«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, հարազատ մնալով իր կանոնադրական կոչմանը, մշակում, իրականացնում է հեղինակային կրթական ծրագիր, որ պետական բյուջեով կոչվում է «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» կամ «Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով»։

Կրթահամալիրում մշակված հեղինակային կրթական ծրագրի սկզբունքներ են.

  • անձի կրթական ծրագիրը նրա ազատ ընտրությունն է.
  • կրթական ծրագիրը ներառական է՝ յուրաքանչյուրի համար.
  • անձի արժանապատվությունը, ազատությունը անձեռնմխելի են.
  • ծրագիրը յուրաքանչյուրի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) համար ապահովում է ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմաններ.
  • գիտելիքի ձեռքբերումը յուրաքանչյուրի ինքնուրույն աշխատանքի արդյունք է.
  • գործունեությունը գիտելիքի ձեռքբերման, կարողությունների զարգացման մեթոդն է և չափանիշը.
  • առանց հայրենագիտության չկա հայրենասիրություն.
  • տեղեկատվական տեխնոլոգիաները և թվային գործիքները ուսումնառության և աշխատանքի արդյունավետ գործիքներ են.
  • ծրագրի թափանցիկ լինելը նրա զարգացման գրավական է:

Հեղինակային կրթական ծրագիրը հենվում է հանրակրթության պետական չափորոշչի վրա և ապահովում է դրանով որոշված արդյունքները:

Կրթական ծրագրում սովորողի գործունեությունը գնահատվում է նրա ստեղծած արդյունքներով, ստուգատեսների, ճամփորդությունների, ճամբարների մասնակցությամբ:

Գնահատման ակտիվ մասնակիցը սովորողն է (ինքնագնահատում), նրա ծնողը: Սովորողի գործունեությունը գնահատվում է ուսումնական տարվա չորս շրջաններից յուրաքանչյուրում (ընթացիկ գնահատում): Ամփոփիչ գնահատումը կատարում է դասավանդողը՝ ընթացիկ գնահատման արդյունքերով:

ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի հոդված 18-ով որոշված՝  ծրագրի վերջում  ամփոփիչ ատեստավորման համար հիմք է սովորողի՝ ուսումնառության ամբողջ ընթացքում թափած ջանքը և արված աշխատանքը:

Հայաստանյան հանրակրթական հաստատություններում իրականացվող պետական կրթական մյուս ծրագրի համար նախատեսված գործիքները՝ առարկայական ավարտական, պետական ավարտական քննությունները կիրառելի չեն հեղինակային կրթական ծրագրի դեպքում, քանի որ չեն արտացոլում հեղինակային կրթական ծրագրի սովորողի ուսումնական գործունեությունն ամբողջությամբ:

Ծանոթություն։ 

Քննություն – 1. Զննություն, մանրամասն տնտղելը, դիտելը, 2. Հետազոտություն, 3. Ուսումնասիրություն, 4. Խորամուխ լինելը մի բանի մեջ, իմանալ աշխատելը, 5. Դատական հարց և փորձ, 6. Հարցաքննություն՝ աշակերտի գիտությունն իմանալու համար և այլն (Հայերեն բացատրական բառարան, Ստեփան Մալխասյանց, 1944

Քննություն-1. Քննչական մարմիններում կատարվող հարցաքննություն, 2. Աշակերտների կամ ուսանողների գիտելիքների ստուգում, 3. Հիվանդին զննելը, առողջական վիճակը պարզելը, 4. Մանրամասն դիտելը՝ զննելը՝ տնտղելը, 5. Ուսումնասիրություն, հարցի գիտականորեն մեկնաբանելը, 6. Հարցուփորձի միջոցով պարզելը, հայտնաբերել և այլն (Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանՀայոց լեզվի ինստիտուտ, 1969)։ 

Քննություն – 1. Սովորողներին որևէ առարկայից ստուգելը՝ գիտելիքների մակարդակի պարզելը, 2. Որևէ որակավորում՝ կոչում և այլն ստանալու համար սահմանված գիտելիքների մակարդակի ստուգում, 3. հիվանդի առողջական վիճակի պարզաբանում, 4. Որևէ բանի քննարկում, 5. Գիտական ուսումնասիրություն, հետազոտություն, և այկն (Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Աղայան, 1976

Տեսեք, թե երեսուն տարվա ընթացքում կրթական համակարգն ինչպես է փոխել բառի առաջին իմաստը: Մեր արածը հենց իսկական քննություն է՝ Մալխասյանցի բառարանի իմաստով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով