Տասնյոթ տարի աշխատում-ոգևորվում-հիանում-ապրում եմ իմ կրթահամալիրում: Սովորում եմ անընդհատ, ամեն օր, ամենքից ու երեխայի պես հրճվում: Օր օրի փոխվում եմ, աճում, ձեռք բերածս յուրաքանչյուր նոր կարողության, հմտության մասին այնպես եմ խոսում-պատմում, ասես երկնքից աստղ եմ իջեցրել: Գաղտնիք չէ, որ ինքնակրթությունը կրթության լավագույն ձևն է, դասավանդողի համար անհրաժեշտ-պարտադիր պայման, հետաքրքրասիրությունը բավարարելու, զարգացումն ապահովելու միջոց-հարթակ: Կրթահամալիրում դասավանդողի ծանրաբեռնվածությունը, աշխատանքը, գործունեությունն արտացոլված է անհատական աշխատաժամանակում: Յուրաքանչյուր դասավանդող լրացնում է սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար, փետրվար-մայիս, հունիս ամիսների իր աշխատաժամանակը և տեղադրում իր բլոգում:

Դասավանդողի ինքնակրթություն

Մանկավարժական գրականություն, ընթերցանություն: Կարդում եմ մանկավարժական հոդվածներ, ընկերներիս նյութերը, թարգմանությունները, որոնք հրապարակվում են «Դպիր» ամսագրում: Ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ հոդվածներին, նորից կարդում ու հայտնագործում: Հիմնականում հայերեն եմ կարդում (եթե կան թարգմանություններ), բնօրինակները՝ ռուսերեն: Սեպտեմբեր ամսին ծնված Գրական ակումբն էլ, իր ամենշաբաթյա գործունեությամբ, նպաստում է, որ դասավանդողը կարդա, մտածի, քննարկի ու վերլուծի: Ակումբային հանդիպման յուրաքանչյուր օրվան սպասում եմ սիրով ու խանդավառ ոգևորությամբ: Ակումբն ինձ համար և՛ ինքնակրթության միջոց է, և՛ դրական էմոցիաներով, էներգետիկ դաշտով լի միջավայր, որտեղ ինքնադրսևորվելու, սովորելու, շփվելու, աճելու հնարավորություն ունեմ:

Մանկավարժական աշխատողների դպրոց

Դասավանդողների ամենշաբաթյա սեմինար-պարապմունքները մանկավարժական աշխատողին միշտ սովորելու, կարողությունները զարգացնելու, հմտությունները փոխանցելու հնարավորություն են տալիս: Սեմինար-պարապմունքների, քննարկումների ընթացքում ձեռք եմ բերում նոր կարողություններ, հմտություններ, որոնք փոխանցում եմ սովորողներիս (նոր երգ-պար, հեծանիվ վարել, բլոգավարություն, համակարգչային նոր ծրագրեր):

Շախմատի մոլորակ-աշխարհ-դպրոց:  Գործունեություն, որը նպաստում է ուղեղի զարգացմանը, բարելավում է ինտելեկտը, զարգացնում է քննադատական-վերլուծական մտածողությունը: Այս տարի սովորեցի շախմատ խաղալ: Սկզբում հաճախ պարտվում էի, հիասթափվում, երբեմն հաղթում էի, ոգևորվում: Տանը որդուս և ամուսնուս հետ էի խաղում, դպրոցում` սովորողներիս հետ: Խաղում էինք ընդմիջման ժամին, դասերից հետո, երբ ազատ էինք լինում: Հենց դժվարանում էինք, հարցեր էինք ունենում, դիմում էինք մեր լավ ընկեր Առնոլդ Միքայելյանին: Որոշ ժամանակ անց զգացի, որ ստացվում է, կարողանում եմ, կամաց-կամաց ինքնավստահ եմ դառնում: Կրթահամալիրում ամենուր անհրաժեշտ, հարմար խաղատախտակներ, շախմատներ են դրված, ու սովորողները հեռու չեն գնում շախմատի սեղաններից: Շախմատ խաղալը դարձել է թե՛ իմ, թե՛ սովորողների ամենօրյա սիրելի գործունեությունը: Արձանագրում  եմ  փաստ. դեռ ամիսներ առաջ վախենում էի, խուսափում շախմատ խաղալուց, շախմատի հետ կապված՝ սովորողների հարցերի պատասխանելուց, իսկ այսօր արդեն այլ է մոտեցումս, վերաբերմունքս, կարողությունս:

Տրիաթլոն: Ամենաոգևորիչը, ամենագրավիչը կրթահամալիրում հեծանիվ+վազք+լողն  է՝ դասավանդողի բլոգում համապատասխան բաժնով և գործունեությամբ: Հեծանիվ վարել, վազել, լողալ`աշխույժ-կենդանի, գրավիչ-վարակիչ, թարմացնող-լիցքաթափող, հավես բերող առօրյա: Կրթահամալիրում խրախուսվում է լավ հեծանիվ ունենալու, ամեն օր վարելու ցանկությունն ու ձգտումը: Կարճ ժամանակում նաև լողալ սովորեցի, հաղթահարեցի ջուր մտնելու վախը: Դեն շպրտեցի կասկածներս, անհամարձակությունս  ու … առաջ:

Ճամփորդ-ուսուցիչ: Ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողների  հետ քննարկում, ընտրում ենք օրը, վայրը, ներկայացնում նպատակը, խնդիրները, քայլերը, կազմում ենք անհրաժեշտ իրերի ցանկ և ճամփորդական կանոններ մշակում: Ճամփորդությունները հիմնականում բարձունքների հաղթահարումներ են, որոնք ընտրվում են` հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկությունները:

Հաճախ եմ միտք անում` հնարավո՞ր է կարողություն փոխանցել և ոգևորել սովորողին, եթե դու դրա կրողը չես, մասնակիցն ու ոգևորվողը չես: Մի՞թե արհեստական, անկենդան-անհոգի չի դառնում ուսուցումը, եթե դասավանդողը սովորող չէ, եթե սովորողը առաջնորդող չէ: Սովորողների համարձակությունը, ոգևորությունն ու հավեսն ավելի է մեծանում, երբ խաղում-քայլում-լողում-վազում-հեծանիվ են վարում իրենց ավագ ընկերոջ`ուսուցչի հետ: Էլ ո՞վ ոգևորի, վստահություն ներշնչի, հավես փոխանցի, եթե ոչ ուսուցիչը:Կյանք-ուսուցումը  կրթահամալիրում անընդհատ է, նոր ու կենդանի, գրավիչ  ու ստեղծական: Հրաշալի է, երբ կրթական միջավայրում դասավանդողը ոչ միայն փոխանցող-տարածող է, այլ նաև անընդհատ սովորող:Ամեն օր հանդիպում ենք` իրարից սովորելու-իրար հետ ապրելու-իրարով հիանալու:

Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով