«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացված ցուցադրություն-հանգանակությունը ևս մեկ անգամ հաստատեց կրթահամալիրի մանկավարժական համակարգի հիմնարար գաղափարը՝ սովորողը ստեղծող և նախաձեռնող անհատ է։ Հանգանակությունը ոչ թե պարզապես հերթական իրադարձություն էր, այլ ուսումնական գործընթացի տրամաբանական շարունակությունը, որտեղ սովորողների ստեղծած աշխատանքները ներկայացվում են որպես արտադրական ուսուցման, ստեղծագործականության արդյունք։

Ցուցադրության մանկավարժական արժեքը բազմաշերտ է։ Այն կազմակերպվում է նախագծային ուսուցման շրջանակում․ սովորողներն աշխատում են ընտրված թեմաների, նյութերի և տեխնիկաների վրա։ Ցուցադրությունն այս գործընթացի տեսանելի ու հանրային ձևն է, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործություն ներկայացնում է ոչ միայն գեղարվեստական մասը, այլև ցույց է տալիս սովորողի հոգատարությունը, ներդրումը կրթահամալիրի որևէ նախագծի իրագործման, զարգացման գործում։

Հանգանակության ձևաչափը սովորողներին հնարավորություն է տալիս տեսնելու իրենց աշխատանքի սոցիալական նշանակությունը։ Երբ ստեղծագործությունը դառնում է թիմային կամ կրթահամալիրային որևէ նախաձեռնության աջակցության միջոց, այն ձեռք է բերում նոր, ավելի լայն կրթական արժեք։ Սովորողները գիտակցում են, որ կրթությունն ուղղված է ոչ միայն անձնական առաջընթացին, այլև համայնքի բարելավմանը։

Իմ դիտարկմամբ՝ հանգանակությունը մի յուրահատուկ կապ է դառնում  սովորող-ուսուցիչ-ծնող համագործակցության։

Հաջորդ կարևոր բաղադրիչն ինքնագնահատման և հանրային ներկայացման փորձն է։ Սովորողը ընտրում է իր աշխատանքները, ձևավորում է ցուցադրական տիրույթը, պատմում է ստեղծագործական ընթացքի մասին, լսում արձագանքներ։ Սա զարգացնում է ինքնավերլուծության, ինքնավստահության և հաղորդակցման ունակություններ, որոնք կրթահամալիրիում իրականացվող մանկավարժության առանցքային նպատակներից են։

Հանգանակության ընթացքում ձևավորվում է յուրահատուկ ուսումնամշակութային միջավայր, որտեղ ստեղծագործական աշխատանքը դառնում է ուսուցման, հաղորդակցության և համայնքը զարգացնելու միջոց։

Ինչպես սկսվեց կրթահամալիրում հանգանակության գաղափարը։

Բոլորիս համար դժվարին օրերին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, կրթահամալիրում շարունակվում էր կյանքը, շարունակվում էր օգնությունը, աջակցությունը թիկունքից: «Թիկունքն առաջնագծին» նախագծի շրջանակում կրթահամալիրով մեկ, սեբաստացիներով մեր օգնությունն էինք ցուցաբերում յուրքանչյուրին, ով ուներ դրա կարիքը։

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի շրջանակում՝ 2020 թվականի նոեյմբերին, կազմակերպվեց առաջին ցուցահանդես-վաճառք-հանգանակությունը, որտեղ ներկայացված էին սվորողների, դասավանդողների, սեբաստացի ընտանիքների պատրաստած աշխատանքները։ Հանագանկության շնորհիվ Հարավային դպրոցը հավաքվեց 440,000 դրամ, որը փոխանցվեց Զինվորների ապահովագրության հիմնադրամին։

Ուշագրավ է սեբաստացիների համախմբումը մյուս կարևոր գործում․ «Սեբաստացիներ» հիմնադրամը ասկերանցի Համբարձումյանների ընտանիքին «Հոգատարություն» նախագծի շրջանակում փոխանցեց հանգանակության արդյունքնում հավաքված գումար՝ տան շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և ընտանիքով մի հարկի տակ միավորվելու համար:

2021 թվականի նոյեմբերին ավանդույթը շարունակվեց և դարձավ ամենամյա ստուգատես։

Հանգանակության արդյունքում հավաքված գումարը փոխանցվում էր «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին՝ դպրոցի բարեկարգման համար առաջնահերթ որևէ խնդիր կարգավորելու համար։ Իսկ բարեկարգումը, ուսումնական միջավայրի նորացումն ամեն օր կարող ենք տեսնել։

Կարևոր խնդիր էր դարձել Հարավային դպրոցի նոր ուսումնական 1-ին հարկի բարեկարգումը, քանի որ սովորողների թիվը մեծացել էր, անհրաժեշտ էին նոր ուսումնական տարածքներ, լաբորատորիաներ։

Նպատակը միավորող էր։ Եվ հավաքած գումարն էլ ծառայեց իր նպատակին։ Նպատակները յուրաքանչյուր տարվա համար տարբեր են՝ ըստ կարևորության, առաջնահերթության։

«Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ

Նախատեսվող ծրագրեր՝

  • ծառայությունների կենտրոն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ուսումնական ագարակում,
  • աջակցություն սեբաստացի սովորողների, ուսուցիչների անհատական նախագծերին,
  • աջակցություն Արատեսի «Դպրոց բնության գրկում» ուսումնական կենտրոնին,
  •  ֆուտբոլի դաշտի, Arates space աստղադիտարանի կառուցում,
  • հետազոտական կենտրոնի ստեղծում,
  •  կիսաբեռնատար ամենագնաց մեքենայի ձեռքբերում,
  • Սեբաստացի հացի տեղափոխման համար մեքենայի ձեռքբերում,
  •  Արատեսի վտանգված վանքի մասին իրազեկման արշավի կազմակերպում,
  • «Բլեյան» բաց ցանցի տարածման աջակցություն։

Ըստ տարիների ցուցանիշների հանգանակության արդյունքը հետևյալն է․

Ներկայացվող աշխատանքներ՝

Հանգանակության շրջանակում Հարավային դպրոց-պարտեզի նպատակն այն էր, որ տոնը յուրաքանչյուր ընտանիք մտներ, յուրաքանչյուրը պատրաստվեր, ներկայացներ իր աշխատանքը։ Դասավանդող, սովորող, ծնող, բոլորն էլ իրենց ներդրումն ունեցան։ Այս պարագայում գումարի չափը էական չէ, անգամ 500 դրամը կարող է կարևոր դառնալ, բայց այստեղ կարևորը գումարը չէ, նպատակն է, դրան հասնելու միջոցները, համերաշխությունը և համագործակցությունը։

Դե իսկ հոգատարության արդյունքում խնամքով պատրաստած ցուցանմուշների գնորդը սպասեցնել չի տա։

Ցուցադրություն-հանգանակությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում կրթությունը դիտվում է որպես շարունակական ստեղծագործական գործընթաց, որտեղ կարևոր է ոչ միայն վերջնական արդյունքը, այլև՝ այն մանկավարժական ճանապարհը, որով անցնում է սովորող-նախագծողը, սովորող-հետազոտողը, սովորող-ստեղծողը։

Հանգանակության մասին պատմող ֆիլմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով