Սույն հոդվածը նպատակ ունի ներկայացնելու այն մշակութավերականգնող լուրջ աշխատանքը, որն իրականացնում ենք կինետոգրաֆիայի ուսումնասիրման և դրա արդիական ներկայացման ուղղությամբ։

Չնայած ժամանակային սահմանափակումներին՝ ձեռնարկած գործն իր ծավալով ու բարդությամբ պահանջում էր պատասխանատու մոտեցում։ Արմենուհի Սոկրատունու հետ համատեղ սկսեցինք այս նախաձեռնությունը՝ խորությամբ ուսումնասիրելով Սրբուհի Լիսիցյանի աշխատությունները և նրա մշակած շարժման գրառման համակարգը։ Մեզ համար կարևոր էր ոչ միայն համակարգին ծանոթանալը, այլև այն կենդանի դարձնելը։

Մենք՝ կինետոգրաֆներս, ոչ միայն ուսումնասիրում ենք գրառման համակարգը, այլ նաև ամբողջությամբ վերականգնում ենք պարը։ Սա ոչ թե միայն գիտական, այլև ստեղծագործական գործընթաց է, պահանջում է խոր ուսումնասիրություն, մեծ պատասխանատվություն և թիմային աշխատանք։ Մենք համադրում ենք գրառումը երաժշտության հետ, փորձում ենք գտնել շարժումների ներքին տրամաբանությունը, վերակենդանացնել այն հատվածները, որոնք տարիների ընթացքում մոռացվել են։ Մեզ համար կինետոգրաֆիան ոչ թե պարզապես ուսումնասիրության առարկա է, այլ գործիք, որի միջոցով հնարավոր է վերադարձնել պատմական ու մշակութային արժեքները ժամանակակից սերնդին։ Ավելին՝ սովորողները, որոնք ներգրավված են այս աշխատանքի մեջ, դառնում են ոչ թե դիտորդներ, այլ իրական մասնակիցներ։ Նրանք սովորում են կարդալ նշանները, վերծանել պարային հատվածները, համադրել երաժշտության հետ և այդ ամբողջը ներկայացնել։ Այսպիսով՝ նրանք ինքնուրույն զգում են, թե ինչ մեծ պատասխանատվություն է մշակութային ժառանգությունը պահպանելը։ Ահա թե ինչու կարելի է ասել, որ եթե այլ հաստատություններում կինետոգրաֆիան դիտվում է որպես ուսումնասիրվող գիտական համակարգ, ապա մեր նախաձեռնության մեջ այն վերածվում է մշակութային վերականգնման գործիքի։

Մեր ուսումնասիրությունները սկսեցինք կրթահամալիրի օրացույցով նախատեսված լիսիցյանական օրերի շրջանակում։ Այդ ընթացքում ներկայացրինք «Կինետոգրաֆիայի ուսումնասիրում–ներկայացում» նախագիծը։ Առաջին քայլը կինետոգրաֆիայի նշաններին ծանոթանալն էր։ Չնայած համակարգի սկզբնական բարդությանը՝ կարողացանք բացահայտել կառուցվածքը, և դրանով իսկ ավելի հստակեցնել նախագծային ընթացքը։ Նախագծի նպատակը միայն համակարգին ծանոթանալը չէր։ Մենք նաև ներկայացրինք Սրբուհի Լիսիցյանի կյանքը, գիտական ուղին, ինչպես նաև կինետոգրաֆիայի արժեքը։
Առաջին նախագիծը, թեև հաջողությամբ ավարտվեց, սակայն դեռ պարզ չէր, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվենք հետագայում։ Չնայած որոշակի անորոշությանը՝ մեր մոտիվացիան մնաց անսասան։ Մի քանի ամիս անց վերսկսեցինք աշխատանքը՝ նոր լրջությամբ ու խորությամբ։ Ուսումնասիրությունների ընթացքում ծնվեց պարի վերականգնման գաղափարը։ Ժամանակի ընթացքում եկանք այն եզրահանգման, որ նախագծին պետք է մասնակցեն նաև սովորողներ։ Այսպիսով՝ սովորողների ներառմամբ ձևավորեցինք կինետոգրաֆների նախագծային խումբը։ Սկզբում մասնակիցներին ներկայացրեցինք մեր նպատակը, ծանոթացրեցինք գրառման նշաններին, ապա միասին սկսեցինք պարի վերականգնման աշխատանքները։ Պարի ընտրությունը նույնպես պատասխանատու որոշում էր։ Տարբեր տարբերակներ վերլուծելով՝ կանգ առանք Վանի տարածաշրջանի «Սարը սարին հակվեց» պարերգի վրա։ Պարը իր երաժշտական կառուցվածքով առանձնանում էր 6/8 չափով դանդաղ և արագ հատվածներով, ինչը տարբերվում էր մեզ ծանոթ քոչարիներից։
Վերականգնման աշխատանքը թե՛ շարժումների ընթերցման, թե՛ երաժշտության հետ համապատասխանեցման առումով հեշտ չէր։ Շատ հաճախ բախվում էինք տարատեսակ խնդիրների, ինչն էլ մեծացնում էր սխալվելու հավանականությունը։ Սակայն հենց այդ դժվարությունները սովորեցրին մեզ աշխատել որպես մեկ թիմ։ Խմբի ներգրավվածությունը մեծ դեր ունեցավ աշխատանքի որակի վրա։ Սովորողները ոչ միայն յուրացնում էին շարժման համակարգը, այլև ակտիվ մասնակցություն էին ունենում վերականգնման ամբողջ ընթացքին։ Նրանք սովորում էին ինչպես ընթերցել նշանները, այնպես էլ համադրել երաժշտական կառուցվածքի հետ, համեմատել տարբերակները և միասին գտնել առավել հավանական լուծումը։ Այս ամենը նրանց համար դարձավ ստեղծագործական և ճանաչողական գործընթաց։ Սովորողների մասնակցությունը մեր աշխատանքի ամենաթանկ ու առանձնահատուկ կողմերից է։ Նրանք ամեն հանդիպման գալիս են մեծ ոգևորությամբ ու սիրով՝ սպասելով, թե ինչ նոր բան են բացահայտելու։ Այն պահին, երբ սկսում ենք աշխատել գրառման հետ, շատ հաճախ հենց նրանց աչքն է առաջինը նկատում այնպիսի մանրուքներ, որոնք մեր աչքից վրիպում են։ Երբեմն դա կարող է լինել մի փոքրիկ նշան, որը մենք առաջին հայացքից չնկատեցինք, երբեմն էլ՝ շարժման մեջ թաքնված անցում, որը փոխում է պարի ողջ տրամաբանությունը։ Նրանց թարմ հայացքը, պարզ ու անմիջական դիտարկումները մեզ հաճախ հուշում են ճիշտ ուղղությունը։

Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են սովորողները վերլուծում և համեմատում տարբերակները։ Երբեմն նրանք այնքան խորությամբ են նայում, որ նույնիսկ մենք ենք զարմանում։ Օրինակ՝ երաժշտության մի հատվածում կարող են նկատել լրացուցիչ շեշտադրում, որը հետո ամբողջ խմբով քննարկում ենք ու դրա հիման վրա նորից վերանայում մեր կատարած աշխատանքը։ Այդպիսի պահերին պարզ է դառնում, որ նրանք արդեն ոչ թե պարզապես հետևում են գործընթացին, այլ դառնում են համահեղինակներ։

Նրանց մասնակցությունը տալիս է նաև մեծ կենդանություն ու շարժում ամբողջ գործին։ Երբ սկսում ենք փորձել պարի հատվածները, սովորողերը հաճախ առաջարկում են սեփական տարբերակները, հարցեր տալիս, համեմատում մեր գրառումները։ Այդ հարցերի ու առաջարկների շնորհիվ գործընթացը դառնում է ավելի կենդանի, իսկ արդյունքը՝ ավելի մոտ իրականությանը։

Կարևոր է նաև նշել, որ սովորողները երբեք չեն վախենում սխալվելուց։ Նրանք պատրաստ են փորձել նորից ու նորից, մինչև ստացվի այն, ինչին ձգտում ենք։ Այդ համառությունը, համբերությունը և աշխատասիրությունը նրանցից յուրաքանչյուրին դարձնում է ոչ միայն սովորող, այլև մեր գործի իրական մասնակից։

Երբ տեսնում ենք նրանց աչքերի փայլը, երբ նրանք առաջին անգամ հասկանում են մի բարդ նշան կամ հաջողությամբ կատարում են մի շարժում, պարզ է դառնում, որ այս գործը ոչ միայն գիտական ու մշակութային է, այլև դաստիարակչական։ Երեխաները սովորում են աշխատել խմբով, լսել միմյանց, հարգել և գնահատել ազգային արժեքները։

Ահա թե ինչու կարելի է ասել, որ մեր նախաձեռնությունը հաջողվում է ոչ միայն շնորհիվ մասնագիտական մոտեցման, այլև՝ հենց սովորողների սիրո ու ներգրավվածության։ Նրանք այն շարժիչ ուժն են, որ մեր աշխատանքը դարձնում են կենդանի, իսկ արդյունքը՝ ավելի իրական։

«Սարը սարին հակվեց» պարն առաջին անգամ ներկայացրինք  «Ձոն» ստուգատեսի ժամանակ՝ որպես նախագծի արդյունք։ Թեև կային որոշ անհամապատասխանություններ, սակայն հստակ դարձավ մի բան՝ սա մեկանգամյա նախագիծ չէ։

Նախորդ փորձից հետևություններ անելով՝ ամիսներ անց նոր նախագծային խումբ ձևավորեցինք՝ այս անգամ նպատակ դնելով վերականգնել «Ապարանի քոչարին»։ Այս փուլում առավել հետևողական և խորացված աշխատանք իրականացրինք՝ ուսումնասիրելով ոչ միայն կինետոգրաֆիայի նշանները, այլև պարի կառուցվածքը, երաժշտական չափերը։ Վերականգնված պարը կրկին ներկայացվեց կրթահամալիրին։

2024 թվականի սեպտեմբերից սկսեցինք աշխատել կինետոգրաֆների հետազոտական ակումբ դարձած խմբի հետ։ Մեր խումբը բաղկացած է կինետոգրաֆներից՝ պար վերծանողներից և երաժիշտներից։ Նպատակն էր՝ տարածել Ապարանի քոչարին և վերանայել, ճշգրտել «Սարը սարին հակվեց» պարը։ Սեպտեմբերից խումբը համալրվեց նոր անդամներով։ Առաջին ամիսներին խմբի նոր անդամներին ներկայացնում էինք Լիսիցյանի կյանքի և գործունեության մասին, ինչպես նաև ուսուցանում էինք գրառման համակարգը։

Մեր տարածման կանգառներն են՝

Բացի տարածումից, անդրադարձանք նաև նախորդ՝ «Սարը սարին հակվեց» պարի նոր վերծանման աշխատանքներին։ Ներկայացրինք այդ պարի վերծանված նոր տարբերակը «Ձոն » ստուգատեսին և Մայիսյան հավաքին։ Մայիսյան հավաքի ընթացքում ներկայացվեց նաև ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը՝ ներառյալ գրառման համակարգը, տարածման ուղիները և նոր վերականգնվող պարը։

Հավաքի շրջանակում կազմակերպվեցին քննարկումներ, որոնց ընթացքում հրավիրված մասնագետների հետ վերանայեցինք շարժման որոշ հատվածներ, շտկեցինք սխալները, բացահայտեցինք դեռևս խիստ անհասկանալի շերտեր։ Ընտրված պարը չափազանց բարդ է՝ թե՛ իր կառուցվածքով, թե՛ հնչողությամբ, և դրա վերծանումն ու վերականգնումը դեռ ավարտված չէ։

Այս ամբողջ ընթացքում իրականացված աշխատանքը մեծ փորձ է մեզ համար։ Այն ոչ միայն նպաստեց ազգային պարի ուսումնասիրությանը, այլև սովորողներին սովորեցրեց մշակութային ժառանգության հետ աշխատելու պատասխանատվությունը։ Նրանք դարձան ոչ թե դիտորդներ, այլ ակտիվ մասնակիցներ, ովքեր սեփական ներդրումն ունեցան ազգային մշակույթի պահպանման գործում։

Նոր ուսումնական տարվա ընթացքում մենք շարունակելու ենք տարածման աշխատանքները, միևնույն ժամանակ խորացնելու ենք «Սարը սարին հակվեց» պարի հստակեցման գործընթացը և տանելու ենք աշխատությունների լայն ուսումնասիրություն։ Վստահ ենք, որ այս ուղին շարունակելու ենք նույն եռանդով ու նվիրումով՝ ազգային մշակույթը ճանաչելու, պահպանելու և զարգացնելու նպատակով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով