Իմ մանկավարժական աշխատանքը ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում բոլոր տարիներին էլ ինձ համար առանձնահատուկ  է եղել, ուղղակի այստեղ կպատմեմ իմ յոթամյա աշխատանքից միայն 2024-2025 ուսումնական տարվա  երրորդ շրջանի մասին։

Այս գարնանը մենք ներկայացնում ենք մեր մանկավարժական գործունեության մի հատվածը, որը ուղղված է հենց սովորողների լավագույն արժեքների զարգացմանը և ձևավորմանը, ինչպես նաև՝ սովորողի միջավայրի խնամքին ու հոգատարությանը։

Հունվարյան ճամբարի ընթացքում միշտ մտածում ենք՝ ինչ նախագիծ իրականացնել, որ կրտսեր դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներին հետաքրքիր լինի, ոգևորող, սովորողը մասնակից դառնա նախագծին իր ակտիվ գործունեությամբ, և որոշեցինք տարբեր կանաչիների և ծաղիկների սերմնացան  իրականացնել։ Սա սովորական աշխատանք չէ, այլ կյանքի իմաստ։ Արդեն հունվարին նախատեսած ու սկսած աշխատանքները գարնան հետ ծաղկում են ապրում ու ակտիվ գործունեությամբ շարունակվում։ Ահա նմանատիպ մտքերի ու նախագծերի լավագույն օրինակը դարձավ գարնանային «Կանաչ օր» ամեն հինգշաբթի իրականացվող նախագիծը։ Սովորողների հետ զրույցները, քննարկումները, սեփական օրինակով գործի ներկայացումն արդյունքներ տվեցին։ Եվ եթե ձմեռային ցուրտ շրջանում մենք սերմերը ցանում էինք  սենյակային պայմաններում, գարունն ու տաք եղանակը մեզ հնարավորություն ընձեռեցին դուրս գալ բակ ու արդեն իսկ տարիների ընթացքում  ծաղկեցրած ու կանաչապատ միջավայրն էլ ավելի գեղեցկացնել ու հարստացնել բույսերի ու ծառերի նոր տնկիներով՝ ընդլայնելով ծաղկած ու կանաչապատ տարածքների սահմանները։

Ուսումնական երրորդ շրջանում արդեն սերմերը ծիլ արձակեցին, և մենք ամեն օր հետևում էինք դրանց աճին։ Երբ մեծացան,  տեղափոխեցինք թաղարների մեջ, որպեսզի էլ ավելի մեծանան, հետո տեղափոխեցինք ծաղկանոցներ, որպեսզի մեր կրթական պարտեզը հարստանա ծաղիկների բույրերով և գույներով։ Ստորև ներկայացնում եմ ուսումնական երրորդ շրջանի ընթացքում իրականացրած ամենահաջողված նախագծերը, որոնք սովորողները սիրով են իրականացրել ու դեռ շարունակում են իրականացնել։

Եվ այդպես շարունակ սկսեցինք աշխատել, կյանք տվեցինք ավոկադոյի կորիզին, որը նախապես դրել էինք ջրի մեջ, արմատակալել էր, տեղափոխեցինք թաղարի մեջ, և բույսը սկսեց մեծանալ։ Սովորողները հունվարյան ճամբարից սկսած ամեն օր խնամում էին, հետևում, գրանցում փոփոխությունները, հաճախ հարցեր տալիս, կիսվում իրենց տպավորություններով, համացանցից և այլ աղբյուրներից կարդացած ու տեսած օրինակներով։
Գարնանային աշխատանքները մեկը մյուսին հաջորդեցին, սկսեցինք խաղողները և ծառերը էտել, ճյուղերը կապելծառերը կրապատել․ երբ նայում ես կրտսեր սովորողներն ի՜նչ հոգատարությամբ, ի՜նչ նվիրումով են մասնակցում այդպիսի աշխատանքներին, ուրախանում ես․ կարծես բնությունը ձգում է սովորողին։ Որքան էլ նախագծերը քիչ թե շատ ֆիզիկական աշխատանք են պահանջում, միևնույնն է, սովորողները ցանկանում են մասնակցել միջավայրի խնամքի, կանաչապատման աշխատանքներին։ Դե, երբ արդեն պատրաստվել էինք գարնան գալուն, հերթը հասավ ծաղկանոցների նախապատրաստական աշխատանքներին և բույսերով համալրմանը։ Թվում է՝ մի անգամ կտնկես ու վերջ․ բայց այդպես չէ․ հոգատարություն, սեր և ուշադրություն է պահանջում բնությունը։ Սկսվեց ամենշաբաթյա  «Կանաչ օր» նախագիծը, նշանավորվեց յուրաքանչյուր հինգշաբթի ծաղիկներ, բույսեր տնկելով, մեր շրջապատը հարստացնել։ Սովորողների հետ չենք սպասում հինգշաբթիին, այլ խնամում ենք մեր միջավայրն ամեն օր, ինչպես մեր տունը։

Երբ բակային աշխատանքները թափ առան, սովորողները ոգևորված էին, ժամերն էին հաշվում աշխատանքներին մասնակցելու համար,  սովորողներով հերթ էին պահում, հանկարծ հերթը չխախտեն, բակ դուրս գան աշխատելու, իրենց տնկած թուփն ու ծառը ջրելու․ սա էլ մի փոքրիկ դպրոց էր սովորողների համար: Այս գարունը մեզ համար բարեհաճ գտնվեց, անձրև պարգևեց, և ծաղիկները, ծառերը, թփերը ամրացան հողին։

Միջավայրի  խնամք և ցանկացած  հանրօգուտ  աշխատանք  իրականացվում է համակարգմամբ։ Կարևոր   բաղկացուցիչ  է մեր  կրթական  ծրագրում, որ յուրաքանչյուր սովորող մասնակից  լինի այդպիսի աշխատանքների, դրա համար աշխատում  ենք խմբերով, հիմնականում այդ աշխատանքները ներառված են տեխնոլոգիայի, ընտրությամբ գործունեության  և  բնագիտության դասընթացներում։ Բակում հեշտ է լինում աշխատել հիմնականում վեցից ութ սովորողի հետ, որ կարողանաս հետևել աշխատանքային գործիքներից օգտվելու կանոններին, հանկարծ պատահմամբ իրար չվնասեն, միշտ  հիշեցնում եմ անվտանգության կանոնների և խոսում միմյանց հանդեպ հոգատարության  մասին:
Լինում են դեպքեր, որ աշխատանքները սահուն չեն ընթանում, բախվում ես դժվարությունների, երբ մի քանի սովորող չեն ցանկանում  մասնակցել  այդպիսի աշխատանքների, միջավայրի խնամքին։ Չմասնակցելու  համար  լինում  են  տարբեր պատճառներ՝  սովորողը նոր է սեբաստացի  դարձել,   կամ  իր ընտանիքում, շրջապատում ընդունված  չէ  իրականացնել  այդպիսի  աշխատանքներ։ Ավելի ուշ այդպիսի  սովորողների մեծ մասը, անընդհատ տեսնելով և իրականացնելով այդպիսի աշխատանքներ, իրենց ընտանիք է տեղափոխում այդ հմտությունները, կարողությունները, տեսնում է, որ այդ աշխատանքն  այդքան էլ դժվար կամ  տհաճ չէ, ինչպես պատկերացնում է: Իրենց համար դառնում է ոգևորիչ, իրենք ապրում են բնության մեջ, բնության կողքին։ Միայն մի բան պետք է հիշել, եթե լինի դժվարություն, եթե մի բան չստացվի, պետք չէ հիասթափվել, այլ կրկին փորձել։

2025-ի գարունը ևս արժևորվեց մի շարք բույսեր տնկելով, մի շարք համագործակցային նախագծեր իրականացնելով, Երկրի օրը նշելով, նոր սաների և ծնողների հետ ծանոթանալով և միջավայրը ծաղկեցնելով։

Մեզ միացան երկու տարեկանից սկսած սաները և նրանց ծնողները, այսինքն՝ ընտանեկան դպրոցը։ Կրտսեր դպրոցականներն իրենց կյանքում ևս կարևոր մի փոփոխություն մտցրին։ Պարտեզի 2-5 տարեկանների խմբերը Հյուսիսային դպրոցի վարդերի պուրակը հարստացրին վարդերով, առաջին դասարանի սովորողները ներքին բակը  Երկրի օրը վարդերով հարստացրին։ Հուսով ենք՝ մեր տնկած վարդերը կամրանան հողին և կզարդարեն մեր միջավայրը իրենց բույրով։ Երկրի օրը շատ կարևոր է նշել ծառ ու ծաղիկ տնկելով, և դրա մասին արդեն փաստում են սովորողները։

Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները ակտիվ մասնակցել են տարբեր թփերիբույսերի և ծառերի տնկմանը և շարունակում են սիրով խմանել։ Սիենայի պուրակում տնկեցինք հիրիկներ, արդեն ծաղկել են և գլուխները բարձր վեր են խոյացել։ Տնկարանում տնկեցինք մագլցողներ, նուշ նաև ցանել  ենք դդմի կորիզներ, տնկել ենք փշատենիներ։

«Կանաչ օրերը» շարունակվում են։ Կառանձնացնեմ համարգործակցային նախագծերից չորսը, որոնցից մեկը ««Կանաչ օր» ստուգատես. Գովք բնությանը` ծառ ու ծաղկին»-ն է, որը ուներ նաև երաժշտական մաս, ինչը  համակարգում էր Հասմիկ Մաթևոսյանը, իսկ բույսերը մեզ նվիրել էին տիկին Շողիկը և Հյուսիսային դպրոցի 2․2 դասարանի ծնողները։ «Ցնծություն» նախագծի շրջանակում մեզ միացան Ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորողները՝ կրտսեր դպրոցում իրենց հետքը թողեցին ծառ ու ծաղիկ տնկելով․ հիշվող և տպավորիչ օր էր։ Երկրորդ նախագիծը կանաչապատման նախագիծն էր Սյունիքի մարզի Ալվանքի միջնակարգ դպրոցի հետ։ Նրանք սեբաստացի կրտսեր սովորողների հետ տնկեցին հորտենզիաներ, որպեսզի հաջորդ անգամ, երբ մեզ հյուր գան, արդեն ծաղկած, մեծացած լինեն։ Իսկ երրորդ համագործակցային նախագիծն իրականացնելիս Հյուսիսային դպրոցի դասվանդողներով և սովորողներով այցելեցինք Դվինի Սուրբ Հարություն եկեղեցի, Տեր Եղիշե քահանայի օրհնությունը ստանալուց հետո միասին մասնակցեցինք «Ուսումնական ժամերգություն» նախագխին, ծանոթացանք եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների հետ, ընկերացանք, միասին երգեցինք, պարեցինք, խաղացինք, եկեղեցու բակում հիրիկներ տնկեցինք, և կիրակնօրյա դպրոցի սաները խոստացան, որ ամեն օր պետք է խնամեն բույսերը, և կունենան սիրուն, խնամված ծաղկանոց։

Չորրորդ համատեղ նախագիծն իրականացրինք ռուսաց լեզվի ուսուցչի՝ Անահիտ Լալային հետ։ Նախագիծը կոչվում է «Կանաչ քաղաք»։ Հետաքրքիր նախագիծ էր, որտեղ սովորողները երեք լեզվով ներկայացնում էին իրենց կատարած աշխատանքները։ Ներկայացրին բոլոր  փուլերը՝ Ալիսա Գևորգյանի օգնությամբ բույսերի համար կավից թաղար պատրաստելուց մինչև  միասին բույսերի կտրոններ տնկելը, այդ բույսերը Բանգլադեշի անցորդներին բաժանելը և վերջում՝ մի քանի սովորողի և այգեպանի օգնությամբ վարդերի տնկումը Սուրբ երրորդություն եկեղեցու բակում։ Հուսով ենք՝ մարդիկ հոգատար կլինեն իրենց շրջապատի նկատմամբ, մանավանդ այն դեպքում, որ սեբաստացի սովորողները ջանք ու եռանդ չեն խնայում ավելի կանաչ ու խնամված միջավայր ունենալու համար։

Բույսերի հանդեպ հոգատարությունը օգնում է մարդկանց ավելի խորը հասկանալ բնությունը և գնահատել շրջակա միջավայրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով