2025 թվականի սեպտեմբերից դասավանդում եմ Մայրենի լեզու Արևելյան դպրոցի 5-րդ դասարաններում: «Մայրենի լեզու» դասընթաց ծրագրի բաղկացուցիչ մաս է լրացուցիչ ընթերցանությունը, որն իրականացվում է Ջոն Դյուիի «սովորել՝ անելով» սկզբունքով: «Սովորել՝ անելով»-ը մանկավարաժական հնար է, որն ավանդական «դաս»-ի այլընտրանքն է, երբ սովորողը իրեն կարևորված է զգում որպես սովորեցնող, ուսուցման կազմակերպիչ։ Այս մոտեցումը նպատակ ունի ընթերցանությունը սովորույթ դարձնել սովորողների համար: Նախորդ տարվանից՝ 4-րդ դասարանից, սկսել էինք «Կարդում և առաջարկում եմ կարդալ» նախագիծը։ Այս նախագծով սովորողները շաբաթվա ընթացքում մեկ անգամ ներկայացնում էին իրենց ընթերցածը։ Հետաքրքիր էր այս աշխատանքը․ սովորողն ընկերոջն էլ․հասցեով գրում էր իր առաջարկ-գրքի մասին, տեղադրում բլոգի հղումը։
Սեբաստացիական աշխարհում զարգացումները բնական են ընթանում․ այս ուսումնական տարվա հոկտեմբերից «սովորել՝ անելով» սկզբունքը դարձրինք աշխատանք սովորողի համար։ Այսուհետ սովորողն է համակարգում ընկերների ընթերցանության գործունեությունը և ստանում է «ամսվա ընթերցավար» պաշտոնը ։
Նախագիծը շուրջտարյա է, այս հոդվածում ներակացված են հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների արդյունքները (դեկտեմբերն ընթացքի մեջ է):
Նախագծի կազմակերպման քայլերը՝
Քայլ 1․ Սովորողների հետ ընտրեցինք ամսվա ընթերցավար։ Կազմեցինք ամսվա ընթերցավարի պարտականությունները (էլեկտրոնային նամակ ընկերներին, հետևել, որ ընթերցողները ժամանակին տեղադրեն ընթերցվող գիրքը բլոգում)։
Քայլ 2․ Ընթերցավարը ընթերցողների պատումների հղումները հավաքում է իր բլոգում։
Քայլ 3․ Ընթերցավարը նաև հետևում է, որ ընթերցողները ժամանակին ավարտեն գրքի մասին պատումները։
Քայլ 4․ Ամսվա վերջին ուրբաթ օրը որոշեցինք ներկայացնել գրքերը, որը վարում է ամսվա ընթերցավարը։
Քայլ 5․ Ընթերցավար(ները) ներկայացումներից հետո իրենց բլոգում հրապարակում են հաշվետվությունը։
Նախագծի մանկավարժական դիտարկումներ․
Ընթերցավարը՝
1․ Սովորողը դառնում է աշխատանքի պատասխանատու, հետևում է ընկերների հրապարակումներին, գրում է նամակներ, ինչը լավագույն ուսումնական գործիքն է գրավոր խոսքի զարգացման համար։ Զգում է պատասխանատվություն գրավոր տեքստի նկատմամբ, քանի որ իրեն կարդում են։ Աշխատանքային նամակագրության ընթացքում հաճելի է տեսնել, որ միմյանց գրավոր խոսքը ուղղում են, երբեմն տեսնում եմ սիրուն բանավեճեր, որտեղ երևում է միմյանց նկատմամբ հարգանքով գրավոր խոսք՝ Սիրելի՛ Անահիտ, բայց․․․
Հարգելի՛ ընկերս, դու հղումը սխալ ես դրել, չի բացվում և այլն․․․
2․ Սովորողներն առաջին ներկայացումից հետո հավանեցին ընթերցավարի աշխատանքը։ Եթե առաջին ամսին սովորողի ցանկությամբ ընտրվեց ընթերցավարը, երկրորդ ամսին ցանկացողները շատ էին, որոշեցինք զույգով աշխատել, որ բոլորն էլ ունենան ընթերցավարի «պաշտոնը»։ Նոյեմբեր ամսին զույգով աշխատանքը համագործակցային էր․ ընթերցավարներից մեկը հավաքեց հղումները, իսկ մյուսը գրեց հաշվետվությունը։
3․ Մանկավարժական հնար, որտեղ ուսուցիչը երկրորդ պլանից է հետևում աշխատանքին, ընթերցավարների հետ աշխատում է որպես գործընկեր՝ իրականացնելով խորհրդատվություն։ Միասին եղել ենք գրադարանում, հետևել ընթերցավարի աշխատանքին։
4․ Ընթերցավարները ուշադիր են, որ ընթերցողի մոտ գիրքը չկրկնվի, եթե նախորդ ամսին արդեն ավարտել է։
5․ Առաջին երկու ամիսների աշխատաքի վստահությունը, հավեսը բերեց նրան, որ ընթերցավարները որոշեցին ընթերցած գրքերի ներկայացումները բաց հարթակում ներկայացնել՝ ծնողների, այլ սովորողների, հյուրերի համար․․․
Ընթերցողը՝
1․ Իր ընտրությամբ գրքի ներկայացումը, պատումը սովորողի ազատ խոսքի զարգացումն է։
2․ Պատասխանում է ընկերների հարցերին։
3․ Կային գրքեր, որոնք դասարանում մի քանի հոգի էին կարդացել, որն անհատական ներկայացումից դարձավ խմբով ներկայացում-քննարկում։
4․ Ընկերոջ ներկայացրած գիրքը կարող է դառնալ հաջորդ ամսվա իր ընթերցանության գիրքը։
5․ Հետաքրքիր է նաև գրքի ընտրությունը․ օրինակ՝ Ֆուտբոլասեր Վահանը ընտրել է «100 փաստ ֆուտբոլի մասին» գիրքը, ի՜նչ հավեսով էր ներկայացում, նույնիսկ ես, որ ֆուտբոլի սիրահար չեմ, ոգևորվել էի ֆուտբոլով․․․Ֆուտբոլասեր սովորողների հարցերն ու պատասխաներն այնքա՜ն որգևորող էին։ Վահանը, որ չի սիրում եկար տեքստեր կարդալը, սիրով ու ոգևորված էր պատմում իր կարդացածի մասին։ Սա լավ տարբերակ է ընթերցանությունը սովորույթ դարձնելու համար։ Իհարկե, այսպիսի օրինակները շատ են․․․
6․ Հետաքրքիր նախաձեռնություն եկավ սովորողից, ով գրքից ծաղկաքաղ էր արել և ներկայացնում էր իր դուրս բերած հատվածները։ Նախաձեռնությունը հավանեցինք, որոշեցինք դեկտեմբերյան ներկայացումներում ունենալ նաև գրքից ծաղկաքաղեր․․․
7․ Նոյեմբեր ամսին սովորողներից մեկը, ով նաև ամսվա ընթերցավարներից էր, առաջարկեց իր կարադացած գրքի («90-ականների Երևանը») հեղինակի՝ Հայկ Աջապահյանի հետ հանդիպում կազմակերպել հունվարյան ուսումնական ճամբարի օրերին։ Ընթերցավար Վիկտորյայի առաջարկով պիտի պատրաստվենք, բայց հանդիպման համակարգող, կազմակերպիչն ինքն է, արդեն սկսել է աշխատել։ Կապվել է հեղինակի հետ, ընկերներին ուղարկել, որ կարդան ստեղծագործությունը, պատրաստվեն հանդիպմանը, բայց կային սովորողներ, ովքեր արդեն կարդացել էին ստեղծագործությունը։ Վիկտորյան պատմեց, որ մասնակցել է հեղինակի գրքի շնորհանդեսին և ստացել է գրքի առաջին նվեր-օրինակը՝ մակագրությամբ։
8. Դասարանում ունեք Դանիել Հովսեփյան, ով ԱՄՆ-ից եկել, շատ լավ է տիրապետում անգլերենին, բայց դժարանում է հայերենով աշխատել։ Դանիելի համար հետաքրքիր է լսելը, սկսել է արդեն փոքր տեքսերի՝ առակների ընթերցումը։
9․ Իհարկե, դեռ ունենք սովորողներ, ովքեր կցված էջերում հղումներ չունեն, բայց ամսեամիս դրանք քչանում են։ Հուսանք, որ մինչև տարեվերջ բոլորը կունենան հղումներ։
Կից այս ամիսների արդյունքներն են՝ սովորող-ընթերցավարների ներկայացմամբ։
Քանի որ աշխատանքը շարունակվում է, զարգացումները կհրապարկվեն հաջորդիվ։
Հոկտեմբեր ամսվա ընթերցավարներ՝
Ազատ Ղազարյան․ 5-4
Նանե Հովհաննիսյան 5-2
Նոյեմբեր ամսվա ընթերցավարներ՝
Գոհար Խուդոյան, Անահիտ Գրիգորյան, 5-2 դասարան
Վիկտորյա Ղազարյան, Անահիտ Մկրտչյան․ 5-4 դասարան
Դեկտեմբեր ամսվա ընթերցավարներ՝
Վահան Սերոբյան, Դավիթ Բարսեղյան․ 5-4 դասարան
Սամվել Թորոսյան, Արա Ներսիսյան․ 5-2 դասարան
