2016-2017 ուսումնական տարին ինձ համար առանձնացավ այս նշանաբանով`«Անգլերեն՝ իրավիճակային դերախաղերով»:
Մեդիակրթությունը, որն իրականանում է բլոգային-նախագծային ուսուցմամբ, կրտսեր դպրոցականին ստեղծագործելու հնարավորություն է տալիս: Սովորողների հետ ստեղծագործում են նաև ընտանիքի անդամները: Երբ սովորողը տանն ասում է այն, ինչ ինքը սովորել է դպրոցում, օգտագործում է առօրյայում` մենախոսության կամ երկխոսության ձևով, այլ ոչ որպես անգիր սովորած մի ոտանավոր, տան անդամներն ինքնաբերաբար ներքաշվում են այդ երկխոսությունների մեջ: Երբ ուսումնական թեման այս ձևով է տուն մտնում, ծնողներն այլևս կրկնուսույցների, սովորած դասը ստուգող խիստ վերակացուների դեր չեն կատարում:Կենցաղային ու մարդամոտ թեմաները հեշտությամբ տեղափոխվում են տուն և դառնում ընտանեկան երեկոների ցուցադրություններ:
Հարավային դպրոցի երրորդ դասարանցիների այս տարվա առաջին նախագիծը՝ «Անգլերենը մեր տանը», մեծ աշխուժություն էր առաջացրել նրանց ընտանիքներում: Սովորողներն իրենց տան ջերմ մթնոլորտում, տեսախցիկը միացրած մայրիկների կամ հայրիկների առջև, առանց որևէ մեկի օգնության, կարողանում էին անգլերեն ներկայացնել իրենց բնակարանը, տան անդամներին, իրենց սիրելի խաղալիքները: Տեսաֆիլմից երևում է, թե ինչ ոգևորություն կա Մանե Հովհաննիսյանի աչքերում, երբ նա նկարագրում է իրենց բնակարանի ընդհանուր սենյակը, կամ էլ կենսուրախություն` Հայկի և Մերիի երկխոսության մեջ: Իսկ Գոհար Բարսեղյանն իր տեսաֆիլմում ներգրավել է նաև նույն դպրոցի առաջին դասարանցի իր եղբայր Հայկին: Կարելի է պատկերացնել նկարահանող մոր ուրախությունը: Մարդը երբեք չի մոռանում այն, ինչը շատ է սիրել մանուկ ժամանակ: Աշոտ Զոզանյանը, Իրինա Գյուրջինյանը և Ալեքս միշտ կհիշեն անգլերեն իրենց առաջին պատումները, որովհետև տեսաֆիլմը նկարահանվել է սիրելի շան, տիկնիկի, գնդակի, դաշնամուրի ու դեղին ավտոմեքենայի մասին:
Թումանյանական օրերին չորրորդ դասարանցիների հետ կարդացինք, դերերով խաղացինք «Սևուկ ուլիկ» հեքիաթի անգլերեն թարգմանությունը, որից հետո այն արդեն դարձավ ընտանեկան նախագիծ: Սովորողները նկարազարդեցին հեքիաթը և իրենց ընտանիքների անդամների հետ դերերով ձայնագրեցին խոսքերը: Լուիզա Եղիազարյանն իր մայրիկի ու ավագ եղբոր հետ, Տիգրան Գրիգորյանն իր մայրիկի հետ և Անահիտ Վերմիշյանն իր հայրիկի հետ ստեղծեցին «Սևուկ ուլիկի» իրենց ֆիլմերը:
Այս տարի 4-րդ և 5-րդ դասարանի սովորղներին ներկայացրի ”Shoppin” թեման՝ որպես ուսումնական նյութ գործածելով Բրիտանական խորհրդի ուսումնական ֆիլմերը: Սովորողները մեծ ոգևորությամբ սկսեցին իրենց իմացած բառապաշարով նույն թեմայի շուրջ հորինել տարբեր իրավիճակային երկխոսություններ: Նախագծի արդյունքն այն էր, որ սովորողներն իրենց ծնողների, ավագ քույրերի ու եղբայրների հետ ստեղծեցին դերային տարբեր խաղ-տեսաֆիլմեր: Ահա դրանցից մի քանիսը.
- Արև Սուքաիսյան և մայրիկ
- Անահիտ Վերմիշյան և հայրիկ
- Անդրե Վիրաբյան և ավագ եղբայր
- Սեդա Հովհաննիսյան և ավագ եղբայր
Կային սովորողներ, որոնց ընտանիքներում անգլերեն իմացող չկար, և ամեն մեկն իր հերթին մի հետաքրքիր լուծում էր գտել: Օրինակ` Էլեն Հովհաննիսյանը իր հորինած պատումը երկխոսության է վերածել ինքն իր հետ՝ տարբեր հագուստով և սանրվածքով: Ա՜յ քեզ ռոդարիական մոտեցում: Նմանատիպ լուծում է գտել նաև Կարինա Մանուկյանը: Իսկ Մարիամ Քորողլյանը և Անժելինա Սիմոնյանը խոսեցնում են իրենց տիկնիկներին: Եվա Սահրադյանն էլ դասընկերներին իրենց տուն է հրավիրել և մեծ պատասխանատվությամբ, ծնողների օժանդակությամբ պատրաստել տեսաֆիլմը:Սովորողների ոգևորությունից ինքս ոգևորվելով՝ Սուսան Ամուջանյանի օգնությամբ 5-րդ դասարանի սովորողների հետ ստեղծեցինք ”Shopping” թեմայով տեսադաս, որտեղ ներկայացնում եմ, թե ինչ ուսումնական նյութեր և դասավանդման ինչ մեթոդներ եմ կիրառում:
Կրտսեր դպրոցում անգլերենի դասավանդման նոր զարգացումներ 2017-2018 ուստարվա ընթացքում
Հաշվի առնելով ”Shopping” թեմայով տեսադասի ստեղծման ժամանակ սովորողների ոգևորությունը, սովորողների ընտանիքների դրական արձագանքները, Բրիտանական Խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախագծերի ղեկավար Ադեհ Հովասափյանի փորձագիտական կարծիքը` 2017-2018 ուստարվա ընթացքում սովորողներիս հետ իրավիճակային դերախաղերի տեսադասերի շարք եմ ստեղծելու: Այդ նախագիծը կոգևորի կրտսեր դպրոցականին անգլերեն սովորել, քանի որ ուսումնական թեման դուրս է դասագրքային վերացական տեքստից: Այն առօրյայում հանդիպող իրավիճակ է, որը պետք է ապրել, այլ ոչ թե պարզապես սովորել:
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան