«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեխնոլոգիա առարկայի կարևոր բաղադրիչներից է երկրագործությունը, որը ներառում է բակային աշխատանքները, կրթական տարածքների բարեկարգումը և կանաչ միջավայրի ստեղծումը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել իրական միջավայրում՝ զարգացնելով աշխատասիրություն, պատասխանատվություն և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք։
Չօգտագործվող նկուղային տարածքները վերածվում են ուսումնական միջավայրի, իրականացվում են դրանց խնամքի և կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև մշակվում են նկուղներին հարակից լանջերն ու տարածքները՝ ստեղծելով կրթական և էկոլոգիապես բարենպաստ միջավայր։ Այս գործընթացում սովորողները ակտիվ մասնակցություն են ունենում՝ սեփական ուժերով ստեղծելով իրենց ուսումնական կանաչ և խնամված միջավայրը։
Այս մոտեցման և իրականացվող աշխատանքների վառ օրինակն է «Ուսումնական տնկարան» նախագիծը, որը կրթական տարածքը վերածում է կենդանի ուսումնառության հարթակի՝ միավորելով տեսական գիտելիքը, գործնական և բնապահպանական աշխատանքները:
Այս շրջանակում միջին դպրոցի սովորողների նպատակն է չօգտագործվող նկուղային բակը վերածել ուսումնական բացօթյա տնկարանի՝ ստեղծելով խնամված և կանաչ միջավայր, որը նախատեսված է բույսերի բազմացման համար՝ թփերով, կտրոններով և սերմերով։ Տնկարանը հնարավորություն է տալիս նաև սերմերից ստանալ սածիլներ, որոնք հետագայում պատրաստ լինելու դեպքում կտեղափոխվեն միջին դպրոցի բակային տարածքներ։ Նախագծի առաջին փուլում իրականացվում է տարածքի մաքրում ավելորդ իրերից և կուտակված շինարարական աղբից՝ ապահովելով անվտանգ և աշխատանքին հարմար միջավայր։
Հաջորդ փուլում կատարվում է տարածքի հարթեցում, հողի մշակում և դրա բարելավում՝ հողը խառնելով կարմիր ավազի հետ։ Այս գործընթացը նպաստում է հողի օդափոխությանը և ջրահեռացմանը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ բույսերի աճի համար։ Դրանից հետո իրականացվում է հողի նախապատրաստում սիզախոտի սերմերի ցանքի համար։
Սիզախոտի սերմերի ցանքով ձևավորվում է կանաչ գազոնային մակերես, որը հետագա փուլերում ենթարկվում է կանոնավոր խնամքի՝ ջրում, փխրեցում և աճի վերահսկում։ Սովորողները այս ընթացքում ձեռք են բերում ոչ միայն գործնական հմտություններ այլև սովորում են պատասխանատվություն կրել իրենց կատարած աշխատանքի համար՝ հետևելով յուրաքանչյուր բույսի զարգացման ընթացքին։
Հաջորդ փուլում նախատեսվում է ցրտադիմացկուն թփերի և ծառատեսակների բազմացում կտրոններով և սերմերով։ Սովորողները ուսումնասիրում են բույսերի առանձնահատկությունները, նախապատրաստում հողը և իրականացնում տնկման աշխատանքները։ Ուսումնական տնկարանը այսպիսով դառնում է փորձարարական միջավայր, որտեղ յուրաքանչյուր քայլ ուղեկցվում է դիտարկումներով և քննարկումներով։


Արատեսից բերված մասրենու և բալենու տնկիներով սկիզբ դրեցինք Միջին դպրոցի տնկարանին։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին տնկիների տնկման աշխատանքներին՝ ծանոթանալով դրանց խնամքի առանձնահատկություններին և աճի պայմաններին: Այս տնկիները դարձան ուսումնական տնկարանի հիմքը՝ որպես հետագա աշխատանքների մեկնարկային կետ:
Միջին դպրոցի տնկարանի հաջորդ կարևոր քայլը դարձավ վայրի նշենու տնկիների տեղավորումը։ Սովորողների հետ միասին նշենու տնկիները բերվեցին քոլեջի բուսաբուծության լաբորատորիայից, որտեղ նրանք նախապես պատրաստել էին բազմացման աշխատանքների համար։ Նրանք իրենց տեղը գտան մշակված տնկարանի տարածքում՝ ապահովելով մեր նախագծի բույսերի բազմազանությունը: Ջերմոց-լաբորատորիայից տնկարանն համալրեցինք սիրիական վարդերով և մագլցող այլ բույսերով։
Համագործակցեցինք նաև Օհանյան կրթական կենտրոնի հետ, որի արդյունքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ձեռք բերեց ծորենի (բարբարիս) 60 հատ թուփ։ Սովորողների մասնակցությամբ իրականացվեցին թփերի ընդունումը և տեսակավորման ու տնկման նախապատրաստական աշխատանքները։ Ծորենիները իրենց տեղը գտան ինչպես ուսումնական տնկարանի բազմացման և խնամքի նպատակով, այնպես էլ կրթահամալիրի դպրոցներում և սարալանջում:
Այս համագործակցությունը կարևոր քայլ էր փորձի փոխանակման և կրթական կապերի ամրապնդման ուղղությամբ՝ ցույց տալով, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է իրականացնել ավելի ծավալուն և արդյունավետ աշխատանք:
Նախագծի շրջանակում իրականացրինք նաև այցելություն Օհանյան կրթական կենտրոն, որը դարձավ կարևոր և ուսուցողական փուլ մեր համագործակցության զարգացման համար: Այցի ընթացքում սովորողները ծանոթացան կենտրոնի տարածքին, իրականացվող բնապահպանական և կրթական ծրագրերին, ինչպես նաև բույսերի բազմացման և խնամքի կազմակերպման փորձին։ Այցելությունը հնարավորություն տվեց սովորողներին տեսնել, թե ինչպես են կազմակերպվում իրենց տնկարանի աշխատանքները, ինչ պայմաններ են անհրաժեշտ տարբեր թփերի և ծառատեսակների առողջ զարգացման համար։ Սովորողները ակտիվ մասնակցեցին քննարկումներին, տվեցին հարցեր և համեմատեցին իրենց իրականացրած աշխատանքները Օհանյան կրթական կենտրոնում կիրառվող փորձի հետ։ Այս հանդիպման արդյունքում ձեռք բերեցինք հացենու տնկիներ, որոնք տնկեցինք սարալանջում: Հետագայում նախատեսվում են նոր այցելություններ, համատեղ գործնական աշխատանքներ, ինչպես նաև սովորողների մասնակցությամբ բնապահպանական և կրթական ծրագրերի իրականացում:
Ուսումնական տնկարան նախագիծը կարևոր քայլ է կրթական գործընթացը իրական կյանքի հետ կապելու ուղղությամբ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է սովորական դպրոցի բակը վերածվել կենդանի ուսումնառության հարթակի, որտեղ տեսական գիտելիքը անմիջապես կիրառվում է գործնական աշխատանքում։ Նախագիծը նպաստում է սովորողների ինքնուրույնության, պատասխանատվության և աշխատասիրության ձևավորմանը՝ միաժամանակ զարգացնելով բնապահպանական և երկրագործական մտածողություն։
Այս նախագիծը նաև նպաստում է սովորողների մասնագիտական կողմնորոշմանը, քանի որ նրանք գործնական աշխատանքի միջոցով ծանոթանում են գյուղատնտեսական, բնապահպանական և տեխնոլոգիական ոլորտների հիմնական հմտություններին։
Նախագիծը նաև ունի շարունակական զարգացման մեծ ներուժ։ Հետագայում հնարավոր է ընդլայնել տնկարանի տարածքը, ավելացնել բույսերի տեսակների բազմազանությունը, կազմակերպել հետազոտական փոքր նախագծեր, վարել դիտարկումներ ու չափումներ, ինչպես նաև համագործակցել բնապահպանական կազմակերպությունների և այլ տնկարանների հետ: Այս նախագիծը կարող է դառնալ ոչ միայն կրթական, այլ նաև համայնքային կարևոր կենտրոն՝ նպաստելով կանաչ միջավայրի ստեղծմանը և պահպանմանը։
Միևնույն ժամանակ ուսումնական տնկարանը ձևավորում է խնայող և հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ․ սովորողները գիտակցում են բույսի աճի, խնամքի և պահպանման կարևորությունը, հասկանում են մարդու դերը շրջակա միջավայրի զարգացման գործում:
Նախագիծը համարում եմ շուրջտարյա, քանի որ տարվա բոլոր եղանակներին էլ կան համապատասխան խնամքի աշխատանքներ:
Տնկարանի աշխատանքներն այսքանով չեն ավարտվում․ գարնանը դրանք նոր թափով կշարունակվեն։ Սովորողները պատրաստվում են նոր թփերի և ծաղիկների տնկման, սերմերի բազմացման ու աճեցման փորձերի, ինչպես նաև հողի և տարածքի բարեկարգման աշխատանքներին։ Գարունը հնարավորություն կտա զարգացնել ներկայիս տնկարանի բույսերի աճն ու տեսական բազմազանությունը, ինչպես նաև իրականացնելու նոր փորձարարական նախագծեր ուսուցողական և բնապահպանական նպատակներով։
Արդյունքում «Ուսումնական տնկարան» նախագիծը հանդես է գալիս որպես ժամանակակից կրթական միջավայրի արդյունավետ մոդել, որտեղ ուսուցումն իրականացվում է փորձի, դիտարկման և ստեղծագործ աշխատանքի միջոցով՝ դարձնելով դպրոցական կյանքը ավելի բովանդակալից, հետաքրքիր և օգտակար։
