Չգիտեմ՝ ընտանեկան  նախագի՞ծը ձևավորեց ընտանեկան դպրոց, թե՞  ընտանեկան  դպրոցում  ծնվեց  և զարգացավ ընտանեկան նախագիծը… Երևի  թե՝  և՛…և՛։
Ես կարծում եմ, որ ընտանեկան հեռավար-առցանց դպրոցի այս ողջ ընթացքում կային նախագծեր, որոնք հավաքեցին-միավորեցին ընտանիքի անդամներին՝ ընտանիքը վերածելով իրական-կենդանի դպրոցի (ընտանեկան դպրոց), իսկ մյուս դեպքում նախագիծը ծնվեց ու զարգացավ ընտանիքում՝ դառնալով ընտանեկան իրական-կենդանի նախագիծ:

Այս նախագիծը, որի  պատմությունը և զարգացումը կներկայացնեմ իմ այս հոդվածում, ծնվել, «ապրել»-զարգացել է ընտանիքում և դեռ շարունակում է զարգանալ: Նա սովորողին և նրա ծնողին տարավ իր նախնիների, իր արմատների, իր ազգանվան ծագման-առաջացման պատմության հետքերով, և դրա շնորհիվ մեր սովորողները, ինչու չէ, նաև նրանց ծնողները կարողացան  լավագույնս ճանաչել  իրենց  տոհմական անցյալը:
«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի միջոցով ոչ միայն սովորողը ճանաչեց իր նախնիներին, նաև սովորողների ընտանեկան պատմությունների լուսաբանումներով մենք հնարավորություն ունեցանք ճանաչելու մեր սեբաստացի ընտանիքները:

Նախագծի պատմությունը՝

Ամեն ինչ սկսվեց 9-րդ դասարանի սովորող Անի Արղությանից, որն իր նախաձեռնությամբ սկսել էր «Արղությանների հետ» նախագիծը՝ ներկայացնելով Արղությանների պատմությունը։
Ավագ դպրոցի սովորող Անի Արղությանը զրուցում է իր պապիկի հետ, որը պատմում է «Արղության» տոհմի մասին. «Արղությանները ազնվական ազգ են, նախկինում կոչվել են Երկայնաբազուկ Արղությաններ: Մենք ունեցել ենք նշանավոր մարդիկ, որոնցից մեկը մեծանուն Հովսեփ Արղությանն է: Ցարական բանակին առաջին հայ զինվորը տվել է Արղության տոհմը»…

Նախագծի զարգացումը

Լսելով Անիի ու իր պապիկի հետաքրքիր զրույց-պատմությունները՝ ինձ սկսեցին հետաքրքրել ընդհանրապես սեբաստացի ընտանիքների պատմությունները, և այդպես որոշեցի զարգացնել այդ նախագիծը՝ դարձնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ:

Սովորողների հանձնարարված էր՝

  • զրուցել ծնողների, տատիկ-պապիկների հետ, պարզել, թե սեփական նախնիները երբ, որտեղից են եկել, որտեղ են հաստատվել
  • գերդաստանի ծագման մասին պատմությունները գրի առնել բլոգում, պատրաստել հետաքրքիր տեսանյութեր, ձայնագրություններ, հրապարակել բլոգում
  • ընտանիքի անդամների հետ թերթել ընտանեկան ալբոմները, ծնողների ցանկությամբ հետաքրքիր, «մոռացված» լուսանկարները հրապարակել նյութի հետ:

Պետք է ասեմ, որ նախագիծը հենց սկզբից հետաքրքրեց սովորողներին, և նրանք սկսեցին իրենց ծնողներին, տատիկ-պապիկներին հարց ու փորձ անել, տեսանյութեր և ռադիոնյութեր պատրաստել, գրի առնել նրանց պատմածները՝ այդպիսով նախագիծը դարձնելով իրական-ընտանեկան ուսումնական աշխատանք: Յուրաքանչյուր սովորողի աշխատանքում մի հետաքրքիր բան կարող ես գտնել, պատկերացում կազմել սովորողի ընտանիքի մասին, քեզ համար բացահայտումներ անել:

Սովորողների աշխատանքների՝ իմ ընտրանին

Միջին դպրոցի սովորող Էլեն Կարապետյանը զրուցում է իր տատիկի՝ սեբաստացի դասավանդող Սիլվա Հարությունյանի հետ, որը ներկայացնում է իր՝ Մուշից Արևելյան Հայաստան գաղթած նախնիների մասին. «Պապիկս միշտ կարոտով էր պատմում Արևմտյան Հայաստանի, հատկապես Մուշի մասին, որտեղ երազել է լինել: Պապիկիս մահից հետո Արևմտյան Հայաստան գնալը ինձ համար դարձավ նպատակ»,-նշում է տիկին Սիլվան…

Միջին դպրոցի սովորողներ Լևոն և Հրաչ Ղալամքարյան եղբայրները զրուցում են իրենց հայրիկի հետ Ղալամքարյանների պատմությունից. «Մայրիկիս կողմի ազգականներս գաղթել են Արևելյան Հայաստանի Բիթլիսից, իսկ հայրական կողմս՝ Սպիտակից են, բայց ստույգ չգիտեմ, թե նախորդները որտեղից են եկել Արևելյան Հայաստան»…

Միջին դպրոցի սովորող Արշակ Առուստամյանը գրի է առել պապիկի պատմածը Ներսիսյանների տոհմի մասին, որտեղ իմ ուշադրությունը գրավեց հատկապես այս միտքը.«Պապիկիս մոր տատիկի մասին գրվել է Րաֆֆու Սալբի վեպը, որի հերոսուհին՝ Սալբին,  հանդիսանում էր հենց նույն ինքը՝ պապիկիս մոր տատիկը»…

Ավագ դպրոցի սովորող Ռուզաննա Մինասյանը, խորամուխ լինելով իր գերդաստանի պատմության մեջ, մեզ է ներկայացնում իր պապիկի պապի մասին հետաքրքիր պատմություն. «Նա այն 10 միլիոնից մեկն էր, որոնց համարեցին կուլակ, զրկեցին ձայնի իրավունքից և ունեցվածքից, կտրեցին հողից, տնից և ոչնչացրին: Մեկը նրանցից, որ զոհ գնաց ստոր մտայնությանը և ձեռբակալությունից ընդամենը վեց օր անց գնդակահարվեց: Իսկ կինը, հավատալով, թե  նա դեռ կենդանի է, հեռավոր գյուղից նրան տեսակցության էր գալիս, ամբողջ օրը սպասում պատերի տակ և այդպես էլ, ոչինչ չիմանալով, տուն դառնում` հետը տանելով տաք հագուստների կապոցն ու ուտելիքի պաշարը»…

Ավագ դպրոցի սովորող Հասմիկ Վարդանյանը խոստովանում է.«Այս հետաքրքիր նախագծի շրջանակում զրուցեցի հայրիկիս հետ և պարզեցի, թե որտեղից են սերում Վարդանյանները:Մեր տոհմի ծագումնաբանությունը տանում է Մուշ»…

Պետք է խոստովանեմ, որ նախագիծը շատ արագ և կարճ ժամանակում զարգացավ, ներառեց ավելի մեծ թվով սովորողների և սեբաստացի ընտանիքների: Զարգացումը և լայն տարածումը պայմանավորված է նրանով, որ այն սովորողի ընտանիքում ծնված, կյանքի կոչված նախագիծ է, որի զարգացման համար ամենանպաստավոր հարթակը հենց ընտանիքն է:

Սովորողների աշխատանքներում կարող ես հանդիպել ամենատարբեր և հետաքրքիր ընտանեկան պատմությունների, նույնիսկ տխուր և հուզիչ պատմությունների։ Չէ՞ որ յուրաքանչյուր ընտանիք ունի իր ուրույն պատմությունը և անցած ճանապարհը:

8-րդ դասարանի սովորող Գայանե Սաֆարյանը ներկայացնում է իր մեծ՝ Արև տատի կյանքի հուզիչ պատմությունը: Մանկատանն ապրած և մեծացած Արև տատը նշում է. «Երբ մեզ մանկատանը բաժանեցին ըստ տարիքային խմբերի, քույրս կորավ ինձանից, բայց հետո գտնվեց: Մի օր նամակ ստացա, որ իմ մայրը կենդանի է, բայց երբ մայրս եկավ մեզ տանելու, ես և քույրս ամաչում էինք նրան «մայրիկ» ասելու, քանի որ նա մեզ չի պահել, մենք չէինք ճանաչում նրան»…

Սովորողները, բացի նախնիների պատմությունը գրելուց, նաև իրենց խոսքում կարևորում են նախագիծը և իրենց ընձեռնված այն հնարավորությունը, որ նախագծի միջոցով կարող են անդրադառնալ իրենց արմատներին, իրենց ծագմանը, որին երբևէ հայացք նետելու առիթ չեն ունեցել…

11-րդ դասարանի սովորող Եվա Բերբերյանը գրում է. «Նախագիծն իրոք շատ կարևոր թեմայի շուրջ է, մեծ սիրով եմ աշխատել, խոսել հարազատներիս հետ, նրանց նույնպես գցել եմ հիշողությունների գիրկը, «ստիպել»,  որ հիշեն ու պատմեն ամեն մի մանրուք։ Վաղուց էի ուզում գրի առնել նախնիներիս պատմությունը, քանի որ ժամանակն անկառավարելի է և ամեն րոպե կարող եմ կորցնել ևս մեկ պատմություն լսելու, իմանալու հնարավորություն։  «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծն  ու ինքնամեկուսացումը լավ հնարավորություն էր այս ամենը գրի առնելու համար»…

9-րդ դասարանի սովորող Ռուզաննա Մինասյանին այնքան է հետաքրքրել նախագիծը, որ նա ներկայացրել է իր գերդաստանի մասին պատմող հինգ աշխատանք՝

Ռուզաննա Մինասյան-9-րդ դասարան՝
–մաս 1
-մաս 2
-մաս 3
-մաս 4
-մաս 5
Սովորողների աշխատանքները՝ մեկ փաթեթով

Նախագիծը առիթ դարձավ նաև ընտանեկան արխիվները փորփրելու, մոռացված լուսանկարները վեր հանելու համար, որի արդյունքում սովորողները իրենց նյութերի հետ միասին ներկայացնում էին նաև հետաքրքիր ընտանեկան հին լուսանկարներ՝

Մեկ-երկու օրինակ՝
8-րդ դասարանի սովորող Նարեկ Ներսիսյան /ընտանեկան արխիվ/

oxbb6510
ocmy1060


8-րդ դասարանի սովորող Ռոզա Խաչատրյան /ընտանեկան արխիվ/

95137519_686217515525305_4933882142712135680_n-1
95508176_1031050670622020_1304919473794318336_n-1
95821041_227805478526021_8765377464806408192_n-1


«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը զարգանալով՝ դարձել է կրթահամալիրային նախագիծ, քանի որ առանձին դասավանդողներ սկսել են նախագիծն իրականացնել նաև կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և Քոլեջում:

Շատ կարևոր է նաև նախագծում դասավանդողների ներառումը, ովքեր սկսել են ներկայանալ իրենց տոհմական պատմություններով:
Կրթահամալիրի դասավանդող Կարինե Պետրոսյանը ներկայացնում է Պետրոսյանների տոհմի պատմությունը. «Տատս` Հայկանուշը,  ով Մարտակերտում շատ հայտնի ընտանիքի զավակ էր, (տատիս պապերը գաղթել էին Պարսկաստանի Խոյի խանությունից),  իր վրա կրելով «ժողովրդի թշնամու կին» խարանը, պատվով պահել, մեծացրել է 7 զավակներին`4 տղա, 3 աղջիկ»…

Կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի երկարացված օրվա կազմակերպիչ Լուսինե Բարխուդարյանը  ներկայացնում է դեռևս Մելիք-Բարխուդարից սերող Բարխուդարյանների տոհմի պատմությունը. «Խորհրդային իշխանությունների կողմից մելիք-Բարխուդարի տունը վերածվել էր ցորենի պահեստի, որտեղից մանկահասակ պապս գիշերը պահեստից մի անցքի միջոցով հանում էր ցորենը, որպեսզի որբացած երեխաներով սոված չմնային»…

Կրթահամալիրի դասավանդող Մարգարիտ Սարգսյանը գրում է. «Շատ բան չեմ հիշում, ժամանակին գրի չենք առել․․․Մկրտիչ պապը Սասունի Մըշգեղ գյուղից էր, կոտորածի տարիներին կնոջն ու երեխաներին թուրքերը սպանել են ու Մկրտիչը փոքր քրոջ հետ գաղթել է Հալեպ։ Գաղթի ճանապարհին կորցրել է քրոջը՝ գտնել չի հաջողվել»…

Հետաքրքիր ընտանեկան լուսանկարներով են հանդես եկել նաև դասավանդողները՝

Կարինե Պետրոսյան /ընտանեկան արխիվ/

95137204_183406489377789_3222933550428848128_n
95168084_229302851729052_8286210185752477696_n

Լուսինե Բարխուդարյան /ընտանեկան արխիվ/

IMG-9cb95a713512e198cd441b0c46e02ee0-V
IMG-19f3040bd6f95d95e3c4e6da6133bc79-V
IMG-c2d4d1b3ed5070954bf801fc9314c5b6-V
95648520_2626750434240035_308377054124965888_n


«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը յուրաքանչյուր սովորողի, յուրաքանչյուր ընտանիքի նախագիծն է և դեռ  պետք է դառնա, այն կլինի շարունակական, քանի որ միշտ կլինի ընտանեկան դպրոցը, որտեղ կշարունակեն ծնվել, «ապրել» և զարգանալ ընտանեկան դարձած նախագծերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով