Ազգային ավանդական խաղերը` որպես հանրակրթական ծրագրերի բաղադրիչ և ազգային մշակույթի փոխանցման միջոց   

Ազգային, ավանդական, մանկական խաղերը մշակույթի անբաժանելի մասն են: Դրանք խաղացել են ոչ միայն կենցաղում, այլև տոներին, ծեսերին: Այսօրվա կարևոր խնդիրներից է դարձել դրանց իրականացումը, տարածումը, ինչի միջոցով հասարակությունը պահպանում է իր ազգային մշակույթի այն մասը, որը ազգապահպան գործում կատարում է կաևոր դեր: Դրանց տարածման լավագույն հարթակ է կրթական միջավայրը:
Նախակրթարանը մանկան զարգացման, կյանքի հմտություններ, դասեր տվող  կարևոր վայր է: Եթե հասարակությունը չի կրում և շարունակում ամենակարևորը՝ մշակութային արժեքը, կյանքի ճշմարիտ, դարերով եկած, հղկված կյանքի փորձով դասերը, ապա այդ գործն իր վրա է վերցնում նախ՝ նախադպրոցական հաստատությունը, ապա՝ դպրոցը:

Ժողովրդական խոսքն ասում է. «Ինչ տեսանես, այն ուսանես»: Կյանքի առաջին իսկ օրվանից մայրը, հարազատները երեխայի նկատմամբ իրենց սերն են արտահայտում խոսքով, երգով, գուրգուրելով, թեթև թռցնելով: Մանուկը մեծանում է սիրո ամենազորեղ միջավայրում:

Ազգային մանկական խաղերն ու խաղերգերը`  որպես  երեխայի նկատմամբ սիրո արտահայտման ձևեր

Ժողովրդական մշակութային ժառանգության մեջ սիրո արտահայտման ձևերից այսօր ունենք մանկախաղացներ, մանկախաղաց թռնոցիներ, ասիկներ, խաղիկներ, մանկախաղաց գովքեր, մանկական խաղեր: Այն, ինչ եղել է, մնացել է ընդամենը որպես մշակութային ժառանգություն, որոնցից որոշ նմուշներ կատարվում են ազգագրական համույթների կողմից, մյուս մասն էլ կա՛մ նոտագրվել է, կա՛մ տեսագրվել, սակայն գործնականում շատ քչերն են տիրապետում այդ չքնաղ նյութին, իսկ մանուկները մեծանում են համացանցի՝ մանկան հետ ընդհանրապես կապ չունեցող, զվարճացնող – զարգացնող – ուսուցողական տեսահոլովակների միջավայրում:

Իսկ ի՞նչ է ուզում մանուկը, ո՞րն է բնության պահանջը, որ «կաթի հետ մտնում, կաթի հետ դուրս է գալիս»:

«Հարստացրե՛ք իմ խոսքը զգացմունքներով, իմ մեջ զարգացրեք ոչ թե սովորական խոսքը, այլ բարի խոսքը, սիրով խոսքը, գեղեցիկ խոսքը, իմաստուն խոսքը: Թող ձեր խոսքը, որով դուք պիտի լրացնեք ինձ շրջապատող տարածությունը, նույնպես լինի բարի, իմաստուն, իրար նկատմամբ սիրով ու հոգատարությամբ լի: Ամեն մի խոսք, որ պիտի ինձ ուղղեք, թող կրի ձեր սրտացավությունը, սերը, քնքշանքը, իմաստնությունը: Այդպես ես կսովորեմ իմ խոսքի մեջ արտահայտել սերը, հարգանքը, հոգատարությունը, քնքշությունը, երախտագիտությունը, կարեկցանքը, ուրախությունը, ընկալունակությու­նը ձեր ու մարդկանց հանդեպ. այդպես իմ մեջ կձևավորվի խելացի խոսքը…»
Շալվա  Ամոնաշվիլի

Այս ցանկություն – պահանջները մանկան նկատմամբ հայ ազգային կենցաղում խտացված արտահայտվել են առաջին թռնոցիների մեջ, որոնցից է՝     

Արև դու, արև քու հեր,
Արևու կեսն ա քու մեր,
Բարդու ծառ՝ քու հորոխպեր,
Ուռի ծառ քու քեռիներ,
Կլոր — մլոր հորքուրներ…

Մանկախաղաց թռնոցիով գովում է ինչպես մանկանը, այնպես էլ ծնողներին, հարազատներին՝ համեմատելով արևի, բարդու, ուռենու հետ:

Ապա շարունակվել են մանկախաղացների, գովքերի, խաղիկների մեջ.

Կեռտանը սիրեմ, կեռտանը,
Կըլմանի ժամուն մեյդանը,
Թուշիկը սիրեմ, թուշիկը,
Կըլմանի ժամուն խուշիկը,

Պերանը սիրեմ, պերանը,
Կըլմանի ժամուն խորանը,
Քիթիկը սիրեմ, քիթիկը,
Կըլմանի ժամուն քյություկը,

Աչուկը սիրեմ, աչուկը,
Կըլմանի ժամուն խաչուկը,
Անկաջը սիրեմ, անկաջը,
Կըլմանի ժամուն զանգակը,

Ճակատը սիրեմ, ճակատը,
Կըլմանի ժամուն գագաթը,
Մազերը սիրեմ, մազերը,
Կըլմանի ժամուն ավելը:

Էրնեկ էն օր, ինչ տյու էլար,
Մորն Ավետիք որդիմ՛  էլար,
Ամպ խովանի ոսկիմ՚  էլար,
Կաքյավն էրթիս մորն ավետիս:

                       ***

Ի՜նչ խորոտիկ լաճ կեր մամուն,
Ի՜նչ վուվունիկ լաճ կեր մամուն,
Ձին կը խեծներ, էրթեր օդուն,
Թաս ու թեփսի բերեր մամուն,

Թուր ու թվանք՝ ախպերներուն,
Ոսկի գնդեր՝ քուրիկներուն,
Հյուր մյուր՝ տեր սիրողին,
Անուշ պագեր՝ բերողին:

               ***

Սարերուն սմբուլն է,
Բախչաներուն բլբուլն է,
Պաղ ախպրին ջուրն է,
Հորն ու մոր դոխն է,
Մամին, պապին գառն է,
Հորոխպորը ձագն է:

Ապա խաղացել են մանկան հետ ճվիկներ, մատնախաղեր, ձեռնախաղեր, ոտնախաղեր և այլն: Մանուկն ապրում է սիրով լի բանավոր, երաժշտական, խաղային, զտված, մաքուր, զուլալ, մտքին ու սրտին բարձրարժեք նյութերով սնող ազգային միջավայրում:

Այս դեպքում նա ազգային արժեքներից զերծ մնալու տարբերակ չունի: Վաղ թե ուշ այդ ստացած ժառանգությունը, իր գործը կատարելով, մարդուն կրկին ու կրկին բերում է դեպի իր ակունքները, գեներով կրածը լույս աշխարհ է դուրս գալիս, մարդն արթնանում է քնից ու հիշում իր կյանքի սիրուն, երջանիկ ժամանակահատվածը:

Ծիսական ազգային մանկական խաղերի, խաղիկների, խաղերգերի, ճվիկների, մատնախաղ- ձեռնախաղերի նկարագրությունները կարծես պարզ ներկայացնում են ամբողջական պատկերը: Թվում է՝ ինչ կա որ, ուշադիր կարդա, քայլ առ քայլ կատարիր, կստացվի: Ուշադիր կատարում ենք, բայց ինչ-որ բան այն չէ: Իհարկե, ինչպես կարող է խաղը ստեղծողի կեցությամբ, հոգեբանությամբ չապրող մարդը հասկանալ՝ ինչն է դրդել մանկանը, հայ մարդուն այն ստեղծել, ստեղծել հենց այնպիսին, ինչպիսին կենցաղն է, մանկանը սիրելու, սերը խաղով արտահայտելու յուրօրինակ միջոցը: Այդ է պատճառը, որ հետզհետե վերանում են ազգային խաղերը՝ իրենց տարատեսակ դրսևորումներով: Եվ որպեսզի հասկանալի և հնարավոր լինի կատարելը, նախ պետք է բնօրինակը տեսնել, մտնել այն միջավայրը, որտեղ այն ստեղծվել և կատարվում է: Սրանից չի բխում, որ պետք է անպայման ապրել գյուղում, կարելի է ուսումնասիրել, փորձել հասկանալ, տեսնել բնօրինակի կատարումը՝ կենդանի կամ տեսաֆիլմով:

Ազգային, ավանդական, ծիսական, բակային, մանկական խաղերը հանրակրթության մեջ

Կրթահամալիրում բավական աշխատանք է տարվել և տարվում մանկական ազգային ավանդական խաղերի, հաշվերգերի, խաղիկների, ճվիկների, օրորոցայինների, թռնոցիների հավաքագրման, կատարման, տարածման ուղղությամբ: Որպես երաժիշտ՝ բնականաբար ինձ ավելի շատ հետաքրքրել են երաժշտական խաղերը, հատկապես՝ ստեղծական և երաժշտառիթմիկ: Այդ ուղղությամբ տարված աշխատանքի արդյունքում ստեղծվել են բավական հետաքրքիր խաղեր: Խաղում էինք մանկական ազգային երգերը: Եվ դրանց մեջ առանցքային դեր խաղաց   «Տիտոխիկ»  հաշվերգը,  որը եզակի նմուշ է. հաշվերգերը սովորաբար ասվում է ռիթմիկ․ ես չգիտեի, չէի լսել երգ-հաշվերգ: Ու սկսվեց հաշվերգերի ուսումնասիրությունը: Հետո պարզվեց, որ տարբեր խաղեր սկսվում են հաշվերգերով, որ հաշվերգը, որպես խաղ, նաև խաղում են: Քիչ-քիչ հիշեցի մանկությանս խաղերից: Բայց, մեկ է, այն չէր. խաղերի բանալին էր պետք: Ու երբ անձամբ իմ աչքերով տեսա ու տեսագրեցի մանկական  «Ժնջիլ, ժնջիլ»  խաղը, այն ինձ համար դարձավ ամենակարևոր բանալին, ինձ համար հստակ պարզվեց այդ կարգի խաղերի ստեղծման, խաղալու տրամաբանությունը, ձևը, ընթացքը, դրանց տարբերակների ստեղծման ճանապարհը: Ես հասկացա, թե ինչու նկարագրած ոչ մի խաղ չէի կարողանում խաղալ, ինչու էր ինձ համար փակ ու անհասկանալի: Ես պետք է դառնայի իմ մանկության այն աղջիկը, որը մաքուր էր, ճարպիկ, մերված էր գյուղական միջավայրին, չէր տարբերվում գյուղի երեխաներից, կատարում էր գյուղի պայմաններում ապրող երեխաներին հասնող բոլոր գործերը. արթնանում էր առավոտյան ժամը 5-ի, 6-ի կողմերը, բռնում էր ոչխարների գլուխը, որ մամը (տատը) կթեր դրանց, ավլում էր մեծ բակն ամեն առավոտ, կովերի համար խոտ էր բերում ձորից, աղբյուրից դույլերով ջուր էր կրում… Իսկ երեկոյան, երբ հավաքվում էին թոնրատանը և ոտները կախում թոնրի մեջ, պատմում էին իրական ու հորինված պատմություններ, հեքիաթներ, խաղում մատնախաղեր, ուրախանում, կատակում, զվարճանում…Ես չզգացի, թե ինչպես տարվեցի ազգային մանկական բակային ավանդական խաղերով, հաշվերգերով, գովքերով, թռնոցիներով, ճվիկներով, ասիկներով, ասերգերով… Դրանցից յուրաքանչյուրը խաղարկվեց, ստեղծվեցին տարբերակներ նաև տարբերակվեցին, թե որ տարիքային խմբի համար են: Այսպես ստեղծվեցին նաև խաղերի նկարագրության և իրականացման փաթեթներ.

Խաղերի նկարագրություն  

Ազգային խաղեր

Խաղեր, խաղերգեր, հաշվերգեր

Մանկական խաղեր, ճվիկներ, ասիկներ

Ծիսական, ազգային մանկական խաղեր

Ավանդական, ազգային տարբեր խաղեր-խաղերի նկարագրություն, իրականացում

Ընտանեկան

Ամանորյա ընկուզախաղեր ընտանիքում. խաղում են Լիլիթ, Եվա, Սոնա Ալեքսանյանները  —  2023

Ամանորյա ընկուզախաղեր ընտանիքում . խաղում են Լիլիթ, Եվա, Սոնա Ալեքսանյանները  — 2022

Ազգային, մանկական, ծիսական երգ, խաղերգ, թռնոցի, օրոր, խաղ, խաղիկ, մատնախաղ, հաշվերգ, ճվիկ ընտանիքում  — 2020

Ուսումնական միջավայրում

Ձմեռային ազգագրական փառատոն. ամանորյա ընկուզախաղեր  — 2025

Ձմեռային ազգագրական փառատոն. ամանորյա ընկուզախաղեր  — 2024

Ձմեռային ազգագրական փառատոն. ամանորյա ընկուզախաղեր, Սուրբ Ծննդյան «տնայց»  —  2023

Ձմեռային ազգագրական փառատոն. ավանդական, մանկական խաղերի փաթեթ  — 2022

Ամանորյա, բակային, մանկական խաղերի փաթեթ  — 2022

Բարեկենդանի խաղեր Քոլեջում, Արևելյան դպրոցում. փաթեթ  — 2022

Ազգային, ավանդական, բակային խաղեր Արևելյան դպրոցում  — 2022

Ազգային, ավանդական, բակային խաղեր Քոլեջում  —  2022

Ազգային, ավանդական խաղեր Արատեսի դպրական կենտրոնում  —  2022

Ազգային, բակային խաղերի փաթեթ. ներկայացնում է «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը  —  2020

Ազգային, բակային, ավանդական խաղեր  — 2020

Ազգային, բակային, ավանդական խաղեր Արատեսում, մաս 1-ին  — 2020

Ազգային, բակային, ավանդական խաղեր Արատեսում, մաս 2-րդ  — 2020

«Սուրբ Ծննդյան ավետիսներ, ամանորյա խաղեր» նախագծի ուսումնական փաթեթ  — 2017

Ազգային խաղերը որպես հանրակրթական ծրագրերի բաղադրիչ և ազգային մշակույթի փոխանցման միջոց — ծիսական ազգային, բակային մանկական խաղերի նկարագրություն, տեսագրություն

Շատ խաղեր՝ որպես ծիսական կարևոր բաղադրիչ, կազմում են ազգային ծեսերի, տոների  անբաժանելի կարևոր բաժինը:  Շատ անգամ ծիսական գործողությունն ինքնին խաղ է, խաղ, որի միջոցով էլ մենք ժառանգում և մտնում ենք մեր ազգային մշակութային դաշտ:

Ստեղծվել է նաև  թռնոցիների փաթեթ.

Մանկական թռնոցիներ. «Հա, թռի, թռի, թռի», «Արև դու, արև քու հեր», կատարում են Հասմիկ Հայրապետյանը, Քարմիկ Հակոբյանը (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովասար)

Մանկախաղաց թռնոցի՝ «Մեր, մի՛ մանա», Շիրակի մարզ, գյուղ Հառիճ — կատարում է Մարինե Մկրտչյանը

Մանկախաղաց թռնոցի, Վան – Վասպուրական՝ «Վույ, տանտանա»

Մանկախաղաց թռնոցիներ՝ «Այ թռի, թռի իմ բալա», Վան – Վասպուրական՝ «Թռի, թռի, թռցնեմ»

Մանկախաղաց թռնոցիներ՝ «Կտուր, կտուր վարեցինք», «Հոպ, հոպ, հոպ ըլնի», «Պար, պար, կլոր պար»

Մանկախաղաց՝ «Ճոր պար»

Այս նախագիծը նույնպես շարունակական է, հետազոտական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են ևս երկու շատ գեղեցիկ նմուշներ, որոնք ձայնագրվելու են կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:

Այս ուսումնական տարում երկարացված օրվա կազմակերպիչների հետ անցկացվեցին  ազգային, ավանդական, ծիսական, մանկական խաղերի  սեմինար պարապմունքներ, որոնց նպատակն էր խաղերը գործնականում սովորեցնել, կատարել և կիրառելի դարձնել դպրոց-պարտեզում, երկարացված օրվա խմբերում:

Գործնական աշխատանքի արդյունքում իմացանք՝ որ խաղերն են սիրված, ինչ դժվարություններ կան որոշ դեպքերում, որ խաղը որ տարիքային խմբի համար է: Կան խաղեր, որոնք բոլորի հետ կարելի է խաղալ, կան խաղեր էլ՝ տարիքային սահմանափակումով: Որոշ խաղերի ընթացքում արվեց հետևություն՝ հարկավոր է ստեղծել անվտանգությունն ապահովող միջոց, ձև, փոխել խաղի կանոնները, փոխել խաղի ընթացքը, զարգացնել, ստեղծել նոր խաղ և այլն:

Ուժային խաղերին անմիջական մասնակցություն պետք է ունենա դասավանդողը,  որն իր գործողությամբ և հրահանգներով կապահովի սովորողների անվտանգությունը: Իհարկե, չենք կարող զերծ մնալ որոշ անհարմարություններից, անգամ ֆիզիկական ցավերից, վնասվածքներից: Բայց, ինչպես կարող ենք կոփել, մարզել միտքն ու մարմինը, զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ճարպկությունը, հնարամտությունը, դիմացկանությունը, հանդուրժողականությունը, դժվարությունների հաղթահարումը, համբերությունը և այլն, կապ ամրագրել սերունդների միջև,  պահպանել ու փոխանցել ազգային, ավանդական խաղերը, եթե որոշենք խաղալ միայն մինիմալ շարժում պահանջող անվտանգ խաղեր: Վազող, թռչկոտող երեխան չի կարող զերծ մնալ ընկնելու վտանգից: Խաղերի միջոցով երեխան կոփվում է, դառնում ճարպիկ, անվախ… Բնականաբար, միակ ճանապարհը խաղալն է, որի անվտանգությունն ապահովում է խաղավար դասվանդողը, կազմակերպիչը: Համարձակություն, ֆիզիկական պատրաստվածություն, ճարպկություն, հմտություն պահանջող խաղեր կարող են խաղալ այդ հատկություններն ունեցողները: Սա չի նշանակում, որ մյուսները չեն կարող խաղալ: Եթե սովորողը ցանկանում է մասնակցել այդպիսի խաղերի, մշակվում է վարժանքների փաթեթ, որով անցնելով, համապատասխան հմտություններ և կարողություններ ձեռք բերելով՝ երեխան կկարողանա անվտանգ խաղալ: Կյանքում էլ է այդպես․ սկզբում չեն կարողանում, դժվարանում են, վնասվում, բայց հետ չեն ընկրկում: Փորձում են այնքան, մինչև ստացվում է:

Ի՞նչն է ընդհանուր բոլոր խմբերում, դասարաններում՝ խաղը, որը մերձեցնելու, իրար հետ «լեզու գտնելու» շատ լավ հարթակ է: Անգամ իրար չհասկանալու, բայց հաշտվելու ճանապարհը երբեմն ավելին է անում, քան բացատրությունն ու հետևողական զգուշությունը:

Կոմիտասն ասել է. «Ժողովուրդն է ամենամեծ ուսուցիչը, գնացեք և սովորեք ժողովրդից»:  Այստեղ կարելի է ավելացնել՝ գնացե՛ք ու երեխաների հետ խաղացե՛ք, դուք նրանցից շատ բան ունեք սովորելու:    

Այսպիսի աշխատանքը չի կարելի ընդհատել, սա զվարճանք չէ, այլ ազգային մշակույթի այս մասի ժառանգանար փոխանցման գործընթաց, որը պետք է կատարվի անընդհատ: Ընդամենը մեկ, երկու անգամ կատարվող, ապա մոռացության մատնվող ոչ մի բան հետք չի թողնում, ցանկություն չի առաջացնում կրկնելու, կատարելու: Բակային շատ խաղեր մոռացության են մատնվել, որովհետև դրանց փոխարինել են համակարգիչներն ու հեռախոսները: Եթե մենք անտարբերության մատնենք մեր ազգային ժառանգության փոխանցման գործընթացը, վաղ թե ուշ կկանգնենք մի փաստի առաջ՝ կխոսենք հայերեն, իսկ հայկական մտածողություն, ավանդույթ, կենցաղ, ծեսեր, ազգային տոներ չենք ունենա, կկորցնենք հայի կերպարը, այն հայի, որն ուներ լավագույն ավանդույթներ, մշակույթ, հոգևոր արժեքներ, ամուր էր պահում իր ընտանիքը, հայրենիքը, հարգում էր մեծերին, բարեկիրթ էր, հյուրասեր, մարդասեր, ազնիվ, պատվախնդիր, ուժեղ, բարի, մաքուր, աշխատասեր, ստեղծող, արարող… 

Ուրեմն, եկե՛ք խաղանք, սովորենք, յուրացնենք, տարածենք ազգայինը, հայկականը՝ մերը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով