«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական պլանի բաղկացուցիչ մասն են կազմում մեկօրյա ուսումնահայրենագիտական, ճանաչողական արշավները։ Մեկօրյա արշավների հեռավորությունը չպետք է գերազանցի 100 կմ հեռավորությունը։

Յուրաքանչյուր արշավ սկսվել է նախնական պատրաստությամբ. ուսումնասիրել ենք երթուղին, քարտեզի վրա նշել կանգառները, քննարկել անվտանգության կանոնները և նպատակները։ Այդ ամենը սովորողներին սովորեցրել է պատասխանատվություն, կազմակերպվածություն և փոխօգնություն։ Արշավները միայն քայլարշավ չեն եղել, այլ յուրովի  բաց դասեր բնության գրկում։ Ներկայացնում եմ նախապատրաստական աշխատանքների քայլերը’

  • Ճանապարհի քարտեզագրում
  • Նախնական տեղեկություններ (կրթահամալիրի մյուս խմբերի տվյալ ուղղության ուսումնասիրություն)
  • Կանգառներ, հայրենագիտական դիտակետեր
  • Տվյալ ճամփորդության կանոններ
  • Անհրաժեշտ իրեր
  • Ուսապարկի հավաքում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ինձ համար միշտ եղել է ոչ միայն կրթության, ինքնակրթության, այլև բացահայտումների, շարժման ու ապրումների միջավայր։ Այստեղ  իրականացրած արշավները դարձել են ուսումնական գործընթացի անբաժանելի մաս՝ միավորելով ճանաչողությունը, թիմային աշխատանքը և բնության հետ կենդանի շփումը։ Ճամփորդելիս  ավելի արագ և բազմակողմանի կարողանում ես բացահայտել սովորողին՝ նախասիրություններ, հետաքրքրություններ և այլն:
Քայլելով տարբեր ուղղություններով՝ բացահայտել ենք մեր երկրի ամեն մի անկյունը՝ ամրոցներ, լեռներ, կիրճեր, պատմամշակութային հուշարձաններ, տարբերվող գյուղական միջավայրեր։ Ճանապարհին դիտարկել ենք տվյալ վայրի բուսական աշխարհը (ուտելի և բուժիչ, ծարավ հագեցնող խոտաբույսեր), ապարներ (ստեղծել ենք ապարների սեփական հավաքածուն),  զրուցել ենք շրջակա միջավայրի պահպանության կարևորության մասին։ Ամեն ուսումնահայրենագիտական ճամփորդության ժամանակ արշավականները ձեռք են բերել համեմատելու, եզրակացություններ անելու հմտություններ։

Արշավների ընթացքում ձևավորվել է ջերմ, ընկերական մթնոլորտ։ Խմբային խաղերը, համատեղ բրդուճային ընդմիջումները, ընկերոջ հետ բրդուճ կիսելը, զրույցներն ու երգերը, պարերգերը նպաստել են, որ սովորողներն ավելի լավ ճանաչեն միմյանց և իրենց։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացրած արշավները ցույց են տվել, որ կրթությունը կարող է դուրս գալ դասասենյակից և դառնալ կենդանի փորձառություն։ Այս արշավները ոչ միայն հարստացրել են գիտելիքները, այլև ձևավորել են բնության հանդեպ սեր, քաղաքացիական պատասխանատու դիրքորոշում և առողջ կենսակերպի կարևորություն։

Արշավները շարունակվում են՝ յուրաքանչյուր անգամ նոր երթուղի, նոր պատմություն և նոր բացահայտում բերելով իրենց հետ։

Ամեն տարի, որպես նորարաություն, փորձում ենք հայտնաբերել, մշակել նոր ուղղություններ։ Մանրամասն, ծիպուկ-ծիպուկ ճանաչել, սիրել ու պահպանել հայրենի ամեն մի փոքրիկ անկյունը։ Ստորև ներկայացնում եմ սովորողների հետ բացահայտած դեպի Մեղրաձորի ջրվեժ ուսումնահայրենագիտական ճամփորդությունը։

Հայրենապատում Մեղրաձորի ջրվեժի

Աշնանային արձակուրդներից հետո սովորողների տարատարիք խմբով (4-6-րդ դասարան) պատրաստվում էինք արկածային արշավի դեպի Մեղրաձորի ջրվեժ։ Մեղրաձոր-Հանքավան տարածքը իմ մանկության ամենաջերմ հայաստանյան անկյուններից էր։ Ջրվեժն առաջին անգամ ինձ համար բացահայտել եմ 10-11 տարեկանում, ընտանեկան հերթական ամառային արձակուրդի ժամանակ, մայրիկիս հետ…

Սովորողների հետ նախապես քննարկել, զրուցել, պատրաստվել էինք արշավին, անտառում քայլելու կարգ ու կանոնին և այլն։ Արշավային այս ուղղությունն առաջին անգամ էի անցնելու  տարիքային այս խմբի հետ։

Երբ հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում,  սովորողների աչքերում իսկական ուրախություն էր ու հետաքրքրություն մեր արկածային (սովորողների ասելով էքստրիմ) ճամփորդությանը։ Նրանց պայուսակները լի էին ոչ միայն թեյով ու ուտելիքով, այլև ոգևորությամբ ու ժպիտներով։ Արփին նույնիսկ իր հետ մանրադիտակ էր վերցրել…

Ճանապարհին ավտոբուսում երգեցինք, զրուցեցինք, ծանոթացանք այն գյուղերին, վայրերին, որոնցով անցնում էինք։

Երբ հասանք Մեղրաձոր, սկսվեց մեր քայլարշավը դեպի ջրվեժ։ Ճանապարհն անցնում էր անտառի արահետով,  մի կողմում՝ խոր աշնան գույներով անտառն էր, մյուսում՝ փրփրուն գետակ։ Սովորողները հետաքրքրված էին ամեն մանրուքով՝ եղյամով (իմ դեպ շատ հետաքրքիր էր, սովորողները շփոթեցին ձյան հետ), քարերի կլոր — կլոր,  մեծ-մեծ ու սղլիկ տեսքով։ Երբեմն հանդիպում էինք ձիավորների (մեր կանգառի տեղից ներքև գտնվում էր ձիարշավներով զբաղվող կենտրոնը, ու բավականին խմբեր կային):

Քայլելով մոտ մեկ ժամ կամ 2450 քայլ (ըստ Արփի Արևշատյանի քայլքի հավելվածի)՝ հասանք մեր նպատակին։ Եվ ահա ծառերի ետևից հանկարծ երևաց ջրի փայլը։ Ջրվեժը բարձր ժայռից թափվում էր ձայնով, որը իսկապես հիշեցնում էր թռչնի երգ։ Այդ պատճառով էլ մարդիկ այն անվանել են Չռիկ (տարբերակներից մեկն է): Ջուրը զուլալ էր ու սառը, և երբ արևի ճառագայթները ընկնում էին դրա վրա, ջրի շիթերի մեջ ծիածան էր առաջանում։  Հայաստանյան ջրվեժներից Մեղրաձորի ջրվեժը տարբերվում էր իր կասկադային կառուցվածքով ու սառնությամբ, ափամերձ քարերի ամբողջական, սղլիկ լինելով, որն էլ ավելի էր բարդացնում ջրվեժին մոտենալը։

Արշավականներն մոտեցան ջրվեժին․ ոմանք ձեռքերը լվացին, մյուսները սկսեցին քարեր հավաքել՝ որպես երկրաբանական հավաքածու։ Մենք միասին կանգնեցինք՝ լսելով ջրի մեղմ, հանգստացնող ձայնը։ Այդ պահին սովորողների դեմքերի վրա տեսնում էի զարմանք, հիացում ու խաղաղություն։

Մեր արշավախմբի մասնակիցների համար արշավը կարելի էր համարել միջին բարդության։ Բարդ էր ջրվեժին մոտենալը՝ սղլիկ քարերով մագլցելով։ Այ հենց դա գրավեց սովորողներին, և մոտ 2 ժամ անցկացրինք ջրվեժի մոտ, իսկ երբ ծարավեցինք, քայլեցինք վերև և վայելեցինք ակունքի մոտ գտնվող սառնորակ գետակի ջուրը (մասնագիտական է, այդպես էինք անում երկրաբանական արշավախմբերի ժամանակ):

Այնուհետև փոքրիկ բացատում նստեցինք հանգստանալու։ Երեխաները կիսվեցին իրենց օրապահիկ բրդուճներով՝ խնձորներով, բլիթներով (փանկեյքերով), հացով։ Մենք թեյ խմեցինք ու խոսեցինք այն մասին, թե որքան կարևոր է բնությունը պահպանելը, որ այն ոչ միայն գեղեցկություն է, այլև կյանք։

Վերադարձին սովորողները կիսվում էին իրենց տպավորություններով։

Տեղեկատվական — Մեղրաձորի ջրվեժը գտնվում է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտ։ Մեղրաձոր գյուղի ցուցանակից մոտ 5 կմ հեռավորության վրա մինչև ճամբարի ստորին հատված, այնտեղից քայլքով մոտ 1-1,5 (կամ 245 քայլ անտառի արահետով): Ջրվեժին կարող էինք մոտենալ մի քանի ուղղությամբ, բայց  ամենահարմարը տաղավարի մոտ գտնվող բնական աստիճանաձև ժայռաբեկորն է։

Հ. Գ. – Ցավով պետք է արձանագրեմ, որ չեմ կարող համեմատել իմ մանկության Չռիկի հետ (այն ժամանակ մայրիկիս հետ շատ դժվարությամբ, ջրի ձայնով գտանք ջրվեժը )։ Մարդու միջամտությունը նկատելի փոխել էր ջրվեժի ճանապարհը,  մոտակայքը (տաղավար, մանղալ և այլն):

Սովորողների ճամփորդական պատումներից

Ուսուցիչների օգնությամբ հնարավորինս բարձրացանք գետի ակունքն ի վեր ու բռով ջուր խմեցինք (ընկեր Իվետան ասում էր, որ իրենք՝ երկրաբանները, այդպես են արել արշավների ժամանակ): Անմահական սառը ջուր էր…

Գոհար Խուդոյան

Մենք գնացինք դեպի գետ, և այնտեղից ջուր խմեցինք: Մինչև գետ  հասնելը պետք է անցնեինք սղլիկ քարերի վրայով բարձրանալու փորձությունը…

Մարի Մաթևոսյան

Ճանապարհը շատ հետաքրքիր էր։ Մեքենայի մեջ  երգում էինք, կատակներ անում, իսկ ընկեր Իվետան ամեն ինչ պատմում էր այն վայրերի մասին, որտեղով անցնում էինք։ Երբ հասանք Մեղրաձոր, սկսվեց ամենահետաքրքիր մասը՝ քայլարշավը դեպի ջրվեժը

Մանե Սուղյան

Ես ճամփորդել էի դեպի Մեղրաձոր։ Այնտեղ մենք բարձրացանք սարեր և տեսանք ջրվեժը։ Շատ լավ տեղ էր։ Ես աչքերիս չէի հավատում, որ այնտեղ ձյուն կլիներ

Դանիել Ղարաքեշիշյան

Ճանապարհին մենք տեսանք ձիուկներ: Աշնանային անտառը շատ գունեղ էր և գեղեցիկ: Մենք խմեցինք աղբյուրից ջուր, տեսանք ջրվեժը և վերադարձանք դեպի մեր ավտոբուսը

Կարոլինա Մելիքյան

Մենք նստեցինք քարերի վրա, ոմանք փորձեցին մոտենալ ջրի հոսքին ու զգալ նրա սառնությունը, մի մասն էլ մագլցում էր սղլիկ քարերի վրա։ Լուսանկարները պահեցին այդ գեղեցիկ պահերը, բայց իրական զգացողությունը հնարավոր չէ նկարագրել միայն նկարներով

Կարեն Ջուլհակյան

Երբ մենք գնացինք Մեղրաձոր, այնտեղ շատ գեղեցիկ էր: Մենք այնտեղ տեսանք գետ: Հետո իջանք գետի մոտ, որտեղ տեսանք շատ գեղեցիկ ջրվեժ: Մինչև ջրվեժը մենք շատ քայլեցինք անտառով: Ճանապարհին ընկեր Իվետան մեզ պատմում էր, թե ինչպես պետք է մեզ պահենք և կողմնորոշվենք անտառում

Քնարիկ Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով