«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ցուցահանդես-հանգանակություններն ամրագրված են օրացույցով և դպրոցի դասավանդողների, սովորողների, ծնողների համար դրանք սպասված ու հետաքրքիր օրեր են։ Ցուցահանդեսների նախապատրաստական աշխատանքը երկարատև, բարդ, բազմաշերտ, բայց և հետաքրքիր ուսումնական աշխատանք է։
Ցուցահանդեսներին մասնակցում են կրթահամալիրի բոլոր սովորողները՝ 2 տարեկանից սկսած, արտադրությամբ մասնակցում են նաև ընտանեկան դպրոցները։ Նախ՝ որոշվում է ցուցահանդեսի ուղղվածությունը (սա պայմանավորված է նախագծային օրացույցով), ապա՝ ըստ ցուցահանդեսի ուղղվածության՝ դասավանդողները սովորողների հետ սկսում է նախագծային քննարկումը՝ ինչ են ուզում պատրաստել, ինչին այն պետք է ծառայի, ինչ նյութեր են դրա համար անհրաժեշտ, ինչ ճանապարհով նյութերը ձեռք բերել․․․ Արդյունքում ստեղծվում են ցուցահանդեսի նախագծերը, ժամանակացույցը, անհրաժեշտ ապրանքների ցանկը, և դրանց ձեռքբերման ուղղությամբ սկսում է աշխատանքը։ Երբեմն հնարավոր չի լինում նյութերը կրթահամալիրի գնումների համակարգով ձեռք բերել, և անհրաժեշտություն է առաջանում, որ նախագծի հեղինակը դրանք որևէ կայքից պատվիրի։ Նախագծերը կազմելիս կարևոր է նաև նկատի ունենալ սովորողների տարիքը, նրանց կարողությունները և հմտությունները։ Այս ուսումնական տարում Արևմտյան դպրոցն օրացույցում ամրագրել էր նոյեմբերը, և դպրոցով պատրաստվում էինք այդ ցուցահանդեսին։
Ցուցահանդեսին ներկայացվող նախագծեր
- Տոնական մոմեր, կախազարդեր — Լենա Վարդանյան
- Նկարազարդ պայուսակներ- Լուսինե Պետրոսյան Գ․
- Էջանշաններ, կավե դիմակներ, նկարներ- Արմինե Գյոնջյան
- Անուշաբույր կախազարդեր- Մայրանուշ Համբարձումյան
- Կավե մոմակալներ, արքայանարնջի չիր- Վարսիկ Աթոյան
- Կավե զանգեր, մագնիսներ, այլ պարագաներ — Նարեկ Ստեփանյան
- Տոնական մոմեր- Աշխեն Թադևոսյան
- Փայտե կրծքազարդեր և մագնիսներ- Քրիստինե Հովսեփյան
- Ծիսական գաթա- Լուսինե Պետրոսյան Ռ․
- Թթվային տարոսիկներ- Մարգարիտ Թամազյան
- Կտորե պայուսակներ- Զարուհի Սեդրակյան
- Նկարազարդ բաժակներ, նկարներ- Նարեկ Հակոբյան
- Օգտակար բույսեր, հումուս, թաղարային բույսեր- Ասյա Ծատրյան
- Ցուցահանդեսի հյուրասիրություն- Անահիտ Խաչատրյան
Ցուցահանդեսին մասնակից խմբերը մի քանի տեսակ են լինում․ դասարանական խմբեր, երբ սովորողները ցուցահանդեսին պատրաստվում են դասվարի նախագծով իրենց տեխնոլոգիայի ժամերին, ընտրությամբ գործունեության խմբեր, տեխնոլոգիա դասընթացի առանձին խմբեր, որոնք կարող են արտադրանքն ընտանիքներում ստեղծել։
Դասվարներին, որպես խորհրդատու մասնագետ, կցվում են տեխնոլոգ-դասավանդողները, որպեսզի ուղղորդեն և օգնեն։ Այս աշխատանքին մասնակցում են բոլոր սովորողները, և նրանց համար կարևոր է, որ իրենց աշխատանքը ներկայանա ցուցահանդեսին։ Սա կարևոր է նաև ծնողների համար, այդ պատճառով դասվարից մեծ ջանք է պահանջվում, որ բոլոր սովորողների աշխատանքները ներկայանալի տեսք ունենան, լինեն կոկիկ և ավարտուն։
Ընտրությամբ գործունեության խմբերում աշխատանքը շուրջտարյա է․ դասավանդողը յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում է իր նախագիծը, և սովորողների հետ սկսում են այդ նախագծի շուրջ աշխատել ու սովորել։ Հաջողված աշխատանքներն ընտրվում են, թրծվում, շրջանակի մեջ առնվում։ Քանի որ միայն հաջողված աշխատանքներն են ներկայացվում ցուցահանդեսին, սովորողների համար շատ ոգևորիչ և կարևոր իրադարձություն է այն, որ իրենց աշխատանքը ցուցահանդեսի համար առանձնացվում է։
Տեխնոլոգիա առարկայի խոհանոցային գործ, բուսաբանություն և կենդանաբանություն դասընթացներին սովորողները որևէ արտադրանք են պատրաստում, և ցուցահանդեսներին անպայման այս խմբերի աշխատանքները ևս ներկայացվում են։ Ի տարբերություն մյուս դեպքերի՝ տեխնոլոգիական արտադրությունը խմբային աշխատանքի արդյունք է․ այն չունի կոնկրետ հեղինակ։
Կարևոր են նաև ընտանեկան նախաձեռնությունները: Արդեն որերորդ տարին է, որ սովորողները որոշում են ծնողների հետ պատրաստվել և իրենց պատրաստածը ցուցահանդեսին ներկայացնել: Մինչև ցուցահանդեսն այդ աշխատանքները դպրոց են բերում, ցույց են տալիս տեխնոլոգ-դասավանդողներին, ստանում նրանց հավանությունը, որից հետո միայն ներկայացնում են ցուցահանդես-հանգանակությանը:
Հետաքրքիր և ուսումնական աշխատանք է նաև սովորողների՝ ցուցահանդեսին պատրաստվելն ու մասնակցելը։ Այն սկսում է ցուցանմուշների դասավորությամբ, որովհետև պետք է որոշել՝ ինչը որտեղ դնել, ինչպես ցուցադրել, որ աշխատանքներն ավելի տեսանելի, ներկայանալի լինեն։
Արդեն որերորդ տարին է, որ ցուցահանդեսի հիմնական մասնակցները դառնում են սովորողները։ Անգամ այն դեպքում, երբ ծնողները ներկա են, նրանք գումարը երեխային են տալիս, որ ինքնուրույն ընտրի։ Սա սովորողներից շատերի համար ճաշակի, ինքնուրույնության զարգացման առաջին քայլերից է, և կաևոր փուլ է դառնում նրանց կյանքում։ Հետաքրքիր է կողքից դիտել, թե ինչ երկար և դժվար են սովորողներն ընտրում, ինչքան մանրամասն և ուշադիր են ուսումնասիրում աշխատանքները, զրուցում դրանց հեղինակների հետ, որոշում, թե որքան կարելի է գնահատել աշխատանքը և այլն։ Սովորողների կուտակումներից խուսափելու համար այս տարի ցուցահանդեսին մասնակից խմբերի հերթափոխ էինք կազմակերպել, և մեկը մյուսին հաջորդելով՝ 1-6-րդ դասարանի բոլոր սովորողները հնարավորություն ունեցան մասնակցելու ցուցահանդեսին, առանց շտապելու, հրմշտոցի դիտելու աշխատանքները և կատարելու իրենց հանգանակությունը։




Կարևոր է արձանագրել նաև, որ հանգանակության արդյունքում ստացած գումարը ևս ուսումնական նպատակով է օգտագործվում, և յուրաքանչյուր հանգանակությունից առաջ ներկայացվում է կրթահամալիրի ուսումնական միջավայրի զարգացմանն ուղղված որևէ ծրագիր, որին ուղղվելու է ողջ գումարը:
Այսպիսով, վստահորեն կարելի է ասել, որ ցուցահանդես-հանգանակություններն սկզբից մինչև վերջ ուսումնական աշխատանք են, որոնք նպաստում են սովորողների բազմաթիվ կարողությունների զարգացմանը, կրթահամալիրի առաջխաղացմանը:
