«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային կրթական ծրագիր, բազմատարր, բազմաշերտ և անընդհատ զարգացող կրթական միջավայր է։ Կրթահամալիրի Կրտսեր, Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում, նախակրթարաններում իրականացվող տարբեր ծրագրերը մեկ ընդհանուր կրթական տրամաբանության մաս են՝ բլեյան դպրոցի հեղինակած մոտեցումների, կազմակերպման ձևերի, մանկավարժական փորձի և տարիների ընթացքում ձևավորված մշակույթի շարունակություն։
Այսպիսի կրթական համակարգի աշխատանքը հնարավոր չէ ամբողջությամբ ներկայացնել միայն թվերով, ցուցանիշներով կամ առանձին ձեռքբերումների թվարկումով։ Դրանք, անշուշտ, կարևոր են, բայց ամբողջական պատկերը ստանալու համար անհրաժեշտ է տեսնել նաև՝ ինչ է արվել, ինչու է արվել, ինչպես է արվել, ինչ արդյունք է գրանցվել, ինչ խնդիրներ են առաջացել, ինչ է փոխվել և որ ուղղությամբ է զարգանում կրթական ծրագիրը։ Պետք է կարդալ, տեսնել, ապրել, քայլել այս կրթական միջավայրում։
Հեղինակային կրթական ծրագրի հաշվետվությունը մեզ համար պարզապես հաշվետվություն չէ։
Այն կրթական ծրագրի մշտադիտարկման, ինքնավերլուծության, փորձի փոխանցման, մասնագիտական երկխոսության և հետագա զարգացման գործիք է։ Կրթահամալիրի զարգացումը ուղենշող գործիք։
Երբ սկսեցի այս հարցի շուրջ զրուցել ԱԲ-ի հետ, խնդրեցի համապատասխան տեղեկատվություն, ուսումնասիրություններ ուղարկել, հետաքրքիր նյութերի հանդիպեցի։ Փաստորեն կրթության միջազգային փորձում դպրոցական գնահատման և հաշվետվողականության համակարգերը գնալով ավելի շատ դիտարկվում են ոչ միայն որպես վերահսկողության կամ հաշվետվողականության մեխանիզմներ, այլև որպես դպրոցը զարգացնելու միջոց։ OECD-ն, օրինակ, դպրոցական գնահատումը դիտարկում է միաժամանակ երկու նպատակով՝ հաշվետվողականություն և դպրոցական միջավայրի բարելավում։ Ներքին գնահատման ու ինքնագնահատման կարևոր գործառույթներից մեկը դպրոցին օգնելն է, որ սեփական աշխատանքը հասկանա, նպատակներ ձևակերպի և զարգացման պլաններ կազմելու հնարավորություն ունենա։
Սա կարևոր դիտարկում է նաև մեզ համար։
Հաշվետվությունը պետք է դառնա ընթերցվող, քննարկվող, համադրվող, հարցեր առաջացնող և նոր աշխատանք ձևավորող նյութ, այս դեպքում այն կգործի որպես կրթական ծրագիրը զարգացնող գործիք։
Նորից նայեցի նաև հանրակրթական դպրոցների զարգացման ծրագրերին ներկայացվող պահանջները՝ դրանք կտրված են նման աշխատանքից․ կարևոր է դիտարկել արվածը՝ հավաքելով եղած նյութը, վերլուծելով, հետո ուղենշել զարգացումը։ Եթե չկա փաստացի հավաքված, հրապարակված նյութ, ինչ հիմքի վրա է գծագրվում զարգացումը՝ երևակայությա՞ն, տեսությա՞ն, միջազգային փորձի՞։․․․
Հաշվետվությունը՝ որպես հեղինակային մանկավարժության փաստաթուղթ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հաշվետվությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք չեն ներկայացնում միայն կազմակերպության վարչական գործունեությունը։
Դրանց մեջ կարելի է տեսնել ուսումնական պարապմունքը, նախագիծը, ուսումնական ճամփորդությունը, ճամբարը, հանդիպումներ տարբեր մասնագետների, գործիչների, ստեղծագործողների հետ, սովորողի աշխատանքը, ուսուցչի գործունեությունը, ծնողի մասնակցությունը, համագործակցությունը, հետազոտական աշխատանքը, դիպլոմային աշխատանքի ներկայացման հեղինակային փորձը,քայլքը, խնդիրներն ու դրանց լուծման փորձը։
Այս տեսանկյունից հաշվետվությունները նաև հեղինակային մանկավարժության մշակումներ են։
Դրանք հավաքում են այն փորձը, որը սովորաբար ցրված է լինում բազմաթիվ անհատական հրապարակումների, նախագծերի, հանդիպումների, ուսումնական պարապմունքների, քննարկումների և ամենօրյա աշխատանքի մեջ։
Հաշվետվությունը այդ ցրված փորձի ամբողջացումն է՝ կարևոր ուղղությունների, մոտեցումների առանձնացումը։
Այստեղ կարելի է տեսնել ոչ միայն՝ «ինչ արեցինք», այլ նաև՝ ինչպիսի կրթական մշակույթ ենք ձևավորում։
Եվ հենց այստեղ է հաշվետվության արժեքը։
Այն մեկ մարդու աշխատանքը չէ։ Այն մեկ դպրոցի աշխատանքը չէ։
Այն կրթահամալիրի հավաքական աշխատանքի արդյունքն է։
Ուստի հաշվետվությունը պետք է կարդալ ոչ թե միայն որպես հաշվետվողական փաստաթուղթ, այլ որպես կրթահամալիրային հավաքական փորձի ներկայացում, տարածման հնարավորություն։ Ուստի այս տեսանկյունից կարևոր է հետադարձ կապը։ Հետադարձ կապ ասելով չպետք է հասկանալ միայն գոհունակության կամ դժգոհության արտահայտում, ինչ-որ լրացումներ։ Հետադարձ կապը արժեքավոր է այն ժամանակ, երբ այն օգնում է հասկանալ աշխատանքի որակը և հաջորդ քայլը՝ ուղենշելով զարգացումը։
Ուստի կրթահամալիրի հաշվետվությունների շուրջ հետադարձ կապը կարող է ունենալ տարբեր ձևեր.
- ընթերցողի դիտարկում,
- մասնագիտական կարծիք,
- հարցադրում,
- առաջարկ,
- այլ դպրոցի փորձի հետ համադրում,
- սովորողի կամ ծնողի դիտարկում,
- գործընկերոջ մասնագիտական արձագանք,
- արտաքին մասնագետի կարծիք,
- հաջողված փորձի առանձնացում,
- խնդրի մատնանշում,
- հաշվետվության որևէ մասի տարածում,
- նոր համագործակցության առաջարկ։
Այս ամենը կարող է դառնալ կրթական ծրագրի զարգացման նյութ։
Կարևոր է նաև, որ հետադարձ կապը չդառնա պարզապես «լավ է», «վատ է», «հետաքրքիր է» արձագանքների տարափ։
Ավելի օգտակար են հարցերը.
- Ի՞նչ ենք արել։
- Կոնկրետ իմ աշխատանքային ուղղությունը տեսանելի՞ է։
- Ինչ կարող եմ ես անել կրթահամալիրի զարգացման համար։
- Ի՞նչն է մեզ համար նոր։
- Ի՞նչն է կարելի տարածել։
- Ի՞նչն է պետք վերանայել։
- Ի՞նչ հարց է առաջանում։
- Ի՞նչը կարող է դառնալ նոր նախագիծ կամ դրա զարգացումը։
- Ի՞նչ խնդիր է կրկնվում։
- Ի՞նչ աջակցություն է անհրաժեշտ։
Այսպիսի հարցերով ընթերցումն արդեն մանկավարժական աշխատանք է։
Հատկապես կարևորում եմ հեղինակային կրթական ծրագրի հաշվետվությունների ընթերցումը մանկավարժական ամառային ճամբարում։
Առաջարկում եմ դրանք չփորձել կարդալ մեկ անգամից և ամբողջությամբ։ Ավելի արդյունավետ է աշխատել հատվածաբար՝ առանձնացնելով տարբեր թեմաներ, ուղղություններ, ըստ դպրոցների, ըստ մասնախմբերի, մանկավարժական աշխատողների գործունեության ուղղությունների, խնդիրների և լուծումների։
Փնտրել ոչ թե ձեր կամ գործընկերոջ անունը, կոնկրետ աշխատանքը, այլ ուղղությունը։
Հետադարձ հայացք նետել արվածին
Հաշվետվությունը հնարավորություն է տալիս մեկ պահ կանգ առնել և տեսնել այն հսկայական աշխատանքը, որը հաճախ առօրյայի մեջ չենք հասցնում նկատել։
Ամենօրյա աշխատանքը սովորաբար մասնատված է՝ մե՛կ ուսումնական պարապմունք, մե՛կ նախագիծ, մե՛կ հանդիպում, մե՛կ ճամփորդություն, մե՛կ ծես։
Հաշվետվության մեջ այդ ամենը հավաքվում է և հնարավորություն է տալիս տեսնելու ամբողջ պատկերը։
Այստեղ կարևոր է նաև արձանագրել՝ որքան մեծ աշխատանք է իրականում կատարվում կրթահամալիրում։
Տեսնել կրթահամալիրի զարգացումը ամբողջության մեջ։
Եվ հենց այս իմաստով կրթահամալիրի հաշվետվությունները կարող են լինել ոչ միայն կրթահամալիրի աշխատանքի փաստաթղթեր, այլև հայաստանյան ժամանակակից, հեղինակային և զարգացող մանկավարժության կենդանի նյութեր։
