Տեխնոլոգիական աշխարհը մեզ չի սպասում․ այն զարգանում է արագ, ամբողջական և անընդհատ։ Մենք հաճախ հարց ենք տալիս՝ արդյո՞ք դպրոցը հասցնում է այդ ռիթմին։
Կրթահամալիրի տեխնոլաբը վերջին տարիներին դարձել է այն տարածքը, որտեղ տեխնոլոգիական կրթությունը ոչ միայն փորձարկվում է, այլև ձևավորվում է որպես կայուն, ինքնուրույն ուղղություն։ Այս փոքր, բայց արագ զարգացող օղակն այսօր արդեն կարելի է համարել կրթահամալիրի ինովացիոն հենակետերից մեկը։ Այն ձևավորում է նոր միջավայր, նոր սովորույթներ, նոր մտածողություն։
Տեխնոլաբը, լինելով համեմատաբար երիտասարդ օղակ, վերջին շրջանում արագորեն դուրս է եկել կրթահամալիրի սահմաններից՝ ներկայանալով մարզային և հանրապետական հարթակներում։ Սա տեղի է ունեցել ոչ թե ցուցադրական նպատակով, այլ բնական աճով։ Երբ աշխատանքներն սկսում են խոսել իրենց փոխարեն, դպրոցն ինքնաբերաբար մտնում է տեխնոլոգիական մեծ աշխարհ։
Այս ուսումնական շրջանը, առավել քան երբևէ, հագեցած է սկսել։ Եվ առաջին քայլը, որը հիմք դրեց նոր տեխնոլոգիական թռիչքին, Digitec Expo 2025 -ն էր։
DigiTec-ը մեզ համար պարզապես ցուցահանդես չէր։ Այն դարձավ հենց այն միջավայրը, որտեղ մենք կարող էինք համեմատել ոչ թե մեր սովորողներին ուրիշների հետ, այլ մեր ստեղծած միջավայրը՝ ոլորտի ընդհանուր զարգացման հետ։
Ես DigiTec-ին այս անգամ գնացի ոչ թե որպես սովորական այցելու, այլ որպես համակարգող, որը ուզում էր սեփական աչքերով տեսնել՝ որքանով է մեր սովորողների ու դասավանդողների աշխատանքը համահունչ այն ամենին, ինչ այսօր կոչվում է «Տեխնոլոգիական աշխարհ»։
Մեզ համար այս ցուցադրությունը դարձավ երկակի հնարավորություն.
- Տեսնել տեղական ու միջազգային տեխնոլոգիական առաջատար ընկերությունների աշխատանքը,
- Հասկանալ՝ մեր տեխնոլաբը որտեղ է կանգնած այս համատեքստում։
Իրականում վստահ կարող եմ ասել, որ կանգնած է ճիշտ տեղում։
Մեր սովորողների պատրաստվածությունը, հետաքրքրասիրությունը և ռոբոտաշինության նկատմամբ ձևավորված ինքնուրույն մտածողությունը ոչնչով չեն զիջում դաշտում ներկայացված բազմաթիվ թիմերին։ Սա ինձ՝ որպես համակարգողի, տալիս է ներքին ամուր համոզմունք, որ մեր սկսած ճանապարհն արդեն դարձել է կայացած գործընթաց, որը պիտի միայն ընդլայնվի։
Եվ շարունակելով սկսած շարքը՝ կրթահամալիրը հաջորդիվ ներկայացավ ArmRobotics 2025 Ինքնավար ռոբոտների առաջնությանը։
ArmRobotics ծրագրում տեխնոլաբի մասնակցությունն այս տարի ոչ միայն ինքնահաստատման փորձ էր, այլև կրթահամալիրի մտքի և աշխատանքի ներկայացում լայն հանրությանը։ Մարզային փուլում գրանցված առաջին հորիզոնականը դարձավ այն ուղենիշը, որը ցույց տվեց՝ մեր տեխնոլոգիական կրթության ընթացքը ճիշտ է՝ մեթոդով, մտածողությամբ և կազմակերպմամբ։ Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ տեխնոլոգիական կրթությունը հնարավոր չէ ներարկել միայն դասագրքով կամ միայն տեսական պարապմունքով։
Սա ձեռքբերում էր ոչ միայն աշակերտների, այլև ամբողջ կրթահամալիրի համար։ Այն փաստում է, որ նախագծային ուսուցումը, թիմային աշխատանքը, բաց փորձարկումները և ազատ մտածողությունը միաժամանակ կարող են կերտել և՛ կրթություն, և՛ մրցունակ արդյունք։
Այս հաղթանակը դարձավ ուղետոմս դեպի ArmRobotics-ի հանրապետական փուլ, որը մեր թիմի համար արդեն ավելի լայն հնարավորություն էր․
- Ներկայանալու
- Մրցակցելու ավելի ուժեղ թիմերի հետ
- Սովորելու նրանց փորձից
- Վերանայելու սեփական ռազմավարությունը
- Ձեռք բերելու ավելի խոր տեխնիկական ու թիմային հմտություններ։
Հանրապետական փուլը ոչ միայն մրցույթ էր, այլև մեծ ուսումնական միջավայր, որտեղ մեր սովորողները տեսան ինժեներական մտածողության մտքի թռիչքը, թիմային աշխատանքի ճկունությունը և նորարարական լուծումների բազմազանությունը։
Այս ամբողջ գործընթացը՝ տեխնոլաբի ներքին զարգացումից մինչև մրցույթներ և ցուցահանդեսներ, մեզ բերել է մի կարևոր գիտակցման։ Կրթահամալիրի տեխնոլոգիական առաջընթացը չի սկսվում դրսից ներս։ Այն ծնվում է ներսում՝ մանկավարժական մշակույթից, նախագծային մտածողությունից և ստեղծարար ազատությունից։
Տեխնոլաբը այսօր դարձել է այդ ընթացքի տեսանելի խորհրդանիշ՝ զարգացող, ընդլայնվող, նոր հորիզոններ գրավող . . .
Եվ սա դեռ սկիզբն է։
Առջևում նոր նպատակներ են՝
Կրթահամալիրի տեխնոլոգիական կյանքի ամբողջական ընդլայնում, միջազգային մրցույթներ ու ցուցադրություններ, նորարար ինժեներական նախագծեր, կապեր տեխնոլոգիական ընկերությունների հետ և շատ ավելին այս նոր թռիչքային ճանապարհին։
