Երաժշտությունը խոսքի նման չի կարող առարկաների, երևույթների մասին կոնկրետ պատկերացում տալ: Այն, ինչպես մյուս արվեստները, ավելի զգայական է և հաղորդակցվում է հույզերի միջոցով: Սովորողը օգտվելով արվեստների զգայական առանձնահատկությունից հնարավորություն է ստանում խորացնելու ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնելու տրամաբանական հաղորդակցման, համագործակցային, ստեղծական, ինքնակրթական հմտությունների շրջանակը:

Երաժշտությունը՝ որպես հանրակրթության բաղկացուցիչ, կրթահամալիրում առանձնահատուկ կարևորված է: Բացի ուսպլանով հատկացված դասաժամերից, կրթահամալիրի տոնացույցով նշված բոլոր տոները, առավոտյան պարապմունքները, մեդիաուրբաթները, «Անտիվիրուս Կոմիտաս», երաժշտական հունիսյան փառատոն, «Կոմիտասյան օրեր» ստուգատեսները, երաժշտական համերգ-նախագծերը սովորողի և, ինչու չէ, դասավանդողի առջև լայն համամարդկային արժեքներ են բացահայտում՝ տալով ինքնագնահատման, ինքնաճանաչման, կայանալու հնարավորություն:

Ինչքանո՞վ է երաժշտության լրացուցիչ կրթությունը նպաստում, մասնակցում այս արժեքների ձևավորմանը: Լրացուցիչ կրթության մի ամբողջ դպրոց չասեմ, բայց մի օղակ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ երաժշտության լրացուցիչ կրթություն իրականացնող «Երաժշտության կենտրոնը» մի քանի տարի շարունակ հետևողականորեն գալիս է դրան: Մեր առջև երկու ճանապարհ կար: Առաջին՝ գնալ արդեն տրորված, սպառված, բայց լավ ծանոթ ճանապարհով, և երկրորդ՝ ստեղծել նորը, ստեղծել հեղինակային կրթական ծրագիր, ստեղծել հեղինակային մանկավարժություն՝ ապավինելով սեփական մասնագիտական, մանկավարժական փորձին: Փոխվեցին և՛ նպատակները և՛ խնդիրները, և՛ ծրագիրը: Առաջին պլան մղվեց սովորողը՝ իր անհատական նախասիրություններով:

Առաջին քայլը համերգի ընդունված ձևերի փոփոխումն էր՝ թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումով: Համերգը դարձավ ոչ ինքնանպատակ միջոցառում, ինչ-որ մեկին ցույց տալու նպատակ, այլ՝ ներկայացում իր դինամիկ զարգացմամբ, կուլմինացիայով, կադանսային ակորդով: Սկսեցինք կատարումների ընթացքում էլեկտրոնային նյութեր ցուցադրել, որոնք պատրաստում էին սովորողները: Համերգը բերեց նոր սովորողների, բացվեցին նոր բաժիններ՝ կիթառ, ջութակ: Յուրաքանչյուր համերգ դարձավ մի նախագիծ՝ նվիրված որևէ երգահանի, որևէ ժանրի, կամ թեմատիկ: Իսկ նվագում են սովորողները, դասավանդողները, ծնողներ։ Սա նույնպես կարծրատիպի հաղթահարում էր. ընդունված է, որ երաժշտական դպրոցում համերգներին ելույթ է ունենում սովորողը, մեզ մոտ կատարում-ելույթ է ունենում նաև ուսուցիչը, անձնական օրինակով ցույց տալիս կատարման հրճվանքը։ 

Յուրաքանչյուր ուսումնական տարի սկսվում է Կոմիտասյան նախագծով՝ դաշնամուրային գործերի («Յոթ պարեր», 12 մանկական պիեսներ) կատարումներ, որ չեն կատարում նույնիսկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Եթե Կոմիտասը մեր ազգային մտածողության երաշխիքն է, ապա Ի.Ս. Բախի երաժշտությունը սահմաններ չունի, այն համամարդկային է, ուստի ինչպես Կոմիտասի, այնպես էլ Բախի ժառանգությունը «ագահորեն» յուրացնելը երաժշտության միջոցով բացահայտումների, ինքնաճանաչման և ինքնադրսևորման ճշմարիտ ուղին է: Կատարվում են Բախի կոնցերտները, վոկալ, գործիքային գործերը մեր սեփական փոխադրումներով կիթառի, ջութակի, դաշնամուրի համար:

Գանք ավելի մատչելի ժանրերն: Իսկ ինչու՞ չի կարելի ուսուցանել ջազ, բլյուզ, չէ՞ որ բոլոր ժանրերն էլ ունեն իրենց խորը ազգային արմատները: Ջազային, կինոյի, անիմացիոն ֆիլմերի մեղեդիների կատարումներին նախորդում են դիտումներ, բուռն քննարկումներ դասարանում, այնուհետև տանը, ողջ ընտանիքով նայում և վերագնահատում են դասական դարձած այդ ֆիլմերը, ակամա հաղորդակից դառնալով Չարլի Չապլինի, Ֆելինիի, Նինո Ռոտայի, Գերշվինի անմար գործերին: Գնալով ընտանիքը պասիվ ունկնդրից դառնում է ակտիվ մասնակից: Ընտանեկան համույթ նախագծերին մասնակցել են մայրիկներ, տատիկներ, հայրիկներ, հորաքույր: Սա նշանակում է երկարատև համատեղ աշխատանք թե՛ տանը, թե՛ դասարանում, երբ երաժշտությունը ուսուցանելով միավորում, իր շուրջն է հավաքում ընտանիքը: Եթե այս դեպքում սովորողի առջև արվեստի բոլոր ճյուղերն են միավորված, ապա մեկ այլ նախագծում ընդլայնվում է աշխարհագրությունը՝ երբ երկրագնդի ամենատարբեր ազգերի երաժշտությունը կատարելով փորձում ենք ուսումնասիրել այդ երկրների աշխարհագրական դիրքը, սովորույթները, մի քանի պարզ արտահայտություն, որով ներկայանում են ելույթից առաջ: Յուրաքանչյուր նման նախագիծ բացի ուսումնական, ճանաչողական լինելուց այնքան ոգևորություն, ինքնադրսևորման դրական հույզեր է տալիս, որ հասկանում ես որ իզուր չէր…

Ուզում եմ առանձնացնել Sibelius համակարգչային երաժշտական ծրագրով արվող աշխատանքը: Այս ծրագրով ոչ միայն նոտային տեքստը կարելի է մուտքագրել ամենատարբեր կազմի նվագախմբերի համար, այլ նաև հնչեցնել մուտքագրված երաժշտությունը: Այսօրինակ նվագախմբային նվագակցությամբ համերգներից մեկի ժամանակ հնչել է Վ. Ա. Մոցարտի «Կախարդան սրինգը» օպերայից մի հատված փոխադրված դաշնամուրի և նվագախմբի համար: Այս ծրագրի միջոցով հետաքրքիր է դառնում նաև սոլֆեջիո առարկայի դասավանդումը: Սա մի նոր կրթական որակ է ստեղծական անսպառ հնարավորություններով:

Թվում էր այլևս նոր ասելիք չկա: Բայց գտնվեց՝ նորին մեծություն օպերա: Օպերան քանի որ բազմաժանր արվեստ է, ուստի աշխատանքն էլ բազմաբնույթ և հետաքրքիր է: Սա և՛ ռեժիսուրա է, և՛ բեմական արվեստ, և՛դեկորներ, և՛ հագուստների ձևավորում, պարային դիվերտիսմենտներ, վոկալ մեներգեր և երգչախմբային կատարումներ: Պատահական չէր «Չարի վերջը» օպերայի (երաժշտության հեղինակ Ազատ Մանուկյան) ընտրությունը: Թումանյանական օրերին՝ իհարկե, Թումանյան: Չկար երաժշտության կենտրոնի որևէ սովորող, որ չմասնակցեր շաբաթօրյա փորձերին: Շատերը գալիս են հառվից՝ ծնողների հետ: Ծնողներ, որ առաջարկում են իրենց աջակցությունը: Չկար մեկը, որ իր դերից բացի չիմանար բոլոր վոկալ պարտիաները: Այստեղ ականատես ես տարբեր սերունդների խմբային ինքնակամ համագործակցության դրսևորման: 

Հաջորդ համերգը ուսումնական օրացույցով Ռոդարիական օրերին էր՝ Կ.Խաչատրյանի «Չիպոլինո» ամբողջական բալետի դաշնամուրային անսամբլային կատարումը, որ ուղեկցվում էր սովորողներից մեկի՝ Լիլիթ Գրիգորյանի անիմացիոն ֆիլմերով:

Գիրս ակամայից ստացվեց երաժշտության կենտրոնի համերգային կյանքի մասին: Սակայն ոչ պակաս կարևոր է սովորողների և դասավանդողների համատեղ ջանքերով կենտրոնի ներքին միջավայրի թաղարային-ծաղկային լուծումների և բակի պարտեզի ստեղծումը: Այստեղ աշխատանքները անընդհատ են, բույսերը ինչպես երեխաները խնամք են պահանջում: Եվ դա արվում է հաճույքով:

Կարելի էր խոսել նաև հինգ տարեկանների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին ևս:

Երաժշտության լրացուցիչ կրթությունը, լինելով հեղինակային ծրագիր, չի բացառում նաև ներառական կրթական ծրագրով սովորողներին: Այս հոդվածը պատրաստվում է:

Հեղինակ՝ Սվետա Ճաղարյան

Նման հրապարակումներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով