Կրթահամալիրի տնօրենի օրագրից
Բլեյան բաց ցանցի բաց լաբորատորիայից
Բլեյան կրթական բաց ցանցի երկօրյա բաց լաբորատորիայի ապրիլի 26, 27-ի գործունեությունն իրականացվում է որպես ուսումնամանկավարժական նախագիծ՝ մասնակցային ամենաբարձր աստիճանով․․․ սկսած լաբորատորիայի բովանդակության որոշումից, հայտերով մասնակիցների ընտրության, մինչև մանրամասնումով կազմակերպում․․․ Կարելի էր, իհարկե, հրաժարվել մասնակիցների շրջայցից կրթական պարտեզով, կլոր սեղանները անել, ասենք՝ Մայր դպրոցում, էլ չեմ ասում բավարարվել մի կլոր սեղանով, հրաժարվել ապրիլի 27-ի ուսումնական ժամերգությունից… համերգ-ամփոփումից ու դարձնել ոչ թե համատեղ կյանք ուրբաթ-շաբաթով, լիարժեք, ամբողջական ներառական-բաց-ստեղծագործական հավաքի հարյուր հիսունից ավելի ծանոթ-անծանոթ ոչ սեբաստացի մանկավարժ-քաղաքացիների հոգսը տեղավորել մի միջոցառման մեջ, մի օրվա մեջ, մի փակ տարածքում․․․ Էլ չեմ ասում տեղափոխել հավաքի օրերը՝ ազգային տոնացույց մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա «մահանան» օգտագործելով․․․
Երբեք․ մեր ստեղծագործական հավաքն էլ մեր սեբաստացիական կյանքի նման՝ կենդանի, մոբիլ, ստեղծական ու համերաշխ, որպես կրթական համայնք․․․ Իմ գիրն այն տեղն է, ուր տիար-տնօրենի, կրթահամալիրի ու Բլեյան ցանցի հիմնադրի իրավունքով հրապարակում եմ Բլեյան կրթական բաց ցանցով լաբորատորիայի ապրիլի 26-ի, ապրիլի 27-իաշխատակարգերը։ Կան փոփոխություններ, ու կլինեն. մեր կյանքն է, բայց յուրաքանչյուրը ամեն անգամ ուղղված կլինի իր գործի հեղինակ մանկավարժ-քաղաքացու կյանքը ստեղծագործական հավաքում արհեստականությունից ազատելու համար։ Համեցե՛ք, ապրիլի 24-25-ն օգտագործեք, հայտագրվեք, եթե դեռ չեք արել։
Ռիմա Երեմյանը իր տեսապատկեր-շնորհակալությամբ հիշեցնում-աչքալուսանք է տալիս, որ ստեղծագործական հավաքի օրերին Հարավի, Հյուսիսի, Արևելքի, Արևմուտքի մեր կրտսեր դպրոցները ունեցան Կլոր սեղանների համար պակասող նոր թվային միջոցը՝ 65 դույմ, 162,5 սմ լայնությամբ, սենսորային-սմարթ (ավելացրեք բարեմասնությունները) հեռուստացույց։ Ամեն մեկը՝ մի կռասավեց։ Բլեյան բաց կրթական ցանցով ստեղծագործական հավաքերը մեր կլինեն շուրջտարյա, կամուրջ-անցում-կապերով․․․ Ուշանալու էլ տեղ չկա, մերժումը ցանցով չի լինի․ յուրաքանչյուր անհատ՝ իր գործի հեղինակը դառնալու, մանկավարժ-քաղաքացու վճիռը կայացրած, որպես անհատ, նախագծային խումբ, թե ուսումնական հաստատություն՝ իր ընտրած կամուրջով-միջնորդով, կմիանա նախօրոք հայտարարված, mskh.am-ում բարեխիղճ ներկայացրած հավաքին․․․ արդեն հայտարարված հեղինակային մանկավարժության հեղինակների 13-18-ի մայիսյան հավաքին, մայիսի 29-ից հունիսի 10-ի ստուգատեսային-նախագծային ուսումնական ճամբարների՝ երևանյան, հունիսի 1-ից սկսվող քանդակագործության-ճարտարապետության միջազգային փառատոնի՝ Երևանում, Իջևանում, Արատեսում․․․
Դառնանք ապրիլի 26-27-ի ստեղծագործական հավաքին։ Երեկ ծրագրային մի կարևոր փոփոխությունը, որ արվեց ձեր հետևողական պնդմամբ, հատկապես հավաքների վարպետ Նառա Նիկողոսյանի․․․ ապրիլի 27-ի, ժամը 12։30-ի Մայր դպրոցի կլոր սեղանն է։ Ես կկանգնեմ հավաքին հայտագրված, հավաքի պաշտոնական լսարանի առաջ ու կներկայացնեմ Բլեյան կրթական ցանցը, կպատասխանեմ մասնակիցների հարցերին․․․ Ինչպես իրեն բնորոշ դիպուկությամբ ձևակերպեց Գևորգ Հակոբյանը, մեր Բլեյան կրթական ցանցը նրա հեղինակը պիտի ներկայացնի։ Համոզիչ է։ Շնորհակալ եմ։
***
Այո՛, մոլորություն է Հայաստանով մեկ հաստատված, թե պետական հանրակրթական ուսումնական հաստատությանը պարտադրված է պետական կրթական ծրագիրը, որ հաստատությանը ընտրության իրավունք տրված չէ, որ ինչ-որ մի խորհրդով-առեղծով այդ մենաշնորհը տրված է Բլեյանին, նրա ստեղծած դպրոցին, որը ի դեպ, պետական, որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ) է, ինչպես հայաստանյան բոլոր պետական հաստատությունները, մերը՝ ՀՀ կառավարության 1989թ. որոշումով հիմնված… Համեցեք, մեր մասին ամեն ինչ կա՝ յուրաքանչյուր օգտատերի հասանելի դրված mskh.am-ում, կրթահամալիրի մասին ամեն ինչ՝ 1989թ.-ից սկսած մինչև մեր օրերը՝ գործող-հաստատված կանոնադրությամբ՝ կրթության և գիտության նախարարության 2017թ. N 533-Ն հրամանով հաստատված փոփոխություններով, մեր կառուցվածքը, մեր հիմնադիր ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով հաստատված շենք-շինություններով, Երևանի քաղաքապետի որոշումով հատկացված հողամասերով… Մենք ձեզ նման ենք։ Բայց հիմնադիր փաստաթղթով, կանոնադրությամբ ընտրել ենք կրթական այլընտրանքը, որի իրավունքն այսօր ունի յուրաքանչյուր պետական հանրակրթական հաստատություն՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքով։ Եվ մեր հեղինակային՝ Բլեյան կրթական բաց ցանցով գալիս ենք, եկել ենք, բերել ենք ձեզ ապրիլյան ստեղծագործական հավաք, հետո՝ մայիսյան, հետո՝ հունիսյան… օգնելու ձեզ հաղթահարելու այս մոլորությունը, փոխանցելու ձեզ տարիների մեր փորձը՝ քո գործի հեղինակը լինելու… կանգնեցնելու ձեզ ՀՀ օրենքով որոշված ընտրության առաջ։ Է՛հ, ընտրեք, քաղաքացի մանկավարժներից, քաղաքացի սովորողներից, ծնողներից կազմված դպրոցական՝ կրթական համայնքներ։
Մի այլ, նույնքան համատարած մոլորությունն է, որ պետական հանրակրթական հաստատությունը պիտի աշխատի ՀՀ ԿԳ նախարարի հաստատած օրինակելի ուսումնական պլանով, որում ուսումնառության բոլոր ժամերը տնօրինված են, որոշված են ուսուցման կազմակերպման ձևերը… 2019թ. հռչակագրով, որ ներկայացրի յուրաքանչյուրիդ ուշադրությանը իմ բլոգով-օրագրով, ես նորից պարզեցի իրավականը՝ Հանրակրթության պետական չափորոշչով որոշված հենքային ուսումնական պլանով առաջնորդվելու՝ ամեն մի պետական դպրոցի իրավունքը, այդ հենքի վրա ձեր հեղինակած ուսումնառությունը կազմակերպելու, համայնքային կրթություն իրագործելու հրամայականը… Բազմազանություն պիտի բերեք սրանով, ձեր ընտրությամբ-պատասխանատվությամբ-շնորհով, դառնաք հասարակական կյանքի, կրթական համակարգի իրական փոփոխությունների մասնակից, գործոն… Է՛հ, դարձեք։
Մենք՝ Բլեյան կրթական ցանցով, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով՝ կազմված սովորական սովորողներից և մանկավարժական աշխատողներից, որպես մեր գործի հեղինակներ, հեղինակային կրթական ծրագրերով նախադպրոցականից մինչև միջին մասնագիտական կրթության ամենօրյա բաց գործունեությամբ, ունենալով մեր հիմնադրի, լիազոր պետական մարմին ՀՀ ԿԳ նախարարության, մեր կրթական համայնքի՝ սովորողների ընտանիքների աջակցությունը-լիազորությունը, օգտակար ենք եղել, կարող ենք լինել, շարունակելու ենք օգտակար լինել… Պայմանով, որ սկսել եք ձեր ընտրությամբ ինքնուրույն-ինքնավար բաց գործել, անհրաժեշտ որոշումներ կայացնել…
Մոլորություն հաղթահարելու ֆինանսական կողմի մասին։ Մեր ողջ գործունեությունը՝ նախ և առաջ ֆինանսական, թվայնացված-հրապարակային-բաց է։ Այս հղումով դուք կծանոթանաք կրթահամալիրի խորհրդին ներկայացված՝ կրթահամալիրի 2019թ․ հունվար-մարտ ամիսների ֆինանսական գործունեության հաշվետվությանը։ Իսկ կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը հավաքի կլոր սեղանին ներկայացնում է կրթահամալիրի, հեղինակային մանկավարժության ֆինանսական կողմը։
Այո, մենք ՀՀ պետական բյուջեով 2019-ին, ինչպես նախորդ տարիներին, ստանում ենք պետական աջակցություն՝ դրամաշնորհ, պիտի ստանանք, չենք կարող չստանալ։ Եռամսյակը մեկ, տարվա համար ներկայացնում գրավոր-հրապարակային հաշվետվություն կատարած աշխատանքի և դրամական ծախսերի մասին։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կրթահամալիրում 2018թ․ համալիր ստուգումների վերաբերյալ ակտը մենք հրապարակել ենք։
Կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված նախադպրոցական կրթության, լրացուցիչ (արտադպրոցական) կրթության գործունեությունը մեր չի կարող չֆինանսավորվել․ մեր հինգ նախակրթարաններում ունենք 2-5 տարեկանների 14 խմբեր՝ 322 երեխա, մենք ունենք զարգացած-բաց-գրավիչ լրացուցիչ ուսուցում՝ կրթահամալիրի երաժշտության, մարզական, շախմատի, բնագիտատեխնիկական, կերպարվեստի, քանդակի ուսումնական կենտրոններում, մենք ունենք օժտվածության զարգացման բաց ծրագրեր… Եվ նաև ունենք իր գործի հեղինակ ուսուցիչ՝ իր նոր կարգավիճակով՝ ուսումնական ծրագրերը-պարապմունքների ձևերը մշակողի և իրականացնողի, ուսումնական բլոգ վարողի, ուսումնական նյութերը ստեղծողի և տարածողի, անընդհատ հասանելի՝ դպրոցում, թե տանը, թվային գրադարան ու թվային ցանց ստեղծելու, մասնագիտական զարգացման, մանկավարժական նորարարությունը հանրապետությունով մեկ փոխանցելու, ուսումնական օրացույցով որոշված ամենամսյա մասնագիտական զարգացման եռօրյա-հնգօրյա պարապմունքների համար…
Մենք նաև ուսումնառության պայմանագրերով և ուսումնական պլաններով, ուսուցման կարգերով որոշված լրացուցիչ ծառայություններ ենք մատուցում հեղինակային ծրագիրն ընտրած յուրաքանչյուր սովորողի։ Մեր կրթահամալիրի 2019, 2020-2022 զարգացման ծրագիրը, որը նույնպես կլոր սեղանի օրակարգում է, հենց մանկավարժության բոլոր շահառուների, առավել մասնակցային գործունեության, դրամական ու ոչ դրամական, նյութական ու ոչ նյութական ջանքերի համադրում է։ Առանց այսպիսի խելամիտ-խնայող-գործուն ուսումնական տնտեսության մենք այսօր չէինք լինի, չէինք ներկայանա հայաստանյան հասարակությանը մեր փորձով, այդ փորձի փոխանցման ցանցային կազմակերպմամբ։
Եթե փոխարինեմ իմ շարադրանքը մի նախադասությամբ, կլինի վերնագիրը. մոլորությունները հաղթահարեք, ու ժամանակը եկել է վաղուց…