21-րդ դարում մասնագիտական կրթական հաստատությունների առաքելությունը ձևակերպվում է ոչ միայն կրթական ծրագրեր առաջարկելով, այլև կրթության բովանդակության, կառավարման մոդելի և որակի ապահովման համակարգի համապարփակ տեսլականով։ Ժամանակակից կրթության մեջ կարևորվում է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև նորարարական մոտեցումների, ստեղծագործական մտածողության և գործնական հմտությունների զարգացումը։ Այս առումով առանձնանում  է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը, որն այս սկզբունքների վրա կառուցված կրթական հաստատություն է՝ իր ուսանողակենտրոն միջավայրով, հեղինակային կրթական ծրագրերով, հետազոտական գործունեությամբ՝ ուղղված ուսանողների մասնագիտական աճին, և իր ներուժով, կրթական մոտեցումներով և նորարարական մեխանիզմներով տարբերվում է ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում։

Սեբաստացի քոլեջի՝ որպես կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրով գործող հաստատության մասնաճյուղի առաքելությունն է ձևավորել ինքնուրույն մտածող, համարձակ ու իր գործին նվիրված մասնագետներ, ովքեր պատրաստ են պատասխանել ժամանակի մարտահրավերներին և ակտիվորեն հետաքրքրված են շրջապատող աշխարհով։ Մեզ համար կարևոր են ստեղծագործ միտքը, բաց մտածողությունը, ինքնազարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ազնվության ու ճշտապահության, հոգատարության, համերաշխության վրա։ Կրթահամալիրի քոլեջն իր գործունեությունը կառուցել է հստակ ձևակերպված և արժեքային համակարգով խարսխված առաքելության վրա, որը ներկայացված է երկու հիմնարար փաստաթղթում՝ Զարգացման ծրագրում  և  Ռազմավարական ծրագրում։ Քոլեջի առաքելությունն իր ձևով և բովանդակությամբ լիովին համահունչ է ՀՀ կրթության որակավորման ազգային շրջանակի և պետական կրթական չափորոշչի պահանջներին։ Որպես կրթական հաստատություն՝ Սեբաստացի քոլեջը ոչ միայն պատրաստում է միջին մասնագիտական կրթությամբ մրցունակ մասնագետներ, այլև ձևավորում է ժամանակի մարտահրավերներին արձագանքող, նորարար ուսուցման մշակույթ։ Քոլեջը միավորում է կրթական համակարգի տարբեր մակարդակների լավագույն դրսևորումները՝ արժեքային համակարգի վրա հիմնված կառավարմամբ, ինչը վկայում է հաստատության կայուն զարգացման մասին։

Կառավարման կառուցվածքը հստակ ընդգծում է «Մխիթար Սեբաստացի» քոլեջի ինքնատիպ մոտեցումը. այստեղ հաջողությամբ համադրվում են միանձնյա և կոլեգիալ կառավարման համակարգերը։ Ուսանողները, դասավանդողները, աշխատակիցները և շահակիցներն ակտիվորեն ներգրավված են որոշումների կայացման գործընթացներում, ինչն էլ փաստում է գործընկերային կառավարման մշակույթի առկայության մասին։

Ուսումնական գործընթացում ակնհայտ է ուսանողակենտրոն մոտեցումը. ուսանողները ներգրավված են ուսումնական և հետազոտական նախագծերում, ձեռք են բերում թե՛ տեսական, թե՛ գործնական հմտություններ։ Քոլեջում զարգացած մեդիակրթական մշակույթը, հեղինակային կրթական մոդելները, նախագծային ուսուցումը, ճամփորդությամբ ուսուցումը, արտադրությամբ ուսուցումը և ուսանողական նախաձեռնությունները հանդես են գալիս որպես մոդելային մոտեցումներ՝ կիրառելի այլ հաստատությունների համար։ Ուշադրության է արժանի ուսանողների ակտիվությունը՝ ինչպես կրթական, այնպես էլ կառավարման և հետազոտական ոլորտներում։ Դասավանդողներն ու ուսանողները համագործակցում են՝ ձևավորելով փոխլրացնող կրթական միջավայր, որտեղ շեշտը դրվում է ուսանողի ինքնուրույնության, նախաձեռնողականության և մասնագիտական աճի վրա։

Քոլեջի դասավանդողների կազմն առանձնանում է իր մասնագիտական և մանկավարժական պատրաստվածությամբ։ Նրանց ընտրությունն իրականացվում է թափանցիկ մեխանիզմներով, իսկ կրթահամալիրյան մանկավարժական բաց հավաքները,  շարունակական վերապատրաստումները, խրախուսման համակարգերն ու որակական պահանջների պահպանումն ապահովում են բարձր կրթական արդյունքներ։

Քոլեջը հաջողությամբ հետազոտությունն ինտեգրել է կրթական գործընթացին՝ կրթությունը դարձնելով տվյալահեն և նորարարության վրա հիմնված։ Ուսանողներն ակտիվորեն ներգրավվում են հետազոտական նախագծերում, արդյունքները ներկայացնում հրապարակային հարթակներում, ուսումնական բլոգներումստուգատեսներում, աշխատաժողովներում, կլոր սեղան-քննարկումներին, հրապարակում «Դպիր» էլեկտրոնային ամսագրում։

Ուսումնական միջավայրը լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին։

Վերոգրյալը փաստում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրման 15-ամսյա գործընթացի արդյունքում (ներառյալ փորձագիտական վերջնական զեկույցը) կայացրած որոշումը։

Իսկ ի՞նչ է հավատարմագրումը…

Փորձագիտական այցի և շահակիցների հարցումների արդյունքում փաստվել է, որ քոլեջի միջավայրը խրախուսում է ստեղծարար աշխատանքը, ինքնարտահայտումը, ուսանողների նախաձեռնողականությունն ու ինքնակրթությունը։ Ուսանողներն ընդգծել են, որ քոլեջն իրենց համար գրավիչ է ոչ միայն ուսումնական հնարավորություններով, այլև նախասիրություններով զարգանալու ու գաղափարներ իրագործելու լաբորատոր հնարավորություններով։

Փորձագիտական խումբը նշել է, որ Սեբաստացի քոլեջն ունի կառավարման ճկուն համակարգ, որն ապահովում է քոլեջի հիմնական գործընթացների արդյունավետությունը: Ներդնելով ռազմավարական կառավարման հստակ մոտեցումներ և գիտակցելով դրանց բարելավման ուղղությամբ աշխատանքների անհրաժեշտությունը՝ քոլեջը ձևավորել է ակտիվ համագործակցային և առաջնորդությամբ կառավարման մշակույթ, կարողանում է ներգրավել ռազմավարական նպատակների իրագործման համար անհրաժեշտ  ռեսուրսներ, հաջողությամբ կիրառում է բլոգային և էլեկտրոնային կառավարման համակարգեր, անընդհատ ներդնում նորարարական մոտեցումներ։ Ապահովելով պետական չափորոշիչներին համապատասխանություն՝ Քոլեջը գերազանցում  է դրանք՝ մշակութային, միջմասնագիտական և մեդիակրթական բաղադրիչներով։

Ուսուցումն իրականացվում է նախագծային մոտեցմամբ, ճամփորդություններով և արտադրությամբ ուսուցման ձևաչափով, բաց ուսումնական միջավայրում՝ լաբորատորիաներում, արտադրամասերում, արտագնա միջավայրում․ որտեղ ուսանողը՝ որպես կրթական գործընթացի դերակատար, կարող է հանդես գալ որպես կազմակերպիչ, խմբի ղեկավար, բովանդակության համահեղինակ, իր բլոգի, նախագծերի միջոցով գնահատման և առաջընթացի վերլուծող։ Սեբաստացի կրթահամալիրի լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները, մարզասրահները, թվայնացված գրադարանը, ներառական հարթակներն ապահովում են որակյալ ուսում, համակողմանի զարգացում։

Փորձագիտական խումբը՝ որպես կարևոր ուժեղ կողմեր, արժևորել է՝

  • նախագծային և իրական արտադրական ուսուցումը,
  • կրթական միջավայրի հարմարեցումը յուրաքանչյուր ուսանողի պահանջներին,
  • համայնքի և շահակիցների ներգրավումը կրթական գործընթացին,
  • մեդիակրթության և տեխնոլոգիական գործիքների կիրառումը մասնագիտական կրթության մեջ։

Սեբաստացի քոլեջի՝ ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով «Մանագիտական կրթության որակի  ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրման բոլոր չափանիշներով ստացած բարձրագույն գնահատականները խոսում են այն մասին, որ այն ձևով ոչ միայն հեղինակային, այլ նաև բովանդակությամբ, կառավարմամբ ու արդյունքներով բարձր որակի կրթական հաստատություն է։

Փորձագիտական խումբը բարձր է գնահատել, որ դասավանդման և ուսումնառության գործընթացում ներդրված են նորարար, փոխգործուն մեթոդներ, որոնք շարունակաբար կատարելագործվում են: Քոլեջն իրականացրել է դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդների համեմատական վերլուծություն (Անտառային, Մոնտեսորի, Շտեյներ-Վալդորֆ, ԱՄՆ-ի հմուտ, Բրոնքսի Արենա միջին և այլ դպրոցների շրջանակներում), որի արդյունքում մասնագիտական կրթական ծրագրերում կատարվել են լրամշակումներ, բլեյան բաց ցանցով տարածել և տարածում է հեղինակային կրթական ծրագրերը՝ համագործակցելով տարբեր ուսումնական հաստատությունների, ուսուցիչների և սովորողների հետ: Արդյունքում դասավանդողները և ուսանողները ներգրավվում են նորարարական ծրագրերում, մասնակցում կրթական փոխանակումների: Այսպիսի համագործակցությունները հնարավորություն են տալիս քոլեջին զարգացնելու տարածաշրջանային և միջազգային շահակիցների հետ ակտիվ համագործակցությունը: Ընդ որում, այս ուղղությամբ քոլեջը՝ որպես կրթահամալիրի բաղադրիչ, հստակ քաղաքականություն է վարում՝ նպաստելով ուսանողների ակտիվ ներգրավվածությանը և նրանց քննադատական մտածողության զարգացմանը։

Միաժամանակ, աշխատախմբի կողմից կարևորվել է այն, որ քոլեջն ընդգծված ուշադրություն է դարձնում ուսանողների պրակտիկ և վերլուծական, հետազոտական կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Այս նպատակով կիրառվում են հստակ ինստիտուցիոնալ մոտեցումներ, որոնք ապահովում են ուսանողների մասնագիտական հմտությունների ձևավորումը, աշխատաշուկայի պահանջներին համահունչ լինելու հնարավորությունը և նրանց կարիերայի կայուն զարգացման հեռանկարները։ Այս տեսանկյունից քոլեջում առկա է աշխատանքի վրա հենված ուսուցման փորձ, որը վերածվել է նաև դուալ կրթության:

Քոլեջը հետևողականորեն ձևավորում է միջավայր, որը բաց է հանրության համար, իսկ ուսումնական գործընթացներն ուղղված են ոչ միայն ուսանողի կրթությանը, այլև հանրային խնդիրների լուծմանը։

Քոլեջը ներկայացել է որպես հաստատություն, որն արդեն իսկ ձևավորել է իր միջազգային կրթական հարթակը։ Այն արդեն ներգրավված է միջազգային ծրագրերում, ներկայացնում է հեղինակային կրթական մոդելներ, որոնք գրավում են արտասահմանյան գործընկերների ուշադրությունը։ Ակտիվորեն շարունակվում են գործընկերային շրջանակների ընդլայնումն ու ամրապնդումը՝ միջազգային համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերը հզորացնելու համար, մասնավորաբար՝

  • իրականացվում են փոխանակման ծրագրեր Վրաստանի, Շվեդիայի, Գերմանիայի և այլ երկրների գործընկերների հետ։
  • Ուսանողները մասնակցում են Erasmus+, WorldSkills ծրագրերին։
  • Քոլեջը համագործակցում է Հայկական վիրտուալ համալսարանի, տարբեր կազմակերպությունների հետ։

Միջազգային գործունեությունը ներառում է նաև՝

  • Օտարերկրյա դասախոսների դասախոսություններ,
  • Մասնագիտական դասընթացներ ու համատեղ նախագծեր,
  • Միջմշակութային կրթության ներառում ուսումնական ծրագրերում։

Քոլեջի որակի ապահովման համակարգը դեռևս կայացման փուլում է, փաստացիորեն ձևավորված է մշակույթ, որը ենթադրում է բաց, թափանցիկ և գնահատման վրա հիմնված կառավարման մոտեցում։ Աստիճանաբար ներդրվում են որակի ապահովման  մեխանիզմներ՝ հիմնված վերլուծական տվյալների վրա։ Այս ուղղությամբ առկա նախաձեռնությունները հիմք են ձևավորում հաստատության ինքնագնահատման և բարելավման կայուն գործընթացների համար՝ ներառելով՝

  • մասնակցային գնահատման մեխանիզմներ,
  • մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացման մեխանիզմներ,
  • միջազգային համագործակցային ձևաչափեր,
  • պարբերական հարցումներ և վերլուծություններ՝ դասավանդողներից, ուսանողներից, գործատուներից, այլ շահակիցներից։

Այսպիսի տարբերվող գործունեությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը ոչ միայն ներկայացրել է ամբողջական ինստիտուցիոնալ ինքնավերլուծություն, այլև հավատարմագրման բոլոր տասը չափանիշներով արժանացել է առավելագույն գնահատականին։

Սա բացառիկ արդյունք է, որն արձանագրում է՝

  • հաստատուն արժեքային հիմքեր,
  • համակարգային կառավարման մշակույթ,
  • նորարարական կրթական մոդել,
  • ուսանողակենտրոնություն,
  • գործնական, համայնքային, միջազգային և որակի կայունություն։

Կարևոր է ընդգծել, որ 2020-2025 թթ. Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍՆ պատվերով հավատարմագրում են անցել բուհեր, քոլեջներ, ակադեմիաներ, հիմնադրամներ՝ թվով 101, որոնցից հավատարմագրում առավելագույն՝ 6 տարի ժամկետով ստացել է 4 ուսումնական հաստատություն՝

  • Հայկական պետական մանկավարժական համալսարան (2024թ.).
  • Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն-հիմնադրամ(2024թ.).
  • Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ (2025թ.).
  • «Մխիթար Սեբաստացի» քոլեջ (2025թ.):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով