Կրթական հեղաշրջում՝ թագավարակի արդյունքում: Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Միանգամից մեր կյանք ներխուժեց թագավարակը՝ փոխելով ու իրեն հարմարեցնելով ամեն ինչ՝ առօրյա, միջավայր, աշխատանք, և ամենակարևորը՝ կրթական համակարգը: Ու մինչ բոլորը խուճապի մեջ էին, անհանգստացած մտածում էին՝ ինչ անել, ինչպես անել, ես մտածում էի, որ գուցե եկել է ամենասպասված պահը, որ պիտի քանդվի այն, ինչը վաղուց դադարել էր գործելուց, որ նոր իրավիճակը պետք է բերի նոր կազմակերպում, դրդի ուսուցչին զբաղվելու ինքնակրթությամբ, որն ուսուցչի գործունեության ամենակարևոր պահանջն է, ստիպի գտնել նոր լուծումներ, նոր մեթոդներ, ի վերջո հնացած մեթոդներից անցում կատարի դեպի մեդիակրթություն, քանի որ դա է արդիականը, այլևս այլ տարբերակ չկա, էլ չես կարող զարգացումից ետ մնալ, սպասել ու շարժվել նույն քարացած մեթոդներով, որոնք հարյուր տարուց ավել չեն հեռանում մեր դպրոցներից: Այս ամբողջ ընթացքում ֆեյսբուքյան մանկավարժական խմբերում հետևում էի գործընկեր ուսուցիչների հրապարակումներին, երբեմեն զվարճանալով, երբեմն իսկապես հիանալով, որովհետև քարը տեղից շարժվել էր, բոլորը փնտրում էին հնարավոր օպտիմալ լուծումներ, կայքեր, տեսադասեր անցկացնելու օնլայն համակարգեր, ուղեցույցներ, յութուբյան դասեր, խորհուրդ հարցնում միմյանցից, քննարկում, թե որ հարթակն է ավելի հարմար, ինչպես սովորողին ուղարկել առաջադրանքներ, ինչպես հետաքրքիր տեսադաս անցկացնել և այլն: Եվ առաջ, երբ մանկավարժական զրույցներ էի ունենում ոչ սեբաստացի գործընկերներիս հետ, միշտ լսում էի, թե ինչպես են անբեկանելի պնդում, որ առանց տետրի և գրիչի կրթություն հնարավոր չէ: Ա՛յ քեզ զավեշտ, ո՞վ կմտածեր, որ մի օր բոլորս ենք նստելու համակարգչի առաջ, ինքնակրթվելու և օնլայն դասեր կազմակերպելու տարբերակներ մտածելու: Եվ սա շատ էլ լավ է: Երբ իրավիճակը բերում է նոր կազմակերպում, այլ ելք չկա, պետք է ինքդ էլ գտնես ելք, հարմարվես իրավիճակին, իրավիճակն ի նպաստ քեզ ծառայեցնես:
Առցանց ուսուցման իմ փորձից: Եվ այս ամբողջ խառնաշփոթի մեջ հրաշալի հիշում եմ, որ տարիներ առաջ էլի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հանրապետության դպրոցներին արձակուրդ տրվեց, իսկ կրթահամալիրն անցավ առցանց ուսուցման: Այո՛, հին փորձը օգնում է, բացեցի բլոգիս հին գրառումները, անցա վրայով, նայեցի առցանց ուսուցման նախագծերս, և էլի հասկացա այն, ինչ միշտ իմացել եմ. պետք է քայլես ժամանակին համընթաց։ Ինչքան էլ առաջադեմ էր այդ ժամանակ կրթահամալիրի իրականցրած հեռավար-առցանց կրթությունը, փոխվել են սովորողները, փոխվել են ժամանակները, մեծացել են հնարավորությունները, ստեղծվել են նոր կայքեր, նոր հարթակներ, և այդ ամենն օտարել քեզնից ու գնալ սովոր ճանապարհով՝ հնարավոր չէ: Սկսվեց սովորելու, ինքնակրթվելու հետաքրքիր փուլ: Ավելացնեմ նաև, որ ցանկացած իրավիճակում պետք է պահպանվի սովորողի սովորելու իրավունքը, և մեր դպրոցը միշտ հաշվի է առել սա՝ անհատականացնելով յուրաքանչյուր սովորողի ուսուցումը: Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Արևմտյան դպրոցում հինգերորդ դասարանի սովորողներից մեկը ոտքը կոտրելու պատճառով չէր կարող դպրոց գալ, բայց դա, իհարկե, չի նշանակում, որ նա չի կարող լիիրավ չօգտվել սովորելու իր իրավունքից: Եվ այդ շրջանում նա ոչ միայն մասնակցում էր իմ և մյուս ուսուցիչների նախագծերին, այլև Skype-ի միջոցով ներկա էր մեր բոլոր դասերին, մասնակցում էր քննարկումների, պատասխանում, հարցեր տալիս. նրա առօրյայում այդ իմաստով ոչինչ չէր փոխվել:
Ինչի՞ց սկսեցինք: Էլեկտրոնային փոստով, բլոգով նախագծեր ուղարկելուց, պատասխան ստանալուց զատ, պետք էր առօրյա շփում, հարթակ, որտեղ կհանդիպես սովորողներին, կքննարկես, կպատասխանես հարցերին, կշարունակվի բնականոն գործունեությունդ: Յութուբյան տեսադասերի, օնլայն նյութերի միջոցով սովորեցի և փորձեցի կիրառել հառավար ուսուցում իրականացնելու հնարավորություն տվող երեք ծրագրեր՝ zoom.us, hangouts gmail.com համակարգում, Microsoft Teams: Այս երեք ծրագրերից Teams հարթակն ամենահարմարն է, ունի լայն հնարավորություններ: Ու քանի որ կրթահամալիրի սովորողների, դասավանդողների էլ. փոստերի հետ նույն համակարգում է, շատ հեշտ է օգտագործելը: Այսպիսով՝ մեր առօրյա մտան տեսադասերը, որոնք լրացուցիչ հետաքրքրություն առաջացրին ուսուցման գործընթացում:
Առաջին տեսադասերի ժամանակ կարծես առաջին անգամ դաս վարելիս լինեի՝ մի քիչ շիկնելով, մի քիչ լարվելով, անհանգիստ. չէ՞ որ սա նոր փուլ էր մեր, իմ գործունեության մեջ: Դասասենյակում, երբ սովորողները նստած են քո դիմաց, սովորող-ուսուցիչ կապը շատ հեշտ է ստացվում, պարզ է սովորողների արձագանքը, ժպիտը, շարժումները, հայացքը խոսուն են: Իսկ այսպես, համակարգչի էկրանից այն կողմ սովորող-ուսուցիչ կապը պահելու, շարունակական դարձնելու համար ավելի մեծ ջանքեր են պետք: Ինչևէ, ամեն ինչ ստացվեց. ավելին՝ դասերի կազմակերպման այս ձևը շատ ավելի գրավիչ դարձավ մի խումբ սովորողների համար, որ ֆիզիկական միջավայրում ավելի պասիվ են եղել: Տեսադասերը ինքաարտահայտման, ինքնադրսևորման, ներկայանալու, ներկայացնելու հաջողված հարթակ դարձան՝ առաջ մղելով պասիվ սովորողներին: Իսկ էկրանը կիսելու հնարավորությունը թույլ տվեց դասերը կազմակերպել ինտերակտիվ. սովորողը շատ հեշտ կարողացավ ներկայացնել իր բլոգը, պատրաստած աշխատանքը, վարել պարապմունք: Տեսադասերի բովանդակությունը և տեսագրությունները՝ այստեղ:
Մեր նախագծերը: Ուսումնական օրացույցով մայրենի լեզվի նախագծերն ամենաընդգրկունն են, և մարտ-ապրիլ ամիսները հագեցած ամիսներ են: «Չարենցյան օրեր» նախագիծն ինձ համար եղել է ամենասպասվածն ու ամենասիրելին, քանի որ նախ՝ գարնանային օրեր են, բազմազան են բացօթյա ընթերցանության հարթակները, քայլք-ընթերցումները, քաղաքային թափառումները, հետո՝ Չարենց շատ եմ սիրում, իսկ երբ մի բան սիրում ես, միշտ լավ է ստացվում, հեշտ է սերը փոխանցել սովորողին: Հիմա էլ ընթերցեցինք մեդիատարածքում, ընթերցումները տարածեցինք սոցիալական հարթակներում, ընդգրկեցինք ընտանիքի անդամներին, մասնակցեցինք չարենցյան ֆլեշմոբին:
«Տիգրան Հայրապետյան» նախագիծը սկսել էինք դեռ ֆիզիկական միջավայրում, շարունակեցինք ընթերցել, վերլուծել:
Կարդում և ամեն անգամ յուրովի ենք ընկալում Աղայանին, բացահայտում նրա հեքիաթային, ամենաերևակայական աշխարհը՝ լի հրաշապատում անցքերով, կերպարներով, կախարդական իրադարձություններով: Իսկ այն, ինչ հմայք է պարունակում իր մեջ, չի կարող չսիրվել ժամանակակից սովորողի կողմից: Մեր ընթերցումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այնուհետև բացահայտեցինք Սահյանի հրաշք աշխարհը, որտեղ գլխիվայր են ծառերն աճում, ուր ջրվեժները դեպի երկինք են շառաչում… Եվ զարմանալի չէ, որ Սահյանը սիրվեց սովորողների կողմից, արդյունքում ունեցանք ընթերցումների փաթեթ:
Սովորողներն իրենց նախաձեռնությամբ սկսեցին արևմտահայ գրականության ընթերցում, բավական տպավորիչ, հետաքրքիր ընթերցումների փաթեթ ստացվեց:
Սկսեցինք մաս-մաս կարդալ «Սասնա ծռեր» էպոսը, քննարկել, վերլուծել և երևակայել: Հետաքրքիր ընթերցում ստացվեց։ Բազմաբնույթ աշխատանքներից կառանձնացնեմ Արսեն Գոմցյանի ընտանեկան ընթերցումը. այնքան հասունություն, զգացմունքայնություն է փոխանցում, հստակ է Արսենի խոսքը, կարևորված, լրացված ու էպոսի էությանը հաղորդակից: Հաճելի էր տեսնել-լսել քիչ-քիչ էպոսով ոգևորվող սովորողներին, և էպոսը հենց այն նյութն է, որը կարող ես խաղալ, ներկայացնել, երևակայել, համեմատել, քեզ համար կարևորը գտնել, սիրելի հերոս ընտրել և այլն: Դեռ շարունակելու ենք ընթերցել և ներկայացնել:
Շարունակեցինք՝ մասնակցելով «Ձոն», «Զատկական» նախագծերին, որոնք մեր առօրյան ներկայացնելու հերթական հանրավորություն էին: Այս և այլ նախագծերի ամփոփումները տե՛ս մարտ, ապրիլ ամիսների հաշվետվություններում:
Ընտանեկան դպրոց: Ընտանեկան նախագծերը միշտ էլ եղել են հեղինակային կրթական ծրագրի հիմքում, սակայն արտակարգ դրության այս օրերին ակնհայտ է, որ դրանք զարգացում են ապրում, դառնում ավելի ընդգրկուն, բազմաբնույթ և գրավում ավելի մեծ լսարան: Ընտանեկան նախագծերով գործունեության հաջորդ փուլը, զարգացումը պետք է լիներ իրական ընտանեկան դպրոցը, նրա ստեղծումը, որտեղ ուսուցիչ է ծնողը, դասավանդողը՝ խորհրադատու, իսկ կրթությունն իրականացվում է սովորողի հետաքրքրություններին համապատասխան: Սա է իրականը, սա է շարունակությունը կրթական մեծ ծրագրի:
Սկզբում ես առաջարկում էի նախագծեր, իսկ սովորողներն ընտրում և իրականացնում էին, սակայն քիչ-քիչ առաջ մղվեցին սովորողը, ընտանիքը, սկսվեցին ընտանեկան նախաձեռնությունները, սկսվեց նոր կրթական գործունեություն, երբ սեփական հեղինակային նախագիծն էին առաջարկում և սկսում իրականացնել հենց իրենք՝ սովորողները, ընտանիքը: Ներկայացնեմ ընտանեկան նախագծերի ձևերը.
- ընթերցումներ. ծնողը՝ որպես խորհրդատու
- ընտանեկան միասնական ընթերցումներ
- ընտանեկան խոհանոց. միասին պատրաստում են, երգում, ներկայացնում, պատմում
- ընտանեկան խաղեր
- ընտանեկան կինոդիտումներ
- ընտանեկան զրույցներ
- ընտանեկան զբոսանքներ
- ընտանեկան այլ աշխատանքներ՝ տանը, այգում
- գործունեություն՝ կապված ծնողի մասնագիտության, նախասիրությունների հետ։
Կարևոր է նաև այն փաստը, որ եթե անգամ չկա ընտանիքի որևէ անդամի փաստացի ներկայությունը նախագծում, չի նշանակում, որ ընտանիքը դրանից անմասն է, ընտանիքը մասնակցում է որպես խորհրդատու, օգնող, նկարահանող, շարադրանքը խմբագրող, մտքերը ուղղորդող և այլն: Առցանց ընտանեկան դպրոցը գործող իրականություն է. դրա փաստացի արդյունքն են բազմաթիվ նախագծային աշխատանքները ինչպես կայքում, այնպես էլ սոցցանցերում՝ հրապարակված ծնողների, սովորողների կողմից, Մայիսյան հավաքին ծնողների ակտիվ մասնակցությունը, այլ նախաձեռնություններ:
Ընտանեկան նախագծերի այս փաթեթում ընթերցումներ են, որոնք ստեղծվել են սովորողների նախաձեռնությամբ և ընտանիքի աջակցությամբ: Քիչ-քիչ զարգացնելով եղած նախագծերը,՝սկսվեցին նաև այլ, ավելի ընդգրկուն նախագծեր:
Բացահայտումներ: Միջին դպրոցում արդեն երկու տարի է դասավանդում եմ 7-8-րդ դասարաններում։ Թվում է, թե արդեն բոլորին լավ ճանաչում եմ, գիտեմ իրենց հետաքրքրությունները, ինչ են սիրում, ինչով են զբաղվում, ինչպես են մտածում, ինչ են ուզում, ինչպիսինն են, բայց պարզվում է, որ չէ, բացարձակ չգիտեմ: Առցանց-հեռավար ուսուցման այս շրջանը բացահայտումների փուլ է, երբ նորովի ես ճանաչում սովորողներիդ, նորովի ես տեսնում իրենց մեծ ներուժը, զարմանում ու հրճվանք ես ապրում: Այսպես Արեգ Հակոբյանը, որ մինչ այս աչքի չէր ընկել իր նախաձեռնություններով, սկսեց հրապարակել իր հեղինակային TV-ին, և ամեն թողարկման հետ հստակ տեսանելի էր, թե ինչքան վստահ է դառնում Արեգը, ինչպես է հղկվում, պարզվում խոսքը, ինչպիսի կարևոր հմտություններ է ձեռք բերում, ինչ հետաքրքիր հնարքներ է օգտագործում: Այս նախագծում կարևոր է ընտանիքի դերը, լիովին օգտագործվում են ընտանիքի կապերը, ծանոթությունները. սկզբում նախագծին մասնակցում են ընտանիքի անդամները՝ արվեստագետ հայրը, գիտաշխատող պապիկը, այնուհետև ընտանիքի ընկերները: Եվ սա ուսումնասիրությունների մի ամբողջական փաթեթ է արդեն: Հետաքրքիր են նաև Արեգի ընթերցումները՝ Վայրի ծաղիկ, Սահյան, այստեղ տեսանելի է համադրելու կարողությունը, արվեստագետի հայացքը, կրտսեր դպրոցական քրոջը նախագծերում ընդգրկելու գեղեցիկ ձևը:
Հիացրեց ինձ նաև Լուիզա Արտենյանը՝ իր հասուն, կոկիկ, պարզ ընթերցումներով, որտեղ լիարժեք ներգրաված է ընտանիքը (օրինակներ 1, 2, 3, 4, 5):
Ակնհայտ առաջընթաց նկատվեց Գյուլումյան Էլենի մոտ, որ ֆիզիկական միջավայրում աշխատելու դժվարությունները թողած մի կողմ, հավես ստեղծագործական շրջան է սկսել, թարգմանում է, առանց կաշկանդվելու ընտանիքի հետ բերմադրում է Թումանյանի «Շունն ու կատուն» ,«Սասունցի Դավիթ»ընթերցում, բառարանային աշխատանք կատարում: Եվ այս օրերին Էլենի բլոգն իսկապես դարձել է հետաքրքիր, նախագծային տարբեր աշխատանքներ են բոլոր առարկաներից, պատմում է, գրում, նկարահանում. իրական աշխարհ է, իրական առաջընթաց:
Իրենց նախաձեռնություններով, անհատական նախագծերով հետ չեն մնում նաև մյուս սովորողները՝ Միլենա Դանիելյանը՝ իր հասուն, վերլուծական մտքերով, Գոհար Ստեփանյանը՝ իր ընթերցումներով, կայացած սովորողի հաշվետվություններով, Մերի Երեմյանը՝ մեղմ, բովանդակալից տեսանյութերով, թարգմանություններով, Հրաչ Աբգարյանը՝ իր խոհանոցային, մարզական-ընտանեկան նախագծերով, իր հետաքրքրություններով, ընթերցումներով: Շարքը կարելի է դեռ երկար շարունակել… Նկատելի դարձավ սովորողների հասուն մտածելակերպը, վերլուծելու, համադրելու կարողությունները, հետազոտական միտքը, ստեղծականությունը, ինչն էլ մեզ տարավ նոր ստեղծագործական ամսագրի ստեղծման: Յուրաքանչյուր սովորող ինքնատիպ է. իզուր չէ, որ ամբողջական անհատականացված է մեր ուսուցումը:
«Պատուհան» բլոգը թարգմանական գործունեությամբ զբաղվող սովորողների ներկայացման հարթակը դարձավ. Ասյա Բանդուրյանը, Մանե Մկրտչյանը, Արսեն Մինասյանը, Կարեն Աղաջանյանը, Դավիթ Ամիրյանը և շատ այլ սովորողներ նաև այս ձևաչափով աշխատեցին՝ թարգմանելով իրենց համար գրավիչ պատմություններն ու առակները:
21-րդ դարի ուսուցիչը: Ամփոփելով ներկայացվածը՝ ասեմ, որ 21-րդ դարի ուսուցիչը ինքնակրթվող ուսուցիչն է: Երբ շուրջդ ամեն ինչ զարգացում է ապրում, աշխարհը դառնում է նոր և բոլորովին ուրիշ, երբ սովորողներդ ունեն հստակ արտահայտված հետաքրքրություններ, երբ ժամանակակից գրականությունը մեծ թափով առաջ է ընթանում, չես կարող ասել՝ ես այսպես գիտեմ, կամ ինձ սա են սովորեցրել։ Դու ես քո ուսուցիչը, և ամենաճիշտ կրթությունը ինքնակրթություն է: Եվ ամեն օր իմ սովորողներն ինձ սովորեցնում են, որ այն, ինչ գիտեմ, այսօր չի գործում, ուրեմն պետք է նորից սովորեմ, և առաջին հերթին՝ իրենցից:
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան