Ժամանակակից աշխարհի կարևոր առանձնահատկություններից մեկն արագ զարգացող տեխնոլոգիաներն են։ Սա նշանակում է, որ բազմաթիվ ոլորոտներ ուղղակի չեն կարող չազդվել դրանից կամ իրենց վրա չկրել այս զարգացումը։ Առաջին դասարան եկող սովորողն, առանց որևէ դասընթացի, տիրապետում է մեդիատեխնոլոգիաներին, կարողանում է իր առօրյայում կիրառել դրանք, օգտվել դրանցից։ Մեդիատեխնոլոգիաները ներդրվել են բոլոր ոլորտներում, դարձել են մեր առօրյայի կարևոր մասը, և այս համատեսքստում կրթությունը չի կարող անմասն մնալ դրանից, շարունակվել նախկինի պես։ Ավելին՝ կրթության ոլորտն ամենաշատը պետք է կրի այդ ազդեցությունը։ Տեխնոլոգիական անընդհատ զարգացումները, սոցկայքերը, «մեդիաթրենդները» փոխում են սովորողների հետաքրքրությունները, առաջնային դարձնում մեդիաաշխարհը՝ իր տարբեր դրսևորումներով։ Այսօրվա սովորողը շատ է տարբերվում նախորդ տարվա սովորողից, առավել տեղեկացված է, առավել զարգացած։ Եվ այսօրվա սովորողին հետաքրքրելու, ուսումնական գործընթացում ընդգրկելու համար անընդհատ պետք են նոր մտքեր, նոր նախագծեր, ստեղծականություն ամեն ինչում, ծանոթ երևույթների, հետաքրքրությունների ներառում առօրյա աշխատանքում։
Այսպես 2022-2023 ուստարին սկսեցինք մի շարք նոր նախագծերով։ Այս հոդվածում կխոսեմ TV նախագծերի մասին։
TV նախագծերը նորություն չեն կրթահամալիրում։ Նախորդ տարիներին այլ սովորողների հետ նույնպես նման նախագծեր նախաձեռնել ենք, սակայն այս անգամ դրանք ունեն կոնկրետ ուղղվածություն և հետևողական շարունակականություն։
Ինչպե՞ս սկսեցինք աշխատել, ինչպե՞ս որգևորել սովորողին։
Միջին դպրոցի 6-8-րդ դասարաններում սովորող 11-13 տարեկան, անցումային տարիքում գտնվող կամային սովորողին դժվար է որևէ նախագծով հետաքրքրելը, առավել ևս հետևողական և շարունակական նախագծում որևէ աշխատանքով պարտավորեցնելը։ Պետք է սկսել քիչ-քիչ, հետաքրքրություն առաջացնելով։ Սովորողը կսկի հետևողական իրականացնել, եթե նախագիծը համարի իրենը, իր նախաձեռնությունը։ Ժամանակ առ ժամանակ նախագծի մասին խոսելը, կարևորելը, ընթացիկ աշխատանքներին անդրադառնալը մտածելու տեղիք է տալիս սովորողին, ընկերների ոգևորությունը տեսնելը աշխատանքներին հետևելու, այնուհետև ՝ ներգրավվելու, մասնակցելու , նոր առաջարկներ բերելու ցանկություն է առաջացնում։ Այսպես, երբ սկսեցինք աշխատել, նախագիծը գրավիչ թվաց մեկ-երկու սովորողի համար, սակայն քիչ-քիչ հետաքրքրվողների թիվը մեծացավ։ Հիմնականում այն պատճառով, որ մասնակից սովորողները ոգևորված խոսում, պատմում էին նախագծից ընկերական , դասարանական շփումների ժամանակ, ներառում էին ընկերներին (ոչ թե ուսուցիչն է առաջարկում, այլ ընկերն է ընկերոջն առաջարկում), առաջարկում էին ընդհանուր նախագծում որևէ փոքր աշխատանք անել։ Այսպես քիչ-քիչ մեկ-երկու սովորողով սկսված TV նախագիծը մեծացավ՝ ընդգրկելով մի խումբ սովորողներ, մասնատվելով ՝ նոր նախագծերի մեկնարկով։
TV նախագծերը հիմնականում հաջողում են, ինչո՞ւ․
- Ժամանակակից մարդու կյանքում մեծ տեղ են զբաղեցնում սոցցանցերը, որոնք ոչ միայն մարդկանց շփումն են հեշտացնում, այլ արտահայտվելու, ներկայանալու հարթակներ են։ Բոլոր սովորողներն էլ օգտագործում են սոցկայքերի իրենց էջերը, հետևում են հայտնի բլոգերներին, որոնց փորձն էլ ոգևորում է իրենց՝ բլոգերությամբ զբաղվելու։ Իսկ TV նախագծերը հանրային ներկայանալու հնարավորություն են (տեսանյութերը հրապարակվում են կրթահամալիրի կայքերում, բլոգներում)։
- Հնարավորություն են տալիս սովորողին մտածել ազատ, գործել ազատ, ինքնադրսևորվել, փոքր խմբով հավաքվել , մտերմանալ, կոնկրետ թեմայի շուրջ շփումներ ունենալ։
- Կարևորվում է սովորողն իր մտքերով, առաջարկներով, ասելիքով, կարծիքով։ Երբեք «չէ» չենք ասում, խոսում ենք , գտնում լավագույն լուծումը, փորձարկում թեկուզ անհեթեթ առաջարկները։
Եվ այսպես, առաջին նախագիծը, որ սկսեցինք դեռ 2022 թվականի փետրվարից, «Ընկերներ TV» -ն է ։ Սկաբնական շրջանում TV -ին ուղղակի հնարավորություն էր հետաքրքրությունները ներկայացնելու։ Այդ ժամանակ դեռ 7-րդ դասարանում սովորող մի խումբ երեխաների հետաքրքրում էին հայտնի ընկերությունները, որոնց մասին էլ նկարահանվում էին թողարկումները։ Սա առաջին փորձն էր, որը ես չէի կարող չոգևորել, միաժամանակ նաև որոշել էի շատ չուղղորդել, հանարավորություն տալ, որ մասնակիցները հմտանան մոնտաժման, սցենարի կազմման, թիմով աշխատելու , նկարահանման աշխատանքներում։ Նաև ստեղծեն ինչ-որ բան, որն իրենցն է, որի վրա ջանք են գործադրել և մտածում են թարմացնելու, կատարելագործելու ուղղությամբ, ոչ թե ուղղակի հերթական առաջադրանք են կատարում։ Այսպես էլ ընթացան աշխատանքները, խումբը մտերմացավ, նշված հմտությունները ձեռք բերեց, և սկսեցինք մտածել, թե ինչ կարելի է փոխել, որ միայն ուղղակի կարդացած և մշակած տեքստի վերարտադրություն չդառնա։
Այսպիսով, նոր ուսումնական տարին սկսեցինք նոր ձևաչափով՝ TV-ին սկսեց լուսաբանել-ներկայացնել կրթահամալիրի գործունեությունը, կրթական ծրագիրը, ընթացիկ նախագծերը, հարցազրույցներ վարել։
Խմբի բոլոր անդամներն ունեն իրենց կոնկրետ գործառույթը․ մեկը զբաղվում է մոնտաժի աշխատանքներով, մյուսը նկարահանում է, մեկ ուրիշը՝ մոնտաժում, ոմանք վարում են, ոմանք՝ հարցազրույցներ վերցնում։ Դերերը կարող են փոխվել, քանի որ հաճախ մեկ այլ սովորող կարող է ցանկանալ շաբաթվա հաղորդումը վարել կամ սցենար գրել։ Երբեմն նույնիսկ երկու տարբեր սովորողներ իրարից անկախ սցենար են գրում։ Երբ բոլորը գիտեն իրենց աշխատանքները, յուրաքանչյուր չորեքշաբթի հանդիպում ենք և քննարկում սցենարը, նկարահանման ընթացքը, լսում բոլորի կարծիքները, խմբագրում և մշակում։ Նկարահանումն ամբողջությամբ իրականացնում ենք ուրբաթ օրը։ Հաղորդումները հրապարակվում են ուրբաթ երեկոյան՝ մոնտաժման աշխատանքներն ավարտելուց հետո։
Կարևորում ենք նաև մեր հանդիպումների ժամանակ նախորդ հաղորդումները միասին դիտելը, դիտարկումներ անելը, լրացնելը, որպեսզի հաջորդ թողարկումներն ավելի լավ ստացվեն։
Ի՞նչ դժվարություններ ենք ունենում աշխատելիս․
- Հաջողված են այն թողարկումները, որոնց վրա շատ ժամանակ է ծախսվել, լավ քննարկվել են, մանրամասն նկարահանվել։ Իսկ անհաջող հաղոդումներ լինում են, երբ առօրյա զբաղվածության պատճառով հապշտապ են կազմակերպվում,սցենարն ուշանում է և մնում վերջին վայրկյանին։
- Շատ սովորողներ խուսափում են տեսախցիկի առաջ հարցերին պատասխանել։
- Երբեմն այնքան ծիծաղաշարժ պահեր են լինում, որ կենտրոնանալ և որակյալ աշխատանք անել չի ստացվում։ Կախված է նաև օրվա տրամադրությունից։
- Հակասություններ շատ են լինում, սակայն քննարկմամբ միշտ հարթվում են։
- Հաճախ անաղմուկ վայր գտնելը և որակյալ նկարահանում անելը տեխնիկական խնդիրների պատճառով չի ստացվում։
Ի՞նչ են տալիս սովորողին TV նախագծերը․
- Ինքնուրույնություն․ ինչքան էլ քննարկում ենք աշխատանքները, բայց բոլոր կարևոր որոշումները կայացնում են մասնակից սովորողները։ Շատ քիչ է պատահում, որ ինքս ներկա լինեմ նկարահանման ընթացքին։ 8-րդ դասարանի սովորողի կողքին կանգնել և ուղղորդել պետք չէ ։ Անհրաժեշտ է թույլ տալ, որ աշխատանքը մինչև վերջ ինքնուրույն դառնա։
- Պատասխանատվություն սեփական աշխատանքի հանդեպ։ Թիմի յուրաքանչյուր անդամ գիտի, եթե ինքը չանի իր բաժին աշխատանքը, նախագիծը չի ստացվի։
- Տեխնոլոգիական նոր հմտություններ։ Փաստացի սովորողները հրաշալի տիրապետում են մեդիատեխնոլոգիաներին։ Որպեսզի թողարկումներն ավելի լավը լինեն, նաև անընդհատ ուսումնասիրում են մոնտաժի, նկարահանման հետ կապված նոր տեխնոլոգիաներ։ Այսպես, երբ նոր էինք սկսում, չունեինք լոգո, հետո ստեղծեցինք, իսկ ժամանակ առ ժամանակ փոփոխում ենք։ Թողարկումները չունեին նախաբան, այժմ ունեն, նույնիսկ հասցրել ենք փոխել նորով։
- Համարձակություն։ Եթե սկսզբում նկատելի էր կաշկանդվածություն, ապա այժմ մասնակիցները սեմինարների, կլոր սեղանների ժամանակ համարձակ և առանց լարվելու ներկայացնում են իրենց աշխատանքը։
- Խոսքի մշակում։ Առաջին թողարկումների հետ համեմատելիս նկատում ենք, որ մասնակիցները սկսել են ավելի վստահ խոսել, նկարահանումներն ավելի արագ և կազմակերպված են լինում, ուշադրություն են դարձնում իրենց ասածին, հնչողությանը և պարտադիր նորից նկարել են տալիս ,եթե ինչ-որ բան իրենց դուր չի գալիս։ Հաճախ նույն կադրը տասը և ավել անգամներ նկարում ենք։
- Ստեղծականություն և երևակայություն։ Ամեն շաբաթ անհրաժեշտ է մտածել, թե ինչ թեմայով հաղորդում նկարել, ինչի մասին խոսել, ինչպես, ինչին անդրադառնալ, հետևել ուսումնական օրացույցին, իմանալ այդ պահին կրթահամալիրում իրականացվող մեծ նախագծերը, տեղի ունեցած իրադարձությունները։ Այս հարցադրումներն օգնում են մտածել, զարգացնել միտքը, երևակայությունը։
Ընկերներ TV-ից հետո նախաձեռնեցինք ևս երկու TV ` «Բու TV» և «Կարդում եմ TV»: Այս երկու նախագծերը սկսելու նպատակը սովորողներին ընթերցելուն մղելն էր, շահագրգռելը, որ կարդան և կարողանան ներկայացնել իրենց կարդացածը։ Այսպիսի բովանդակությամբ TV նկարահանելն ավելի դժվար է, քանի որ անընդհատ ընթերցանություն է պահանջում։ TV -ները հրապարակվում են յուրաքանչյուր շաբաթ։ Մինչ հրապարակման օրը, մեկ շաբաթվա ընթացքում սովորողները կարդում են իրենց նախընտրած գիրքը, պատրաստում տեսանյութ, որտեղ խոսում են գրքից, իրենց տպավորություններից, վերլուծում են, կարծիք հայտնում, ներկայացնում կարդալուց հետո առաջացած մտքերը։ Սկզբնական շրջանում թողարկումները սահուն ընթանում էին, սակայն հետո հասկացանք, որ մեկ շաբաթում մեկ գիրք կարդալը բազմազան զբաղվածություն ունեցող 8-րդ դասարանցու համար այդքան էլ հեշտ չէ, այդ պատճառով երբեմն, երբ ժամանակ չի լինում ծավալուն գրքեր կարդալու համար, սովորողները կարդում և ներկայացնում են պատմվածքներ։ Երբեմն կարող են նաև մեր գրականության դասի ժամանակ ընթերցած և քննարկած պատմվածքները դառնան թողարկման թեմա։
Այս նախագծերի ղեկավարների հետ ավելի շատ աշխատում ենք առցանց հարթակում՝ պատրաստի թողարկման վերաբերյալ գրում եմ իմ դիտարկումները, առաջարկները կամ պատասխանում սովորողի մտահոգություններին և հարցերին, խորհուրդ տալիս՝ ինչ կարդալ։ Ժամանակ առ ժամանակ էլ հանդիպում ենք, միասին դիտում տեսանյութը, հաջողված և անհաջող կողմերին անդրադառնում։
Նախագծային աշխատանքի կազմակերպման ընթացքը տարբեր է ։ Մարի Անանյանը նախընտրում է գիրքը կարդալուց հետո տեսախցիկի առաջ ինքնաբուխ խոսել գրքից, մտքեր արտահայտել։ Հայկ Աղլամազյանը, իր պարտաճանաչ բնույթից ելնելով, նախապես ամենայն մանրամասնությամբ պատրաստում է սցենար, որտեղ գրում է, թե ինչ պետք է խոսի, ինչպես և նոր նկարահանում հերթական թողարկումը։
Նախագծերը համարում եմ հաջողված, քանի որ սեպտեմբերից առ այսօր սովորողները 15-20 գիրք են կարդացել, նոր հեղինակների հետ ծանոթացել, մինչ նկարահանելը ուսումնասիրել են, սկսել են այլ կերպ մտածել, կարևորել գիրքը և ընթերցանությունը։
Հետաքրքիր է նաև կարդալու ընթացքը՝ կպչուն և գունավոր պիտակներով հետաքրքիր հատվածների, մտքերի առանձնացմամբ։
Այսպիսով՝ TV նախագծերն օգնում են, որ ուսումնական աշխատանքը սովորողի համար գրավիչ և հետաքրքիր դառնա, սովորողն անմիջական մասնակիցը դառնա իր կրթության կազմակերպմանը, սովորողի հետաքրքրությունները դառնան դասապրոցեսի մի մասը։