Գոմքի գյուղական ճամբարի ապրվող պատմությունը․․․ Երեք օր, որոնք նույնիսկ ավարտվելով չեն վերջանում։
Նախագիծը՝ նոյեմբերի 13-15
Գյուղական-ընտանեկան ճամբար Վայոց ձորի Գոմք գյուղում
Կան վայրեր, որոնք աշխարհում պարզապես կետեր չեն։ Կան վայրեր, որոնք մոտենում են քեզ այնպես, ինչպես մարդ, որ վաղուց է քեզ ճանաչում։ Գոմքը հենց այդպիսի վայրերից է՝ թաքնված Վայոց ձորի լեռների մեջ։ Գյուղ, որտեղ լռությունը չի վախեցնում, ճանապարհը չի ավարտվում, և որտեղ հողի շունչը, մարդկանց ջերմությունն ու համայնքի միասնությունը ծնունդ են տալիս մի ճամբարի, որն արդեն վաղուց չի ենթարկվում եղանակներին։ Այն գործում է ամբողջ տարին, որովհետև այստեղ կատարվողը սեզոններ չի ճանաչում։
Սեբաստացիական փորձը՝ գործնական ու ստեղծարար նախագծերը, ճամբարային մտածողությունը և համայնքի ակտիվ մասնակցությունը, սերմերի նման ընկնում են Գոմքի հողի մեջ՝ հիմք դնելով գյուղական–ընտանեկան ճամբարի գաղափարին։ Գոմքի այս ճամբարը պարզապես նախաձեռնություն չէ․ այն կյանքի ձև է դարձել։ Կրթամշակութային միջավայր, որը միայն չի սովորեցնում, այլև փոխում է երեխաներին՝ դարձնելով նրանց ավելի զգոն, ավելի մոտ հողին, աշխատանքին և իրար։
Ճամբարի մասնակիցներից մեկը մի օր ասաց․ «Նրանք, ովքեր գյուղ են գալիս, ընկնում են գյուղական հոգսերի մեջ, բայց՝ խնամքով, սիրով ու հոգատարությամբ»։ Մի նախադասություն, որտեղ ամփոփված է Գոմքի ամբողջ էությունը։
Վերջին տարիներին այս փոքրաթիվ բնակչությամբ, բայց մեծ հոգով գյուղը վերածվել է յուրօրինակ կրթական կենտրոնի։ Դպրոց–ճամբար–գյուղ միությունը դարձել է կենդանի շղթա, որտեղ դպրոցը ճամբարի սիրտն է, ճամբարը՝ գյուղի նոր շունչը, իսկ գյուղը՝ դպրոցի արժանի շարունակությունը։
Բայց սա մեր առաջին համագործակցությունը չէր, ու հենց դա է կարևոր։ Մենք Գոմքում «նոր հյուրեր» չենք․ տարվա ընթացքում տարբեր նախագծերով այստեղ ենք եղել, եկել ու գնացել, նորից վերադարձել։ Այդ ընթացքում դպրոցը, երեխաները, ուսուցիչներն ու գյուղը մեզ համար հարազատ են դարձել։ Գոմքը այն վայրերից է, որտեղ ժամանակի ընթացքում պարզապես սկսում ես քեզ լավ զգալ՝ առանց ավելորդ բացատրությունների։ Եվ հենց այդ շարունակական աշխատանքի շնորհիվ է, որ այս ճամբարը հասունացել է, ձևավորվել, դարձել այն, ինչ կա այսօր։
Այս համագործակցությունը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես այցելությունների կամ առանձին միջոցառումների շրջանակից։ Այն դարձել է շուրջտարյա, կենդանի մի գործընթաց, որտեղ կրթությունը, մշակույթը և համայնքային շփումը միաձուլվում են՝ ստեղծելով վստահության ու փոխադարձ ճանաչման միջավայր։
2025 թվականը դրա լավագույն վկայությունն է։ Տարվա հենց սկզբում՝ հունվարի 30-ից փետրվարի 1-ը, Գոմքի միջնակարգ դպրոցում կյանքի կոչվեց Ղափամայի ծեսը։ Դա պարզապես ավանդական ուտեստի ներկայացում չէր, այլ սերնդեսերունդ փոխանցվող հիշողությունների, ջերմության ու համախմբման տոն, որտեղ երեխաները զգացին մշակույթի կենդանի շունչը։
Գարունը շարունակվեց կրթական ու հայրենագիտական նոր շնչով։ Մայիսի 7-ից 9-ը կրթական փոխանակումներով այցելեցինք և հայրենագիտական քայլք կազմակերպեցինք Վայք համայնքում՝ ընդգրկելով Գոմքը, Հերհերը և Խնձորուտը։ Այդ օրերին ճանապարհները վերածվեցին դասասենյակների, իսկ բնությունը՝ ուսուցչի․ քայլ առ քայլ բացահայտվեց հայրենիքի պատմությունը, բնաշխարհը և համայնքների կենսունակ առօրյան։
Մայիսի 27-ից 29-ը Գոմքի միջնակարգ դպրոցի սաները երեք օր անցկացրին կրթահամալիրում։ Այդ այցը դարձավ ոչ միայն նոր գիտելիքի, այլ նաև ընկերությունների ու վստահության կամուրջ՝ ցույց տալով, որ դպրոցները կարող են լինել բաց, փոխադարձ սնվող կրթական տարածքներ։
Տարին եզրափակվեց ամառային շնչով ու հավաքական ուրախությամբ։ Հունիսի 26-ից 28-ը Արատեսում կազմակերպված Ընկերության ճամբարում Վայք համայնքից մասնակցեցին շուրջ 70 ճամբարականներ։ Այդ օրերին միասին ապրելը, սովորելը և ստեղծելը վերածվեցին մի փորձառության, որը դեռ երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ՝ որպես համագործակցության, ընկերության և միասնականության կենդանի օրինակ։
Այս բոլոր նախաձեռնությունները միասին պատմում են մի պատմություն, որտեղ կրթությունը միայն դասագիրք չէ, այլ՝ ապրում, շարժում և շարունակվող կապ՝ մարդկանց ու համայնքների միջև։
Հասունացել էր գյուղական-ընտանեկան ճամբարի գաղափարը Գոմք գյուղում։ Եվ արդեն նոյեմբերի 13-ից 15-ն այն վերածվեց իրականության՝ համախմբելով ընտանիքներ, երեխաների ու մեծերի՝ միասին ապրելու, սովորելու և կիսվելու նույն ջերմ միջավայրում։
Նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին դեռ օրեր առաջ․ ընտանիքները պատրաստվել էին, սեղանները՝ «մտածել», մանրուքները՝ «տեղը դրել»։ Ցուրտ եղանակն իր պայմաններն ու դժվարություններն ունի, բայց գոմքեցիները հաճույքով էին համաձայնել՝ առանց երկմտելու։ Սպասող ընտանիքների մեջ էին նաև այն սովորողները, որոնք արդեն նախորդ ճամբարից իրար ճանաչում էին, շփվել էին, և այդ հանդիպումը նոր ծանոթություն չէր, այլ բնական շարունակություն։
Մեր այցի օրը դպրոցի բակում մեզ դիմավորող երեխաների ու ծնողների հուզմունքն այնքան անկեղծ էր, որ մի պահ անգամ զգացի՝ այստեղ համագործակցությունը «չի կառուցվում», այլ պարզապես «տեղի է ունենում»․․․Ո՛չ մի բաժանարար գիծ, ո՛չ մի արհեստականություն․․․Երեխաների աչքերում արդեն այն «բացությունն» ու վստահությունն էր, որը միայն ճամբարական կյանքն է տալիս։
Երկրորդ օրը մենք արդեն ընտանիք էինք․․․Միասին դպրոց գնալ, հետո դպրոցի սահմաններից դուրս՝ դաշտեր, արահետներ, նոր բացահայտումներ․․․ Համատեղ ուտելիք՝ գյուղական թարմությամբ ու տան համով․․․Երբեմն կանգնում էի, հետ նայում ու մտածում՝ «սա՞ է մեր աշխատանքի իրական արդյունքը»։ Երեխաներ, որոնք լսում են իրար, օգնում, առաջարկում, նախաձեռնում։ Սովորողներ, որոնք հրահանգի չեն սպասում․ նրանք արդեն կազմակերպող են, շարժիչ ուժ։
Դպրոցում սկսեցինք մեր ծրագրերը․ և հենց այդ պահին զգացվեց, թե որքան էներգիա ու հետաքրքրություն կա երեխաների մեջ։ Ֆլորա Դավթյանը ներկայացնում էր Ազգային տոներն ու ավանդույթները․ երեխաները՝ աչքերում ծակող ոգևորություն, մասնակցում էին, հարցնում, քննարկում, փորձում ամեն ինչ վերընթերցել ու նոր բացահայտումներ անել։ Նանե Թորոսյանը նրանց ծանոթացրեց լարային գործիքներին, սովորեցրեց նաև ազգային երգեր։ Դպրոցում նաև դաշնամուր կար․ այսօր առաջին անգամ դաշնամուրի ձայնը լսվեց դպրոցի սրահում․ երեխաների դեմքերին երևացող զարմանքն ու հրճվանքը անմոռանալի էր (դպրոցը չունի նվագող ուսուցիչ):
Ուսումնական օրը շարունակեցինք թթուդրիկի ծեսով․․․ Փոքրիկ, բայց շատ խորհրդանշական արարողություն, որտեղ բոլորը պատրաստեցին, համտեսեցին ու ծիծաղեցին։ Ծեսի ընթացքում հնարավոր չէր չնկատել՝ ինչպես փոքրիկ ձեռքերը, բաց աչքերը և համատեղ ջանքը համախմբում էին բոլորիս հե՛նց այդ յուրահատուկ պահի մեջ։
Իսկ արդեն երեկոյան՝ վառարանի շուրջը՝ իրար հերթ չտվող պատմություններ, երգեր, ծիծաղ։ Այն մթնոլորտը, որը ոչ մի դասագիրք չի կարող փոխանցել։
Այս ճամբարում երեխաները դառնում են համայնքի «փոքր դեսպաններ»։ Գոմքը տանում են իրենց քաղաք, իրենց դպրոց, իրենց ընտանիք։ Պատմում են, հիշում են, հետո՝ վերադառնում։ Եվ այդ վերադարձն արդեն արժեք է․ Գոմքը դառնում է ոչ թե հեռու գյուղ, այլ վերագտնված արմատ։
Ճամբարը հանգստի կամ ժամանակ լցնելու «մասին չէ»։ Այն ունի իր խորքային առաքելությունը՝
վերականգնել այն կապը, որը ժամանակը հաճախ փորձում է քանդել՝ կապ հողի, աշխատանքի, արմատների և համայնքի հետ։
Մեր այս այցը Գոմքում կազմակերպված հերթական ընտանեկան-գյուղական ճամբար դարձավ ոչ միայն մասնագիտական փորձի, այլև մարդկային կապերի ամրապնդման նոր հարթակ։ Գոմքի դպրոցի հետ մեր համագործակցությունն արդեն ավանդույթ է, իսկ այս երեք օրերը ցույց տվեցին, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բաց ու ստեղծարար ոգին այստեղ ապրում է՝ քայլ առ քայլ, շնչառություն առ շնչառություն։
Երբ ճամբարի վերջում իրերն էինք հավաքում, մի քանի սովորող հարցրին․ «Ե՞րբ եք նորից գալու»։ Այդ հարցման մեջ բառերից ավելին կար։ Այն շնորհակալություն էր, սպասում, հարաբերություն, որոնք չեն ավարտվում վերջին օրով։ Հենց այդ հարցին պատասխանելու ցանկությունն է, որ ստիպում է մեզ Գոմք վերադառնալ նոր նախագծերով, նոր երազանքներով, նույն ջերմությամբ։
Այս ճամբարը չի ավարտվում։
Այն սկսվում է ամեն վերադարձող երեխայի հետ։
