«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի բաղադրիչներից է «Իմացումի հրճվանք» ծրագիրը։ Առաջինից երրորդ դասարաններում բոլոր ուսումնական բնագավառները միավորվում են մեկ ծրագրում, որը վարում է դասվարը։ Չորրորդ դասարանից սկսվում է առարկայական ուսուցումը։

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով բնագիտական առարկաների ուսումնասիրության հիմքում փորձն է։ Փորձը, որը սովորողն է կատարում, իր ձեռքերով։ Այս պատճառով էլ փորձարարական կարողությունները ձևավորելը և զարգացնելը սկսվում է հենց առաջին դասարանից։ «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողը փորձ կատարում է իր սեփական լաբորատորիայում՝ իրենց տան խոհանոցում։ Նրա օգնականներն են ծնողները, ավագ քույր, եղբայրները, ովքեր նաև նկարահանում են փորձի ընթացքը։

Սովորողին ամեն ամիս առաջարկվում է չորս փորձ։ Ամենևին չի նշանակում, որ սովորողը չի կարող ինքնուրույն այլ փորձեր գտնել և կատարել։ Սովորողը իր կատարած փորձերի մասին տեսանյութը փոխանցում է դասվարին, ով էլ հետևողականորեն ամեն ամիս իր սովորողների նյութերը հավաքում է դասարանական բլոգում։

Առաջարկվող փորձերը ընտրում են կրթահամալիրի դպրոց պարտեզների 4-5-րդ դասարաններում բնագիտություն դասավանդողները՝ Արևելյան դպրոց պարտեզում Իվետա Ջանազյանը և Գոհար Հովհաննիսյանը, Արևմտյան դպրոց պարտեզում՝ Շուշան Ալեքսանյանը, Հարավային դպրոց պարտեզում՝ Աննա Թամրազյանը, Հյուսիսային դպրոց պարտեզում՝ Անժելա Բլեյանը։

Սովորողին առաջարկվող փորձերն անցնում են հետևյալ աշխատանքային փուլերը։
Փուլ առաջին — Բնագիտական փորձերի ընտրության փուլ։ Այս փուլում 4-5-րդ դասարաններում  բնագիտություն դասավանդող ուսուցիչները ընտրում են փորձերը՝ հաշվի առնելով փորձը կատարողի տարիքային խումբը։ Աշխատում են այնպիսի փորձեր ընտրել, որ հետաքրքիր ու հարմար լինեն սովորողների ընտանեկան լաբորատորիայում իրականացնելու համար (նյութերի ընտրությունը, անհրաժեշտ իրերի առկայությունը, ընթացքի դյուրին ու անվտանգ լինելը):
Այս փուլին երբեմն մասնակցում են  4-5-րդ դասարանների սովորողներ՝ առաջարկելով փորձեր իրենց ընտրությամբ ( սովորողներ կան, որ բնագիտական փորձեր են առաջարկում այսպես կոչված լայֆ-խակերից):
Փուլ երկրորդ — Ընտրված փորձերը (4-5 փորձ) քննարկվում են բնագետների մասնագիտական խմբում։ Հաշվի առնելով մասնախմբի անդամների առաջարկները` փորձերը բերվում են վերջնական տեսքի։ Դպրոց պարտեզում բնագիտություն դասավանդողը առաջադրանքը  տեղադրում է իր ուսումնական բլոգում և հղումը ուղարկում տվյալ դպրոց-պարտեզի դասվարներին։
Փուլ երրորդ — Դասվարը առաջադրանքը փոխանցում է իր սովորողներին՝ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պարզաբանելով։  «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողը, ստանալով բնագիտական փորձերի փաթեթ, իր ընտանեկան լաբորատորիայում կատարում, տեսանկարահանում է փորձի ընթացքը և դասվարի օգնությամբ տեղադրում դասարանական բլոգում կամ, 3-րդ դասարանից սկսած, իր ուսումնական բլոգում։
Փուլ չորրորդ — Ուսումնական տարվա վերջում դպրոց-պարտեզի  4-5-րդ դասարաններում բնագիտություն դասավանդողը ստեղծում են իրենց մասնաճյուղի բնագիտական փորձերի փաթեթ (դասվարներին ամենամսյա ուղարկած փորձերի փաթեթից ընտրում հետաքրքիր ու ուսումնական տեսանյութերը և ստեղծում ամբողջական փաթեթ): Տեսանյութի ընտրության ժամանակ հաշվի է առնվում որակը, սովորողի խոսքը (առանց ձայնային ավելորդ միջամտության), հետաքրքիր մեկնաբանությունները, դիտարկումները։
Ստորև ներկայացված են կրթահամալիրի կրտսեր դպրոցների բնագիտություն դասավանդող ուսուցիչների 2023-2024 ուստարվա իմացումի հրճվանք ծրագրի շրջանակում սովորողների կատարած բնագիտական փորձերի փաթեթները։

Շուշան Ալեքսանյան — Արևմտյան դպրոց
Անժելա Բլեյան — Հյուսիսային դպրոց
Աննա Թամրազյան — Հարավային դպրոց
Իվետա Ջանազյան — Արևելյան դպրոց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով