«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի ծննդյան ծեսը սահմանված է դասարանական օրացույցով։ Սովորողի ծննդյան ծեսն անցկացնում ենք որպես ուսումնական նախագծային գործունեության ուղղություն՝ համապատասխան ուսումնական նախագծով։ Հեղինակային կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ազատորեն մշակելու և փորձարկելու նորարարական մանկավարժական մոտեցումներ՝ հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունները, կրթական միջավայրի առանձնահատկությունները և ծնողական համայնքի հետ համագործակցությունը։ Ծննդյան ծեսերը տոնում ենք առաջին դասարանից․ ուսումնական առաջին տարում ծննդյան ծեսերին տնկում ենք անվանական բույսեր և շուրջտարի իրականացնում ենք բույսերի խնամք։ Տարեվերջին մեր տնկած բույսերը նվիրում ենք կրթական պարտեզին։
Այս տարի՝ երկրորդ դասարանում, երբ սովորողների բանավոր և գրավոր խոսքը բավականին զարգացած և հարստացած է, կարողանում են մտքերն ազատ շարադրել, ինքնարտահայտվել, հորինուկների շուրջ ստեղծել նկարապատումներ, ընկերոջ գովք խաղ-ներայացումներ բեմադրել, որոշեցինք ծննդյան ծեսերն անցկացնել լեզվագործունեությամբ։ Ծննդյան ծեսի կազմակերպումն ու իրականացումը պարզապես տոն չէ, այլ հեղինակային կրթական ծրագրով ուսումնական ստեղծագործական գործընթաց՝ լեզվագործունեությամբ, ստեղծագործական աշխատանքով, համատեղ ապրումով, տեխնոլոգիական գործունեության հրճվանքով։ Ծեսի հիմքում լեզվագործունեությունն է։ Ծննդյան ծեսի նախապատրաստական ընթացքում սովորողներն ընտրում են գրական ստեղծագործությունը։ Ստեղծագործություն ընտրելիս կարևորում ենք սովորողների տարիքային առանձնահատկությունները, լեզվագործունեության ու տեխնոլոգիական գործունեության ստեղծագործական հնարավորությունների համապատասխանությունը։ Ընտրված նյութը կարդում ենք հատվածաբար, դադարներով քննարկում ենք հերոսների արարաքները, մեկնաբանում ենք, արդարացնում ու խորհուրդ ենք տալիս հերոսներին, ապրումակցում ենք, հանպատրաստից դերախաղի միջոցով բերանացի ասում-խաղում ենք ստեղծագործությունը։ Այսպիսով՝ ոչ միայն սովորողի բառապաշարն է հարստանում, բանավոր խոսքը մշակվում, այլև աշխատանքի արդյունքում զարգանում է սովորողների հուզական աճը։ Սովորողները ստեղծագործության դրական և բացասական հերոսներին քննարկելով, իրավիճակները բեմադրելով` սովորում են տարբեր իրավիճակներում հույզերը ճանաչել, կառավարել։ Ստեղծագործությունների խաղ-բեմադրումը հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց մտքերը, զգացմունքները և վերաբերմունքը, ձևավորում է դրական աշխարհայացք։

Նյութի քննարկման ընթացքում առանձնացնում ենք նոր կամ քիչ ծանոթ բառերը, բացատրում դրանց իմաստը, փորձում ենք գործածել դրանք բանավոր խոսքում, կազմել նախադասություններ, փոքր պատմություններ, ստեղծել էլեկտրոնային մեդիաբառարաններ։ Այս գործընթացը նպաստում է բառապաշարի հարստացմանը, խոսքի կառուցման հմտությունների զարգացմանը և ինքնավստահ արտահայտվելուն։ Լեզվագործունեությունն իրականացվում է խաղային, համագործակցային մեթոդներով, որպեսզի ուսումնական գործընթացը կապվի սովորողների զարգացման հոգեհուզական, մտավոր, ֆիզիկական առանձնահատկութունների, հետաքրքրությունների հետ։

Ծննդյան ծեսի կարևոր բաղադրիչ է ստեղծագործության խաղ-բեմադրումը։ Սովորողների հետ կատարում ենք աշխատանքի բաժանում, անում ենք դերաբաշխում, կերպարների ստեղծման շուրջ քննարկումներ։ Խաղ-թատրոնով ստեղծագործության ներկայացումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սովորողի ներառվելու ուսումնական գործընթացում իր հնարավորություններին համապատասխան։ Այս փուլում զարգանում են ոչ միայն լեզվական, այլև հաղորդակցական, սոցիալական և ստեղծագործական կարողությունները։ Սովորողները ձեռք են բերում միմյանց լսելու, համագործակցվելու, ընկերոջ կարծիքը հարգելու, ընդունելու, թիմով աշխատելու կարողություններ։

Աշխատանքն ամեն անգամ իրականացնում ենք տարբեր ուղղություններով և տեխնոլոգիական հնարներով։ Ծննդյան ծեսին ստեղծագործությունը բեմադրում ենք տիկնիկների խաղով։ Տիկնիկագործության ընթացքում զարգանում է մանր մոտորիկան, գեղագիտական ճաշակը և ստեղծագործական երևակայությունը։ Հաճախ տիկնիկները պատրաստում ենք խմորից։ Թխուկ կերպարների համտես խաղով սովորողները ծանոթանում են բաղադրիչների անվանումներին, գործողությունների հերթականությանը, կիսվում են տպավորություններով։ Այս կերպ լեզվագործունեությունը ստեղծագործական աշխատանքով, խաղով հեշտ է յուրացվում, ընկալվում։

Ծննդյան ծեսի իրականացումը կարևոր է նաև ծնողական համայնքի հետ համագործակցությամբ։ Ծնողները հաճախ մասնակցում են նախապատրաստական աշխատանքներին, կիսվում իրենց առաջարկներով, աջակցում նյութերի ապահովմանը։ Սա նպաստում է դպրոց և ընտանիք փոխներգործուն կապի ստեղծմանը. հեղինակային կրթական ծրագրով ուսումնական գործունեությունը դպրոցից տուն զարագացում է ապրում, փոխանցվում-տարածվում։

Ծննդյան ծեսի նախագիծը շուրջտարյա է։ Սեպտեմբեր-դեկտեմբեր ամսիներին ունեցել ենք ութ ծննդյան ծես, որից հինգը սովորողների ցանկությամբ անցկացրել ենք խաղ-բեմադրումով։
Դեկտեմբեր ամսին տոնել ենք մեր գեղեցկուհի Տաթևի ծննդյան ծեսը։

Ծեսի իրականացումը համընկավ ամանորյա տոնախմբության նախագծի հետ։ Այս տարի ձևավորում էինք թեմատիկ անձրևանոցներ։ Տաթևի ծննդյան ծեսին ընտրել էինք «Ձմեռ» թեմայով հեքիաթ ստեղծագործություն։ Քննարկեցինք ձմռան կերպարները։ Լեզվական աշխատանքի արդյունքում առանձնացրինք նոր բառեր, որոնք գործածեցինք բերանացի խաղ-բեմադրության ընթացքում։ Թատրոնը բեմադրեցինք անձրևանոցով՝ ստեղծելով ստվերային կերպարներ։ Ներկայացումը նպաստեց պատկերավոր խոսքի և ստեղծագործական երևակայության զարգացմանը։

«Ձմռան հեքիաթն անձրևանոցում»
Ստվերային խաղ-բեմադրում անձրևանոցով
Սովորող՝ Գյոնջյան Տաթև

Ծննդյան ծեսը սովորողների ամենասիրելի նախագծային գործունեության ուղղություններից է։ Հատուկ ուշադրությամբ, խնամքով ենք պատրաստվում ծննդյան ծեսերին, քանի որ անմիջապես ուղղված է սովորողի հուզական աճի զարգացմանը, նախասիրություններին, երազանքներին։ Սովորողներն իրենց, ըներների ծննդյան ծեսերին դառնում են ավելի անկաշկանդ, ազատորեն խոսում են երազանքների, ցանկությունների մասին, սպասում են ծննդյան հրաշքին, ստեղծագործում են։
Նոյեմբերին տոնեցինք հետաքրքասեր, հարցասեր Դավթի ծննդյան ծեսը։ Ծեսին ընթերցեցինք Ջաննի Ռոդարիի «Թարս հարցեր» ստեղծագործությունը։ Ընթերցելուց հետո առանձնացրինք ստեղծագործության հերոսներին, թվեցինք գործողությունների հաջորդականությունը՝ ով ինչ է անում։ Ստեղծագործությունը քննարկելուց հետո իրականացրինք ստեղծագործական, տեխնոլոգիական գործունեություն։ Այս անգամ Դավթի մայրիկի հետ պատրաստեցինք թխուկ կերպարներ։ Համեղ թխուկների համտեսի հետ հորինեցինք թարս հարցեր և զվարճալի պատասխաններ։

«Թարս հարցերով ծննդյան ծես»
Թխուկ կերպարներով խաղ-բեմադրում
Սովորող՝ Աբրահամյան Դավիթ

Հոկտեմբերին տոնեցինք մեր ուժեղ, շարժուն, ճարպիկ տղայի՝ Րաֆֆու ծննդյան ծեսը։ Մեր սիրելիի Րաֆֆիի տարեդարձին ընտրել ենք Աթաբեկ Խնկոյանի «Պապն ու շաղգամը» առակը։

Հերոսներին պատրաստեցինք խմորից։ Պատրաստման ընթացքում բերանացի ասել-խաղալով վերհիշեցինք ստեղծագործությունը։ Թխուկ կերպարները պատրաստելուց հետո մեր կրթական պարտեզի էստրադայում խաղ բեմադրեցինք, շաղգամի գովքն արեցինք։

«Թխուկ շաղգամի գովքը»
Թխուկ կերպարներով թատրոն խաղ-բեմադրում
Սովորող՝ Մարտիրոսյան Րաֆֆի

Սեպտեմբերին տոնեցինք ժպտերես Լյուսիի տարեդարձը։ Տարեդարձի ճամփան սկսվում և ձգվում է շոկոլադե ճանապարհի արկածներով։ Ընկերներով կարդացինք, շոկոլադով պատկերեցինք Ջաննի Ռոդարիի «Շոկոլադե ճանապարհը» հեքիաթը. այս անգամ «Լյուսին շոկոադե ճանապարհին» խաղ-հորինումով շարունակելով ստեղծագործությունը։

Սեպտեմբերին տոնեցինք նաև մեր համեստ և զգայուն տղայի՝ Մոնթեի ծննդյան ծեսը։ Ընթերցում-քննարկում ենք Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը» հեքիաթը և խնդրում, որ Մոնթեն դառնա կախարդական ծառը և իրականացնի մեր ցանկությունները։ Մեր ցանկություններից պետք է Մոնթեն ժպտա ու միայն այդ ժամանակ դրանք կիրականան։ Մեզ հաջողվեց Մոնթեի օրը տոն դարձնել։

Սեպտեմբերը մեզ համար իսկական տոնի է վերածվում սիրելի կրթահամալիրի սիրելի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ծննդայն ծեսով։

Ընթերցումներով, երաժշտական կատարումներով ասում ենք․
-Շնորհավո՜ր․․․
Սիրելի կրթահամալիրի սիրելի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանին ասում ենք․
-Ջա՜ն․․․
Միջավայրի խնամքից մինչև կրթահամալիրի յոթ հոմանիշների մասին զրույց հարց ու պատասխանները զարգանում և դառնում են օրվա ուսումնական գործունեության մի մասը։
Ծննդյան տոնին նվեր՝ սեբաստացիները առաջարկեցին առանձնացնել կրթահամալիրի յոթ հոմանիշները, իրենց ձեռքբերումները․
Կրթահամալիրի, սեբաստացու յոթ հոմանիշները.
Լողորդ սեբաստացուն ասում ենք՝ ջա՜ն։
Հաշտ, համերաշխ սեբաստացուն ասում ենք՝ ջա՜ն։
Ճամփորդող սեբաստացուն ասում ենք՝ ջա՜ն։
Բարի, բնասեր, բնապահպան սեբաստացուն ասում ենք՝ ջա՜ն։
Ազնիվ, ընկերասեր սեբաստացուն ասում ենք՝ ջա՜ն։
Աշխատասեր սեբաստացուն ասում ենք՝ ջա՜ն։
Ստեղծագործ սեբաստացուն ասում ենք՝ ջա՜ն։
Սեբաստացու այսպիսի յոթ որակներ ստեղծելու, տարածելու, փոխանցելու համար ասում ենք․
-Շնորհակալ ենք․․․

Գործունեության ընթացքը՝ տեսանյութով․

Ամփոփելով կարող ենք նշել, որ երկրորդ դասարանում սովորողների ծննդյան ծեսը մեր կրթական միջավայրում հանդիսանում է լեզվագործունեության կազմակերպման արդյունավետ միջոց։ Այն միավորում է գրականություն, խոսք, ստեղծագործություն, խաղ և փոխկապակցված նախագծային աշխատանք՝ ստեղծելով ջերմ, ներառական և զարգացնող միջավայր։ Ծեսը նպաստում է սովորողի ինքնարտահայտմանը, լեզվական կարողությունների զարգացմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով