Բնության հանդեպ սերը չի ձևավորվում միայն խոսքերով կամ դասագրքերի էջերով։ Այն ծնվում է այն պահին, երբ երեխան ձեռք է տալիս հողին, ջրում է բույսը, հետևում սերմի աճին ու սպասում արդյունքին։ Մենք հենց այդ ճանապարհով ենք գնացել։
Ամեն ինչ սկսվում է պարզ քայլերից։ Այգում զբոսնելիս սաներին հիշեցնում ենք՝ աղբը չի կարելի գետնին նետել։ Թռչունների համար սնունդ ենք թողնում, միասին դիտում, թե ինչպես են նրանք մոտենում կերակրատաշտին։ Տան դիմաց կամ դպրոցի տարածքում սաները սեփական ձեռքերով մի քանի ծաղիկ են տնկում, ամեն օր ջրում ու խնամում դրանք։ Այդ փոքր աշխատանքները մեծ ազդեցություն ունեն․ երեխան սկսում է պատասխանատվություն զգալ իր արածի համար։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործնական աշխատանքը մեր ամենօրյա գործունեության մասն է։ Սաների հետ ծառեր ու ծաղիկներ ենք տնկում, ջրում, հողի խոնավությունը ստուգում, չորացած տերևները հեռացնում։ Երեխաները ոչ միայն դիտում են, այլ իրականում մասնակցում գործընթացին՝ ձեռքերը հողի մեջ։
Բնությունն ընկալելու համար այն ուսումնասիրում ենք հենց իր միջավայրում։ Սաների հետ հավաքում ենք ծաղիկների և բանջարեղենի սերմերը, դասավորում, հաշվում, հետո ցանում տարբեր պայմաններում։ Մի մասը դնում ենք արևոտ տեղում, մյուսը՝ ստվերում։ Ամեն օր նշումներ ենք անում՝ որն է ավելի արագ ծլում, որտեղ է բույսն ավելի լավ աճում։ Երեխաները համեմատում են, հարցեր տալիս, փորձում ինքնուրույն եզրակացություններ անել։
Այս ամենը հնարավոր է միայն ծնողների հետ համագործակցությամբ։ Երբ երեխան նույն խնամքն ու վերաբերմունքը տեսնում է նաև տանը, մեր աշխատանքը դառնում է շարունակական ու արդյունավետ։ Մենք երեխաներին սովորեցնում ենք ոչ թե խոսքով, այլ սեփական օրինակով։
Մեր գործունեությունը շարունակվում է նաև Բնագիտության լաբորատորիայում։ Այստեղ սաները սերմեր են ցանում, իրենց աճեցրած բույսերը վերատնկում, չափում աճը, ուսումնասիրում տերևները, սովորում ճիշտ ջրել ու խնամել։ Իսկ Ուսումնական ագարակում նրանք ծանոթանում են կենդանիների խնամքին․ կերակրում են, մաքրում, դիտում կենդանիների վարքագիծը։
Մենք բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել, բայց «Դդմի սերմից մինչև դդում» նախագիծը շատ հետաքրքիր էր ու աշխատատար, քանի որ ամեն օր խնամում էինք, դիտարկում և անհամբեր սպասում արդյունքին։
«Դդմի սերմից մինչև դդում» նախագիծը ծնվել է բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում և հաջողությամբ շարունակվել է։ Նախաձեռնության մեկնակետը դարձավ մի ստեղծագործական գաղափար՝ կոտրված լեգոները ոչ թե թափել, այլ կիրառել որպես այլընտրանքային միջոց դդմի սերմերի տնկման և բույսերի աճեցման համար։ Այս մոտեցումը համադրեց «բնապահպանական մտածողությունը» տեխնիկական ստեղծարարության հետ՝ հիմք դնելով ճանաչողական հարուստ ծրագրի իրականացմանը։
Նախագիծն իրականացվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբում։ Այն բնագիտության, առօրյա կյանքի և մանկավարժական ստեղծագործական մոտեցումների ամբողջություն է՝ նպատակ ունենալով սաների մոտ ձևավորել գիտելիքներ և հմտություններ, զարգացնել հետազոտական մտածողություն ու բնության նկատմամբ հետաքրքրություն։ Նախագիծը նպատակ ուներ սաներին ծանոթացնելու բույսերի աճի փուլերին՝ սերմի տնկումից մինչև հասուն դդմի ձևավորումը։ Միաժամանակ այն խթանում է հետևյալ կարողությունների զարգացմանը․
- ուսումնասիրելու և հետազոտելու ցանկություն
- նուրբ շարժողական հմտություններ
- դիտարկման և համեմատման կարողություններ
- խնամքի և պատասխանատվության զգացում
- համագործակցային և հաղորդակցման հմտություններ
Նախագծի փուլերը
1. Սերմի հետ ծանոթություն
Սաներն ուսումնասիրել են դդմի սերմերը՝ շոշափել, համեմատել չափերը, ձևերը, գույնը։ Նրանց հետ զրուցել ենք սերմերի, դդմի կառուցվածքի և բույսի աճի անհրաժեշտ պայմանների մասին։
2. Ծլում և առաջին փորձեր
Սերմերը տնկվել են տարբեր պայմաններում՝ լույսի տակ, ստվերում, տարբեր ջրով, որպեսզի սաները կարողանան նկատել, թե ինչպես են պայմանները ազդում ծիլերի աճի վրա։
3. Դիտարկումներ լաբորատորիայում
Նախագծի կարևոր մասը Բնագիտության լաբորատորիա այցելություններն էին, որտեղ երեխաները հնարավորություն են ունեցել տեսնել ավելի մեծ չափի բույսերի աճը, ծանոթանալ համապատասխան տեխնիկային և նույնիսկ մասնակցել հողի մշակման գործընթացին։
Կոտրված լեգոներին՝ նոր շունչ
Այլընտրանքային մոտեցումները հնարավորություն են տալիս երևակայելու, ստեղծագործելու, պրպտելու և արարելու։
Սաների հետ առանձնացրել էինք կոտրված խաղալիքները և, որպես այլընտրանքային լուծում, կիրառեցինք դդմի սերմերը ցանելու համար։
Սաների հետ զրուցել ենք դդումների մասին՝ որտեղ են աճում, ինչ տեսք ունեն, ինչ են պատրաստում դդմից։ Կտրել ենք ամենահամեղ դդումը, առանձնացրել կորիզներն ու ցանել։ Ցանել ենք կոտրված լոգոների մեջ։ Ամեն օր հետևել ենք սերմերի աճին, ջրել ենք, դրել տաք տեղում, որպեսզի հարմար միջավայր ստեղծենք դդմի ծիլերի համար։ Եվ ահա մեր դդումներն արդեն ծլել են։
Սաները բնագիտության լաբորատորիայում են՝ ընկեր Շուշանի հետ մասնակցելու դդումների վերատնկման հետաքրքիր գործընթացին։ Սաներին բացատրվեց, թե ինչպես ծիլերը պետք է նրբորեն հանել փոքրիկ լեգո թաղարներից և տեղափոխել ավելի հարմար և ընդարձակ թաղարների մեջ՝ ապահովելով դրանց ճիշտ աճը։
Սաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին տնկման աշխատանքներին՝ յուրաքանչյուրը տալով իր դդումին անուն և սիրով հետևելով գործընթացին։ Համագործակցելով ընկեր Շուշանի հետ՝ երեխաները սովորեցին նաև, թե ինչպես ճիշտ ջրել և խնամել տնկիները՝ պատասխանատվություն վերցնելով իրենց կանաչ ընկերների համար։
Վերատնկած դդումների մի մասը մնաց լաբորատորիայում, իսկ մյուս մասը բերեցինք խումբ՝ դիտարկելու նրանց աճն այլ միջավայրում։
Պարտեզի սաները շարունակում են հետազոտել ցանած դդումները։ Ամբողջ ընթացքում ջրում, խնամում, հետևում են դդումների աճին։
Հիշեցնենք, որ դդումների սածիլների մի մասը մնացել էին բուսաբուծության լաբորատորիայում, իսկ մյուս մասը՝ խմբասենյակում։ Երկու շաբաթ անց համեմատում ենք բույսերի աճը։
Նախագիծը շարունակական բնույթ էր կրել, քանի որ ծաղկած դդումներից փորձում էինք ստանալ դդումներ (եթե հաջողվեր)։ Ցավոք մենք դդումներ չունեցանք, քանի որ չկար համապատասխան միջավայր ծաղիկների փոշոտման համար։ «Դդմի սերմից մինչև դդում» նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է խաղային և հետաքրքիր միջոցներով ներգրավել սաներին, փոխանցել գիտելիք՝ միաժամանակ զարգացնելով նաև բազմակողմանի հմտություններ։
