորից, չունի անբավարար սանդղակ և ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները։

Ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին։ Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։ Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

Հասկանալու համար՝ ինչ ասել է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) գնահաման ձևեր, բացենք Հայոց լեզվի և գրականանության չափորոշչը։ Չափորոշչի «Գնահատում» բաժնում նշվում է, որ հայոց լեզվի, գրականության ուսումնառության գործընթացում կիրառվում են գնահատման հետևյալ տեսակները՝

  • ախտորոշիչ
  • ձևավորող կամ ուսուցանող
  • միավորային

Գնահատման այս տեսակների բացատրությունները կարդալուց հետո պարզ չէ՝ գործնականում ինչպես է ձևավորվում միավորային գնահատանիշը։ Չկա գործիքակազմ՝ մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի պատկերացնել գնահատումը։ Փոխարենը՝ «Գնահատման գործընթացում շեշտադրվում է ակադեմիական ազնվության պահպանումը»։

Համաշխարհային փորձի ուսումնասիրություն․ կառուցողական ուսուցում

Ուսումնասիրելով աշխարհի առաջադեմ կրթություն իրականացնող երկրների փորձը և ուսուցման մեթոդական մշակումները` պարզ է դառնում, որ այդպիսիք իրականացնում են կառուցողական ուսուցում։ Իսկ, որպեսզի արդյունավետ դասավանդում իրականացվի՝ գոյություն ունեն ուսումնառության գնահատման չափանիշներ, որոնք ի սկզբանե ստեղծվել են ուսուցիչներին օգնելու համար. դրանց գործնական կիրառումը նպաստում է յուրացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Նկարագրված են նաև կառուցողական ուսուցման քայլերը՝

Կողմնորոշում, երբ սովորողի նպատակներին և նրա ուսումնառության շարժառիթներին իմաստ է հաղորդվում: Սովորողը պետք է հստակ իմանա, թե ինչ է սովորելու և այդ նոր գիտելիքն ինչով է իրեն անհրաժեշտ, որտեղ է այն կիրառելու:

Հարց ու պատասխան (երկխոսություն), երբ սովորողները մտքեր են փոխանակում:

Մտքերի վերակառուցում, երբ սովորղները կատարելագործում են իրենց մտքերը՝ դրանք բառերով ձևակերպելու և այլ գաղափարների հակադրելու համար։

Նոր մտքերի բազմազանություն, գնահատում, գաղափարների կիրառում, երբ սովորողները կիրառում են իրենց գիտելիքները թե՛ ծանոթ, թե՛ անծանոթ իրավիճակներում:

Կառուցողական ուսուցման գնահատման ձևերը բազմազան են`

  • էլեկտրոնային թղթապանակներ
  • գրավոր հաշվետվություն
  • բանավոր հաշվետվություն
  • խմբային քննարկումներ
  • բանավեճ
  • նյութի տպավորիչ ներկայացում, ելույթ
  • տեսանյութեր, ռադիոնյութեր, հրատապ նորություններ
  • լուսապատկերներ (սլայդ)
  • մեդիահաշվետվություն
  • ձայնագրքեր և տեսագրքեր:

Հեղինակային կրթական ծրագիր․ գործունեության գնահատում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի կատարած ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական աշխատանքի գնահատման կարգի։ Ըստ այս կարգի` «խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով»:

Ասել է թե՝ սովորողը գնահատվում է ոչ թե մեխանիկական հիշողությամբ ամրագրածի, այլ կատարած ուսումնական գործունեության համար։ Իսկ, որպեսզի այդ գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար հնարավորինս տեսանելի և չափելի դառնա, հարկ է, որ սովորողը խրախուսվի և գնահատվի: Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է կիսամյակային գնահատականը փոխել:

Փորձեմ ներկայացնել Ավագ դպրոցում հայոց լեզվի, գրականության ուսուցման գնահատման գործիքակազմը, որը ներդրվել է առնվազն 10 տարի առաջ՝ ամեն տարի լրամշակման ենթարկվելով հենց սովորողների կողմից։ Գնահատման այս սանդղակը ճկուն է, պարզ է և հասկանալի: Այն միանգամայն չափելի և տեսանելի է դարձնում սովորողի ուսումնական աշխատանքը և, ըստ էության, ունի երեք մակարդակ`

  • առաջին մակարդակ` ընդհանուր հանրակրթություն
  • երկրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագիր
  • երրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագրի զարգացում. ինքնակրթություն։

ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ. Ընդհանուր հանրակրթություն, 4-6 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում։

ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ. Հեղինակային կրթական ծրագիր, 7-8 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում, այն է՝

  • նախագծային աշխատանքի մասնակցություն
  • լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
  • այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն
  • ձայնանյութ, տեսանյութի ստեղծում
  • ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն։

ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ. Ինքնակրթություն, 9-10 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը և խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև`

  • նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն. նախագծի ղեկավարում
  • արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական բլոգի ղեկավարում
  • ուսումնասիրություն, հետազոտական աշխատանք

Գնահատման գործունեության ներկա համակարգը ենթադրում է կառուցողական ուսուցում` շեշտը դնելով ոչ թե գնահատանիշի, այլ գործունեության շարունակական գնահատման վրա: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը, ներառյալ` ուսումնական արձակուրդների ընթացքում կատարածը:

Հավելեմ նաև, որ գործունեության գնահատումը վերաբերում է նաև այն բազմազան առաջադրանքներին ու իրավիճակներին, որոնցով սովորողը հնարավորություն է ստանում դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, կարողանում է կիրառել ձեռք բերած հմտություններն ու մտածելու կարողությունը: Գնահատումն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշափելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը խրախուսում է ինքնագնահատումը և սեփական արդյունքների վերանայումը, պահանջում արդյունքների հրապարակում-գնահատում: Գործունեության գնահատման այս համակարգը, ըստ էության, ուղղված է ոչ թե սովորողին գնահատանիշ դնելուն, այլ անհրաժեշտ մի շարք կարողությունների զարգացմանը`

  • ինքնագնահատում, ինքնաստուգում
  • ստեղծագործական մտածողություն
  • սովորել սովորելու կարողություն
  • սովորել սովորեցնելու կարողություն
  • համագործակցելու կարողություն
  • ընտրելու, որոշումներ կայացնելու կարողություն։

Մեր ժամանակներում գիտելիքն ավելին է, քան սոսկ տեղեկատվությունը: Եվ որքան այն իրական-շոշափելի-կիրառվող է այսօր, այնքան ավելի հավանական է դրա գործածությունը հետագայում: Առավել քան համոզված ենք՝ կրթության իրական իմաստը ոչ թե սովորողի գլուխը «շտեմարան» սարքելն է, այլ անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ զարգացնելը:

Օգտագործվել են`

Կառուցողական կրթության հիմունքները և մեթոդները, Երևան, 2005

Հանրակրթության պետական չափորոշիչ

Հայոց լեզվի և գրականանության չափորոշիչ

Գործունեության գնահատման համակարգ

Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

5-12-րդ դասարանում կիսամյակային գնահատականը փոխելու կարգ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով