Լողը, լողափը, լողափյա ճամբարները գրավիչ գործունեություն և ուսումնական միջավայր են սովորողի, ինչու չէ, նաև լողացող  ուսուցիչների  համար: Ինքս չեմ պատկերացնում ամառային կամ աշնանային արշավները, ճամբարները առանց լողալու` կազդուրիչ-առողջարակական, կոփող լողի։ Մենք, հայերս եղանակային որոշակի վերապահում և տրամադրվածություն ունենք բացօթյա լողավազնների, լճերի, մասնավորապես Սևանա լճի նկատմամբ. լողում ենք միայն ամռան տաք եղանակին։ Բայց այլոց մեջ ընդունված է և ասեմ`ոչ պակաս հաճելի է բացօթյա լողը աշնան սկզբին, մասնավորապես սեպտեմբերին: 

Կրթահամալիրիում ամառային լողափի տրամաբանական շարունակությունը դարձավ աշնանային լողափը, կամ, այսպես ասած, սեբաստացիների թավշե աշունը: Աշնանային լողափը յուրովի մարզում, կոփում է թե սովորողի, և թե ուսուցչի մարմինն ու հոգին: Նորություն չէ, որ ջուրը մարմնից և հոգուց  բացասական էներգիան անջատող և մտքերը մաքրող ամենաարդյունավետ միջոցն էՍովորողի ընտրությամբ հայրենագիտության գործունեության ժամանակ գրեթե ամբողջ սեպտեմբեր ամսին, շաբաթական մեկ ժամ տրամադրել  ենք աշնանային  լողափին։ Իսկ 1-3-րդ դասարանները կարո՞ղ էին մարզական պարապմունքների մեջ ներառել լողը, 4-5-րդ դասարաններում կարո՞ղ էր լողը առանձին պարապմունքների ֆիզկուլտ-դադարը դառնալ։ Միջավայրն այնքան հարմարեցվա՞ծ էր, որ սովորողը, խումբը արագ լողար և անցներ այլ գործունեության։ Իսկ սովորողն իր համար կարո՞ղ էր ազատ ժամանակ լողալ, ասենք` երկար դասամիջոցին. դրա համար ի՞նչ անհրաժեշտ կլիներ, դա ապահովվե՞լ էր։ Երկարօրյա ուսուցման ծրագիրը կարո՞ղ էր ներառել լողի բաղադրիչը։ Զարգացումները դա ենթադրում են։ 

Քանի որ հայրենագիտական աշնանային  կարևոր նախագծերից է բարձունքի նվաճումը, փորձել ենք նախագծերում ներառել նաև լող: Սեպտեմբերին հայրենագիտական արշավները եղել են Սևանի տարածաշրջանում, հաղթահարել ենք Սևանի լեռնաշղթայի Սուրբ Մաշտոցներ բարձունքը և հետո լողացել Սևանա լճի համար մեկ հանրային լողափում… Ստացվել են և՛ բարձունքի հաղթահարումը, և՛ աշնանային լողափը:

Աշնանային լողափի փակումը կազմակերպեցինք հոկտեմբերի 7-9-ի եռօրյա ճամբարով «Ժայռ» ռազմա-մարզական բազայում: Լողափային ճամբարների առօրյան հետաքրքիր ու գրավիչ է սովորողի համար: Միասնական առավոտյան ընդհանուր պարապմունք, մարզանք, միասին սննդի պատրաստում, համապատասխան հերթապահներ՝ սանիտարական, խոհանոցի, մարզանքի, ընթերցանության ժամեր, իսկ հետո հետաքրքիր երեկոյան քննարկումներ, լապտերով արշավներ, անտառում կողմնորոշվելու կանոններ, վրանի տեղադրում-հավաքում և այլն:

Հստակ կարող եմ ասել, որ այն սովորողները, ովքեր ամռանը և աշնանը լողացել կամ լողով են զբաղվել,  աշնանային վիրուսային հարբուխներից չեն հիվանդացել: Ճիշտ է, կրթահամալիրի Դպրոց-պարտեզում արդեն ունենք փակ լողավազան, որտեղ ցանկացողները կարող են շարունակել լողի պարապմունքները կամ ուղղակի լողը, բայց այդ լողավազանի ծավալն արդեն բավարար չէ մեր «լողացող» կրթահամալիրի, նրա կրտսեր դպրոցների սովորողների համար: Յուրաքանչյուր դպրոցի համար փակ լողավազան ունենալն անհրաժեշտություն է, որպեսզի սովորողի համար մատչելի դառնան շուրջտարի լողը և ջրի հետ շփումը: Նոր դպրոցում առանձնացրել ենք համապատասխան տարածք, բայց կառուցման համար անհրաժեշտ է ծնողական համայնքի և այլոց աջակցությունը: Նոր դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծնողական հավաքներ: Փակ լողավազան ունենալու առաջին քայլերից մեկը ներդրումային ծրագիր մշակելն է։ Մեր յուրաքանչյուր սովորող կդառնա լողավազանի կառուցման մասնակիցը` նախօրոք գնելով լողի իր աբոնեմենտը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով