Նախագծերի մեթոդն ունի մի շարք առավելություններ: Այս մեթոդով աշխատելիս զարգանում են ինքնագնահատման կարողությունն ու միասին աշխատելու հմտությունը, փոխօգնության պատրաստակամությունը, բանավիճելու ունակությունը, սեփական կարծիքի արտահայտման հաստատակամությունն ու խոսքի հիմնավորումը:
Աշխատում եմ առաջին դասարաններում՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Վերջին տարիներին աշխատել եմ մեծերի հետ, և թվում էր՝ դժվար է լինելու աշխատել փոքրերի հետ, բայց ինձ օգնեց նախակրթարանում տարիների իմ աշխատանքը: Սիրում եմ ստեղծագործել, ստեղծել, հորինել. սիրում եմ այն ամենը, ինչ ստեղծվում է իմ ձեռքերով: Երկարօրյա ծրագրում էլ կարևորելով այդպիսի աշխատանքը` իրականացրել ենք ուսումնական նախագծեր: Ամեն մի նախագիծ նաև հաղորդում է՝ TV հաղորդում, որտեղ երեխաներն են թե՛ ռեժիսորը, թե՛ հաղորդում վարողները, թե՛ ստեղծողներն ու իրագործողները:
Այս ուսումնական տարվա առաջին աշխատանքս «Բուրատինոն» է: Եռանկյունաչափական պատկերներով ստացել ենք Բուրատինոյին. ստացվել է հեքիաթ+մաթեմատիկա+երգ+պար+տեխնոլոգիա:
Երկրորդ աշխատանքը «Շունը» բանաստեղծության ուսուցումն է նախակրթարանում՝ փոքրերի հետ. և́ սովորում էինք, և́ սովորեցնում: Հաճախ ենք համագործակցում նախակրթարանի հետ. օգնում փոքրերին, տեսեք ահա «Մեր ուրախ առօրյան», «Արեգակը դուրս է եկել պսպղալով»… Խաղ-թատրոն, բեմականացում, կերպարանափոխություն, կերպարների ստեղծում տարբեր նյութերից: Օգնում է, որ երեխաների համար բանաստեղծությունը հասկանալի, հետաքրքիր լինի, ավելի հեշտ ու պատկերավոր սովորեն:
«Տեսեք՝ ինչեր ենք պատրաստում» և «Մեր մոլորակները» նյութերը պատմում են մոլորակների ստեղծման մասին:
Ստորև բերում եմ նախագծի իրականացման մի օրինակ:
Ծեփամածուկից՝ խճանկար
Նպատակը՝ սովորականից անսովոր բաներ ստանալու ստեղծական հրճվանքն է:
Խնդիրները՝ սովորողի երևակայության զարգացում, մատների մոտորիկայի, տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
Լավ է, թե վատ` շատ բան նախօրոք չեմ նախատեսում, աշխատանքի մանրամասն պլանը ծնվում է խմբում՝ գործունեության ընթացքում, սաների արածից, գործունեության արդյունքից: Ծեփամածուկը (խմորը, կավը, ցեխը) երեխաների սիրած նյութն է, դրանով աշխատելը մի շարք ուսումնական խնդիրներ է լուծում: Տեխնոլոգիական աշխատանքը երկարացված օրվա գործունեության նախընտրելի ձևերից մեկն է: Եվ այսպես՝ սկսեցինք:
1-ին փուլ: Ուզում էինք ծեփամածուկով աշխատել, բայց այդ պահին ծեփամածուկ չունեինք, որոշեցինք ինքներս պատրաստել: Անհրաժեշտ էր ունենալ ալյուր, ջուր և սննդային գույներ: Երեխաների սիրած գործն է. արդեն այդ փորձն ունեինք՝ թաթախվելու ալյուրի մեջ, խաղալու խմորով: Երեխաների ուրախությունը պիտի տեսնել: Զարմանալի ու հետաքրքիր են աշխատանքի բոլոր փուլերը, բայց գունավոր խմոր ստանալու գործընթացը ամենաոգևորիչն է: Ուրախ բացականչություններով է ուղեկցվում ամեն մի նոր գույն ստանալը: Իսկական կախարդական գույներ. լցնում ենք մի գույն, ստացվում է մի ուրիշը: Ստացանք կանաչ, դեղին, կարմիր, վարդագույն, շագանակագույն խմոր…
2-րդ փուլ: Սկսեցինք մանր գնդիկներ պատրաստել բոլոր գույներից: Թվում էր՝ երեխաները կձանձրանան, բայց անհամբեր սպասում էին, թե այդ ինչ կախարդական գույնով են աշխատելու: Գնդիկները պատրաստվեցին: Դրանք պետք է չորացնեինք, հետևեինք, որ չկպչեն իրար: Ամեն գնդից ստացվում էր մոտ երեք մեծ սկուտեղ՝ լի գնդիկներով: Այս աշխատանքը պահանջեց 5 օր:
3-րդ փուլ: Գնդիկները պատրաստ են. որոշեցինք մեծ խճանկար` «փազլ» պատրաստել: Սկզբում ուզում էինք մի մեծ նկար պատրաստել: Բայց երեխաները իրենց անհատական նկարներն էին ուզում: Որոշեցինք նկար-խճանկար հավաքել: Մեծ թուղթը բաժանեցի խճանկարի փոքր մասերի, և յուրաքանչյուրն ունեցավ իր կտորը: Ասեմ, որ երեխաները հավաքել են իրենց ուզած պատկերը, աշխատել են բոլոր գույներով: Աշխատում էին մեծ հաճույքով ու ոգևորվածությամբ: Կան երեխաներ, որ ունեն մեկից ավելի աշխատանքներ: Բոլորն են մասնակցել: Ամեն կտորի աշխատանքը պահանջեց երկուսից երեք օր:
4-րդ փուլ: Բոլոր մասերը վերջացնելուց հետո վերջապես հավաքեցինք մեր խճանկարը: Ու ինչ ստացվեց. շատ զարմանալի մի բան՝ մի սիրուն, ամբողջական, բազմագույն, ուրախ կտավ-փազլ: Այն կարող է նաև լավ նվեր դառնալ:
Կարելի է խոսել այս աշխատանքի մանկավարժական-ուսումնական արդյունքների մասին: Բայց կարելի է և ավելի դիպուկ ու հակիրճ ասել՝ ստեղծագործական-ստեղծական աշխատանք, որը սովորողները սիրով և ոգևորությամբ արեցին: