«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն տարի հունվար ամիսը վերածվում է իսկական ստեղծագործական լաբորատորիայի։ Հունվարյան ուսումնական ստուգատեսն այն հարթակն է, որտեղ ամփոփվում են նախագծային աշխատանքները, վերհանվում են ազգային ծեսերն ու սովորույթները, և սաները հնարավորություն են ստանում անմիջականորեն հաղորդակից դառնալ մեր մշակութային արժեքներին։
Այս տարվա ստուգատեսի շրջանակում առանձնակի ուշադրություն է դարձվել ազգային խաղերին և խաղալիքների պատրաստմանը, ինչը կարևոր բաղադրիչ է կրթահամալիրի ծիսական-տոնական օրացույցում։
Ազգային մշակույթի պահպանման ու տարածման գործում մեծ դեր և նշանակություն ունեն ազգային խաղերի իրականացումը, խոհանոցային գործունեությունների ներկայացումը, երգ ու պարի ուսուցումը, շրխկանների պատրաստումը ընկույզներից և այլ նյութերից: Մանկական խաղերը ոչ միայն սաներին զբաղեցնելու, այլև նրանց կրթելու միջոց են:
Հայ ժողովուրդը դեռ վաղ ժամանակներից մեծ կարևորություն է տվել ազգային խաղերին։ Դրանք նպաստել են սաների ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացմանը, այլև ձևավորել են հնարամտության, մրցակցության և հումորի զգացում:
Մեր առօրյայում մենք հաճախ ենք օգտագործում ընկույզներ։ Շրխկացնում ենք ընկույզները, գլորում, պտտում կամ կոտրում: Այս անգամ գործընթացն ավելի խորհրդանշական էր: 2-4 տարեկան սաներին հյուր էր եկել տիկին Մարինե Մկրտչյանը, ով բացատրեց չարխափանի իմաստն ու նշանակությունը՝ որպես պահապան և բարիք բերող խորհրդանիշ: Նա մանրամասն նկարագրեց և ցույց տվեց, թե ինչպես են պատրաստում շրխկան չարխափանը:
Թեև կրտսեր սաները անմիջականորեն չմասնակցեցին պատրաստման բարդ ընթացքին, նրանք մեծ խանդավառությամբ միացան երաժշտառիթմիկա խաղ-պարապմունքին: Արդյունքում՝ ստացված շրխկանների ձայնի ներքո բոլորս միասին սկսեցինք երգել ու շրխկացնել՝ տարածելով բարձր տրամադրություն և ազգային ոգի:
Այսպիսով, պատրաստի շրխկան-չարխափաններով սաները սկսեցին իրենց բացահայտումների նոր փուլը։ Նախագծի իրականացման միջոցով նրանք հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու ավանդույթին, այլև զարգացնելու իրենց երաժշտական ունակությունները և ստեղծագործական մտածողությունը։
Սաների մոտ շատ արագ ձևավորվեց ռիթմի զգացողությունը. մենք բաց չենք թողնում ոչ մի պահ ռիթմ ստեղծելու համար՝ օգտագործելով մեր ձեռքերը, ոտքերը ու նույնիսկ միջավայրում գտնվող առօրյա իրերը։ Խմբասենյակում, բակում յուրաքանչյուր առարկա կարող է ծառայել որպես այլընտրանքային երաժշտական միջոց, և այս անգամ այդ դերում հանդես եկան հենց ընկույզները՝ վերածվելով ինքնատիպ շրխկանների:
Շրխկանների ձայնին հաջորդեց իրական աշխուժությունը։ 2-4 տարեկանների համար ընկույզը պարզապես ընդեղեն չէ, այլ հետաքրքիր խաղընկեր։ Երաժշտության դաստիարակ ընկեր Մարիամ Մնացականյանի հետ սաները սովորեցին խաղի կանոնները և սկսվեց ուրախ «ընկույզգլորոցին»: Սաներն ամեն կերպ փորձում էին այնպես գլորել, որ ընկույզները հասնեն նշանակետին։ Սա օգնում էր կենտրոնացնել ուշադրությունը, զարգացնել արագությունն ու դիպուկությունը։ Խաղն այնքան մեծ հրճվանք պարգևեց սաներին, որ նախագիծը տեղափոխվեց ընտանիքներ. սաներն արդեն տանն էին շարունակում իրենց ընկուզախաղերը։
Սեբաստացի սաները դեռ վաղ տարիքից սովորում են հետազոտել ու բացահայտել։ Այս անգամ մեր «լաբորատորիան» հենց խմբասենյակն էր, որտեղ որոշեցինք պարզել, թե ովքեր են «բնակվում» ընկույզի ներսում։
Խոսեցինք ընկույզի օգտակարության և դրանից պատրաստվող համեղ ուտեստների մասին։ Երբ սաները հետաքրքրությամբ հարցրին, թե ինչպես կարելի է տեսնել ներսի պարունակությունը, գործի անցան փոքրիկ մուրճերը։ Կոտրելով կեղևը՝ սաները տեսան համեղ միջուկը, զարմացան գույների տարբերությունից (մուգ և բաց), իսկ որոշ ընկույզների մեջ հանդիպած որդերը դարձան նոր քննարկման թեմա բնության շղթայի մասին։
Տարատարիք խմբի առավելությունն այստեղ ակնհայտ էր. մեծերը զիջում էին փոքրերին՝ ստեղծելով ջերմ ընկերական միջավայր։
Դպրոց-պարտեզում բաց և վստահելի միջավայրի կարևորագույն սյունը ծնողն է։
«Հարթակում մայրիկն է» նախագծի շրջանակում մեզ հյուր էր եկել 2 տարեկան Սյունեի մայրիկը՝ Աննան։ Միասին սկսեցինք ամենապատասխանատու գործը՝ ընկույզների շարումը։ Աննա մայրիկի օգնությամբ սաները թելն անցկացրին ասեղի միջով և մեր նախապես կոտրած ընկույզները շարեցին թելի վրա։ Վերջում բոլորս միասին հպարտությամբ հաշվեցինք մեր պատրաստի շարանները։
«Հարթակում տատիկն է» նախագծի հյուրն էր կրկին Սյունեի տատիկը։ Նա մեծ սիրով բացատրեց քաղցր շփոթի պատրաստման գաղտնիքները, ցույց տվեց բաղադրիչները, և յուրաքանչյուր սան իր մասնակցությունն ունեցավ խառնելու գործընթացին։ Երբ կաթսան դրվեց գազօջախին, սաները շունչը պահած հետևում էին ընթացքին։
Արդյունքում պատրաստվեցին ավանդական քաղցր շարոցներ։ Սաները համտեսեցին շփոթը և ոգևորված որոշեցին տանն էլ պատրաստել այդ շփոթից։ Այս երկար ու հետաքրքիր ճանապարհը՝ ընկույզը գլորելուց մինչև շարոց պատրաստելը, իր տրամաբանական ավարտը կունենա Ամանորի ծեսին, երբ սաներն ու ծնողական համայնքը կվայելեն իրենց իսկ ձեռքերով պատրաստած բարիքները:
Նախագծի արդյունքը ներկայացրինք նաև Ազգագրական փառատոնի շրջանակում՝ պատրաստելով ընկույզով ուտեստներ: 2-4 տարեկանները պատրաստեցին շատ համեղ ու օգտակար աղանդեր։ Գործընթացը սկսվեց խաղով․ սաները «խնձորգլորոցի» խաղացին, մի լավ ուրախացան, զվարճացան, որից հետո սկսեցին արդեն կեղևահանված խնձորները տեղավորել սկուտեղի մեջ։ Վրան ավելացրին մի փոքր շաքարավազ, ընկույզ ու տեղափոխեցին ջեռոց։ Քնից հետո անուշ արեցին իրենց պատրաստածը։ Բացի այդ, սաներն իրենց ձեռքով պատրաստեցին շատ համեղ ու օգտակար աղցան ընդեղենով ու մրգերով և ընկույզով աղցան: Նախապես լվացին, պատրաստեցին անհրաժեշտ պարագաները, հետո սկսեցին կտրատել մրգերն ու ընկույզը: Ընթացքում համտեսեցին, խոսեցին մրգերի, ընկույզի համի, գույնի, չափի մասին, քերիչի օգնությամբ մանրացրին ընկույզները, իսկ վերջում վայելեցին իրենց համատեղ աշխատանքի համեղ արդյունքը:
«Մի ընկույզի պատմությունը» պարզապես ուսումնական նախագիծ չէր, այլ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժության վառ դրսևորումը։ Այս ճանապարհորդությունը ևս մեկ անգամ փաստեց, որ սեբաստացի սանը, անկախ տարիքից, հետազոտող է և ստեղծող: Նա ինքնուրույն է իր քայլերում՝ լինի դա մուրճով ընկույզ կոտրելը, խոհանոցային գործիքներով աշխատելը, թե սեփական ձեռքերով բարիք ստեղծելը: Այս ինքնավստահությունը ձևավորվում է այն ազատ և անկաշկանդ միջավայրում, որտեղ սանին վստահում են և թույլ տալիս բացահայտել սեփական հնարավորությունները:
Սակայն այս ամբողջականությունը թերի կլիներ առանց մեր կարևորագույն գործընկերոջ՝ ծնողի: Ընտանիք-պարտեզ սերտ համագործակցության և «Հարթակում ծնողն է» նախագծերի շնորհիվ վերանում են տան և կրթական հաստատության սահմանները: Երբ ծնողը դառնում է ուսումնական գործընթացի անմիջական մասնակիցն ու ոգեշնչողը, սանի մոտ ամրապնդվում է սերն ու հարգանքը թե՛ աշխատանքի, թե՛ ազգային արժեքների նկատմամբ: Այսպիսով, միասնական ուժերով մենք կերտում ենք ինքնուրույն, ունակ և ազգային ոգով հարուստ անհատ:
