‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում ուսումնական գործունեությունը կազմակերպում, իրականացնում ենք ուսումնական նախագծերով: Ուսումնական նախագծերը կազմելիս դասվարն (մանկավարժական աշխատողը) ուղղորդվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ դառնալով այդ նախագծերի և՛ հեղինակը, և՛ իրականացնողը: Ուսումնական նախագծերը տարատեսակ ու տարաբնույթ են, կարծում եմ՝ շատ կարևոր ու արդյունավետ են ընտանեկան նախագծերը: Ծնողներն ու ընտանիքի անդամները երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչներն են: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, ծնողների ու դպրոցի հաջող համագործակցությունը սովորողի կրթության վճռորոշ տարրերից է: Կրթահամալիրում կարևորվում է ծնողի ներառումն ու մասնակցությունը իրականացվող ուսումնական նախագծերին, քանի որ տվյալ դեպքում ծնողը դառնում է նախագծի կրողն ուտարածողը: Եթե կրթական հաստատությունն ու ընտանիքը չհամագործակցեն, նույն արժեքների կրողը չլինեն, դրանից ոչ միայն սովորողի զարգացումը թերի կլինի, այլև հասարակական առաջընթացը: Սովորողների հետ իրականացրել ենք մի շարք ուսումնական նախագծեր։
Ուսումնական տարվա մեկնարկի, առաջին դասարանի սովորողների դպրոցամուտի հետ համընկավ«Ես» ուսումնական նախագիծը, որը կրտսեր դպրոցում իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է: Ուսումնական աշխատանքներում ներառվեցին նաև սովորողների ընտանիքները՝ դառնալով կրթական ծրագրի պատասխանատու: Քանի որ կրթահամալիրում թվային գործիքները կիրառվում են որպես կրթության կարևորագույն բաղադրիչ, և առաջին դասարանի սովորողները դեռևս լավ չէին տիրապետում մեդիագործիքներին, այդ հարցում մեծ էր ծնողի դերն ու աջակցությունը: Նախագծի իրականացման ընթացքում ծնող- սովորող համագործակցության շնորհիվ ստեղծվեցին տարբեր պատում- տեսանյութեր, որոնք ներկայացված են դասարանական բլոգում:
Իրականացրել ենք «Տիեզերք» ուսումնական նախագիծը, որի շրջանակում սովորողները ծնողների օգնությամբ օրվա տարբեր ժամերի ուսումնասիրել են երկինքը, եղանակային փոփոխությունները և մի քանի օր շարունակ ֆոտոխցիկով նկարել են՝ ստեղծելով պատում-տեսանյութեր: Նախագծի ընթացքում սովորողները պատմել են նաև իրենց թաղամասերի մասին, ներկայացրել առկա խնդիրները:
Գրաճանաչության փուլում դերային և ստեղծագործական բնույթի խաղերի միջոցով սովորեցինք Թումանյանի մի շարք բանաստեղծություններ՝ «Շունը»‚ «Փիսոն»‚ «Ամպը»‚ «Կռունկները», «Էս էն է…», նաև մի շարք հեքիաթներ՝ «Ծիտը»‚ «Անհաղթ աքլորը»‚ «Ուլիկը»‚ «Երկինքը փուլ է գալիս»‚ «Պոչատ աղվեսը»: Նկարեցինք թումանյանական հերոսներ‚ իսկ գունավոր թղթերից, կավից, պլաստիլինից պատրաստեցինք, ծեփեցինք թումանյանական կերպարներ: Քանի որ սովորողները այդ փուլում չէին տիրապետում տեխնոլոգիական մի շարք հմտությունների, անհրաժեշտ եղավ իմ, երկարացված օրվա կազմակերպչի, տեխնոլոգիայի ուսուցչուհու միջամտությունը: Հովհաննես Թումանյանի «Էս էն է» բանաստեղծությունը յուրացնելուց հետո նկարեցինք բանաստեղծության հերոսներին և խաղ- բեմադրությամբ ներկայացրինք մի փոքրիկ հատված: