Փորձի հիման վրա բնագիտական առարկաների ուսումնասիրությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հիմնական մեթոդն է։ Սովորողը փորձի միջոցով ոչ թե ստուգում է անգիր արած այս կամ այն օրենքը, այլ իր ձեռքերով կատարած փորձերի արդյունքներով բացահայտում է այդ օրենքները։ Վերջին տարիներին կրթահամալիրի ավագ դպրոցում, իսկ հիմա արդեն հանրապետության ավագ դպրոցներում, հետազոտական աշխատանքներ ներգրավելը նոր ուղղություն բացեց փորձարարության համար։ Սովորողները փորձերն իրականացնում են լաբորատորիայում եղած սարքերի միջոցով՝ հաճախ առանց իմանալու այդ սարքերի աշխատանքի սկզբունքները։ Որևէ սարք փչանալու դեպքում դժվար է լինում այն նորոգելը և համապատասխան փորձը իրականացնելը։ Չաշխատող սարքերը մնում են լաբորատորիաներում՝ որպես ավելորդություն։ Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը ԿԳՄՍ նախարարության միջոցով հանրապետության հիմնական դպրոցներին տրամադրել է նոր լաբորատոր սարքեր, ինչի հետևանքով նախկին, նույնիսկ գործող սարքերը դարձել են ավելորդ։ Կրթահամալիրը իր զարգացման ծրագրում ընդգրկել է նման սարքերը հավաքելու, նորոգելու և օգտագործելու ուղղություն։ Այդ նպատակով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծվել է Ուսումնական սարքաշինության լաբորատորիա (այսուհետ՝ լաբորատորիա), որի հիմնական առաքելությունն է բնագիտական առարկաները, մասնավորապես՝ ֆիզիկան, ուսումնասիրել սովորողների միջոցով, հին սարքերը վերանորոգելով, սարքերի աշխատանքի սկզբունքներին և տեխնիկական իրականացումներին ծանոթանալով, լաբորատոր սարքեր ստեղծելով ։
Լաբորատորիայի գործունեության շրջանակում ֆիզիկայից իրականացվում է երկարաժամկետ նախագիծ՝ «Հին սարքերի վերակենդանացում», որի ընթացքում սովորողները աշխատում են նախկինում օգտագործված, սակայն ժամանակի ընթացքում չգործող կամ մոռացված ֆիզիկական սարքերի հետ։ Սարքերը բերվել են այլ դպրոցներից՝ նպատակ ունենալով վերանորոգել դրանք, բացահայտել աշխատանքի սկզբունքները և նորից ներգրավել կրթական միջավայրում՝ հագեցնելով ֆիզիկայի լաբորատորիան։
Նախագծի աշխատանքային փուլերը ներառում են սարքերի քանդում, աշխատանքի սկզբունքի և կառուցվածքի ուսումնասիրություն, բաղադրիչների գործառույթի բացահայտում և սարքի աշխատանքի հիմքում ընկած ֆիզիկական օրենքների վերլուծություն։ Այս գործընթացը սովորողներին հնարավորություն է տալիս տեսական գիտելիքները կապել իրական փորձի հետ և ձևավորել ինժեներական մտածողություն։ Աշխատող յուրաքանչյուր սարքի համար մշակվում է մեթոդական ուղեցույց, որը ունենալով սովորողը կարող է ինքուրույն կատարել փորձերը, գրանցել փորձի արդյունքները, մտածել նոր փորձեր։ Նման աշխատանքի ընթացքում սովորողը վարժվում է օգտագործել տարբեր գործիքներ, ծանոթանալ տարբեր նյութերի, դրանց մշակման ձևերի հետ։
Նախագծի շրջանակում արդեն հաջողվել է վերանորոգել և գործարկման բերել ջերմային երևույթներն ուսումնասիրող մի քանի սարքեր, որոնք կիրառվում են ջերմահաղորդականության, ջերմափոխանակության և ջերմային ընդարձակման թեմաների ուսումնասիրման ընթացքում։ Վերականգնվել է նաև ալիքի երկարությունը ցուցադրող սարքը, ինչպես նաև մեխանիկական ալիքները ցուցադրող ալիքային մեքենան, որը հնարավորություն է տալիս տեսանելի կերպով ուսումնասիրել ալիքների տարածումը, փուլը և հիմնական բնութագրերը։
Բացի այդ, վերանորոգվել է U-աձև մանոմետրը՝ իր փորձերի ամբողջական շարքով, որն օգտագործվում է հեղուկներում ճնշման և ճնշման տարբերության ուսումնասիրման համար։ Բնագիտության աշխատարանի շրջանակում վերանորոգվել, հետազոտվել և փորձարկվել է ուսումնական հիդրավլիկ մամլիչը՝ որպես ճնշման և Պասկալի օրենքի ուսումնասիրման փորձարարական սարք։
Վերանորոգված և վերականգնված ուսումնական սարքերը ոչ միայն ակտիվորեն կիրառվում են ֆիզիկայի ամենօրյա դասապրոցեսում, այլև ներկայացվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամենամյա բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում։ Ստուգատեսը հանդիսանում է կարևոր հանրային հարթակ, որտեղ սովորողները ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքները, սարքաշինական փորձերը և նախագծային արդյունքները՝ կիսվելով ձեռքբերումներով սեբաստացի համայնքի հետ։
Նույն գաղափարական և գործնական շարունակականության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նաև 2025 թվականի հունիսին իրականացված «Մուտք վարժարան» ճամբարի ֆիզիկայի աշխատարանի վերջնարդյունքները։ 2025 թվականի հունիսի 26-ին մեկնարկեց «Մուտք վարժարան» ճամբարի առաջին փուլը, որի շրջանակում բնագիտության ճյուղն ընտրել էին 26 սովորող։ Նրանց համար կազմակերպվել էին թեմատիկ աշխատարաններ՝ ֆիզիկա, կենսաբանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինժեներական կենտրոն, սարքաշինություն և ԱԹՍ։
Նախապես ձևավորված ֆիզիկայի աշխատարանն ընտրել էր 4 սովորող։ Առաջին օրվա ծրագիրը նվիրված էր «Էլեկտրական երևույթներ» թեմային։ Աշխատարանը իրականացվել է լաբորատոր սարքաշինական պայմաններում, որտեղ սովորողները ծանոթացել են էլեկտրական շղթաների կառուցման սկզբունքներին, իրականացրել չափումներ և կատարել վերլուծություններ՝ բացահայտելով Օհմի օրենքը և կրառելով այն։
Հունիսի 27-ին ֆիզիկայի աշխատարանի շրջանակում իրականացվել է հետազոտական-գործնական պարապմունք՝ նվիրված մարմինների խտության որոշմանը։ Սովորողները փորձարարական ճանապարհով կատարել են չափումներ, մշակել տվյալները և ձևակերպել եզրակացություններ։
Ճամբարի հաջորդ փուլում իրականացվել է կիրառական և ուսուցողական փորձ, որի ընթացքում սովորողները պատրաստել են սարք՝ երկրորդ կարգի հաղորդիչների՝ էլեկտրոլիտների ուսումնասիրման նպատակով և դիտարկել են էլեկտրոլիզի երևույթը։
Նույն օրը ֆիզիկայի աշխատարանը համագործակցել է ինժեներատեխնիկական կենտրոնի հետ՝ նպատակ ունենալով պատրաստել և գործարկել Նյուտոնի սպեկտրալ օղակը ցուցադրող սարք։ Սովորողներն ուսումնասիրել են սպեկտրի հիմնական գույների՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն, միաձուլման երևույթը։ Պտտվող գունային օղակի միջոցով դիտարկվել է, թե ինչպես են գույները մեծ արագությամբ պտտման դեպքում միաձուլվում՝ ստեղծելով սպիտակ կամ բաց գույն, ինչը տեսողական ընկալման առանձնահատկությունների հետևանք է։
Այս համատեքստում ուսումնական սարքաշինության լաբորատորիան և «Հին սարքերի վերակենդանացում» նախագիծը միասին ձևավորում են այնպիսի ուսումնական միջավայր, որտեղ սովորողը հանդես է գալիս ոչ միայն որպես գիտելիք ընդունող, այլև որպես ստեղծող, հետազոտող և ուսումնական գործընթացի գիտակցված մասնակից։
Լաբորատորիան համագործակցում է կրթահամալիրի ինժեներատեխնիկական ստեղծագործության կենտրոնի, սարքաշինության լաբորատորիայի, հանրապետության այլ դպրոցների հետ։
