«Երեխան կարող է և չլինել նշանավոր գիտնական, բայց դառնալ ինքնուրույն մարդ, ով ընդունակ է վերլուծել իր արարքները, վարքը, ինքնակատարելագործվել, իրացնել իրեն շրջակա աշխարհում, նրան անհրաժեշտ է սովորել»:

Տատյանա Տրոշկինա

Արևելյան դպրոցի 1․3 դասարանի սովորողների հետ սկսել ենք մի նախագիծ, որն անվանել ենք «Դասարանը՝ հեքիաթերենի հարթակ»։ Ինչպես գիտենք, մեծ է հեքիաթի դերը երեխայի երևակայության, ստեղծագործական մտքի զարգացման, խոսքի ձևավորման գործում: 6 տարեկանի համար շատ կարևոր է բանավոր խոսքը, ինչի ձևավորման և զարգացման համար պետք է տարբեր մեթոդներ և միջոցներ մտածել, որոնք ուղղված կլինեն հենց այդ նպատակին։ Սեպտեմբեր ամսին, երբ 6 տարեկանները նոր են դպրոց գալիս, չճանաչելով ո՛չ ուսուցչին, ո՛չ ընկերներին, շատ հուզական են լինում, ինչը խանգարում է ազատ խոսքի արտահայտմանը, անկաշկանդ վարքին։ Այդ դեպքում ուսուցիչը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որտեղ խաղա երեխան, միաժամանակ այդ միջավայրը դարձնի ուսումնական՝ չկտրելով երեխային խաղից, իր սիրելի աշխարհից, չարհեստականացնի ուսուցումը, ստեղծի զարգացման ավելի պարզ, արդյունավետ պայմաններ: Նախագիծը ստեղծելու և իրականացնելու համար սկզբում կային դժվարություններ՝ երեխաներին ներառելու, ազատ խաղալու, հեքիաթն անկաշկանդ  ներկայացնելու։ Կային երեխաներ, որոնք սկզբում վախենում էին սխալվելուց, ամաչում էին ընկերներից, իսկ կային երեխաներ, որոնք հակառակը՝ անընդհատ ուզում էին խոսել, ներկայացնել։ Այս դեպքում ինձ համար դժվար էր դերաբաշխում, խոսքի բաժանում կատարել, որպեսզի այս խնդիրները լուծվեն, և բոլոր սովորողները դառնան մասնակից։ Խմբում ունեինք նաև առանձնահատուկ կարիքով սովորող, ով չուներ հստակ խոսք, բայց մեծ էր ցանկությունը մասնակցելու։ Որպեսզի դժվարությունները լուծվեին, և բոլորը մասնակից լինեին նախագծին, սկզբում հեքիաթը ներկայացնում էին այն սովորողները, ովքեր ցանկանում էին, հետո դերերն էինք բաշխում, այսինք՝ ով ինչ դեր էր ցանկանում խաղալ, և սովորողները սկսում էին պատմել։

Առանձնահատուկ կարիք ունեցող սովորողը մեծ ոգևորությամբ էր մասնակցում․ այնպես էր մտնում դերի մեջ և խաղալով ներկայացնում, որ դարձել էր երեխաների ամենասիրելի հերոսը։ Այսպես, շաբաթվա ընթացքում ընտրված հեքիաթների ուսուցումը դարձավ այն միջոցը, որը կնպաստեր սովորողների անկաշկանդ վարքի ձևավորմանը։ Սովորողները կհաղթահարեին տարբեր բարդույթներ՝ դերեր ընտրելով, պատմելով, ստեծագործելով, իսկ ես՝ որպես հանդիսատես, կհետևեի, թե ինչպես են 6 տարեկանները դառնում մտքի, ասելիքի, սցենարի հեղինակներ։ Սակայն կային սովորողներ, որոնք պասիվ էին և չէին ցանկանում մասնակցել։ Շատ բան կախված է նրանից, թե ուսումնական նյութի ուսուցման ժամանակ ինչ պայմաններ են ստեղծված երեխաների համար: Որպեսզի պասիվ սովորողները նույնպես ակտիվանան և հաղթահարեն բարդույթները, փոքր խմբերով աշխատեցինք՝ խմբում ներառելով 2 ակտիվ սովորող, 2 պասիվ․ հեքիաթը լսելուց հետո, իրար շարունակելով, պատմում էին։ Շատ արդյունավետ մեթոդ է լսած հեքիաթը պատմելը: Սակայն ոչ թե մեկն է պատմում, մյուսները՝ լսում, այլ ամեն մեկը մեկ նախադասությամբ շարունակում է ընկերոջ պատմածը:

Շարադրանքը ազատ է, անկաշկանդ․ այս դեպքում կարևոր է, որ սովորեն իրար լսել և շարունակել ընկերոջ պատումը: Հեքիաթը բերանացի խաղալով՝ մեկ բառ ավել, մեկ բառ պակաս, սովորողները իսկապես «ապրում էին», վերապատմում՝ այդ ամենի մեջ խաղ դնելով․ խաղում էին հնչյունների հետ, իրենց արտաբերած խոսքից հրճվում, նոր շունչ և տրամադրություն տալիս այդ ստեղծագործություններին։ Ստեղծագործությունները խաղալուց հետո  զրուցում, քննարկում էինք․ սովորողները հեքիաթը տանում էին ընտանիք, ներառում էին ընտանիքի մյուս անդամներին, խաղում էին, ներկայացում պատրաստում։
Նախագիծը ստեղծվեց այն մտքից, երբ նկատեցի, թե ինչպես են երեխաները կենտրոնանում և մեծ պատասխանատվությամբ մոտենում հեքիաթի վերարտադրմանը, երբ իրենց որևէ դեր է վստահվում։ Հեքիաթները պատմելուց հետո սովորողները նկարում էին կամ ծեփում։ Քանի որ նրանց մտածողությունը պատկերավոր է, ինչքան շատ պատկերների միջոցով փորձենք ներկայացնել, այդքանով կնպաստենք արագ ընկալմանը։ Այդ մտքից իրենք դառնում են ավելի ուշադիր, մտնում են դերի մեջ, յուրացնում են խոսքերը և խաղում։ Խաղի ընթացքում հետաքրքիր էր հետևել նրանց հայացքներին, երբ ընկերներին այլ դերում են տեսնում, այսինքն՝ բացի առօրյա խոսք ու զրույցից, այլ հարթակ է տեղափոխվում իրենց շփումը։ Նախագիծը դառնում է նաև դասվար-սովորող-ծնող-ընտանիք համագործակցության հիանալի միջոց և արդյունք։ Որպեսզի հեքիաթի պատմումը, բեմադրումը, միջավայրը լիներ ավելի հետաքրքիր, գրավիչ, մոտիվացնող՝ համագործակցեցինք ընկեր Աննայի հետ՝ ստեղծելով թատրոնի համար նախատեսվող շիրմա։ Ընկեր Աննայի հետ համացանցից դուրս բերեցինք շիրմայի տարբեր օրինակներ, ընտրեցինք պարզագույնը, որի ստեղծմանը սովորողները նույնպես կմասնացեին, ընտրեցինք կտորի գույները, պատրաստեցինք պարագաները և սկսեցինք շիրմայի ձևավորման աշխատանքը։ Այն սովորողները, ովքեր վարքի հետ կապված դժվարություններ ունեին, չէին ցանկանում մասնակցել խմբային որևէ աշխատանքի, շիրմայի ստեղծման ընթացքում սկսեցին հետաքրքրվել  և հենց իրենք դարձան օգնականեր․ մեկը կտորն էր բռնում, մյուս կտրում, երրորդը սոսնձում, մյուս խումբը ձևավորում էր ծառը, երկինքը և այսպես իրար շարունակելով, լրացնելով՝ ունեցանք այն միջավայրը, որտեղ պետք է սովորողները ներկայացնեին իրենց սովորած հեքիաթները և ստեղծագործությունները։ Այս ամենից հետո որոշեցի հեքիաթների ներկայացումը դասարանական հարթակից տեղափոխել դպրոցի բացօթյա էստրադա և որպես հանդիսատես ընտրել մյուս առաջին դասարանի սովորողներին։ Ստեղծագործությունների ցանկը նախապես ուղարկել էի դասվարին, ով սովորողներին ծանոթացրել էր հեքիաթների բովանդակությանը։ Այսպես, նշված ժամին հանդիսատեսը տեղավորված սպասում էր «հարևան սովորողներին»։ Վերջիններս էլ ոգևորված, պատրաստված և մեծ պատասխանատվությամբ խաղացին հեքիաթները։

Այսպես, նախագիծը շարունակական է, միջավայրի ձևավորումն անընդհատ փոխելու ենք և հարմարեցնենք տվյալ շրջանում իրականացվող նախագծերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով