«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեռավար ուսուցումը՝ որպես ուսուցման նորարարական, փորձարարական մեթոդ, վաղուց է փորձարկվում, կիրառվում:

Հեռավար ուսուցումը կրթահամալիրում արդեն իրականություն է՝ գործող, ընդունված ուսուցման ձև, կիրառելի գործիք, որից օգտվում են և՛ սովորողները, և՛ մանկավարժական աշխատողները։

Հեռավար ուսուցման ծրագրում ընդգրկված դասավանդողների, սովորողների աշխատանքը կարգավորվում է ուսումնառության պայմանագրով, համապատասխան կարգով:

2015թ. կրթահամալիրում սկսվեց հեռավար ուսուցման նոր նախագիծը՝ առարկայական ֆլեշմոբը (հեղինակ և նախաձեռնող՝ Գևորգ Հակոբյան)։ 

Թվարկված փորձը սեբաստացիներին ինքնավստահություն հաղորդեց, հնարավորություն տվեց սկսելու ամբողջական հեռավար ուսուցման կազմակերպում՝ հեղինակային կրթական ծրագրի բոլոր աստիճաններում։ 

Ամբողջական հեռավար ուսուցումը՝ որպես առանձին մատուցվող ծառայություն, կրթահամալիրում գործում է արդեն 10 տարի: Սկզբում ծառայությունից օգտվում էր Ավագ դպրոցի հինգ-վեց սովորող: Աշխատանքային տարիները ցույց տվեցին, որ պահանջարկը մեծ է, պարզապես իրազեկման խնդիր կա. մարդիկ տեղյակ չեն ծրագրից՝ այն լայնամաշտաբ չի լուսաբանվում, մարդիկ իրազեկված չեն:

Սա լավ հնարավորություն է կիրառելու 21-րդ դարում հասանելի ՏՏ գործիքակազմը, համացանցի ընձեռած հնարավորությունները՝ կրթությունը անընդհատ, հասանելի և հարմար դարձնելու համար։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում նշվում է, որ սովորողն իրավունք ունի ընտրելու ուսուցման ձևը:
Նաև մեջբերենք «Կրթության մասին» ՀՀ օրենքից (գլուխ 1. հոդված 12) «Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան՝ կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով»։

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրություն (բաժին III. կետ 31) «Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր՝ սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն»։

Ուսուցման այս ձևը մարդու՝ կրթության իրավունքի ապահովման հնարավորություններից է:

Կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրով նվաճումներից մեկը հեռավար ուսուցումն է. սա փաստ է, որի հետ չենք կարող հաշվի չնստել, չտեսնելու տալ:

Զարգացման պատմությունից

Հեռավար ուսուցումը նախ՝ մի քանի տարի փորձարկվել է որպես ուսումնական արձակուրդների կազմակերպման ձև (ուսումնական գարուն, ամառ, աշուն, ձմեռ նախագծեր), կիրառվել է որպես նախագծային ուսուցման շաբաթ-ստուգատեսների բաղադրիչ: 2016 թ. հունվարին, երբ համաճարակի պատճառով հունվար ամսին հանրապետությունով մեկ դպրոցները մատնվեցին անգործության, կրթահամալիրն անցավ ամբողջական հեռավար ուսուցման: Արդյունքները, արձագանքները դրական էին ու հետաքրքիր: Այդ փուլի ամփոփումները, քննարկումները, ծնողների և սովորողների արձագանքները ցույց տվեցին, որ հաջողել ենք։ Հաջողությունը պայմանավորված էր կրթահամալիրում իրականացվող մեդաուսուցմամբ, որը հնարավորություն տվեց անցումն արագ կազմակերպել։

Անհատական թվային միջոցներով, մեդիագրադարանով, ուսումնական բլոգներով ուսուցման կազմակերպումը հնարավորություն տվեց, որ սովորողի ֆիզիկական բացակայությունը չխոչընդոտի ուսումնական պարապմունքներին նրա մասնակցությանը, ուսուցման անընդհատությանը։ Ուսումնական տարվա ընթացքում տարբեր պատճառներով ժամանակավոր բացակայության դեպքում սովորողները, ծնողները օգտվում էին այդ հնարավորությունից։

Հեղինակային «Հանրակրթական Դիջիթեք» ամենամյա ստուգատեսով, սկսած 2012 թվականից, կարևորվում են հեռավար ուսուցման փորձերը, այդ նպատակով ստեղծված ուսումնական նյութերը, փաթեթները։

Հեռավար ուսուցման մեթոդաբանությունը, կրթահամալիրային, այլոց փորձն ուսումնասիրել և ներկայացրել են կրթահամալիրի տարբեր դասավանդողներ: Ունեցել ենք հավաքներ, կլոր սեղաններ, որտեղ տարբեր մասնագետներ ներկայացրել են իրենց փորձը։

Որպես օրինակ՝ 2018-2019 ուսումնական տարում կրթահամալիրի 4-12-րդ դասարաններում հեռավար ուսուցման պայմանագիր են կնքել 20 սովորող:

  • Դպրոց պարտեզներում՝ 3 սովորող (2 առաջին դասարանցի, 1 հինգերորդցի)
  • Միջին դպրոցում՝ 2 սովորող (1 վեցերորդ դասարանցի, 1 ութերորդցի)
  • Ավագ դպրոցում՝ 15 սովորող (4՝ իններորդ, 4՝ տասներորդ, 5՝ տասնմեկերորդ, 2՝ տասներկուերորդ դասարանցիներ)

Հաջորդող տարիներին այդ թիվն էապես աճել է. շատ ծնողներ, սովորողներ են հետաքրքրվում ուսուցման կազմակերպման այս ձևով: Կրթական ծառայությունից օգտվող սովորողները, ծնողները տեղեկացնում են միմյանց․ այսպիսով, ծրագիրը տարածվում է:

Պահանջարկը մեծ է՝ մի քանի հանգամանքով պայմանավորված. ներկայացնենք այն թիրախային խմբերը, որոնք այս փուլում առավել հետաքրքրված են այս ծրագրով.

  • Առաջինը պայմանագրային աշխատանքի մեկնած ընտանիքներն են: Փաստենք, որ այս ընտանիքների թիվն ավելանում է: Մարդիկ, որոնք ամիսների աշխատանքային պայմանագիր են կնքում, մարդիկ, որոնք մեկ-երկու տարով պետք է բացակայեն: Այս ընտանիքների համար շատ կարևոր է, որ երեխաների ուսումը չընդհատվի. անընդհատ չբացակայեն, տեղից տեղ տեղափոխությունը կրթական դիսոնանս չառաջացնի, իմանան, որ երեխաները չեն զրկվում կրթության իրավունքից:
  • Երկրորդը արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքներն են: Շատ ընտանիքներ չեն ուզում կտրել հայրենի երկրի հետ կապը՝ մի շարք պատճառներով կարևորելով իրենց երեխաների՝ Հայաստանում կրթություն ստանալու գործոնը: Այս ընտանիքները փաստում են, որ սա լավ հնարավորություն է. չեն մոռանա հայերենը, օտար կրթական համակարգում ինտեգրվելու դժվարություն չեն ունենա, երեխաները կկարողանան հանգիստ յուրացնել տվյալ երկրի լեզուն ու բավարարել իրենց նախասիրությունները՝ խմբակների, ակումբների հաճախելով:
  • Հաջորդը ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդիկ կամ ժամանակավորապես ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ են: Այս խմբերի համար նույնպես հեռավարը լավ հնարավորություն է՝ սովորելու իրենց նախընտրած ծրագրով իրենց հարմար վայրից՝ չզրկվելով կրթության իրավունքից։
  • Հնարավորություն է տալիս համաճարակային, վիրուսային շրջափուլերում չբացակայել դասերից, հիվանդության դեպքում` չկտրվել ուսուցման գործընթացից:

Հեռավար ուսուցման առաջադրանքների փաթեթներն (անընդհատ զարգանում ու փոփոխվում են՝ ապահովելով ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր անհատի կրթության իրավունքը)։ Ծրագրում ընդգրկված սովորողների թվի ավելացմամբ պայմանավորված՝ հեռավար դպրոցում դասավանդող հիմնադիր-ուսուցիչների խմբին միացան նոր ուսուցիչներ։

Հեռավար ուսուցումն ունի էլի մի շարք առավելություններ, որոնց մասին էլ կուզեմ խոսել.

  • խնայում է  ժամանակը` հաշվի առնելով սովորողի օրվա կազմակերպման անհատական ռեժիմը
  • կոնկրետ է, բավարարում է կոնկրետ անհատի կրթական պահանջմունքը
  • անկախ գտնվելու վայրից՝ ուսուցման անընդհատությանն է ապահովում
  • հեռավար ուսուցումն ու առկա ուսուցման զուգորդումը արդյունավետ ուսուցման միջավայր են ստեղծում։

Ծրագրի զարգացումը

Ծրագրի զարգացումը՝ թվերով

2024-2025 ուսումնական տարում կրթահամալիրի հանգույց դպրոցներում այս ծրագրով ուսուցում են ստանում, ծրագրում դասավանդում են․

Կրտսեր դպրոցներ՝ 1-5-րդ դասարաններ

  • Հարավային դպրոց՝ 21 սովորող։ Հեռավար սովորողների հետ աշխատում  է 16 դասավանդող։
  • Արևելյան դպրոց՝ 15 սովորող։ Հեռավար սովորողների հետ աշխատում  է 11 դասավանդող։
  • Արևմտյան դպրոց՝ 8 սովորող։ Հեռավար սովորողների հետ աշխատում  է 13 դասավանդող։
  • Հյուսիսային դպրոց՝ 7 սովորող։ Հեռավար սովորողների հետ աշխատում  է 11 դասավանդող։

Միջին դպրոց

Միջին դպրոցն ունի 32 սովորող։ Հեռավար սովորողների հետ աշխատում  է 18 դասավանդող։

Հետազոտական վարժարան

Վարժարանն ունի 47 սովորող։ Հեռավար սովորողների հետ աշխատում  է 23 դասավանդող։

Հակիրճ ներկայացնեմ զարգացումը․

  • Տարածումը հանրապետության բոլոր դպրոցներում
    Այս դեպքում կրթահամալիրը կարող է հանդես գալ իբրև մենթոր՝ Բլեյան ցանցի դպրոցներին ներկայացնելով իր փորձը, ուսումնական նյութերը, մեթոդաբանությունը
  • Ցանցային կազմակերպիչ Հանրապետության հեռավար ուսուցման ծրագրից օգտվել ցանկացող սովորողները հավաքվեն կրթահամալիրում՝ որպես ամբողջական ծրագրի սովորողներ
  • Հեռավար ուսուցման ծրագրում ԱԲ-ի օգտագործումը
  • Հեռավար ուսուցման տարբեր բաղադրիչների կիրառումը կրթահամալիրի ստուգատեսներում
  • Այլ

Հեռավար ուսուցմամբ սովորողների նախագծային փաթեթները՝ որպես մշակումներ, տեղադրված են դասավանդողների բլոգում․ դրանք անընդհատ լրամշակվում են, թարմացվում՝ հարմարեցվում անհատ սովորողների կրթական պահանջմունքներին։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեռավար ուսուցման փորձը շարունակաբար զարգանում է․ այն կարևոր է հանրապետության մյուս դպրոցների՝ հանրակրթության համար, որովհետև հենց այստեղ է ապահովվում սովորողի կրթության իրավունքը, դրա անընդհատությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով