Կրթահամալիրի կրտսեր դպրոցում ստեղծագործական գործունեությունը ոչ միայն ուսումնառության ձև է, այլև սովորողին ճանաչելու, նրա մտածողությունն ու զգացողությունները բացահայտելու կարևոր գործիք։ Սովորողները աշխատել են որպես փոքրիկ հեղինակներ՝ խաղալով բառերի, պատկերների ու կերպարների հետ, փորձելով անսպասելի լուծումներ գտնել։ Ստեղծագործական աշխատանքների ընթացքում կարևորել եմ մտքի ընթացքը, ստեղծագործական երևակայությունը, պատմելու ցանկությունը և անհատական մոտեցումը։

Հորինուկ գրելու ընթացքում սովորողները ստեղծել են կերպարներ, պատկերացրել իրավիճակներ, հորինել փոքրիկ պատմություններ, ստեղծագործական խաղի մեջ մտել։ Խոսքը պարզապես գրելու կամ նկարելու մասին չէ, այլ ինքնարտահայտման, ազատ մտածելու և սեփական աշխարհը ներկայացնելու հնարավորության։

2024-2025 ուսումնական տարվա ընթացքում երկրորդ-երրորդ դասարանցիներին առաջարկել եմ հորինել, ստեղծել հորինուկներ և դրանք պատկերել սեփական նկարներով՝ տարբերվող, իրենց իսկ ընտրած թեմաներով։ Իմ նպատակն էր ստեղծել մի միջավայր, որտեղ սովորողը ազատ կարտահայտի իր միտքը, երևակայությունը և զգացողությունները։ 

Մինչև ստեղծագործելը կազմակերպում ենք զրույցներ, դիտումներ, խաղեր խաղում, որոնք ձևավորում, զարգացնում են երևակայությունը։ Գործածում ենք նկարներ, զանազան իրեր, առարկաներ, բառ, արտահայտություն, հնչյուն, երբեմն էլ հարցեր՝ «Ի՞նչ կլինի, եթե…», «Հետո ի՞նչ եղավ», «Ի՞նչ կզգար կերպարը», «Ի՞նչ կլիներ, եթե այս առարկան խոսեր, ի՞նչ կասեր» և այլն, որոնք ուղղված են մտածողության զարգացմանը։ Այսպես «թռչում է» երևակայությունը դեպի անծայրածիր տիեզերք։ Հաճախ օգտագործում եմ ռոդարիական մոտեցումներ՝ բառերի զույգեր, անսպասելի կապեր, ստեղծում «սխալ» կամ «թարս» իրավիճակներ՝ փորձելով օգնել, որ ամեն սովորող կիրառի իր ստեղծագործական ներուժը, գտնի իր արժեքը։ Կարծում եմ, որ հենց սովորողը համոզվում է, որ իր միտքը չի քննադատվելու, սկսում է ազատ մտածել, ազատ արտահայտվել։ Երբեք չեմ համեմատում աշխատանքները, չեմ շեշտում սխալները ստեղծագործական փուլում։ Փորձում եմ ընդգծել յուրաքանչյուր աշխատանքի առանձնահատկությունը։ Կարևորում ենք իրար հետ կիսվելը, իրար լսելը, դրական արձագանքներին պատասխանելը։ Շուրջտարյա ճամբարներին կամ ուսումնական գործունեության աշխատակարգը կազմելիս անպայման այս աշխատանքը ներառում եմ․ սովորողների հորինուկներն ընթերցում ենք դասարանում, դիտում ենք նկարները, մեկնաբանում, ուրախանում, հրճվում, սովորում իրարից։
Հորինուկ գրելով՝ սովորողները հնարավորություն են ստացել պատմել իրենց փոքրիկ պատմությունները, խաղալ բառերի հետ, մտածել կերպարներ, իրավիճակներ։ Թեմաների ազատ ընտրությունը հնարավորություն է տվել յուրաքանչյուր սովորողի խոսել իր աշխարհից՝ առանց համեմատության կամ սահմանափակման՝ թե՛ բառերի, թե՛ գույների։ Իհարկե, ոչ բոլոր սովորողներն են անմիջապես հաջողություն ունենում հորինելու մեջ, և դա բնական է։ Նրանց հետ աշխատում եմ ավելի փոքր քայլերով։ Միասին պատմում ենք, բանավոր քննարկում, նկարում՝ առանց գրելու։ Երբեմն ես սկսում եմ, խնդրում եմ շարունակել արդեն սկսված պատմությունը, երբեմն ես եմ շարունակում նրանց սկսածը։ Հաճախ «աշխատանքային խմբերի» մեջ եմ ներառում․ զույգերով կամ խմբով աշխատանքն այս առումով շատ արդյունավետ է։ Երբեմն առաջարկում եմ ընտրել մեկ կերպար կամ մի իրավիճակ և սկսել հենց այդտեղից։ Կարևոր է, որ սովորողը զգա՝ ինքը նույնպես կարող է մասնակցել և ստեղծագործել իր ձևով։ Ես փորձում եմ ձևավորել «նպաստավոր» պայմաններ, լինել ուղղորդող, խորհրդատու, խրախուսող, աջակցող։

Ստեղծագործական աշխատանքներն ունեն նաև իրենց մեդիապատկերավորումը։ Շատ դեպքերում նկարն ավելին է պատմում սովորողի ստեղծագործ մտքի մասին, քան տեքստը, և ես դա դիտարկել եմ որպես հորինուկի շարունակություն, փոխլրացում։ Սովորողները ստեղծագործել, հորինել են հորինուկներ և այդ հորինուկները պատկերել մեկը մյուսից սիրուն երևակայական նկարներով։

Ինձ համար կարևոր էր, որ սովորողը զգա՝  իր միտքն արժեք ունի, իր պատմությունը լսելի է, իր նկարն ընկալելի է։ Հորինուկն ու նկարը միասին են դարձել ինքնաճանաչման, ինքնավստահության և ստեղծագործ մտածողության զարգացման միջոց։

Նախագիծը նպաստել է դասարանում փոխվստահության ձևավորմանն ու ամրապնդմանը, միմյանց լսելու կարողությունների զարգացմանը, փոխադարձ հարգանքի ձևավորմանը և այլ կարողությունների զարգացմանը։ Սովորողների մեծ մասի համար հորինուկ գրելը դարձել է շատ սիրված, շատ սպասելի պահ՝ ե՞րբ են սկսելու ստեղծագործել, երևակայել, հրճվել մտքից, խոսքից, տեքստից, նկարից….

Ուզում եմ նշել, որ նմանատիպ և առհասարակ ստեղծագործական առաջադրանքները կարևոր դեր ու նշանակություն ունեն կրտսեր դպրոցի յուրաքանչյուր սովորողի համար։ Ստեղծագործելու ընթացքում սովորողը սովորում է լսել սեփական միտքը, վստահել ինքն իրեն, չվախենալ, կայանալ, ինքնահաստատվել. «Կարո՞ղ է սխալ եմ գրել, սխալ եմ նկարել….։ Իհա՛րկե ոչ, ես եմ հորինել, ես եմ նկարել այդպես, և դա ինձ դուր է գալիս»:

Այս աշխատանքները միաժամանակ արժեքավոր են նաև ինձ համար։ Հորինուկների և նկարների միջոցով ինձ համար բացահայտվել են սովորողների հետաքրքրությունները, հույզերը, մտածողության առանձնահատկությունները: Ստեղծագործական աշխատանքները հնարավորություն են տվել ավելի խորը ճանաչելու յուրաքանչյուր սովորողին՝ ոչ միայն որպես սովորող, այլև որպես մտածող ստեղծագործող անհատականություն:

Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ հորինուկ ստեղծելու այս ստեղծագործական ընթացքը կրտսեր դպրոցում դարձել է ոչ միայն ուսումնական աշխատանք, այլև սովորողի ներաշխարհը բացահայտելու, նրա մտածողությունն ու երևակայությունը զարգացնելու կարևոր հարթակ։ Բառի և պատկերի համադրմամբ յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ստացել խոսելու իր աշխարհից, զգալու սեփական մտքի արժեքը և ներկայանալու որպես իր գործի հեղինակ։ Այս աշխատանքները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ստեղծագործական ազատ միջավայրը նպաստում է ինքնավստահ, մտածող և սեփական ձայնն ունեցող սովորողի ձևավորմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով