Այս ուսումնական տարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի երկրորդ դասարանի դասվարն եմ։ Շարունակում եմ պատմել երաժշտության և երաժշտությամբ ուսուցման մասին։ Այս անգամ առանձնացնում եմ պարերգերի ուսուցումը: Սեպտեմբեր ամսից մեր երաժշտության նոր ուսուցչուհու՝ Մարիամ Մնացականյանի հետ իրականացնում ենք «Պարերգերը հանրակրթական ծրագրում» նախագիծը: Սա սովորողների բուռն ոգևորությունն է առաջացրել. նախագիծը նրանց հետաքրքրում է, իրենք իրենց ավելի հասուն են զգում: Երաժշտության ուսուցչուհին սկզբում ծանոթացնում է մեղեդուն, սովորեցնում է բառերը, հետո պարային շարժումները: Ես ինքս էլ այդ ընթացքում սովորում եմ: Այնուհետև ես եմ աշխատում սովորողների հետ, իրենց էլ. հասցեներին ուղարկում եմ երաժշտությունը, բառերը, որպեսզի ծնողների հետ էլ երգեն։ Ուսումնական պարապմունքների ընդմիջումներն էլ դպրոցում վերածվել են պարերի ուսուցման: Սովորողները բաժանվում են խմբերի, ովքեր որ լավ են սովորել պարերը, սովորեցնում են իրենց ընկերներին: Ամբողջական պարը պարում ենք օրվա ավարտին:
Այս ընթացքում սովորողների ուսումնական կարողությունների զարգացում նկատվեց. ավելի ընդունակ դարձան, ավելի ընկալող, հաճույքով են իրար սովորեցնում նաև այլ բաներ, ավելի ուշադիր են: Զարգացել է իրար լսելու, խմբով աշխատելու ունակությունը: Պարերգերի ուսուցման համար շատ օգտակար են ռիթմիկ վարժությունները: Սովորողներին դուր են գալիս էդ տեսակի աշխատանքները:
Պարերգերի ուսուցման մեջ էլ ինձ շատ օգնում է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի իմ մասնակցությունը: Ինչ աշխատանք որ Հարություն Թոփիկյանն իրականացնում է ուսուցիչների հետ, ես դա տանում եմ իմ դասարան: Ձեռք եմ բերել խմբավարական որոշ հմտություններ, որոնք օգտագործում եմ երգի ուսուցման ընթացքում: Պարերգերի ուսուցման գործընթացը բերել է նրան, որ սովորողները նկատելիորեն ավելի առույգ և ինքնուրույն են դարձել: Այս տարիքին հատուկ է շարժունակությունը, և սա լավ ձև է, որ և՛ պարեն, և՛ շարժվեն, և՛ սովորեն, մտածեն…
«Մեթոդական տեսանյութեր» նախագիծ․ համակարգող՝ Մարիետ Սիմոնյան
Տեսանյութի հեղինակ՝ Արմինե Թոփչյան