Ժամանակակից կրթության կարևորագույն ուղղություններից մեկը նախագծային ուսուցումն է, որը սովորողին հնարավորություն է տալիս յուրացնելու գիտելիքներ ոչ միայն տեսության, այլև իրական, կենսական փորձառության միջոցով։ Իմ իրականացրած նախագծային աշխատանքը հենց այդպիսի ուսուցման վառ օրինակ է, որտեղ ուսումնական գործընթացը վերածվեց ստեղծագործ, ճանաչողական և արժեքաստեղծ ճանապարհորդության։ Նախագծի մասնակիցներն են սեբաստացի տարատարիք սովորողներ, երկարացված օրվա ճամբարականներ։ Ամեն ինչ սկսվեց ուսումնական ագարակ այցից։ Հերթական այցելության ժամանակ դեռ հեռվից նկատեցինք կանաչի ու սպիտակի յուրօրինակ համադրություն։ Մոտենանալով ականատես եղանք հետաքրքիր ու սիրուն մի տեսարանի. զմրուխտ կանաչի վրա հանգիստ պառկել էր մի թմբլիկ ոչխար, իսկ ընկ. Միշան իրեն բնորոշ արագ ու հմուտ շարժումներով մկրատով խուզում էր կենդանուն։ Մինչ սովորողներն աշխույժ աղմուկով կտրվածքների ու հարդարման տարբերակներ էին առաջարկում, հուշերս ինձ մանկություն տարան՝ հայրենի գյուղ, տատիկիս տուն։ Ու բոլոր հարցերը բրդի հետ կապված՝ ինչ ենք անելու, ուր ենք տանելու, ես արդեն մտովի պատկերացնում էի՝ բացահայտելով երեխաների համար ստեղծագործ գործընթացի ողջ ընթացքը՝ հումքից մինչև պատրաստի արտադրանք։ Որպես այդպիսին առաջին փուլում սովորողները ծանոթացան բնական հումքին՝ ոչխարի բրդին։ Բուրդը խուզելուց հետո լվացինք և չորացրինք՝ կիրառելով ավանդական մշակման եղանակներ։ Սկզբում բոլորը չէ, որ ներգրավված էին աշխատանքում, սակայն մի քանի ակտիվ ու համարձակ սովորողներ իրենց ջերմեռանդ աշխատասիրությամբ աստիճանաբար վարակեցին մյուսներին, որից հետո գործն սկսեց նոր ընթացք ստանալ ու ավելի դյուրին դառնալ։ Այս փուլում կարևոր էր բնության և կենդանիների հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորումը, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ պատասխանատվության ընկալումը։ Նրանք առաջին անգամ զգացին, թե ինչպես է բնական նյութը հաղորդակցվում մարդու հետ։
Այժմ, հետհայացք գցելով կատարած աշխատանքին, միանշանակ կարող եմ ասել, որ կրթահամալիրի ընձեռած հնարավորություններն անսպառ են, ստեղծագործ մարդու համար՝ իսկական նվեր։ Ունեինք բուրդ, որը կարող էինք թափել, բայց որոշեցինք օգտագործել։ Մաքուր ու մշակված բրդից ներքնակ ու բարձեր կարելը ինքնին հետաքրքիր տարբերակ կլիներ։ Կլիներ, եթե չլինեին այն բոլոր լաբորատոր պայմանները, որոնք գաղափարը կվերածեին շոշափելի արդյունքի։ Այս դեպքում գորգագործության լաբորատորիան, որը մեր երկրորդ փուլի կանգառը դարձավ։
Երկրորդ փուլում իլիկի և ճախարակի օգնությամբ բուրդը վերածեցինք թելի։ Թել մանելու գործընթացը պահանջում էր համբերություն, կենտրոնացում և նուրբ շարժումներ, ինչը նպաստեց սովորողների մոտ աշխատանքային հմտությունների, շարժողական կոորդինացիայի և ստեղծագործ մտածողության զարգացմանը։ Այս փուլում նրանք զգացին ձեռքի աշխատանքի արժեքն ու ստեղծման բերկրանքը։ Ընկ. Հասմիկի օգնությամբ փորձեցինք կիրառել երկու գործիքներն էլ։ Միայն տեսնել էր պետք այդ սիրուն ու զարմացած աչուկները, երբ փրփրուն բրդի ամբողջական կույտը վերածվում էր հարթ ու համաչափ թելի։ Զարմանքն էլ իր հերթին վերածվում էր անհամբերության՝ երբ ենք այդ թելով գործելու։ Իսկ թելը ճախարակի մյուս կողմում ձգվում էր, երկարում ու սահելով իջնում ու սպասում, թե ինչպես կվարվեն իր հետ։ Մի պահ մտքերս կանգ առան։ Ճանապարհի էր նման երկար թելը՝ սպիտակ, ուղիղ, հարթ։ Ու դու ես որոշում թողնե՞լ այն սպիտակ, թե՞ գույն հաղորդել, թողնել, որ սահի՞, թե՞ անել մի քայլ, միգուցե փոքր, բայց ժամանակին։ Քայլով այդ փոքր գնալ ընդառաջ ու բացել դռներ՝ շարժվելով առաջ։ Ի՜նչ նման էր այս ամենը քառօրյա վերապատրաստումից մինչ այժմ իմ անցած ճանապարհին…Սեբաստացու որոշումը միանշանակ էր։
Երրորդ փուլում թելերը ներկվեցին բնական գունավորիչներով։ Գույների ստացումը, համադրումը և ընտրությունը դարձավ փորձարարական և գեղագիտական գործընթաց, որի ընթացքում բացահայտվեց բնության և արվեստի սերտ կապը։ Այս փուլը նպաստեց էկոլոգիական մտածողության զարգացմանը և գեղաշնորհ ճաշակի ձևավորմանը։ Գունավորելու համար ընտրեցինք չորացրած ռեհան ու քրքում։ Գույնը հաղորդակցություն էր՝ դեղինը՝ արևոտ ու փափուկ, կարմիրը՝ տաք ու համարձակ։ Յուրաքանչյուր սովորող ընտրեց իր գույնը՝ և թելը դարձավ անհատական պատմություն՝ յուրահատուկ ստեղծագործություն։
Ճամբարային շրջանը, թերևս, ամենասիրելին է սովորողի, ինչու չէ նաև ստեղծագործ ուսուցչի համար։ Սրտի ուզածի չափ կարելի է անհավանական թվացող գաղափարները վերածել իրական ու ավարտուն գործի։ Հունվարյան ճամբարին հենց այդպես էլ արեցինք։ Արդեն իսկ գունավոր թելերով որոշեցինք Մայր դպրոցի գորգագործության կենտրոնում կարպետ գործել սովորել։ Կարծես թե վատ չի ստացվել։ Ցնծությունն անսահման էր, երբ իմացան, որ այդ փոքրիկ դետալները, իրենց իսկ ձեռքով հյուսված, կարող են կիրառել առօրյայում։ 6-րդ դասարանի սովորող Սուսաննան է կիսվում իր տպավորություններով։
Նախագիծն իրականացնելու առաջին իսկ պահից իմ առջև դրված խնդիրը եղել է՝ նախագծային ուսուցում իրականացնող կրթահամալիրում լինել ուսուցիչ, ով հասկանալով ուսուցման էությունը՝ հստակ կարող է բարձրաձայնել արդյունավետության մասին։ Ասօր արդեն կարող եմ մի քանի շեշտադրում անել.
Նախագծի ընթացքում սովորողները ձեռք բերեցին.
- գիտելիքներ ավանդական ձեռագործության, նյութերի և տեխնոլոգիաների մասին, բնական գունանյութերի ստացման և կիրառման եղանակների մասին, մշակութային ժառանգության կարևորություն մասին,
- գործնական հմտություններ․մանր մոտորիկա և ճշգրիտ շարժումներ, նախագծային պլանավորում և փուլային իրականացում, փորձարկում և ստեղծագործական խնդիրների լուծում, արտադրական գործընթացների ամբողջական ընկալում (բուրդ → թել → գույն → արտադրանք),
- սոցիալական և համագործակցային կարողություններ. թիմային աշխատանք և փոխօգնություն, բանավոր ներկայացում և քննարկում, ընդհանուր որոշումների կայացում,
- արժեքային դաշտում ձևավորվեցին՝ բնության հանդեպ հոգատարություն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվություն և արժևորում, համբերություն, հաստատակամություն և նպատակասլացություն, ստեղծագործական մոտեցում և մշակութային արժեքների ընկալում։
Ամփոփում.
Այս նախագիծը ոչ միայն ձեռագործության դաս էր, այլ նաև ստեղծագործ անհատի, մշակութային ժառանգության ճանաչման և բնության հետ ներդաշնակ ապրելու կարևոր փորձառություն։ Երբ սովորողներն անցնում են ամբողջ ճանապարհը՝ գաղափարից մինչև վերջնական արդյունք, ուսուցումն դառնում է հիշվող, իմաստավորված և ազդեցիկ։
Վերջնական արդյունքը ցույց է տալիս, որ նախագծային ուսուցումը զարգացնում է հմտություններ, գիտելիքներ և արժեքներ, ամրապնդում ինքնավստահություն, ստեղծագործ մոտեցում և թիմային գործելու ունակություն՝ դառնալով կենդանի, հետաքրքիր և հասանելի սովորողների համար։
