«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում գործում է«Իմացումի հրճվանք» ծրագիրը, որն իրականացվում է ուսումնական նախագծերով: Նախագծային ուսուցումը զարգացնում և ձևավորում է սովորողի ճանաչողական, ստեղծագործական մտածողության հմտությունները, ինչպես նաև համագործակցելու, միմյանց լսելու կարողությունները: Այս տարի 3-րդ դասարանում իրականացրինք «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագիծը,որի շրջանակում ներկայացրինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը: Սովորողները համացանցից գտան տեղեկություններ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման մասին, հանդես եկան սեբաստացիական հետաքրքիր պատումներով: Սովորողները որոշեցին պատմել կրթահամալիրի այն հրաշալիքների մասին, որոնք իրենք էին համարում հրաշալիք: Ոչ միայն բանավոր պատմեցին, այլև իրենց պատումը բեմականացրին խաղով: Արևելյան դպրոցի բակի նոր էստրադան ներկայացրին, որտեղ օրը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով, խաղում ենք թատերական ներկայացումներ, ապա անցան տեխնոլոգիայի լաբորատորիային, որտեղ սովորողներն աշխատում են կավով և, իհարկե, պատմեցին մարմնամարզության դահլիճի մասին, որտեղ նրանք մարզվելով դառնում են ավելի ձիգ և ուժեղ: Սյունեն և Նարեկը ընտրեցին պատմել Վերնատան մասին, որտեղ նրանք պարում են ազգային պարեր և երգում կոմիտասյան երգեր: Նախագծին մասնակցեց հատուկ կարիքով սովորողներից մեկը, ում մայրենի լեզուն չնայած հայերենն է, բայց դժվարանում է հաղորդակցվել մայրենի լեզվով: Նա անգլերեն պատմեց իր դպրոցի մասին:
Բոլոր սովորողներն ակտիվ մասնակցեցին այս նախագծի իրականացմանը: Նրանք հստակ ներկայացրին, թե ինչն է իրենց դուր գալիս կրթահամալիրում, ինչու են սիրում իրենց դպրոցը, ինչն են կարևորում դպրոցում: Բնական է, որ այս տարիքում սովորողներին դուր են գալիս փակ և բաց լողավազանները, ընտրությամբ գործունեությունը, հարիսայի ծեսը և այլն: Նախագծի իրականացման ընթացքն առանց դժվարությունների էր, որովհետև կրթահամալիրում առաջին դասարանից սկսած՝ սովորողները կարողանում են ազատ արտահայտվել, նրանց մոտ սկզբից ձևավորվում են պատմելու, ստեղծաբար աշխատելու կարողություններն ու հմտությունները, քանի որ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի շնորհիվ սովորողին հնարավորություն է տրվում ազատ արտահայտվել, ստեղծագործել, երևակայել, զարգացնել քննադատական մտածողությունը։
Ցուցահանդես-հանգականության համար որոշեցինք մեր ունեցած պատրաստի պայուսակները ձևավորել՝ պատրաստվելով ամենամյա սեբաստացիական տոնավաճառին: Սովորողները ինքնուրույն ձևավորեցին բնական կտորից կարված պայուսակները: Այս աշխատանքն իր մեջ ընդգրկում էր և՛ տեխնոլոգիա, և՛ մայրենի: Իմ փորձից ասեմ, որ տեխնոլոգիական աշխատանքները միշտ զուգակցում եմ այլ առարկաների հետ, քանի որ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն իրենից ներկայացնում է ինտեգրված ուսուցում։ Սովորողը ոչ միայն ներկայացնում է իր աշխատանքը, այլև պատում կամ հեքիաթ է հորինում իր պատրաստած իրի մասին: Այս անգամ էլ մայրենի և տեխնոլոգիա առարկաներն ինտեգրելով՝ սովորողները պատմեցին իրենց պատրաստած աշնանային պայուսակների մասին, և այդ օրը պայուսակը դարձավ տրամադրություն և մեզ բոլորիս պարգևեց ուրախ, ստեղծական պահեր:
Էլ ինչ սեբաստացու տոն առանց թթվի։ «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Ասում են՝ թթուն ավելի համեղ է լինում, եթե այն պատրաստված է լինում սիրով: Որպես «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կրող՝ ուսուցման ընթացքում կարևորում եմ ռոդարիական հնարքները: Սիրով եմ կիրառում դրանք, հաճախ եմ սովորողների համար կարդում Ռոդարիի հեքիաթներից, որոնց շնորհիվ նրանց մոտ զարգանում են բանավոր ու գրավոր խոսքը, ստեղծագործական երևակայության կարողությունը: Իմ փորձից ասեմ, որ ռոդարիական հնարք-մեթոդների շնորհիվ սովորողներն ազատ ստեղծագործում են, մեծ ուրախություն են ապրում ուսուցման այդ պրոցեսում, դա նրանց դուր է գալիս: Թթուդրիկի ժամանակ նույնպես կիրառեցինք ռոդարիական հնարք-մեթոդներ: Մենք հորինեցինք թթվային լիմերիքներ, ակրոստիքոսներ «թթու»բառով:
Հաջորդ նախագիծն էր «Լույսեր-զանգեր-ղողանջներ» ուսումնական» նախագիծը: Այս նախագիծը սովորողները շատ են սիրում, քանի որ բոլորը մեծ սպասումով պատրաստվում են Ամանորին: Նախագիծը սկսեցինք թատրոնիկով։ Հավելեմ, որ «թատրոնիկ» բառը հորինեց Նարեկը, և ինքն էլ որոշեց որպես ռեժիսոր բեմադրել փոքրիկ խաղ -ներկայացում: Որպես ռեժիսոր՝ նա բաշխում էր դերերը, ուղղորդում ընկերներին: Բեմադրությունը ստացվեց հանպատրաստից և ինքնաբուխ: Սովորողներն ինքնուրույն բեմադրեցին ամանորյա երկու թատրոնիկ: Նրանք ստեղծեցին իրենց համար սիրելի, զվարճալի, հետաքրքիր խաղ, որի ընթացքը նպաստեց բանավոր խոսքի, ստեղծագործական ունակութունների, ինքնուրույնության, խմբով խաղալու-աշխատելու հմտությունների զարգացմանը: Իսկ մեր դասարանի Դավիթը, որ գնում է ջութակի, առաջարկեց ներկայացման ամեն մի հատված սկսել ջութակի նվագակցմամբ։ Առաջին թատրոնիկն Ամանորի մասին էր, իսկ երկրորդ թատրոնիկում սովորողները խաղային գործունեությամբ պատմեցին, թե ինչպես են Ամանորը նշում տարբեր երկրներում:
Էլ ինչ Ամանոր՝ առանց մաղթանքների: Նորից անդրադարձանք Ռոդարի պապիկին, և սովորողները հորինեցին ամանորյա չկրկնվող մաղթանքներ: Նրանք իրար մաղթեցին 365 օր երջանկություն, 12ամիս երջանկություն,1 կմ կանաչ ճանապարհ, 1 դար ուրախություն և այլն:
Տարբեր ուսումնական նախագծերի իրականացման, ստեղծագործական և թատերական ներկայացումների միջոցով մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր սովորողները զարգանում և դառնում հետաքրքիր, ստեղծագործ անհատներ:
