Այլոց փորձի ուսումնասիրություն
Հոգևո՞ր, թե՞ կրոնական կրթություն:
Աշխարհիկ երկրներ կան, որտեղ կրոնականի փոխարեն հոգևոր կրթությունն են կարևորում՝ համապատասխան երաժշտությամբ, գրականությամբ, բարոյագիտական նորմերով: Այլ աշխարհիկ երկրներում էլ կրոնական կրթությունը պարտադիր բայց ոչ դավանանքային ուսումնական առարկա է հանրակրթական դպրոցներում: Այդ երկրներում տարբեր կրոնների (Բուդդիզմ, Իսլամ, Քրիստոնեություն) կրոնական հասկացությունները, ծեսերը, կրոնական տոների նշանակությունների պարզաբանումները դասավանդվում են որպես գիտություն:
Կրոնական կրթության ազատ ընտրությամբ լինելը, ըստ սովորողների ծնողների համոզմունքների, պաշտպանված է UNESCO-ի՝ 1960թ. Փարիզում ընդունված կրթության խտրականության դեմ կոնվենցիայով (Convention against Discrimination in Education):
Այսուհանդերձ, կրոնական կրթությունը աշխարհի տարբեր երկրներում հակասական մոտեցումներ ունի: Որոշ երկրներ, օրինակ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը չեն ֆինանսավորում կրոնական կրթությունը հանրակրթական պետական դպրոցներում և այդ երկրների դպրոցների ուսումնական պլաններում կրոնական կրթությունն ընդգրկված չէ: Բոլորովին այլ է կրոնական կրթությունն ու դաստիարակությունը կրոնապետական երկրներում (Աֆղանստան, Պակիստան, Իրան): Այստեղ խիստ պարտադիր է կրոնական կրթության իրականացումը՝ որպես կոնկրետ մի կրոնի քարոզչություն, դավանանք, և սովորողները խիստ պատժվում են, եթե խախտում են իրենց կրոնի կանոննները: Օրինակ`շարիաթի օրենքները իսլամում:
Այլոց փորձի մեր ուսումնասիրման նպատակն է պարզել, թե ինչպես է իրականացվում կրոնական-հոգևոր կրթությունը տարբեր երկրներում, համեմատություններ անել Հայաստանում իրականացվող «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» ուսումնական առարկայի հետ և այս ամենի ֆոնին առանձնացնել մեր կրթահամալիրում իրականացվող հոգևոր կրթության առանձնահատկությունները՝ որպես հայ հոգևոր մշակույթի գործնական փոխանցում մեր սովորողներին:
Ավստրիան իր պատմության ընթացքում երկար ժամանակահատված եղել է բազմազգ ժողովուրդների կայսրություն, և այդ պատճառով էլ 19-րդ դարից սկսած այս երկրում դասավանդվել է սյունի իսլամը, հռոմեական կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառ հավատք: Այժմ, ըստ ավստրիական կրթական օրենքի՝ կրոնի փոխարեն սովորողների ծնողները կարող են ընտրել «բարոյագիտություն» ուսումնական առարկան:
Ֆինլանդիայում հանրակրթական դպրոցներում Ավետարանչական լյութերական կրոնի ուսուցումը պարտադիր է: Թույլատրվում է դասավանդել նաև այլ կրոն, եթե դրա դավանության անվանումը գրանցված է երկրում: Այն սովորողները, որոնց ընտանիքները չեն պատկանում որևէ կրոնական դավանանքի, ուսումնասիրում են «բարոյագիտություն» առարկան:
Ֆրանսիան, որպես լիարժեք աշխարհիկ պետություն, որևէ կերպ չի ընդունում կրոնի դերը կրթության ոլորտում և չի ֆինանսավորում կրոնի դասավանդումը: Բայցևայնպես, ֆրանսիական պետությունը սուբսիդավորում է մասնավոր ուսումնական հաստատությունները, որոնց մեջ կան նաև կրոնական հաստատություններ, այն պայմանով, որ կրոնական առումով որևէ խտրականություն չցուցաբերվի սովորողների նկատմամբ:
Ռուսաստանում կրոնական կրթությունը լիովին առանձնացված է պետական հանրակրթական համակարգից: Այստեղ գործում են պետության կողմից չֆինանսավորվող կիրակնօրյա դպրոցներ, որտեղ հաճախում են այն երեխաները, որոնց ծնողներն ունեն նման կրթության անհրաժեշտության համոզմունքը:
Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կրոնական կրթությունն իրականացվում է եկեղեցու հետ համագործակցելով: Կրոնական կրթության ուսուցիչները կարող են լինել համալսարանական կրթությամբ մասնագետներ, որոնք վճարվում են պետության կողմից, բայց դասընթացի բովանդակության առումով հաշվետու են եկեղեցուն: Կրոնական կրթությունը հանրակրթական դպրոցներում պարտադիր չէ միայն Բեռլինում, Բրեմենում և Բրանդենբուրգում: Մինչև 14 տարեկանը ծնողն է որոշում, թե որ կրոնի դասընթացներին մասնակցի՝ Հռոմի կաթոլի՞կ, բողոքականությո՞ւն, թե՞ իսլամ: Այն սովորողները, ում ծնողները դեմ են որևէ կրոնի դասընթացին, կարող են մասնակցել բարոյագիտության կամ փիլիսոփայության դասընթացներին: 14 տարեկանից բարձր սովորողներն իրենք են ընտրում, թե որ կրոնի դասընթացին մասնակցեն:
Հունաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդվում է հույն ուղղափառ եկեղեցու դավանանքը՝ պահպանելով ծնողի ընտրության իրավունքը:
Լատվիայում ծնողները հենց առաջին դասարանից կարող են ունենալ ընտրության իրավունք՝ երեխան մասնակցի քրիտոնեակա՞ն, թե՞ բարոյագիտության դասերին: Այս երկրում քրիստոնեական դասերը քրիստոնեական տարբեր ուղղությունների վրա խարսխված միջդավանանքային են՝ Հռոմի կաթոլիկ, լյութերականություն, ուղղափառ, բաբտիզմ, հին հավատացյալներ:
Լեհաստանում կրոնական կրթությունը պետական հանրակրթական դպրոցներում կամավոր է: Ծնողն ունի երեք ընտրություն՝ երեխան մասնակցի կրոնի՞ դասընթացին, բարոյագիտությա՞ն, թե՞ չմասնակցի դրանցից ոչ մեկին:
Ժամանակակից Թուրքիայի հանրակրթական դպրոցներում դասավանդվում է «Կրոնի մշակույթ և բարոյագիտություն» ուսումնական առարկան, որի ծրագիրը պետական է: Ծրագրում առաջնային է համարվում իսլամի ուսմունքը, որից հետո սովորողներին ծանոթացնում են նաև այլ կրոնների բարոյական նորմերին:
Հնդկաստանում 19-րդ դարի սկզբներին Յոգանանդան հիմնադրել է Ապրելու իմաստության առաջին դպրոցը, որի հիմնական ուղղվածությունը հոգևոր կրթությունն է: Այս տիպի դպրոցներում հոգևոր կրթություն ասելով նկատի չունեն եկեղեցական-կրոնական տիպի կրթություն: Դպրոցի սովորողի գիտակցության մեջ ամրապնդվում է այն միտքը, որ մարդը կարող է երջանիկ լինել, եթե նա բարի է մյուսների հանդեպ և աշխատում է բարձր գաղափարների համար: Եթե երեխան իր պայուսակում խուրմայով լցված մի տոպրակ ունի և խուրման միայնակ է ուտում դասամիջոցներին, չի կարող երջանիկ լինել: Երջանիկ կարող է լինել այն երեխան, որ իր ունեցածից բաժին է հանում իր ընկերներին, որ եսակենտրոն չէ: Իմաստության դպրոցների հետևորդներն այն կարծիքին են, որ մարդկային հարաբերությունների նման մոտեցման ուսուցանումը դպրոցում իսկական հոգևոր կրթություն է:
Միացյալ Թագավորությունում կրոնական կրթությունը պարտադիր է: Պետության կողմից ֆինանսավորվող բոլոր հանրակրթական դպրոցներում պարտադիր կերպով կրոնական դասընթացներ են կազմակերպվում, բայց այդ դասընթացները պարտադիր չեն այն սովորողի համար, որոնց ծնողները չեն ընտրում այն: Այստեղ կրոնը դասավանդվում է որպես գիտություն, որի հիմքը դրել է Օքսֆորդի համալսարանի համեմատական փիլիսոփայության պրոֆեսոր Մաքս Մյուլլերը 1873 թվականին իր «Կրոնագիտության ներածություն» (Introduction to the Science of Religion) գրքով: Հետագայում գիտության այս ճյուղը զարգացնողները երբեք իրենց կրոնագետ չեն համարել: Նրանք իրենք իրենց համարել են աստվածաբան, փիլիսոփա, մարդաբան, սոցիոլոգ, հոգեբան, պատմաբան:
Իսկ ի՞նչ է ուսումնասիրում կրոնագիտությունը, որո՞նք են այս գիտության հիմնական ուղղությունները: Ո՞ր ուղղության մեջ կարող ենք ինքներս մեզ գտնել:
Տարբեր կրոնների սուրբ գրքերի ուսումնասիրում
Սուրբ գրքերի ուսումնասիրության շատ մոտեցումներ կան: Դրանցից ամենատարածվածն այն է, երբ սուրբ գրքերի տեքստերին վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեին գրական երկերին. դրանցում եղած փոխաբերությունների, թեմատիկ տարրերի, կերպարների էության ու գործողությունների շարժառիթների ուսումնասիրում: Մեր կրթահամալիրում այս մոտեցումը կամավոր սկզբունքով մոտ մեկ ուսումնական տարի իրականացվեց որպես լրացուցիչ կրթություն դասավանդողների և ավագ դպրոցի սովորողների համար՝ «Աստվածաշնչյան ընթերցումներ քահանայի հետ» նախագծով: Մայրենիի, երաժշտության դասընթացների ծրագրով, ուսումնական նախագծերով սովորողները Նոր Կտակարանի, հոգևոր երգերի գրաբար տեքստերն ընթերցում են առանց մեկնաբանությունների՝ ուղղակի ծանոթանալով տեքստին։
Հոգեբանությունը կրոնում
Կրոնական որոշ, համեմատաբար նոր ուղղություններ կան, որոնք օգտագործում են մարդու հոգեբանությանը վերաբերող սկզբունքները, որպեսզի հասնեն իրենց նպատակին՝ մարդու կրոնական փոխակերպմանը: Կրոնական փոխակերպման քարոզչությունը որևէ կերպ իր տեղը չունի Հայաստանի հանրակրթական դպրոցներում և մեր կրթահամալիրում:
Կրոնը և օրենքը
1970-ականներից սկսած կրոնական կրթության մեջ մեծ տեղ է հատկացվում պետական և եկեղեցական օրենքների ուսուցմանը, դրանց համեմատությանը: Ուսումնական դասընթացի համար հիմք են ծառայել աշխարհի տարբեր երկրներում հրապարակված գրքերն ու ամսագրերը այս թեմայով՝ The Journal of Law and Religion (Օրենքի և կրոնի ամսագիր), Ecclesiastical Law Journal (Եկեղեցական օրենքների ամսագիր): Մասնագետները հետազոտել են եկեղեցական կանոնների և պետության կողմից ընդունված օրենքների կապը՝ քրիստոնեական պատվիրանները և օրենսդրական նորմերը, արդարադատությունը և գթասրտությունը, ամուսնությունը, ընտանիքը և մարդու իրավունքները:
Տնտեսությունը և կրոնը
Կրոնական կրթության համար արված սոցիոլոգիական հետազոտական հարցումները ցույց են տվել, որ աշխարհի ամենակրոնականացված երկրները աղքատ երկրներն են, որտեղ մարդկանց տարեկան ընդհանուր եկամուտը մինչև 2000 դոլար է: Այս երկրների մարդկանց 98-99%-ը այն կարծիքին է, որ կրոնը ամենակարևոր դերն ունի իրենց կյանքում: Այդպիսի երկրներից են Բանգլադեշը, Շրի Լանկան, Եմենը, Մավրիտանիան, Բուրունդին…: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Էստոնիան, Շվեդիան, Դանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, մարդկանց 16-30%-ն է կարծում, որ կրոնը կարևոր դեր ունի իրենց կյանքում: Հատկանշական է, որ Միացյալ Թագավորությունում, որտեղ կրոնը պարտադիր ուսումնական առարկա է որպես գիտություն, մարդկանց միայն 27%-ն է կարծում, որ կրոնը մեծ դեր ունի իրենց կյանքում:
Կրոնի պատմություն
Կրոնի պատմության ուսումնասիրության առարկան ոչ թե ինքնին աստվածաբանական պնդումներն են, այլ այդ պնդումների կարևորությունը պատմական տարբեր ժամանակաշրջաններում: Այս ուսումնական առարկայի թեմաներից են կրոնական ակնառու դեմքերը, իրադարձությունները և տարբեր կրոնների վարդապետական ուսմունքների զարգացումը պատմության մեջ:
Հայաստանի ԿԳ նախարարությունը «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» ուսումնական առարկան է ընդգրկել մեր երկրի հանրակրթական դպրոցների ուսումնական պլաններում, ինչով Հայաստանն իր ներդրումն է անում համաշխարհային կրոնական կրթության համակարգում: Այլ հարց է, թե իրականում ինչպես է այդ ուսումնական առարկան՝ որպես ընդունված կրթական դրույթներ, դասավանդվում: Արդյո՞ք պահպանվում են փարիզյան կոնվենցիայի սկզբունքները:
Կրոնի մշակութային մարդաբանությունը
Կրոնի մշակութային մարդաբանությունը վերաբերում է կրոնի մշակութային կողմին, որի առաջնահերթություններից են ծեսերը, հավատալիքները, կրոնական արվեստը, մշակույթի միջոցով ենթագիտակցական հավատի ստեղծումն ու պահպանումը: Կրոնական կրթության հենց այս ուղղությունն է իրականացվում մեր կրթահամալիրում, այն տարբերությամբ, որ մեր կրթահամալիրում սա ուսումնական առարկա չէ, սա մասնակցություն է Հայ առաքելական եկեղեցու ծեսերին, հոգևոր երգերի, միջնադարյան շարականների ուսուցմամբ։ Դրանք ամեն ուրբաթ ուսումնական ժամերգության ժամանակ կատարվում են Սուրբ երրորդություն եկեղեցում: Այս ամենը սովորողների մոտ հավատ ու սեր է ձևավորում հոգևոր մշակույթի նկատմամբ, ինչը չէր կարող անել կրոնական կրթության առարկայական ուսուցումը:
Համացանցային կայքեր, որոնցից տեղեկատվություն եմ վերցրել