«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներառական կրթություն իրականացվում է բառի ամենալայն իմաստով՝ ստեղծելով ուսումնական այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն ընդունված, կարևոր և պաշտպանված զգալ։ Ներառականության բաղադրիչներից է հայկական կրթական միջավայրում այլալեզու սովորողների ինտեգրումը։ Ներկայումս կրթահամալիրում սովորում է 30 այլալեզու սովորող։ Նրանց մեծ մասը հայերենին չի տիրապետում կամ տիրապետում է նվազագույն մակարդակով, սակայն ծնողների կամ օրինական ներկայացուցիչների ընտրությամբ նրանք հաճախում են կրթահամալիր, որտեղ ուսուցման լեզուն հայերենն է։ Սա միաժամանակ և՛ մարտահրավեր է, և՛ մեծ հնարավորություն՝ ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների համար։
Ներառականության հիմքում համերաշխությունն է՝ դասարանի, սովորողների, ուսուցիչների, ընտանիքի։ Խմբային աշխատանքն այլալեզու սովորողների համար հաղորդակցության ու լեզվական հմտությունների զարգացման հիանալի հնարավորություն է։ Մասնակից դառնալով փոքր խմբային նախագծերի՝ սովորողները սովորում են համագործակցել, լսել ու հասկանալ, երբեմն նաև՝ ինքնաարտահայտվել հայերեն։ Այստեղ կարող եմ մի օրինակ բերել․ շատ եմ լսել և սեփական փորձով կարող եմ ասել, որ մարդանց մեծ մասը, քիչ թե շատ տիրապետելով որևէ օտար լեզվի, այդ միջավայրում դժվարանում է խոսել, որը կապված է սխալվելու, սխալ ընկալվելու հետ։ Այդ պատճառով երբ առաջին անգամ հանդիպեցի իմ դասարանում սովորող ռուսախոսներին, պայմանավորվեցինք, որ իրենք ինձ ռուսերեն կսովորեցնեն, ես էլ իրենց՝ հայերեն։ Ռուսերենը իմ մայրենի լեզուն չէ, չնայած, որ հասկանում եմ, սակայն պասիվ լինելու պատճառով երբեմն անհարմար եմ զգում խոսել։ Բայց այս իրավիճակում ստիպված էի․ հաճախ սխալվում էի, որ իրենք ուղղեն, որպեսզի իրենք էլ չվախենան սխալվելուց։
Անհատական աշխատանքը նույնպես կարևոր է. որոշ սովորողներ կարիք ունեն անհատական մոտեցման՝ նյութը յուրացնելու և արտահայտվելու համար։ Ուսուցման առաջին տարում և երկորդ տարվա սկզբին հաճախ էի ուսումնական պարապմունքներին թարգմանում ասածս, երբեմն թողնում էի, որ դասընկերները դա անեն, որոշ ժամանակ անց, երբ արդեն զգացի, որ բավականաչափ հասկանում են, պայմանավորվեցի, որ խոսելու եմ իրենց հետ միայն հայերեն։ Դա իր պտուղները տվեց․ արդեն ավելի լավ են հասկանում։
Լեզվական խոչընդոտները հատկապես զգացվում էին բանավոր մաթեմատիկայի և ընթերցանության ընթացքում։ Բանավոր մաթեմատիկան օգնում է սովորողներին զարգացնելու մտածողությունը և բանավոր լեզվի գործածությունը։ Այժմ երկու սովորողներն էլ լսում են հայերեն հարցը և հայեր պատասխանում։ Խնդիրներ լուծելիս երբեմն խաղում կամ ցույց ենք տալիս խնդիրը, որ այն հասկանալը ավելի հեշտ դառնա։
Սովորողները այժմ լավ ընթերցում են, սակայն ամեն ինչ չէ, որ հասկանում են։
Հաղորդակցությունն այլալեզու սովորողների ամենամեծ մարտահրավերներից է։ Լեզվական աջակցության կարևոր բաղադրիչներից են դասընկերների կողմից օգնությունը, սովորողի խրախուսումը և ապահով միավայրի ստեղծումը, որտեղ սխալվելը «չի դատապարտվում»։ Բանավոր առաջադրանքները հաճախ ներկայացվում են զույգերով կամ խմբերով։
Մարզական պարապմունքները, խաղերը և ֆիզիկական ակտիվությունը հիանալի միջոց են ոչ բառային հաղորդակցության համար։ Այստեղ սովորողներն ունեն ինքնաարտահայտման հնարավորություն՝ առանց լեզվական խոչընդոտի։
Այլալեզու սովորողների հետ աշխատանքում սկզբնական շրջանում ինձ օգնեց նաև ուսումնական գործունեության ընթացքում ի հայտ եկած հետաքրքիր դեպքերի, մտքերի փոխանակման մասին պատումներ գրելը։
Ընտանեկան նախագծերը ևս նպաստում են լեզվամշակութային փոխազդեցությանը։ Երբ ծնողը մասնակցում է ուսումնական նախագծին, երեխան իրեն միջավայրում ավելի ապահով է զգում, իսկ ընտանիքն էլ աստիճանաբար ներգրավվում է կրթական գործընթացին։
Մեդիագործիքները ծառայում են որպես միջավայր՝ լեզվին տիրապետելու, բառապաշար ավելացնելու և ինքնուրույն ուսուցման համար։
Կրթահամալիրում իրականացվող «Հարթակում ծնողն է․․․» նախագիծը հնարավորություն է տալիս ընտանիքը ներգրավելու և ուսումնական պրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու։
Կրթահամալիրում այդ ուղղությամբ կազմակերպվում են նաև կլոր-սեղան քննարկումներ։ 2024-2025 ուսումնական տարում այդպիսի մի կլոր սեղանի մասնակից և համակարգող էի ես։ Օրվա թեման էր՝ «Ռուսալեզու սովորողները Հարավային դպրոցում»։
Կլոր սեղան քննարկումներին մասնակցում էին ծնողներ, դասավանդողներ և սովորողներ։ Այն նպաստեց փոխըմբռնմանը, նոր գաղափարների առաջացմանը՝ կապված անհատականացման, աջակցության և մշակութային ներառման հետ։
Ամենօրյա աշխատանքում դժվարությունները հիմնականում կապված են հաղորդակցության հետ։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ սովորողը վստահություն է ձեռք բերում, այդ խնդիրները սկսում են լուծվել։ Հաջողությունները տեսանելի են․ փորձում են հայերեն ավելի շատ խոսել, ուսումնական աշխատանքին ավելի ակտիվ են մասնակցում։
Այլալեզու սովորողների ներառումը պահանջում է համբերություն և ստեղծագործ մոտեցում։ Կրթական գործընթացը դառնում է հավես համագործակցություն։
