Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաները զարգանում են այնպիսի արագությամբ, որ երբեմն դժվար է հասցնել հետևել կատարվող փոփոխություններին։ Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաները թևակոխել են նոր փուլ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ու հարթակների լայն կիրառմամբ։ Սա պարզապես հերթական տեխնիկական նորարարությունը չէ․ այն փոխում է մեր կյանքի կազմակերպումը, աշխատանքի ձևերը և, իհարկե, կրթությունը։ Ժամանակին համապատասխան մնալն ու նորարար մոտեցումներ ներդնելն այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն, եթե ուզում ենք կրթական գործընթացը մնա արդյունավետ ու համընթաց իրականությանը։

Կրթական համակարգում արհեստական բանականության գործածությունը պետք է դիտարկել ոչ թե որպես դասավանդողին կամ սովորողին փոխարինող, այլ որպես ուսումնական գործընթացի անբաժանելի և կարևորագույն բաղադրիչ- օգնական՝ հասանելի ամենուր և ամեն պահի։ Արհեստական բանականությունը կարող է և պետք է դառնա դասավանդողի օգնականը։ Այն հնարավորություն է տալիս ոչ միայն օպտիմալացնել մեր աշխատանքը, այլև սովորողներին առաջարկել անհատականացված, հետաքրքիր և ստեղծագործական ուսուցման նոր ձևաչափեր։ Այն դառնում է անհատական ուսուցման իրականացման հզորագույն գործիք՝ ստեղծելով յուրաքանչյուր սովորողի կարիքներին ու նախասիրություններին համապատասխան ուսումնական պայմաններ։ ԱԲ-ի կիրառումը դասարանում խթանում է քննադատական մտածողությունը, խնդիրներ լուծելու հմտությունները և պատրաստում է նրանց 21-րդ դարի մարտահրավերներին։

Այս սկզբունքներն էլ ընկած են հեղինակային մանկավարժության հիմքում, ուստի ԱԲ-ն կարող է դառնալ հեղինակային կրթական ծրագրի զարգացումն ապահովող գործիք։

Այս հոդվածի նպատակն է ներկայացնել ուսումնական գործընթացում արհեստական բանականության կիրառման իմ և սովորողներիս փորձը։

Արհեստական բանականությունն ուսումնական նախագծերում սկսեցի օգտագործել նախորդ ուսումնական տարում, երբ Միջին դպրոց եկած նոր 6-րդ դասարանցիների հետ իրանակացնում էի «Բարև, ես․․․» նախագիծը։ Սովորական դարձած ձայնագրություններին, տեսանյութերին, մոնտաժին փոխարինելու եկան արհեստական բանականությամբ աշխատող հարթակները՝ սովորական նկարները դարձնելով խոսող, արդյունքում՝ առավել ակտիվ մասնակցություն, հավեսով իրականացվող նախագծեր, սովորողների նախասիրությունների օգտագործում, ստեղծագործ մոտեցում և, ամենակարևորը՝ ժամանակի խնայողություն։ Նախագծի իրականացման ընթացքում շատ էինք խոսում սովորողների հետ ԱԲ-ից, նրա լավ ու վատ կողմերից, առօրյայում օգնելուց և խանգարելուց, ընդունված և տարածված կարծիքներից։

Այս ուսումնական տարում արհեստական բանականությամբ ընթացիկ շատ նախագծեր կազմեցի (օտարալեզու ցուցադրություններ, խաղեր և վիկտորինաներ)՝ փորձելով ուսումանական իրականություն ներմուծել ավելի հետաքրքիր ու նորարար մոտեցումներ և գործիքներ։

Նախքան արհեստական բանականությամբ աշխատելը՝ շատ եմ խոսում սովորողների հետ, լսում նրանց մտահոգությունները (որոնք հիմնականում գալիս են մեծերի խոսակցությունները, կարծիքները լսելուց), կարծիք հարցնում այս կամ այն հարթակի մասին, հետաքրքրվում, թե ինչ ԱԲ հարթակներ են իրենք օգտագործում և ինչ նպատակով։ Ընթացքում նաև ինքս եմ սովորում, ուսումնասիրում նորը։

Ընդունված կարծիք է (հաստատված նաև դասավանդողների փորձով), որ արհեստական բանականությամբ սովորողները կատարում են տնային աշխատանքները, առանց սովորելու-կրկնելու՝ ստանում են պատասխանները և ավտոմատ լրացնում։ Ինչ խոսք, կան սովորողներ, որ օգտագործում են ԱԲ-ն այդպես, բայց դրա դեմ մենք ոչինչ անել չենք կարող (հակառակ դեպքում պետք է անջատենք համացանցը և՛ դպրոցում, և՛ տանը, և՛ անհատական գործիքներում, արգելենք աշխատել թվային գործքներով և անցում կատարենք լրիվ այլ իրականություն)։ Ես սովորողներին բացատրում, սովորեցնում, հմտություններ եմ փոխանցում, թե ինչպես կարող են սովորել արհեստական բանականության օգնությամբ, ինչպես այն ծառայեցնել դասապրոցեսն ավելի հետաքրքիր, գունեղ, յուրաքանչյուր պահի հասանելի դարձնելուն։ Բացատրում եմ, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել որպես օգնական՝ յուրաքանչյուր ժամին հասանելի, անհոգնել պատասխանող, գաղափարներ տվող, անհասկանալին շտկող, յուրաքանչյուր սովորողի տեմպին հարմարվող, մտածել սովորեցնող, քննադատական մտածողություն զարգացնող։

ԱԲ-ով աշխատանքն սկսում ենք արհեստական բանականությամբ աշխատելու հիմնական կանոնից՝ ճիշտ, գրագետ գրված փրոմթից (ԱԲ-ին տրվող հրաման), որից է կախված ստացված պատասխանը, ճշգրտությունը, արդյունքը, փորձում ենք ԱԲ-ին տրված հրամանը վերածել դերային խաղի՝ ստուգելով պատասխանների տարբերությունը, որակը։

Տարբեր ցուցադրություններ պատրաստելիս ԱԲ-ն թույլ է տալիս խնայել ժամանակ, ստեղծում ավելի պատկերավոր և ներկայանալի ցուցադրություններ․

presentations.ai հարթակի ուսումնասիրություն

gamma հարթակի ուսումնասիրություն

Ցուցադրությունների պատրաստում ԱԲ գործիքների կիրառմամբ

gamma հարթակով աշխատանքներ․ ընտրությամբ գործունեությամբ սովորողներ

Հարցաշարեր, վիկտորինաներ պատրաստելու շատ հարմար հարթակներ են Wordwall-ը և Quizizz-ը․

Wordwall հարթակով աշխատանքներ

Quizizz հարթակով աշխատանքներ

8-րդ դասարանի սովորողների հետ էլ սկսեցինք (դեռ չենք ավարտել) ԱԲ օգնությամբ տոհմածառերի ստեղծումը։

Ընտրությամբ գործունեության սովորողների հետ ուսումնասիրում ենք տարբեր հարթակներ, դրանց տված հնարավորությունները, փորձում վերլուծել դրանց գործածումը ուսումնական գործընթացում․

20 հարթակներ․ առաջարկում է ԱԲ-ն

ԱԲ գործիքներ․ առաջարկում և ներկայացնում են սովորողները

ԱԲ հարթակներ․ առաջարկում են սովորողները

Օնլայն հարթակներ․ առաջարկում են սովորողները

Արհեստական բանականությունը, ուզենք թե չուզենք, արդեն իսկ մտած է մեր կյանք (մենք նույնիսկ կարող ենք չնկատել կամ չիմանալ դրա մասին): Ժամանակի հրամայականն է այն, որ պետք է հնարավոր ամեն ինչ անենք այն ավելի գրագետ, մեր օգտին աշխատեցնելու համար և չվախենանք նորը սովորելուց, նոր հնարավորություններից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով