1-ին դասարանում տառուսուցումը միշտ առանձնահատուկ զգուշություն և ստեղծագործական մոտեցում է պահանջում։
Միշտ էլ կարծել եմ, որ առաջին դասարանում դասավանդումը միայն չոր հնչյուն-տառ-թվից չպետք է բաղկացած լինի, որովհետև ես այդպես չեմ կարողանում դասարանում ուսումնական պրոցես կազմակերպել: Ինքս պետք է ոգևորված լինեմ ողջ գործընթացով:  

Երբ սեպտեմբերին սովորողները գալիս են դպրոց, չեն պատկերացնում, որ ունեն ահռելի աշխատանք մինչև տառ և թիվ գրել սկսելը: Ամեն օր այն հարցին, թե երբ ենք տառ անցնելու, պատասխանում էի, որ դեռ փոքր են։ Ու դժվար է սպասելը, որովհետև ուզում են գրել երկար սպասված «Ա» տառը:

Կրթահամալիրում իրականացվում է ոչ թե տառուսուցում, այլ բառուսուցում: Աշխատում եմ 2003 թվականից: Առաջին բառուսուցումն իրականացրել եմ 2004 թվականին ու, եթե անկեղծ լինեմ, ոչինչ չեմ հիշում,  թե ինչպես էին կարդում, հեգում, վանկատում, գրում:

Ու կա մի մեծ բայց․․․

Այս տարի ես ուզում էի  այնպիսի աշխատանքային էջեր ստեղծել, որոնցից պետք է գոհ մնայի: Դե գոհ լինելն իրականում հարաբերական է, և ամեն անգամ հետ նայելիս մտածում ես. «Այ, սա էլ կարելի էր փոխել»:

Ինչպես ծնվեց գաղափարը. դասագրքից դուրս

Աշխարհում մարդկանց մեծամասնությունն ունի տեսողական հիշողություն, առավել ևս երեխաները: Անպայման պետք է տեսնեն, պետք է զգան, պետք է շոշափեն: Մինչ բառուսուցումն սկսելը շատ գործ ունենք անելու, պետք է ձեռքը պատրաստենք գրելուն՝ ոչ թե տառապանք դարձնելով օրերը սովորողների համար մի ամբողջ տետր մասնիկ գրել տալով, այլ մոտորիկան զարգացնելու համար տարբեր հետաքրքիր աշխատանքներ կազմելով: Օրինակները անթիվ-անհամար են:

Աշխատանքային էջերն այնպիսին պետք է լինեին, որ միավորեին պատկեր+վանկ+հնչյուն+տառ շարքը, որպեսզի ընկալումը լիներ ամբողջական:

Բառուսուցումն ուղղակի դասագիրք չէ, այն պետք է համապատասխաներ կրթահամալիրի նախագծերին, պետք է համընկներ տարվա եղանակներին, կապ ունենար ծեսերի ու տոների հետ: Իսկ բառուսուցումն ավարտելուց հետո յուրաքանչյուրը կունենար իր անհատական գիրքը՝ «Իմ այբբենարանը»:

Երբ դասագիրք է լինում, դժվարանում է ուսուցումը, որովհետև ամեն տարի ամեն դասարանի առանձնահատկությունից ելնելով՝ այդ թերթիկների բովանդակությունն էլ կարող է փոխվել:

Աշխատանքային էջերի ստեղծումը

Տառաճանաչումը չպետք է լինի մեխանիկական վարժությունների շարք: Ցանկանում էի, որ յուրաքանչյուր նոր տառ լիներ խաղ, գիտելիք, բացահայտում։

Ինձ համար կարևոր էր, որ աշխատանքային նյութերը լինեին թե՛ պարզ, թե՛ ստեղծագործական,   միևնույն ժամանակ՝ երեխայի աչքին հետաքրքիր։ Այդ պատճառով ընտրեցի այս տարբերակը, որն աշխատատար էր ինձ համար՝ ամեն շաբաթ մտածելով առաջադրանքներ, կազմելով էջեր, որոնք էլ  թույլ էին տալիս հնարավորինս արդյունավետ կազմակերպել այն տառերի ուսուցումը, որը տվյալ շաբաթ մեզ պետք էր։

Նկարների հարցում ինձ շատ օգնել է արհեստական բանականությունը՝ GPT-ն: Շատ հարցերում չէի համաձայնում, իմ ուզածը չէր նկարում, տանջվում ու տառապում էինք «միասին»՝ ստեղծելով հրաշք էջերի  շրջանակներ, դետալներ ու պատկերներ:

Յուրաքանչյուր բառի համար մտածել էի էջի կառուցվածքն ու բովանդակությունը, առաջադրանքների տեսակը, էջի ձևավորումը…Ամեն անգամ փորձել եմ այնպիսի առաջադրանք տեղադրել, որ և՛ կրկնվի, որպեսզի ստացած գիտելիքն  ամրապնդվի նմամանատիպ առաջադրանքների միջոցով, և՛ լինի նոր առաջադրանք ՝ պահելով սովորողների ուշադրությունն ու հետաքրքրությունը ուսման նկատմամբ:

Աշխատանքային էջի կառուցվածքը

Հիմնական բառ + պատկեր
Մեծատառ, փոքրատառ
Տեղադրում+միացում
Տարածական մտածողություն
Ստեղծագործական երևակայություն
Փոքր առաջադրանք

Ընթացքում սովորած տառերի ամրապնդման համար տարբեր մեթոդների կիրառումը դարձավ ավելի արդյունավետ, օրինակ՝ «Գտի՛ր տառը» խաղը, խմբային աշխատանքները, որոնք  ուղղված են և՛ թիմային աշխատանքի ձևավորմանը, հիշողության զարգացմանը, և՛ իմացածի կիրառմանն ու ամրապնդմանը:

Յուրաքանչյուր բառ ուսումնասիրելու ընթացքում ստեղծվում են տարբեր պատմություններ, ապլիկացիաներ, նկարներ ու մեդիաէջեր: Ավազանկարչությունն ու ալրանկարչությունը, ծեփելն ու տառ ստանալն էլ  իր հերթին թույլ են տալիս ավելի լավ զգալ գործընթացը, տառի ձևը:

Օրինակ՝ ս,ա,ր տառերի ուսուցում «ՍԱՐ» բառի միջոցով:

Կար-չկար մի Սար կար, որն ընկերներ չուներ, մեն-մենակ կանգնած էր ամբողջ օրը: Նա ուզում էր գնալ և աշխարհը տեսնել, բայց չէր կարողանում:
Մի անգամ Սարի ուսին գալիս և նստում է մի փոքրիկ Ամպ: Նրանք զրուցում և ընկերներ են դառնում: Սարը պատմում է իր երազանքի մասին: Ամպիկն ուրախությամբ օգնում է Սարին՝ գնում,  շրջում է  երկրեերկիր և նոր պատմություններով վերադառնում Սարի մոտ՝ ջրում Սարը, ջուր տալիս ծարաված ծաղիկներին և Սարին պատմում զանազան պատմություններ:
Իսկ երբ եկավ ցրտաշունչ ձմեռը, Ամպը մենակ չթողեց իր ընկերոջը, ծածկեց նրան սպիտակ վերմակով, որ իր ընկերը ձմռան ցրտին չմրսի: Այսպես ընկերացան Ամպն ու Սարը:

Ապա հաջորդեց Հ. Թումանյանի «Ամպն ու սարը» բանաստեղծության ուսուցումը:
«ՍԱՐ» բառի ապլիկացիամեդիաէջերի ստեղծում:

Այսպես միջառարկայական կապ է ձևավորվում պատմություն+բառ+նկար+պատկեր աշխատանքների միջոցով:

Այս ամբողջ գործընթացը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ տառուսուցումը երբեք միայն տառ սովորեցնել չէ․ այն բարդ, բայց և շատ նուրբ ճանապարհ է։ Երբ սովորողը ճանաչում է տառը ոչ թե որպես առանձին հատիկ, այլ բառի, պատմության, խաղի ու պատկերների մեջ, ընթացքը դառնում է կենդանի, հետաքրքիր ու հարազատ:

Աշխատանքային էջերի ստեղծումն ինձ համար դարձավ ոչ միայն մեթոդական քայլ, այլ նաև ստեղծագործական դաշտ՝ որոնելու, փորձելու, փոփոխելու, նոր լուծումներ գտնելու։ Ամեն էջով ես ավելի լավ ճանաչեցի իմ դասարանը, նրանց հետաքրքրությունները, դժվարությունները, ինչպես նաև նրանց անսպառ ոգևորությունն ու բացահայտումներ անելու ցանկությունը։

Տառից տառ, բառից բառ ծնվեց մի ամբողջ աշխարհ, որտեղ յուրաքանչյուր սովորող տեսավ, որ գիտելիքը սկսվում է ոչ թե դասագրքից, այլ մտքից, զգացումից, փորձից, աշխարհը յուրահատուկ ու յուրովի ընկալելու ձևից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով