Հարուկի Մուրակամի
Ակնարկ

Հազվադեպ եմ վերադառնում իմ գրքերին և ընթերցում` ինչ գրել եմ: Պատճառը և´ ամոթխածությունս է ինքս իմ առաջ, և´ վախը, որ կհիասթափվեմ արածս աշխատանքից: Կարծում եմ՝ ավելի ճիշտ է կենտրոնանալ նրա վրա, թե ապագայո´ւմ ինչ ես անելու:

Խոստովանեմ, հաճախ մոռանում եմ, թե ինչ և ինչպես եմ գրել: Եղել է ժամանակ, երբ գիրք կամ ամսագիր կարդալիս հանդիպում էի արտահայտության կամ տեսարանի, որոնք ցնցում էին երևակայությունս հենց նրանով, որ գուշակում էի իմ իսկ գրած արտահայտությունը (հասկանում եմ, թե խոսքս որքան ինքնահավան է հնչում): 

Մյուս կողմից, եթե միանգամից ճանաչում եմ արտահայտությունը, ուրեմն՝ վատ աշխատանք է: Ինձ թվում է, որ  հաջողված հատվածները մոռանում եմ, հիշում՝ միայն անհաջողները:

Այդ պատճառով, երբ գրքերս, բնօրինակի լույս տեսնելուց մի քանի տարի հետո, թարգմանվում ու հրապարակվում են այլ լեզուներով, հաճախ հայտնաբերում եմ, որ չեմ հիշում, թե իրականում ինչ եմ գրել:

Չէ, լրիվ անհույս չեմ և սովորաբար չեմ մոռանում սյուժեն ամբողջությամբ: Բայց շատ մանրունքներ ջնջվում են հիշողությունիցս, անհետանում նույնքան հեշտ ու աննկատ, ինչպես ասֆալտի վրայի ջրափոսը` անձրևից հետո:

Երբեմն վերցնում եմ իմ գրքերից մեկի անգլերեն թարգմանությունը, սկսում կարդալ և տարվում եմ (հասցրել եմ մոռանալ սյուժեն). հաճույք եմ ստանում, ծիծաղում ամբողջ ընթացքում՝ մինչև վերջ: Այնպես որ, երբ թարգմանիչը խնդրում է գնահատել իր թարգմանությունը, շփոթվում եմ: Միակ բանը, որ կարող եմ ասել. «Այո, այո…Սահուն է կարդացվում: Կարծում եմ՝ հիանալի է»: Թարգմանական տեխնիկայի մասին դիտողություններ անելիս դժվարանում եմ:

Հիմնական դիրքորոշումս է` եթե գրքիս թարգմանությունը հետաքրքրությամբ կարդացվում և հաճույք է պատճառում, նշանակում է՝ նպատակն իրականացված է: Ընթերցելիություն և գրավչություն՝ ահա կարևորը:

Այն, ինչ իրոք թաքնվում է գրքի հենց սրտում՝ սրբություն սրբոցը, կարելի է քննարկել ու տեսնել այն բանից հետո միայն, երբ հաղթահարված է առաջին շերտը, երբ պատումը կեղևազրկված է: Խորքային իմաստը կարող է միանգամից չհայտնաբերվել. այն կարող է քեզ սպասել նախասրահում կամ վերջում` դուռը փակելուց հետո։ 

Իմ գրքերի՝ այլ լեզուներով թարգմանության առավելություններից մեկը, համենայն դեպս ինձ համար, սեփական մտքերին նոր տեսքով նայելու հնարավորությունն է: Տեքստիցդ օտարվելու և անկիրք, հանգիստ կարդալու հնարավորությունը՝ այլ լեզվով կարդալով այն, ինչ հնարավոր է՝ չկարդաս, չտեսնես մայրենի լեզվով:

Ենթադրում եմ, որ ի վիճակի եմ ինքս ինձ կողքից, այլ տեսանկյունից նայելու:

Հրաշալի է, որ գրքերս հասանելի են ոչ ճապոնացի ընթերցողին, բայց ինձ գրավում է այն հնարավորությունը, որ ինձ համար էլ դրանք կարող են հասանելի լինել. դառնում եմ սեփական տեքստի ընթերցողն այնպես, ինչպես օտարը. ցավոք, դեռևս միայն անգլերեն:

Այլ կերպ ասած՝ թեթևություն եմ զգում, երբ կարողանում եմ հեռանալ ինքս ինձնից, հետևել, թե ինչպես է իմ իսկ ստեղծած գրական աշխարհը ձևափոխվում՝ անցնելով այլ լեզվի Տիեզերքով: Ինքս երկար ժամանակ զբաղվել եմ թարգմանությամբ (ճապոներենից անգլերեն)՝ համակվելով, հնարավոր է, հենց նույն օտարմամբ, ստեղծականությամբ, որի հնարավորությունը տալիս է թարգմանությունը:

Իրական լավ թարգմանությունը, անկասկած, լեզվի հետ վարվելու թեթևություն է պահանջում, բայց ըստ էության ամենաանհրաժեշտը թարգմանվող նյութի հանդեպ  ոչ անտարբեր վերաբերմունքը, սերն է: Համոզված եմ (իբրև գրող և թարգմանիչ), որ թարգմանությունը պետք է ծնվի այդպիսի սիրուց: Ինձ հարազատ է այդպիսի անթաքույց, կրքոտ հետաքրքրությունն ինչ-որ բանի հանդեպ:

Հնարավոր է, որ ոչինչ այդպես չի լցնում մեր կյանքում այստեղ-այնտեղ ճմլկոտող դատարկությունը, որքան սերը, ոգևորությունը:

Թարգմանությունը՝ ռուսերենից և անգլերենից

Թարգմանիչ` Մարգարիտ Սարգսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով