«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ռադիո և թիվի նախագծերը սովորողների խոսքի զարգացմանն ուղղված արդյունավետ ու ստեղծագործական նախագծերից են: «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-ին դասարաններից սկսած՝ սովորողները մասնակցում են դասարանական ռադիո և թիվի նախագծերի, վարում են անհատական ռադիո և թիվի հաղորդումներ:
Այսօր թվային տեխնոլոգիաները լայն կիրառում ունեն մեր ամենօրյա կյանքում, և հանրակրթության մեջ էլ դրանց ճիշտ ու նպատակային կիրառումը կարող է նպաստել ուսուցման արդյունավետության բարձրացմանը, ուսումնական առօրյան դարձնել հետաքրքիր, ստեղծագործական ու գրավիչ:
Ռադիոն որպես ուսումնական նախագիծ հանդիսանում է մայրենի խոսքի զարգացման բաղկացուցիչ: Եթե կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում ուսումնական ռադիո և թիվի նախագծերը դասարանական ու ընտանեկան թեմաներ են ներառում, անմիջականորեն կապվում են սովորողի ուսումնական առօրյայի հետ, ապա արդեն 4-րդ դասարանից սկսած՝ դրանք անդրադառնում են նաև դպրոցական կյանքին: Այստեղ կարևոր են տրված թեմաների, օրվա անցուդարձի մասին տեղեկատվական տեքստեր կազմելը, հարցեր ձևակերպելը, հարցազրույցներ վարելը, խոսքի տրամաբանական կառուցվածքը՝ սկիզբ, ընթացք, ավարտ, պահելը:
Ռադիոն որպես ուսումնական նախագիծ նպաստում է, որ սովորողը տեքստը կազմելիս հարստացնի իր լեզվական բառապաշարը, ձեռք բերի լեզվաբանական ու քերականական գիտելիքներ՝ սխալները ուղղելու միջոցով: Ձայնագրման աշխատանքները, առաջին հերթին, բավարարում են սովորողի ինքնարտահայտման պահանջմունքը, օգնում են հաղթահարել ամաչկոտությունը, խոսելու բարդույթները: Առանձնահատուկ հրճվանք են ապրում սովորողները ու բացահայտումներ անում, երբ ձայնագրումից հետո լսում են սեփական ձայնը, խոսքում նկատում են վրիպումները, փորձում են դրանք շտկել ու նորից ձայնագրվել: Խմբային աշխատանքը նպաստում է համագործակցային հմտությունների զարգացմանը, սովորողները տիրապետում են նոր համակարգչային ծրագրերի, յուրացնում են նոր հմտություններ:
Իմ մանկավարժական գործունեության ընթացքում ուսումնական ռադիոն որպես սովորողի խոսքի զարգացմանը, ինքնարտահայտմանը նպաստող գործիք ակտիվորեն կիրառել եմ: «Բզեզ» և «Ընկերություն» ռադիոների ընթացքին կարող եք ծանոթանալ կցված հղումներով:
2024-2025 ուստարում «Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողների հետ ստեղծեցինք «Հարավային» ռադիոն որպես կրթական նորամուտ: Այն շուրջտարյա ուսումնական նախագիծ է: Առաջին թողարկումը 2024 թվականի նոյեմբերի 29-ին էր: Հաղորդման ընթացքում պատմել ենք, թե ինչպես է ստեղծվել ռադիոն: Սովորողների հետ միասին քվեարկությամբ որոշել էինք անվանումը, ընտրել էինք նշանաբանն ու լոգոն: «Հարավային» ռադիոյի լոգոյի հեղինակն արդեն 5-րդ դասարանցի Դանիել Վարդանյանն է, իսկ նշանաբանն է. «Հարավային» ռադիո, լսե՛ք մեզ ու ջերմացե՛ք»: Մեկ տարվա ընթացքում 35 և ավելի թողարկում է ունեցել, շաբաթական՝ մեկ թողարկում:
Ուսումնական ռադիոյի աշխատանքները կազմակերպվել են մի քանի փուլով: Նախապատրաստական փուլում սովորողները թեմայի շրջանակում գրել են տեքստը, կազմել են հարցեր, տարբեր աղբյուրներից գտել ու դուրս են բերել թեմայի վերաբերյալ տեղեկություններ: Աշխատանքի երկրորդ մասում միասին մշակել ու ամբողջացրել են տեքստը, հարցերը: Երրորդ փուլում իրականացրել են ձայնագրման աշխատանքները, վարել են հարցազրույցներ: Հաջորդ փուլում մոնտաժային աշխատանք է կատարվել, ընտրվել է համապատասխան երաժշտություն: Հինգերորդ փուլում համապատասխան լոգոյով ձայնագրությունը հրապարակվել է soundcloud.com հարթակում բացված համապատասխան անվանումով էջում:
«Հարավային» ռադիոյի աշխատանքներին մասնակցում են տարբեր դասարանների սովորողներ: Մասնակցում են ոչ միայն այն սովորողները, որոնց ես դասավանդում եմ, այլ նաև կարող են աշխատանքի տարբեր փուլերում ընդգրկվել այլ դասարանների սովորողներ, դպրոցում իրականացվող նախագծերի ակտիվ մասնակիցներ:
Սովորողներն ուսումնական ռադիոյի աշխատանքներին մասնակցում են ընտրությամբ: Կարևորում եմ իրենց ցանկությունը, ինչպես նաև փորձում եմ ընդգրկել այն սովորողներին, ովքեր ունեն տարբեր դժվարություններ: Ամեն անգամ ձևավորվում են 2-4 հոգանոց խմբեր: Խմբի ներսում կատարվում է աշխատանքի բաժանում: Հաղորդումներին նախապատրաստվելը լրացուցիչ աշխատանք է, որը կատարում են ուսումնական պարապմունքներից հետո: Ձայնագրման աշխատանքները նույնպես կատարվում են ուսումնական պարապմունքներից հետո: Դպրոցի տարածքում ընտրում ենք հնարավորինս անաղմուկ տարածք, որպեսզի կարողանանք ձայնագրել: Մոնտաժային աշխատանքները կատարվում են իմ օգնությամբ, ուղղորդմամբ:
Ռադիոհաղորդումներին մասնակցել են տարբեր դասարանների տարբեր սովորողներ: Հիմնականում մասնակցել են 4-րդ դասարանցիներ: Մեկ ռադիոհաղորդման ստեղծման աշխատանքներին մասնակցել են 2-4 սովորող:
Ռոադիոհաղորդումների շրջանակում պատմել են Հարավային դպրոցի ուսումնական անցուդարձի մասին, հարցազրույցներ են վարել տարբեր դասավանդողների, սովորողների հետ: «Հարավային» ռադիոյի եթերում կարող եք լսել հարցազրույցներ դասավանդողներ Շամիրամ Պողոսյանի, Աննա Թորոսյանի, Աննա Թամրազյանի, Լենա Ղազարյանի հետ, ինչպես նաև տարբեր դասարանների սովորողների հետ: Հաղորդման թեմաները տարբեր են՝
- Կլոր սեղանների, նորամուտների, այցելությունների լուսաբանումներ,
- Նախագծային աշխատանքների մասին պատումներ,
- Ճամբարային գործունեության մասին պատումներ,
- Հարցազրույցներ,
- Ճամփորդական լուսաբանումներ:
«Հարավային» ռադիոյի հաղորդումները կարող եք ունկնդրել այս հղմամբ:
Ստորև առանձնացված է հաղորդումների ընտրանին.
- «Ռուսալեզու սովորողները Հարավային դպրոցում» կլոր սեղան
- «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծ. հանդիպում բանաստեղծ Գոհար Գալստյանի, մանկագիր Նանեի, հեքիաթագիր Սաթենիկ Ղազարյանի հետ
- Հարավային դպրոցի ծեսերի կենտրոնի՝ թոնրատան նորամուտ, հարցազրույց Շամիրամ Պողոսյանի հետ
- Հարավային դպրոցի տեխնոլոգիայի սրահի նորամուտ, հարցազրույց Աննա Թորոսյանի հետ
- «Շրջիկ հեքիաթասացներ» նախագծի մասին
- «Փոքրիկների մեծ աշխարհում» փոդքասթ-նախագծին մասնակցության մասին
- «Ձոն» ցուցահանդես-հանգանակության մասին
- «Կանաչ օր» նախագիծ, հարցազրույց Աննա Թամրազյանի հետ
- Մայիսյան 20-րդ հավաքի մասին
- «Հակաբացիլ շարականներ» նախագծի մասին
- 4-րդ դասարանցիների տարեվերջյան ամփոփիչ ստուգումների մասին
- Աշնանային ստեղծագործական հավաք. բացօթյա պարապմունքների մասին
- Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը ու վարչական շրջանի աշխատակիցների այցի մասին
Բացի վերը նշված թեմաներից՝ «Հարավային» ռադիոյի եթերները պատմել են հունվարյան և հունիսյան ճամբարների մասին, հատուկ թողարկումներ են ունեցել Արատեսից:
- «Հարավային» ռադիոն Արատեսում է. օր առաջին
- «Հարավային» ռադիոն Արատեսում է. օր երկրորդ
- «Հարավային» ռադիոյի եթերում Արատեսի նորեկներն ու հնեկներն են
Այս նախագիծը շարունակական է: Յուրաքանչյուր ուսումնական տարում այն ընդգրկում է նոր դասարաններ ու նոր սովորողներ:
