Բանավոր խոսքի զարգացումը Մայրենի լեզվի ուսուցման կարևոր բաղկացուցիչն է։ Խոսքային կարողությունների ձևավորումն ու զարգացումը առավել արդյունավետ է, երբ ուսուցումը իրականացվում է հետաքրքիր, բնական և առօրյա միջավայրում։ Այդպիսի ուսումնական գործիք է դասարանական ռադիոն։ Այն ոչ միայն խթանում է սովորողների ակտիվ մասնակցությունը, այլև զարգացնում է նրանց արտահայտվելու, սեփական ձայնը լսելու, սխալի վրա սովորելու և համագործակցելու հմտությունները։
Ռադիոն՝ որպես ուսումնական գործիք, շուրջտարյա է, որի թեմաները որոշվում են ուսումնական օրացույցով։ Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում ողջ ուսումնական տարվա ընթացքում գործում են դասարանական, ընտանեկան և անհատական ռադիոները, ինչպես նաև ռադիոթատրոնը։ Ռադիոնյութերի թեման նախապես է ընտրվում՝ ընթացիկ նախագծերին համապատասխան, քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը իրականացվում է նախագծային մեթոդով։
2024-2025 ուստարում «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի առաջին դասարանի սովորողների հետ ստեղծեցինք դասարանական «Զար-զընգը» ռադիոն։ Սովորողների հետ ունեցանք հետաքրքրիր զրույց ռադիոյի մասին, որի ընթացքում պարզեցինք, թե ինչ է ռադիոն, որտեղից է այն սովորողներին ծանոթ, պայմանավորվեցինք, որ մենք էլ անպայման պետք է ունենանք դասարանական ռադիո։ Անվան ընտրությունն էլ բավականին հեշտ ստացվեց, լսեցինք մեկս մյուսի տարբերակ-առաջարկները և ընտրեցինք լավագույնը։
Առաջին դասարանում, երբ սովորողն ունի անկաշկանդ խոսելու և ինքնարտահայտվելու դժվարություններ, ռադիոն այդ խնդիրները հաղթահարելու արդյունավետ տարբերակն է։ Մինչև դասարանական ռադիոյի ստեղծումը, սովորողների հետ պարբերաբար կատարում էինք ձայնագրություններ՝ կիսվելով յուրացրած գրական ստեղծագործություններով, նոր ու հետաքրքիր տեղեկություններով, ճամփորդական տպավորություններով։ Այս փոքր փորձերը նպաստեցին դասարանական ռադիոյի ստեղծմանն ու սովորողներին դարձրին եթերի պատրաստման ակտիվ մասնակիցներ։ Սկզբում ռադիոն պարզապես փորձ էր՝ խոսելու, ձայնագրելու և լսելու։ Ժամանակի ընթացքում այն վերածվեց ուսումնական միջավայրի, որտեղ յուրաքանչյուր սովորող ստացավ ինքնարտահայտվելու և խոսելու հնարավորություն։ Սկզբնական շրջանում ծանոթացանք ռադիոեթեր թողարկելու գործընթացին, այնուհետև փոքր քայլերով սկսեցինք թողարկել հետաքրքիր ռադիոեթերներ։
Յուրաքանչյուր ռադիոթողարկում սկսվում է թեմայի ընտրությունից։ Թեմաները հիմնականում բխում են ուսումնական նախագծերից, օրացուցային տոներից կամ սովորողների անձնական հետաքրքրություններից։ Սովորողները առաջարկում են տարբեր թեմաներ, ձևակերպում հարցեր տվյալ թեմայի շուրջ։ Քննարկումների ընթացքում նրանք հաճախ պատմում են իրենց պատմությունները, երբեմն էլ հորինում և ստեղծագործում են՝ ձևավորելով սեփական ասելիքը։ Նյութի նախապատրաստման փուլում աշխատում ենք խոսքի վրա՝ պարզեցնում մտքերը, հղկում նախադասություններն ու փորձում տարբեր արտահայտչական եղանակներ։ Յուրաքանչյուր սովորողի հետ աշխատանքը անհատական է։ Ոմանք ազատ ու վստահ են խոսում, մյուսները՝ ամաչկոտ։ Պասիվ սովորողներին ներգրավում ենք փոքր քայլերով՝ սկզբում խմբային զրույցների միջոցով, ապա՝ կարճ ձայնագրություններով։ Ժամանակի ընթացքում նրանք սկսում են ավելի վստահ խոսել, առաջարկներ անել և ակտիվ մասնակցել։ Ռադիոն հատկապես արդյունավետ է հատուկ կարիքով սովորողների համար։ Նրանք մասնակցում են ըստ իրենց հնարավորությունների՝ հարց տալով, մեկ-երկու նախադասություն պատմելով, երբեմն էլ պարզապես լսելով և գործընթացին հետևելով։ Նրանց ներգրավվածությունը կարևոր է ոչ թե խոսքի ծավալով, այլ մասնակցության զգացումով։
«Զար-զընգը» ռադիոն սովորողներին հնարավորություն է տալիս փորձարկել տարբեր դերեր՝ հարցազրույց վարողի, պատմողի, լսողի, ընթերցողի։ Այն խթանում է միմյանց լսելու, համագործակցելու հմտություններ, ինչպես նաև զարգացնում է ստեղծագործական մտածողությունը՝ թույլ տալով սովորողներին ինքնուրույն առաջարկել հարցեր ու պատրաստել հետաքրքիր նյութեր։ Այս գործընթացը նպաստում է նաև խմբային աշխատանքի ամրապնդմանը․ սովորողները սովորում են համագործակցել, լսել իրար և հարգել տարբեր կարծիքներ։
Ռադիոթողարկումները դասարանական բլոգում հրապարակելուց բացի ուղարկվում են նաև սովորողների էլեկտրոնային հասցեներին, ինչի արդյունքում ծնողները դառնում են մեր ռադիոունկնդիրները։ Ռադիոյից անմասն չեն մնում նաև Արևելյան դպրոցի դասավանդողները։ «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում ռադիոյի եթերում հյուրընկալեցինք մի խումբ դասավանդողների և զրուցեցինք կրթահամալիրի, սեբաստացիական արժեքների ու ավանդույթների մասին։
Նմանատիպ հետաքրքիր հարցազրույց իրականացրինք տարատարիք սեբաստացի սովորողների հետ։
Բոլոր ռադիոթողարկումները դասարանում լսում և քննարկում ենք՝ անդրադառնալով խոսքի հստակությանն ու բովանդակությանը։ Լսում ենք նաև Արևելյան դպրոցի մյուս երկրորդ դասարանցիների անհատական ռադիոթողարկումները, ինչը նպաստում է փորձի փոխանակմանը և լսելու մշակույթի ձևավորմանը։
Մեր դասարանական բլոգում բացված է հատուկ բաժին, որտեղ հրապարակվում և ամփոփվում են «Զար-զընգը» ռադիոյի ամենշաբաթյա թողարկումները։ Մինչև այս պահը հրապարակվել է 15 ռադիոթողարկում։ Նախագիծը շուրջտարյա է և շարունակական կլինի նաև երրորդ դասարանում՝ նոր թեմաներով ու գաղափարներով։
Նախագիծը սովորողներին հնարավորություն է տալիս տեսնել և լսել իրենց կատարած աշխատանքի արդյունքները, կիսվել դրանցով հասակակիցների և ընտանիքի անդամների հետ, հետևել սեփական բանավոր խոսքի և ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Արդյունքում ունենք ռադիոն որպես ուսուցման նոր, արդյունավետ գործիք, որը հեղինակային մանկավարժության ստեղծածն է և լրացնում է Մայրենի լեզվի հանրակրթական ծրագրի բանավոր խոսքի զարգացման ուղղությանը։
